Վիկտորյա Բաղդասարյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրենն է։
Նա պատասխանատու է ընկերության Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման ու իրագործման, մարդկանց ու մշակույթին վերաբերող օրակարգի առաջնորդման համար: Նրա գործառութային շրջանակներում են աշխատանքի ընդունման, կատարողականի կառավարման, ներքին հաղորդակցման գործընթացները, մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացման ծրագրերը, զարգացման և գիտելիքի փոխանակման նախաձեռնությունները:
Վիկտորյան իր մասնագիտական ուղին սկսել է «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպությունում` 4 տարի աշխատելով կրթության ոլորտում: Այնուհետև տեղափոխվել է հեռահաղորդակցության բնագավառ՝ միանալով Բիլայն Հայաստան ընկերությանը (ՎԵՈՆ խումբ)՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ: Այնտեղ աշխատել է տասը տարի, որից վեցը՝ որպես Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար: Այնուհետև աշխատել է ՎԵՈՆ-ի գլխամասային թիմի կազմում (Նիդեռլանդներ)՝ որպես ՄՌԿ կատարողականի փոխակերպման ծրագրի մենեջեր՝ պատասխանատու լինելով 7 ընկերությունների ՄՌԿ թիմերում կատարողականի փոխակերպման ծրագրի իրականացման համար: Մինչ Ucom-ի թիմին միանալը, Վիկտորյան զբաղեցրել է Ռեվերի ընկերությունների խմբի (նախկինում՝ «Հայբրի Հոլդինգ») Կովկասի տարածաշրջանի (Հայաստան և Վրաստան) Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման տնօրենի պաշտոնը:
Նա Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, ունի բանասիրության և մանկավարժության բակալավրի և մագիստրոսի աստիճան: Հետագայում խորացրել ու կատարելագործել է իր գիտելիքները ՄՌԿ բնագավառում՝ ավարտելով Ամստերդամի Ֆրայ համալսարանի «Կազմակերպական վարքագծի կառավարում» ծրագիրը: Վիկտորյան նաև հավաստագրված է Մարդկային ռեսուրսների սերտիֆիկացման ինստիտուտի (HRCI) կողմից` որպես ՄՌԿ միջազգային առաջատար մասնագետ (SPHRi որակավորում):