Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակի և Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ և 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելլերի ցուցակը:

«Պատմահասարակագիտական և քաղագիտական բնույթի գրականության կարիք այսօր շատ կա: Հատկապես ժամանակից քաղաքագիտական միտքը կարևոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երևույթները, շարժումները, իրադարձությունները, և դրանց սթափ գնահատական տալու համար», – ասել է Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

«Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է պատմական գրքերի մասին կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 հազար տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:

«Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ, դառնալ համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարևորության ամենաթարմ և ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ` ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաև մեր երկրի ապագան», – գրքի բացման խոսքում ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչ այսօր մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա: Հարարիի եռագրության առաջին թարգմանության շնորհիվ «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը խոստանում են քննարկումների, մտքի գրոհների ու մտավոր կապիտալի ստեղծման հետաքրքիր նախագիծ։

«COVID-19» համաճարակով պայմանավորված՝ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա առցանց և Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հուլիսի 6-ին, առավոտյան 10։15-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Գիրքը հուլիսի 6-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