«Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցները կիսվում են սեղանի գրքերի ցանկով՝ ի՞նչ են կարդացել վերջին ամիսներին, ի՞նչ են ընթերցում հիմա, և ո՞րն է եղել տարվա ամենատպավորիչ գիրքը:
Տաթևիկ Քամալյան
«TI’ME» ընկերության ֆինանսական տնօրեն

Ես միշտ փորձում եմ կարդալ, օրինակ ոտքով աշխատանքի քայլելիս կամ հերթում սպասելիս Kindle-ը միշտ ձեռքիս տակ է: Եթե դժվարանում եք ընթերցելուն ժամանակ հատկացնել, կարծում եմ, ամենահեշտ տարբերակը քնելուց առաջ 15-20 րոպե կարդալն է:
Հենց այս պահին Բորիս Ակունինի «Էրաստ Ֆանդորինի արկածները» վիպաշարի չորրորդ գիրքն է ձեռքիս: Ժամանակ առ ժամանակ մեծ հաճույքով վերընթերցում եմ Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» և Ռոջեր Ժելյազնիի՝ «Ամբերի քրոնիկները» վեպերը, իսկ բոլոր ժամանակների իմ ամենասիրելի հեղինակը Գաբրիել Գարսիա Մարկեսն է՝ «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությամբ:
Ռուզաննա Մինասյան
«Մեգաֆուդ» ընկերության ներմուծման ավագ մասնագետ

Վերջին շրջանում ընթերցածս ամենատպավորիչ գրքերի շարքում Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ» և Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» ստեղծագործություններն են: Շատ ազդեցիկ էին: Փոքրիկիս ծնվելուց հետո շատ եմ դժվարանում ժամանակ գտնել գիրք կարդալու համար, բայց փորձում եմ:
Մարիամ Միրիջանյան
«UCOM» ընկերության հաճախորդների հետ կապերի բաժնի ելքային զանգերի մասնագետ

Նոր եմ ավարտել Միխայիլ Սաիդովի «Զրույցներ, որոնք փոխում են կյանքեր» գիրքը քոուչինգի նուրբ արվեստի մասին: Բավականին հետաքրքիր մոտեցումներ են ներկայացված ընթերցողի համար, որոնք կիրառելի են կյանքի ցանկացած ոլորտում՝ թե′ անձնական, թե′ գործնական: Հիմա կարդում եմ Այն Ռենդի «Ատլանտը թոթվեց ուսերը» վեպը: Այն թեև համարվում է հակաուտոպիստական ստեղծագործություն, բայց, ըստ իս, ուտոպիան այստեղ իսպառ բացակայում է: Այն պարզապես ներկայացնում է տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ իրականություն և շատ հետաքրքիր բացահայտում է բիզնեսի Ատլանտների աշխարհը:
Իմ կյանքում ամենամեծ ազդեցությունը թողել է Ֆեննի Ֆլեգի ստեղծագործությունները. բարության ու զգացմունքների մեծ հոսանք է փոխանցում: Սիրում եմ Սենտ- Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը, իսկ ահա Մարիամ Պետրոսյանի՝ «Տունը, որտեղ…» ստեղծագործությունն իմ աշխարհն է, ուր ես շատ հաճախ փախչում եմ:
Անուշ Մխիթարյան
«Գալաքսի» ընկերությունների խմբի ՄՌ ղեկավար

Վերջին շրջանում շատ հաճախ եմ վերընթերցում հայկական գեղարվեստական գրականություն և հայոց պատմություն. տարբեր տարիքում տարբեր կերպ ենք նույն գիրքն ընկալում: Զուգահեռ կարդում եմ ժամանակակից գեղարվեստական գրականություն և մասնագիտական գրքեր. մեկական նմուշ միշտ կարելի է գտնել իմ պայուսակում:
Այս ամիսներին ընթերցել եմ Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի գաղտնիքները», Ֆրենսիս Էլիզա Բյորնեթի «Խորհրդավոր այգի», Էրիխ Մարիա Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում», Էլիֆ Շաֆակի «Պատիվ» և «Եվայի 3 դուստրերը», Թոմաս Հարդի «Տեսսը դը Էրբըրվիլների տոհմից», Եվա Գարսիա Սաենս դե Ուրտուրի «Սպիտակ քաղաքի լռությունը» գրքերը:
Նշածս գրքերից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է գտել իմ գրապահարանում, բայց թերևս կառանձնացնեմ մեկը, որը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա՝ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը: Այն ընթերցողին ստիպում է խորհել բազմաթիվ կենսական ու սոցիալական խնդիրների շուրջ, մտածել, զգալ և նույնիսկ վերաիմաստավորել վերաբերմունքդ ու դրանից բխող գործողություններդ։ Գիրքն ամենակարևոր, կենսական հարցերի մասին է։
Ելենա Լազարկովա
«TI’ME» ընկերության ՄՌ ղեկավար, Բելառուս

