Օրեր առաջ Կոսովոյի հարկային տեսչության և IUnetworks ընկերության միջև կնքվեց Կոսովոյում Հարկային կառավարման միասնական համակարգի ներդնման պայմանագիր, որի շրջանակում կարդիականացվի Կոսովոյի հարկային համակարգը՝ վարչակազմի պահանջներին համաձայն։ Պայմանագիրը ստորագրվել է Կոսովոյին պետության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու և հաղթելու արդյունքում, որին մասնակցում էին նաև մի շարք եվրոպական երկրներ։ Մրցույթի ողջ ընթացքը տևել է 2,5 տարի և անցկացվել է հինգ փուլով։
Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Կոսովոյի հարկային մարմինների համար նախագծել և գործարկել համապարփակ լուծում, որը ներառում է ժամանակակից հարկային վարչարարության պահանջներին և զարգացման տեսլականներին համապատասխանող ծրագրային փաթեթ:
Համակարգը խթանելու է հարկային մարմինների գործառույթների առավել թափանցիկությունը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև հնարավորություն է տալու հարկային մարմիններին տրամադրել հարկ վճարողներին բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնք կօժանդակեն հարկային հաշվետվողականության բարելավմանը: Ծրագիրը մերկնարկել է սույն թվականի հունվարի 27-ին և նախատեսվում է ավարտել 2023թ.-ի հուլիսին։
«Սա ևս մեկ նշանակալի հաղթանակ է մեր ընկերության համար և ևս մեկ առիթ՝ պարծենալու մեր ընկերության կողմից մշակված համակարգով, որը թեժ մրցակցության արդյունքում բերեց հաղթանակ ոչ միայն մեզ, այլև՝ մեր երկրին», – ասել է IUnetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։
Նշենք, որ IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999 թ.-ին։ Ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակիցներ, և, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, այն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու։