Ալեքսանդր Խաչատուրյան․ «Ucom-ում աշխատում եմ 1500 մարդու համար»

Պատրաստվելով եռամարտին

«Բիզնես աշխարհում մարզասրահ այցելություններն ու սպորտով զբաղվելը հնարավորություն է ծանոթանալու քեզ անհրաժեշտ մարդկանց հետ եւ ձեռք բերելու շատ կարեւոր ծանոթություններ»։

Մարզաձեւերից վազքը չսիրող Ucom ընկերությանն իրավաբանական ծառայություններ մատուցող «TK & Partners» իրավաբանական ընկերության գործընկեր Ալեքսանդր Խաչատուրյանի նախասիրություններում ու կյանքում շատ կարեւոր փոփոխություն բերեց վենչուրային ներդրող Լեոնիդ Բոգուսլավսկիի փոդքասթերից մեկը։ Եռամարտի սուպեր լիգայի 70-ամյա հիմնադիրը պատմում էր, թե ինչպես կյանքը կտրուկ փոխվեց, երբ 66 տարեկանում որոշեց եռամարտով զբաղվել։

«Լսում էի նրան ու մտածում՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Կարելի է փորձել։ Մի քանի օր անց ընտանիքով մեկնեցինք Հունաստան՝ հանգստանալու, եւ այնտեղ կնոջս ասացի՝ ամբողջ օրը կլինեմ ձեր տրամադրության տակ եւ կգնանք ուր ուզեք, միայն թե օրը երկու ժամ ես պետք է մարզասրահում անցկացնեմ։ Հյուրանոցի մարզասրահը շատ փոքր էր ու նկատեցի, որ գրեթե ոչ ոք չի օգտվում, փոխարենը բոլորն առավոտյան վազում են։ Ես էլ սկսեցի վազել։ Վերադարձանք Հայաստան, որտեղ պարզ դարձավ, որ վազելը դարձել է սովորություն»։

Արդեն Հայաստանում Ալեքսանդր Խաչատուրյանը եռամարտին մասնակցելու որոշում է կայացրել ու սկսել է մարզվել արդեն մարզիչների օգնությամբ։
Վազք, հեծանիվ եւ լող ներառող եռամարտին մասնակցելու համար բացի լավ ֆիզիկական վիճակից, նաեւ ամուր կամային հատկանիշներ են պետք։

«Այսօր ես արթնացել եմ 5․30 եւ գնացել վազելու։ Երեկ վազել եմ 2 ժամ։ Երբ սկսում ես վազել, օրգանիզմդ սկսում է էնդորֆին (երջանկության հորմոն-հեղ.) արտադրել եւ դու կյանքին սկսում ես շատ ավելի դրական վերաբերվել, ուղեղդ սկսում է շատ կենտրոնացած աշխատել, ժամանակդ սկսում ես ավելի արդյունավետ օգտագործել։ Չգիտեմ որքան կդիմանամ այս ռիթմով, բայց այն շատ ոգեւորիչ է»։

Երաժշտությունը կարող է կրթել

«Մարզվելիս իմ ականջակալներում հաճախ է ինչ-որ բան հնչում։ Այսօր, օրինակ, լսում էի Oxxxymiron, երեկ՝ Noize MC, նախորդ օրը Ստրավինսկի, վաղն էլ ինչ-որ փոդքասթ կլսեմ։ Ես սովորաբար լսում եմ, որ սովորեմ»։

Ալեքսանդր Խաչատուրյանը ռեփ լսելիս վերջերս հանգել է այն տեսակետին, որ հայոց լեզուն հանրայնացնելու եւ նորաձեւ դարձնելու լավագույն տարբերակներից մեկը կարող է դառնալ երաժշտական հենց այս ոճը։

«Եթե կարողանաս որակյալ ռեփ ստեղծել, կկարողանաս ստիպել, որպեսզի մեր երեխաները լավ հայերեն սովորեն։ 21-րդ դարում չես կարող երեխաներին նստեցնել դասարանում ու ստիպել, որ անգիր սովորեն այն, ինչն իրենց չի հետաքրքրում։ Եթե իրենց լավ ռեփ տրամադրես, որը միտք ու խորություն կունենա, այն կարող է աշխատող տարբերակ դառնալ։ Հենց սա է անում Oxxxy-ն Ռուսաստանում, որի հայտնի ռեփային մենամարտերից մեկի արդյունքում գրախանութներում էապես աճեց Ջորջ Օրուելի գրքերի պահանջարկը։

Կրթությունս ամենամեծ ներդրումն է

«Կրթությունս ամենամեծ ներդրումն է, որն արել են իմ ծնողները, եւ ամենամեծ ներդրումը, որը ես կանեմ իմ երեխաների կյանքում»։

Ucom ընկերության գլխավոր իրավաբանը, որը սովորել է Բոստոնի համալսարանում, պնդում է՝ ցանկացած բան, որը գնում ես երեխաների համար, արժեզրկվում է։ Միակ բանն, ինչը չի կորցնում իր արժեքը, կրթությունն է եւ բնականաբար առողջությունը։

«2011-ին ընդունվեցի Բոստոնի համալսարան։ Հայրիկիս ասացի՝ պապ, գնում եմ Բոստոն սովորելու, արժեքը 120 000 դոլար է։ Սոնայի՝ կնոջս հետ եմ գնում սովորելու։ Հայրիկիս համար իմ նորությունը շոկային էր, որովհետեւ նա չէր հասկանում, թե ինչու պետք է այդքան գումար ծախսել կրթության վրա, եւ առհասարակ, ինչպե՞ս կարող է կրթությունը վճարովի լինել։

Կրթությունդ պետք է մշտադալար պահել, միշտ ջրել, որովհետեւ այն պահանջում է աշխատանք ու զարգացում։ Ես չեմ հասկանում եւ չեմ պատկերացնում, մարդ ինչպե՞ս կարող է չսովորել»։

Հաջողություններիս ետնաբեմում կինս է

«Ինչո՞ւ կնոջս հետ գնացի ԱՄՆ։ Իրար հետ ավելի հեշտ է եւ հաճելի։

Ալեքսանդր Խաչատուրյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ ցանկացած հաջողակ տղամարդու հաջողությունների հետեւում կանգնած է կինը։ Ըստ նրա, եթե տղամարդը մեծ հաջողությունների է հասնում, ուրեմն մեծ է նրա կնոջ ներդրումը։

«Ի տարբերություն կանանց, տղամարդիկ բազմաֆունկցիոնալ չեն, կնոջ պես մի քանի գործ միաժամանակ չեն կարող անել։ Տղամարդիկ կենտրոնանում են մեկ աշխատանքի վրա եւ հաջողելու համար աջակցության կարիք ունեն։ Երբ տեսնում ես հաջողակ ու ճանաչված խոհարարի, նրան նայելով միշտ պետք է հիշես, որ նրա համար մի ամբողջ համակարգ է աշխատում, որն ապահովում է գոգնոցի մաքրությունը, կաթսաների դասավորությունը, երեխաների կուշտ ու մաքուր լինելը, տան դասավորվածությունն ու մաքրությունը»։

Ալեքսանդր Խաչատուրյանի կինը՝ Սոնան, նույնպես իրավաբան է։ Կես կատակ, կես լուրջ ասում է, որ դա իրենց հարաբերությունների միակ խնդիրն է՝ մանիպուլյատիվ այն մանեւրերը, որոնք սովորաբար կիրառվում են ընտանեկան հարաբերություններում, այս պարագայում բացառվում են՝ Սոնան էլ է նույն դպրոցն անցնել։

Տղաներս շատ տարբեր են

«Երեք տղա ունեմ՝ Միհրանը 8 տարեկան է, Արտաշեսը՝ 6, Վահագը 2,5։ Իմ երջանկությունն են, իրենց մասին անվերջ կարող եմ խոսել»։

Իրավաբան Ալեքսանդր Խաչատուրյանն ասում է, որ երեխաներն իր հետ հրաժարվում են շփվել, երբ վատառողջ են լինում։ Մնացած ամբողջ ժամանակը պատրաստ են անցկացնել միասին ու չձանձրանալ, նույնիսկ, եթե տանից բացակայում է Սոնան, ինչպես հիմա։

«Կինս այս պահին ճանապարհորդում է, երեք օր է, ինչ տղամարդկանցով տանն ենք։ Մի քիչ կենցաղային անելիքներն են շատացել, բայց չեմ դժգոհում, ինձ օգնում են։ Տանը հեռուստացույց չունենք, իսկ հեռախոսից կամ պլանշետից օգտվելու պայմանները շատ խիստ եւ սահմանափակ են։ Դաստիարակության հարցում բավականին ազատ հայացքներ ունենք։ Երեխաների դպրոցն ընտրել ենք ըստ կնոջս նախասիրության, նախապատվությունը տալով ոչ ավանդական կրթություն առաջարկող դպրոցի։

Նման տարբերակի ես համաձայնել եմ երկու նախապայմանով՝ երեխաները կարող են հաճախել այդ դպրոց, եթե լրացուցիչ մաթեմատիկա պարապեն եւ սպորտով զբաղվեն։  Չեմ ուզում երեխաներս մաթեմատիկոս դառնան, բայց այդ առարկան չափազանց կարեւոր է, իսկ սպորտը ոչ միայն առողջության, այլեւ կարգապահության հիմնաքարն է։ Սպորտը սովորեցնում է առերեսվել մարտահրավերներին եւ չհանձնվել, նույնիսկ, եթե մի բանը ստիպված ես կրկնել 200 անգամ»։

Իմ մարտահրավերները

«Իմ կյանքում պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ չգիտեմ անելիքս։ Սովորաբար նման իրավիճակներին փորձում եմ վերաբերել առանց ավելորդ հուզականության եւ ինքս ինձ կրկնում եմ՝ դու պետք է այս ամենի միջով անցնես»։

Ալեքսանդրն իրեն երջանիկ մարդ է համարում՝ չափազանց լուրջ մարտահրավերների երբեւէ չի բախվել։ Ասում է, որ դժվարություններն իրեն մեկ կարեւոր բան են սովորեցրել՝ չկանգնել։

«Երբ դու կանգնում ես, հավասարակշռությունդ կարող ես կորցնել, պետք է շարունակես առաջ գնալ՝ ինչ էլ լինի։ Նույն բանն է, ինչ հեծանիվ վարես։ Եթե արագություն զարգացնես ու կանգ առնես, մեծ է գլխիվայր ընկնելու եւ վնասվելու հավանականությունը։

Մասնագիտության բերումով կյանքիս մի մասը կոնֆլիկտների կիզակետում եմ անցկացնում։ Հավանաբար, դրանից է, որ անձնական հակասություններին եւ կյանքի բարդություններին ավելի թեթեւ եմ վերաբերում»։

«Ընտրեցի ընկերությունների իրավաբանական գործերով զբաղվելը, որովհետեւ անձնական ու անձանց խնդիրները շատ էմոցիոնալ են, եւ, երբեմն, ոչ ռացիոնալ։ Շատ դժվար է անձնական կոնֆլիկտների  եւ դժբախտությունների հետ շարունակ առնչվելը։ Իսկ ընկերությունների պարագայում խնդիրներն այլ են եւ դրանց հետ առնչվող մարդիկ շատ ավելի ռացիոնալ են»։

Վարչապետի խորհրդականի դերում

«Պետական ոլորտում աշխատանքային տարիներն իմ անձնական դպրոցի ամենակարեւոր էտապն էր։ Այնտեղ սովորեցի ամեն ինչին նայել պետական ապարատի տեսանկյունից։ Երբ գնացի վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմ, ցանկացած հարցի նայում էի որպես իրավաբան՝ 6 ամսվա կամ 1 տարվա կտրվածքով»։

Վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը պատմում է, որ այն աշխատանքով, որով զբաղվում են պետական ոլորտում, սովորեցնում է, որ ցանկացած որոշում ահռելի պատասխանատվություն է ենթադրում, որովհետեւ ազդում է մեծ քանակությամբ մարդկանց վրա։ Առաջնորդության դասերի ամենահայտնի վարժության օրինակն է բերում՝ երբ պարում ես գլուխդ կորցրած, թվում է, որ շուրջբոլորդ պարող մարդիկ են։ Դուրս ես գալիս պատշգամբ, վերեւից հայացք ես նետում եւ հասկանում, որ ամբողջ դահլիճում պարում էիր դու եւ քեզ շրջապատող տասը հոգին, մյուսները նստած էին։

«Մինչ պետական ապարատ գնալը ձեռքիս տակ էր հայտնվել երկու օրենսդրական կարգավորում, որոնց դեմ ես խիստ լոբինգ էի անում, որովհետեւ վստահ էի, որ դրանք հիմարություն են։ Գնացի կառավարություն եւ հանգամանքների բերումով ինձ տվեցին երկու տեղեկանք, որոնք վերաբերում էին հենց այդ կարգավորումներին։ Մեկ շաբաթ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ նախկին Ալեքսի հետ համաձայն չեմ, որովհետեւ նախկին Ալեքսն այդ ամենին իր նախկին հաճախորդների տեսանկյունից էր նայում, իսկ ներկայիս Ալեքսը՝ ավելի մեծ դիտանկյուն ունի։

Պետական ապարատում ես չէի հասկանում իշխանության համը։ Դրա նյութականացումը՝ աշխատասենյակի պաշտամունքը, վարորդը, փողկապը։ Ես չէի հասկանում, ինչու չես կարող վերնաշապիկիդ թեւերը ծալած քայլել միջանցքում, ինչու վարչապետի մոտ մտնելիս պետք է պիջակ հագնես։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում «կանչի մոտդ» արտահայտությունը։ Ինչու՞ կանչել, եթե ես կարող էի ինքս գնալ։ Թվում է, մանրուքներ են, բայց հասկանում ես, որ մարդիկ կան, որ սկսում են սնվել փաստով, որ հանկարծ, մի քանի օրում, բոլորի համար դառնում ես ցանկալի կնքահայր, ընկեր, բարեկամ։ Երբ պետական համակարգում ես, պետք է շատ աչալուրջ լինես հասկանալու համար՝  ինչո՞ւ եւ ի՞նչ մոտիվով են մարդիկ ուզում քեզ հետ շփվել։

Իմ բախտն այդ հարցում ինչ-որ չափով բերել էր։ Այն թիմում, որտեղ ես էի աշխատում, մարդիկ մոտիվացիայի խնդիր չունեին, իրենք իշխանության փառքից եւ հնարավորություններից սնվելու խնդիր չունեին, որովհետեւ գիտեին իրական իշխանության՝ ազատության  եւ լավ արդյունքների համը։

Պետական համակարգում աշխատանքը դպրոց է եւ ես չգիտեմ, կյանքում երկրորդ անգամ նման ինտենսիվությամբ ինչ-որ բան սովորելուն կդիմանա՞մ, թե՞ ոչ»։

Վերադարձ մասնավոր սեկտոր  

«Ես աշխատում եմ Ucom-ի հետ, որովհետեւ այս ընկերությունը համարում եմ հսկա, որը աճում է ու աճում»։

Ucom-ի գլխավոր իրավաբանի համար տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցությունը ամենաբարդ ու հետաքրքիր ոլորտներից մեկն է։

«Մենք ավելի ու ավելի ենք ինտեգրվում մեր սմարթֆոններին։ Դրանք ամենամեծ տեղեկատվական բազան են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ` մեր շփումները, մեր ֆինանսական վիճակը, մեր հետաքրքրությունները եւ այլն։ Իմ պարագայում՝ օրինակ նաեւ մարզումներիս տվյալները։

Ucom-ը՝ լինելով հեռահաղորդակցական հսկա եւ տեղեկատվական մեծ բարիքի տրամադրողի դերում, նման է հացթուխի, որը մեծ կարեւոր ենթակառուցվածք է ստեղծել եւ մարդկանց համար ապահովում է ամենակարեւոր երեւույթներից մեկը։ Ucom-ը նաեւ հսկա է, որովհետեւ այստեղ աշխատում է ավելի քան 1 500 մարդ։

