Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է

Հայտնի ու պահանջված ապրանքանիշերի խանութներ, կինոթատրոն, երեխաների խաղահրապարակ, սրճարաններ ու սննդի կետ. արդեն 10 տարի որպես ընտանեկան մոլ դիրքավորված Երևան Մոլն այցելուներին է առաջարկում ժամանցի բազմազան ու օգտակար տարբերակներ: Գործունեության մեկ տասնյակի ընթացքում առևտրաժամանցային այս կենտրոնն իր համար սահմանել է նոր ու ավելի բարձր նշաձողեր, մշտապես ուշադրություն դարձնելով այցելուների կարիքներին ու համաշխարհային թրենդներին՝ ընդլայնել ու փոփոխել է ներկայացված ապրանքանիշերը, բարելավել ու կատարելագործել է մատուցվող ծառայությունների որակը: Առաջիկայում նորություններ ևս սպասվում են. Երևան Մոլում խանութներ կունենան համաշխարհային նոր բրենդներ, տարածքը կմեծանա, կտրվեն դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներ: Հոբելյանական տարեդարձի առիթով «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևան Մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանն ամփոփել է գործունեության 10 տարիների ձեռքբերումներն ու պատմել առաջիկա անելիքների մասին:

Երևան Մոլը՝ որպես ընտանեկան մոլ. գնումներից մինչև բիզնես հանդիպումներ ու ժամանց՝ մեկ հարթակում

-Պարոն Սեկոյան, 10 տարի առաջ փետրվարի 21-ինԵրևան Մոլն իր դռները բացեց այցելուների առջև։ Այս 10 տարիների ընթացքում որո՞նք են եղել և շարունակում  մնալ Երևան Մոլի առաջնահերթությունները, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

-Մեր բացումից ի վեր առաջնահերթությունն է եղել հաճախորդների համար ապահովել հարմարավետ, հետաքրքիր ու ապահով միջավայր: Մեզ միշտ դիրքավորել ենք որպես ընտանեկան մոլ: Եվ մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք՝ մենք իսկապես ընտանեկան մոլ ենք, հետաքրքիր ենք ընտանիքի ցանկացած անդամի: Այստեղ հետաքրքրություն է գտնում ընտանիքի թե՛ մայրը, թե՛ հայրը, թե՛ երեխաներն ու տատիկ-պապիկները: Բոլորի համար կան ժամանակ անցկացնելու հետաքրքիր միջոցներ:

-Բացի գնումներից, մարդիկ նաև իրենց ժամանցն են անցկացնում Երևան Մոլում, ինչպե՞ս և ինչո՞ւ է Երևան Մոլը դարձել ժամանցի ու հանդիպումների նախընտրելի վայր:

-Մարդիկ գերադասում են ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ կարող են մի քանի հարց լուծել: Կարելի է ընտանիքով գալ այստեղ, անցկացնել 2 ժամ և հոգալ շատ անհրաժեշտ կարիքներ՝ մազ կտրել, առևտուր անել, սրճել, ճաշել, երեխայի համար ժամանց ապահովել և այլն: Կարճ ասած՝ ստեղծել ենք միջավայր, որ հետաքրքիր է բոլորին, այստեղ կարելի է տեղ գտնել՝ թե՛ բիզնես հանդիպումների, թե՛ ճաշելու, թե՛ առևտրի ու ժամանցի համար:

-Ովքե՞ր են Երևան Մոլի հիմնական այցելուները, արդյոք այցելուների աշխարհագրությունը սահմանափակվո՞ւմ է միայն Երևանով:

-Մենք պարբերաբար հարցումներ ենք իրականացնում, փորձում ենք հասկանալ, թե ով է մեր հաճախորդը: Մեր հաճախորդը միջինից սկսած եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներն են: Այցելուներն, իհարկե, միայն երևանցիները չեն, մարզերից ևս շատ են գալիս:

Էքսկլյուզիվ ու թարմացվող բրենդներ՝ թրենդներին ու հաճախորդների կարիքներին համապատասխան 

-Պարոն Սեկոյան, կա՞ն ապրանքանիշեր, որոնք էքսկլյուզիվ ներկայացվածություն ունեն Երևան Մոլում:

