Ռալֆ Յիրիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։
Նա ծնվել և մեծացել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: Սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության, ինչպես նաև գործարար կառավարման բակալավրի կոչումներ: Ռալֆ Յիրիկյանը հսկայական փորձառություն ունի հեռահաղորդակցության ոլորտում, որն սկսվում է 1999թ․-ից:
2002թ․-ին Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2004-2022թթ.-ին Ռալֆ Յիրիկյանը եղել է «Վիվա-ՄՏՍ» («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենը՝ նպաստելով Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
Նա որպես հրավիրյալ դասախոս հանդես է եկել ակադեմիական, գործարար լսարանների առաջ, ինչպես նաև միջազգային տարբեր համաժողովներում:
Ռալֆ Յիրիկյանը Երևանի ու Հայաստանի տարբեր քաղաքների պատվավոր քաղաքացի է: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ռալֆ Յիրիկյանն արժանացել է բազմաթիվ շքանշաների, մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում ՀՀ Նախագահի կողմից՝ «Պատվո շքանշանի», «Մովսես Խորենացի» մեդալի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի, Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և «Անանիա Շիրակացի» մեդալի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից՝ «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի։
Նրան նաև շնորհվել է աշխարհի մի շարք բարձրագույն ուսումնական և գիտական հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում:
Ռալֆ Յիրիկյանն ամուսնացած է. ունի դուստր և որդի։