Երբ մտնում եմ Ucom, հարց եմ հղում ինքս ինձ՝ ու՞մ համար եմ իրավաբանությամբ զբաղվում այս ընկերությունում։ Հասկանում եմ, որ 1500 մարդու աշխատանքային իրավական հարցերի պատասխանատուն եմ, եւ իմ մեկ սխալը կարող է 1500 մարդու վրա կարող է անդրադառնալ։

Շփվում եմ նաեւ թիմի հետ։ Մեծ ու շատ ուժեղ դրայվ ունեցող թիմ է։ Այն կարծես մեծ կաթսա լինի, որտեղ շարունակ ինչ-որ բան է եռում։ Դու չես կարող գնալ ու ասել՝ կանգ առեք, եռման պրոցեսը դադարեցրեք, ես պետք է ծանոթանամ ընթացիկ գործերին։ Անհնար է։ Պետք է դու էլ եփվես այդ կաթսայում։ Թիմի դինամիզմը, դրայվը, առողջ մտածողությունը շատ տրամադրող է։

Ucom-ը խոշոր գործատու է եւ մեծ վարկառու, տարբեր ծառայություններ մատուցող ընկերություն, որը հիմա տրանսֆորմացիայի փուլում է»։

Ucom-ի մասին գրվելու է

«Ես պարտավոր չեմ զբաղվել Ucom ընկերությամբ որպես իրավաբան։ Ես կարող եմ այլ բան ընտրել, բայց ընտրել եմ այս ընկերությունը, որովհետեւ այն ինձ իսկապես հետաքրքիր է»։

Ալեքսանդր Խաչատուրյանն ասում է, թե որն է մասնագիտական հաջողության գաղտնիքը։ Ըստ նրա, մասնագիտական կյանքում հաջողակ ես, երբ կարող ես քեզ թույլ տալ զբաղվել քեզ հետաքրքիր եւ ոչ պարտադիր գործով։

Երբ նոր է սկսել աշխատանքը ընկերության հետ, այն բավականին լավ վիճակում է եղել, քաոսային վիճակներն անցյալում էին։

«Այս թիմը փրկել է 1000-ից ավելի աշխատատեղ, իրենք փրկել են Հայաստանի ամենամեծ ծառայություն մատուցող ընկերություններից մեկը։ Եթե չլիներ Ucom-ը, տուժելու էր Հայաստանի ամբողջ մասնավոր հատվածը, որովհետեւ կորպորատիվ աշխարհում այն շատ լուրջ դեր ունեցող միավոր է։

Այս ընկերությունը հաղթահարել է նաեւ կորոնավիրուսային ճգնաժամը, պատերազմը եւ կարողացել է ապահովել անխափան աշխատանքը։ Եթե մի օր Հայկական կորպորատիվ աշխարհի մասին գիրք գրեմ, Ucom-ին մի մեծ գլուխ եմ նվիրելու»։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Աղբյուր՝ Itel.am

ավելին
Գաբրիել Ավետիսյան. «Փորձում ենք կանգ չառնել ու առավել ակտիվ աշխատել»
«Խրոնոգրաֆ» խանութ-սրահն առաջինն էր Հայաստանում եւ տարածաշրջանում, որ հաճախորդներին առաջարկեց բարձր դասի ժա ...
27 Սեպտեմբերի, 2022
ԱՎԵԼԻՆ
Ռիմա Խաչատրյան. Ցանկացած բիզնեսի հիմքում մարդիկ են
Տաղանդների ներգրավումն ու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտն առհասարակ, այսօր որոշիչ դեր են խաղում բազ ...
09 Օգոստոսի, 2022
ԱՎԵԼԻՆ
Էլինա Գաբրիելյան. Չկա ճգնաժամ, որից հնարավոր չլինի դասեր քաղել
«Բարդ իրավիճակները միշտ չէ, որ բարդ լուծումներ են պահանջում», - ասում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավ ...
20 Հուլիսի, 2022
ԱՎԵԼԻՆ