-Ամենակարևոր հարցը ոչ թե էքսկլյուզիվությունն է, այլ ամենապահանջվածն ունենալը: Իհարկե, ունենք նաև բրենդներ, որոնք միայն ներկայացված են Երևան Մոլում: Սակայն մեզ համար ամենակարևորն է ունենալ բրենդներ, որոնք այսօր հետաքրքիր են բնակչությանը, թրենդի մեջ են ու պահանջված: Մենք մշտապես լսում ենք մեր հաճախորդների կարիքները, պահանջները, վերլուծում ենք և փորձում դրանց համահունչ բրենդներ ներգրավել: Մոլը՝ որպես բիզնես միավոր, շատ աշխույժ, ապրող «օրգանիզմ» է: Խանութները, ներկայացված բրենդները մշտապես նույնը չեն մնում: Պահանջարկն ու մրցակցությունը հանգեցնում են փոփոխությունների: Եվ այս հարցում մեզնից պահանջվող հիմնական հմտությունն է կարողանալ ճիշտ brand mix (ապրանքանիշերի միքս) կառուցել, որևէ սեգմենտ չմոռանալ,  ապահովել թե՛ մանկական, թե՛ կանացի, թե՛ տղամարդու խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, մանկական խաղահրապարակ, կինոթատրոն և այլն: Այս ընթացքում մեզ մոտ ներկայացված բազմաթիվ բրենդներ են փոխվել:

-Առաջիկայում Երևան մոլի հաճախորդներն ի՞նչ նոր ապրանքանիշերիսպասեն:

-Մեկ ամիս հետո մեզ մոտ ներկայացված կլինեն շատ պահանջված 3 նոր բրենդներ՝ Tommy Hilfiger-ը, Calvin Klein-ը և Guess-ը: Տարեվերջին կլինի մուլտիբրենդ խանութ, որտեղ ներկայացված կլինեն աշխարհահռչակ մի շարք բրենդներ: Ունենք նոր խանութների մեծ պահանջարկ, ցավոք սրտի այս պահին ազատ տեղ չունենք:

Տարածքի ընդլայնումից մինչև դիզայներական նոր լուծումներ

-Պարոն Սեկոյան, նշեցիք նոր ապրանքանիշերի կողմից Երևան Մոլում ներկայացված լինելու պահանջարկի ու տեղի սահմանափակության մասին, այս ուղղությամբ քայլեր նախատեսվո՞ւմ են:

-Ինչպես ասացի՝ այսօր մենք ունենք 100 տոկոս հագեցվածություն, վարձակալության ազատ տարածք չունենք այլևս: Սա նշանակում է, որ մեր բիզնեսը կայացած է, մենք հետաքրքիր ենք մոլերի թիրախային հաճախորդների համար: Բրենդների կողմից ահռելի հերթի պայմաններում քննարկում ենք ընդլայնվելու ծրագիր, պետք է մեծացնենք տարածքը:

-Իսկ ի՞նչ լուծումներ են տրվելու:

Դիզայնի թրենդները շատ արագ փոխվում են աշխարհում, մենք նաև դրանց ենք ուշադրություն դարձնում: Ուստի, որոշել ենք թարմացում անել ու էլ ավելի նորաոճ դարձնել մոլը: Կտրվեն դիզայներական հետաքրքիր լուծումներ: Արդիականացումը բոլոր առումներով մեզ մոտ շարունակական, չդադարող գործընթաց է:

Երեխան ապահով ու անվտանգ է Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնում, կինոմանը՝ բավարարված Կինոպարկում

Պարոն Սեկոյան, իսկ ի՞նչն է Երևան Մոլին առանձնացնում մյուս մոլերից:

-Մյուս մոլերից տարբերվում ենք նրանով, որ ինքներս ենք կառավարում մեր մանկական հրապարակը և կինոթատրոնը, մյուս մոլերի դեպքում դրանք տրված են վարձակալների: Դա մեզ թույլ է տալիս մատուցվող ծառայությունների որակը մշտապես պահել բարձր մակարդակի վրա: Մեր հիմնական նպատակներից է լինել որակյալ սպասարկում ապահովող կազմակերպություն: Մեր մանկական զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդը, այսօր լավագույններից մեկն է, կանադական հայտնի ընկերության կողմից մատակարարված մեր բոլոր սարքավորումները բարձրորակ են, էկոլոգիապես անվտանգ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ դրանք պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որ որևէ կերպ չվնասեն երեխաներին: Ունենք տարբեր տեսակի խաղեր, վիդեոխաղեր: Փոքրիկների համար ունենք փակ տարածք, հատուկ համակարգ, որով ծնողը միշտ կապի մեջ է, շատերն են երեխաներին թողնում ու գնում գնումների: Մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը, ապահովությանը:

Ինչ  վերաբերում է Կինոպարկին, ապա այն ևս կառուցված է բարձրորակ նյութերով, հագեցած է արդիական տեխնիկայով՝ լավագույն պրոյեկտորներով, լավագույն էկրաններով, իտալական հարմարավետ աթոռներով: Անընդհատ փորձում ենք զարգացնել եղածը: 1-2 ամիս առաջ բացվել է «Կինոպարկ մարկետ»-ը, որ փոքր սուպերմարկետ է Կինոպարկի տարածքում: Ի դեպ, դիզայներները մեր Կինոպարկի դիզայնի համար միջազգային մրցանակ են ստացել: Մեր միջավայրը տարբերվող է: Այս պահին ունենք 1 պրեմիում և 5 ստանդարտ դահլիճներ: Թարմացումները, փոփոխությունները շարունակում ենք, առաջիկայում կունենանք նաև միջին դասի դահլիճ, իսկ աթոռները  Կինոպարկում էլ ավելի հարմարավետ կդառնան:

-Իսկ այլ ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Մոլը:

-Ծառայությունները բազմաթիվ են: Ապահովում ենք, օրինակ, առաքման ծառայություն: Եթե մարդը գնումներ է կատարել մոլից, սակայն նաև ցանկանում է ֆիլմ դիմել, առաքման ծառայության միջոցով կարող է գնումներն ուղարկել տուն ու հանգիստ ֆիլմ դիտել: Ունենք նաև մեքենաների կայանման ծառայություն (Valet parking), նվեր-քարտեր, բոնուսների կուտակման հնարավորություն և այլն:

Տասը տարիների ընթացքում ավելի քան 100 հազար ցանկալի նվեր՝ Երևան մոլից

-Պարոն Սեկոյան, շատերս ենք հաճախ բախվում՝ «ի՞նչ նվիրել» հարցին: Երևան Մոլը առաջարկում է նաև նվեր քարտեր, ի՞նչ պահանջարկ եք նկատում այս առումով:

– Այն դեպքում, երբ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ինչ նվիրել, շատ հարմար տարբերակ է նվեր քարտը։ Մարդուն այդպիսով տալիս ես ազատություն՝ նվիրելու այն, ինչ ուզում է: Գնալով աճում է Երևան Մոլի նվեր քարտերի պահանջարկը: Այս տասը տարիների ընթացքում ավելի քան 100 հազար նվեր քարտ է վաճառվել մեզ մոտ: Եվ մենք գնալով այդ պրոդուկտը կատարելագործում ենք: Այն հասանելի է նաև թվային տարբերակով:

-Խոսեցիք թվային տարբերակի մասին, իսկ  Երևան Մոլի հավելվածն ի՞նչ տարածում ունի:

-Հիմա առաջատար ենք նաև թվային ոլորտում․ մեր հավելվածն այնպիսի գործողությունների հնարավորություն է տալիս, որն ապահովում է մեր հաճախորդների ժամանակի խնայումը, նրանց էլ ավելի է մոտեցնում մեզ ու դարձնում Երևան Մոլն առաջատար այս առումով:

Երևան Մոլը՝ որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն ու պատասխանատու հարկատու

-Տեղյակ եմ, որ Երևան Մոլը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացնում է թափոնների առանձնացում ու վերամշակում: Ի՞նչ արդյունքներ ունեք: Այլ ի՞նչ ուղղություններում ներգրավվածություն ունեք:

-Թափոնների առանձնացումն ու վերամշակումն ընդամենը մի ճյուղն է, որով մենք ակտիվ ենք: Նշեմ դրանցից մի քանիսը՝ «Լոֆթ»-ում «Նվիրիր կարդալու րոպեներ»՝ մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար, «Կարմիր խաչ»-ի հետ համատեղ  սոցիալական նախագիծ՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, 5000 պարենային մթերքով արկղեր ենք տրամադրել 5000 ընտանիքի: Այս 10 տարիների ընթացքում մի շարք սոցիալական նախագծեր ենք իրականացրել առողջական խնդիրներ ունեցող և սոցիալապես ծանր պայմաններում հայտնված երեխաներին աջակցող հասարակական կազմակերպությունների հետ` «Բարի Մամա», «Հայ Մայրեր», «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների զարգացման հիմնադրամ: Աջակցությունը, ընդ որում, չի եղել մեկանգամյա, այլ կրել է մշտական բնույթ։ 2024-ին պլանավորում ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ համատեղ ծրագիր, որի մասին ավելի ուշ կխոսենք։

-Իսկ գործունեության այս տարիների ընթացքում Երևան Մոլը որքա՞ն հարկ է վճարել պետբյուջե:

-10 տարիների ընթացքում վճարել ենք ավելի քան 6,5 մլրդ դրամ հարկ։

Մարտահրավերներով ու առաջընթացներով լի 10 տարին ու ապագա անելիքները

-Պարոն Սեկոյան, եթե փորձենք ամփոփել, այս 10 տարիների ի՞նչ նշանակալի արդյունքներ կարող եք ներկայացնել:

 Շատ հետաքրքիր 10 տարի ենք ունեցել, անցել ենք բազմաթիվ դժվարություններ՝ տարհանում, կորոնավիրուսային համավարակ, պատերազմ: Համավարակի ընթացքում լոքդաունի շրջանն, իհարկե, շատ ծանր էր վարձակալների տեսանկյունից, քանի որ առևտուրը քիչ էր, վարձ տալը՝ դժվար, սակայն մենք մեր պարտականությունները պետք է կատարեինք: Մեզ հաջողվեց ճիշտ կառավարման արդյունքում որևէ աշխատակցի չկրճատել, լոքդաունի ողջ ընթացքում վճարել ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը, վարձակալներից որոշակի ժամանակ վարձ չենք գանձել: Ճիշտ որոշումների արդյունքում մենք չկորցրեցինք վարձակալ, աշխատակից, և կորոնավիրուսից հետո, երբ կյանքը սկսեց քիչ-քիչ վերադառնալ իր հուն, մենք 1 տարվա ընթացքում վերականգնվեցինք: Մեր բիզնեսը շատ զգայուն է, ցանկացած իրադարձություն ազդում է մեր վրա:

Եթե մտովի հետ գնանք 10 տարի առաջ, ապա, երբ բացվեցինք, մարդիկ այնքան էլ ծանոթ չէին «մոլային մշակույթին», այն դեռևս զարգացած չէր Հայաստանում: Մարդիկ չէին վստահում և չէին հասկանում, թե սա ինչի համար է: Ռիսկերը մեծ էին, և ուղղակի կարող էր չստացվել: Մենք ահռելի աշխատանք ենք իրականացրել բրենդների հետ՝ բացատրելու, որ սա այն տեղն է, որտեղ իրենք ապագա ունեն: Ժամանակի ընթացքում ահռելի ռեսուրս ու էներգիա ծախսելու արդյունքում կարողացանք մարդկանց հասկացնել, որ սա լավ «մշակույթ» է, հարմար է, լավագույն տեղն է, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել: Մեր հիմնական ձեռքբերումներից մեկն եմ համարում այն, որ կարողացանք այս մշակույթը հասկանալի դարձնել մեր հասարակությանն ու կայացնել: Վերջին տարիներին նմանատիպ բիզնեսները շատ ակտուալ են դարձել: Մեր հիմնական ձեռքբերումներից է նաև այն, որ կարողացել ենք ապահովել բարձրորակ սպասարկում: Այնպես է, ինչպես պլանավորել և պատկերացրել էինք՝  ունենք լավագույն սպասարկումը, լավագույն մոտեցումը հաճախորդի նկատմամբ: Մեր առաջնահերթությունն է հաճախորդների համար սիրելի վայր դառնալը: Մենք առևտրաժամանցային կենտրոն ենք, և մեր նպատակն է ապահովել միջավայր, որտեղ և ներկայացված ապրանքանիշերն են կարողանում բիզնես անել, քանի որ մենք ապահովում ենք մարդկանց մեծ հոսք, և հաճախորդներն են ստանում հարմարավետ միջավայր, որտեղ կարող են ժամանակ անցկացնել:

Նշեմ նաև, որ շատ հարգանքով ենք վերաբերում մեր մրցակիցներին, որոշ հարցերում նրանց հետ նույնիսկ համագործակցում ենք՝ հասկանալով, որ առողջ մրցակցությունն ուղղված է  նաև ընդհանուր ոլորտի զարգացմանը:

-Ամփոփելով՝ ի՞նչ հիմնական անելիքներ եք մատնանշել ապագայի համար:

-Շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր հաճախորդն իրեն այստեղ զգա լավ, ապահով, հարմարավետ: Հաճախորդի համար առավելագույն հարմարավետ պայմաններ ենք ստեղծելու, որ իրենք ցանկանան վերադառնալ  Երևան Մոլ: Վստահեցնում եմ, որ անընդհատ զարգանալու, կատարելագործվելու ցանկությունը չի նվազելու: Նոր բրենդներով միշտ զարմացնելու ենք մեր հաճախորդներին: Թվային դաշտում ևս անելու ենք ամեն ինչ, որ հարմարավետ լինի օգտվել հավելվածից: Կինոպարկը գնալով արդիականանալու է, դառնալու է էլի ավելի գեղեցիկ և հարմարավետ: Մանկական հրապարակը շարունակելու է լինել էկոլոգիապես ամենաապահովը, անվնասը:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