Բիզնես գրականություն շատ եմ ընթերցում, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարման, վաճառքի և սպասարկման վերաբերյալ: Վերջերս մեր տնօրենի սեղանին նկատեցի «Ֆինանսական կառավարում և կառավարման հաշվառում ղեկավարների և գործարարների համար» գիրքը: Որոշեցի ծանոթանալ ֆինանսական ցուցանիշների վերլուծությանը, քանի որ ցանկացած գործընթաց, ի վերջո, պետք է հանգեցնի ֆինանսական արդյունքների։ Եթե խոսենք գեղարվեստական գրականության մասին, ապա մեր կորպորատիվ գրադարանում, որի շրջանակներում ընկերության աշխատակիցները կիսում են անձնական գրքերը, հայտնվեց Սերգեյ Դովլաթովի «Օտարերկրացի» զարմանահրաշ գիրքը։ Մեծ հաճույքով կարդացի։ Ի վերջո, հումորը կփրկի աշխարհը:
Ընթերցածս ամենաազդեցիկ գրքերից մեկը Սթիվեն Քովի «Արդյունավետ մարդկանց 7 սովորությունները» ստեղծագործությունն է։ Այս գիրքն ինձ սովորեցրել է նպատակների և առաջնահերթությունների սահմանման հարցում զարգացնել համակարգված մոտեցում:
Միքայել Կոստանյան
«UCOM» ընկերության ՏՏ ավագ ինժեներ

Քանի որ ապրում ենք նորարարական դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են տիեզարական արագությամբ, գիտելիքներն արդիական պահելու ու այն աշխատանքի մեջ կիրառելու համար մասնագիտական ժամանակակից գրականությանը հետևելն անհրաժեշտություն է: Այս հարցում շատ օգտակար է Ucom-ի առցանց գրադարանը:
Այստեղ վերջերս մի գիրք գտա մանկական հոգաբանության բաժնից, որը միանգամից կլանեց ինձ՝ Շիմի Քանգի «Դելֆինի ուղին»: Հեղինակը` երեխաների հոգեկան առողջության մասնագետ և երեք երեխաների մայր, նկարագրում է երեխաների դաստիարակման երկու ծայրահեղ մեթոդ և առաջարկում իր սեփականը` անվանելով այն «դելֆինի ուղի», որը կօգնի առողջ, ներդաշնակ և միևնույն ժամանակ իսկապես բարեկեցիկ ապագա ունեցող երեխաներ դաստիարակել։
Գարնանը աչքիցս չվրիպեց հանրահայտ SONY ընկերության հիմնադիրներից մեկի՝ Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Հեղինակը ցույց է տալիս, որ երեխաներն ունակ են ամեն ինչ սովորելու, իսկ դրա համար լավագույն տարիքը մինչև 3 տարեկանն է, երբ երեխայի ուղեղը նման է մաքուր թղթի էջի, և այն ավելի հեշտ է ընկալում ու յուրացնում նոր գիտելիքները, քան ավելի մեծ տարիքում: Այդ գրքից հետո, որպես 3 տարեկանից մեծ զավակների հայր, սկսեցի հետաքրքրվել մանկական հոգեբանության և դաստիարակության հետ կապված գրքերով:
Շաքե Չատինյան
«Երևան մոլ» ընկերության մարքեթինգի մասնագետ

Նախկինում միշտ կրկնում էի՝ կարդալու ժամանակ չկա, չեմ հասցնում, հոգնած եմ։ Հետո հասկացա, որ ոչ թե պետք է ժամանակ գտնել, այլ եղած ժամանակը ճիշտ օգտագործել։ Հիմա գիրք կարդալն ինձ համար օրն արդյունավետ սկսելու միջոց է. սիրում եմ մի փոքր ավելի շուտ արթնանալ ու հեռախոսը միանգամից միացնելու և սոց․ ցանցերը թերթելու փոխարեն մի քանի էջ կարդալ։ Սա հրաշալի միջոց է օրը դեռ չսկսած՝ քեզ «հաղթող» զգալու համար։ Վերջին ամիսներին ընթերցել եմ Գրեգ Գրիդի և Քեն Մյունշի «R.E.D. Marketing»-ը, Օ՛Շի Կովադոնգի «ZARA-ի ֆենոմենը», Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» գրքերը:
Ինձ համար ամենատպավորիչ գրքերի շարքում առաջինը Դարեն Հարդի «Բաղադրյալ ազդեցությունն» է: Հեղինակը գրքում շատ դիպուկ օրինակներով նկարագրում և ապացուցում է, որ նպատակին հասնելը և առհասարակ հաջողությունն ու հաջողակ լինելը, ունեն իրենց հստակ բանաձևերը։ Մնում է չմոռանալ և հետևել այդ բանաձևին։
Աննա Գրիգորյան
«Մեգաֆուդ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար

Ընթերցում եմ հիմնականում առավոտյան ժամերին և հենց այս նպատակով 30 րոպե շուտ եմ արթնանում: «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը վերջին շրջանում ընթերցածս ամենատպավորիչ ստեղծագործություններից է:
Այս պահին ձեռքիս տակ Էլ Ռայսի և Ջեք Թրաուտի «Մարքեթինգային պատերազմներ» գիրքն է: Չեմ կարող չնշել «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին» ստեղծագործության մասին, որն ամենամեծ ազդեցություն թողած գրքերից մեկն է մարդկային արժեհամակարգի մասին, որը, կարծես թե, անտեսում են բոլորը:
Գայանե Կրոյան
«Գալաքսի» ընկերությունների խմբի մարքեթինգի և հետազոտության տնօրեն

Այս պահին վերընթերցում եմ Հրանտ Մաթևոսյան, Նարինե Աբգարյան, Նոդար Դումբաձե: Այս երեք հեղինակների ոճն էլ շատ նման է, բովանդակությունն էլ՝ պարզ ու խորը, հասարակ մարդկային կենցաղի, բնավորությունների ու տեսակների մասին:
Հիմա հաճախ կարելի է լսել, որ մարդիկ ժամանակ չունեն ընթերցելու գեղարվեստական գրականություն, որովհետև չեն ուզում ժամանակ կորցնել: Կարծում եմ, որ հենց գեղարվեստական գրականությունն է օգնում պահպանել մեր արժեհամակարգն ու զգացմունքները: Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը: Մեկ շնչով և մեկ օրում եմ կարդացել:
Արմինե Պապոյան
«Խրոնոգրաֆ» ընկերության ֆինանսական տնօրեն

Ընթերցանությունն ուղեղի սնունդ է: Ժամանակակից սրընթաց կյանքի պայմաններում կարդալը մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնել և ինքներս մեզ հարցեր տալ, սովորել մյուսների փորձից և աշխարհը տեսնել այլ տեսանկյունից:
Վերջին շրջանում ընթերցածս ամենատպավորիչ գրքերից են եղել Ժան Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ը, Անջելո Դ՛Արիգոյի «Արծիվների հետքերով»-ը, Թոմաս Մանի «Կախարդական լեռը», Դարոն Աճեմողլու՝ «Ինչու՞ են ձախողվում պետությունները»:
Ուզում եմ առանձնացնել «Արծիվների հետքերով» ստեղծագործությունը: Չափազանց ազդեցիկ այս ստեղծագործությունը բնությամբ ոգեշնչվելու, բնությունից սովորելու և սովորածը բնությանը վերադարձնելու մասին մի հրաշալի ինքնակենսագրություն է, նպատակասլացության մի յուրահատուկ պատմություն։ Անջելոն թեթև ավիացիայի տարբեր ուղղություններով աշխարհի բազմակի չեմպիոն էր, որը, թողնելով մրցաշարերը, որոշում է գնալ իր երազանքների հետևից, առանց շարժիչի թռչել Էվերեստի վրայով, սովորել թռչուններից ազատ թռիչքի գաղտնիքները և այդ գիտելիքը վերադարձնել այն թռչուններին, որոնք բուծվել են բնական միջավայրից դուրս։ Նա մի քանի գիտական նախագծերի հիմնադիր և մասնակից է եղել, իր դելտապլանով ուղեկցել է վերացման եզրին գտնվող թռչուններին` իրենց չուի ողջ ընթացքում թռչելով նրանց առջևից, ցույց տալով ճանապարհը դեպի ձմեռավայրեր` այդպիսով նպաստելով վերացման եզրին գտնվող բազմաթիվ տեսակների պահպանմանը։ Այս գիրքը անհնարինին հասնելու, կամքի դրսևորման ու չհանձնվելու գեղեցիկ վավերագրություն է։