Ամանորը հիշարժան է եւ ուրախ, երբ այն նշում ես ընտանիքիդ ու սիրելիներիդ հետ։ Սակայն, այս տարի 49,900 տարեց Ամանորը կդիմավորի միայնակ։ Հայաստանում կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13,5%-ը միայնակ է ապրում, եւ այս թիվը տարեց տարի փոփոխվում է։
«Գալաքսի» ընկերությունների խումբն իր 15 ընկերություններով հուսով է փոքր ինչ ազդել վիճակագրության վրա։ Ընկերության կողմից թողարկված սոցիալական հոլովակում միայնակ ապրող մի բարի ձմեռ պապ, ում մարմնավորում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 82-ամյա Գուժ Մանուկյանը, պատրաստում է ամանորյա սեղանն ու սպասում զանգի։
Հոլովակից դուրս տեղեկանում ենք, որ զանգը չի ուշացել. «Գալաքսի» ընկերությունների խմբի հարյուրավոր աշխատակիցներ որոշում են իրենց տոնը կիսել միայնակ տարեցների հետ եւ կոչ են անում բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս բարի ու պարզ նախաձեռնությանը։
«Սերունդների համերաշխությունը մեզ համար կարեւոր արժեք է ու այս տարվա Սուրբ ծննդյան ուղերձով մեր հարգանքն ու սոլիդարությունն ենք փոխանցում մեր տարեցներին՝ համեստ ներդրում ունենալով նրանց արժանապատիվ ծերությունն ապահովելու գործում»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
«Կիսիր ջերմությունդ, միացիր հոգատարության արշավին» կարգախոսը՝ միավորելով «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների շուրջ 3000 թիմակիցների, ընդգծում է, որ այս արշավը նյութական օգնության մասին չէ, այլ վերաբերմունքի ու ուշադրության. միայնակ տարեցները միշտ չէ, որ սոցիալապես անապահով մարդիկ են։ Ընկերությունների խումբը որպես առաջին քայլ իր հոգածությունն է տարածել ավելի քան 600 տարեցների հանդեպ, որոնք ապրում են Երեւանում եւ մարզերում գտնվող 2 պետական եւ 5 մասնավոր խնամքի տներում։
Նախագծի շրջանակում կատարվել է կարիքների գնահատում եւ ապահովվել է նշված խնամքի տներում տարեցների շուրջ մեկ տարվա անհրաժեշտ իրերը։
«Գալաքսին» ընդգծում է, որ միջոցները, որոնք ներդրվել են ավելի քան 600 միայնակ տարեցների կարիքների բավարարման համար, իմաստ չէին ունենա, եթե չլինի թիմի մարդկային գործոնն ու ոգեւորությունը։ Օրինակ՝ թիմերից մեկը թխվածնքներ է պատրաստել տարեցների համար, մյուսը՝ տաք գուլպաներ գործել, բացի այդ, նվերների հետ փոստային նամակներ է գրել, իսկ «ամենահամեղ» թիմը տարեցների սիրած կոնֆետներն է առանձնացրել՝ «հոգապահուստի համար»։ Ի դեպ, այսօր նախագծի պաշտոնական մեկնարկից հետո առաջին 105 էնտուզիաստներ մեկնեցին նշված խնամքի տները, նվերների հետ իրենց ժամանակը կիսելու տատիկ-պապիկների հետ։
«Այս նախագծով մենք հուսով ենք վերահաստատել մեր արժեքները նախ եւ առաջ մեր թիմերի համար։ Ոչ թե ինչ ենք մենք անում, այլ ինչին ենք հավատում. որպես տարբեր ընկերությունների աշխատակիցներ ինչ արժեքի շուրջ ենք միավորվում որպես մեկ միասնական թիմ. սա է հարցը, որի պատասխանը մեր շարունակական սոցիալական պատասխանատվության ծրագրերն են»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա հույս է հայտնել, որ «Գալաքսին» սեփական օրինակով կկարողանա վարակել մարդկանց, ովքեր ոչ միայն Ամանորին, այլ ամբողջ տարվա ընթացքում իրենց ջերմությամբ կկիսվեն հարեւան, ծանոթ կամ անծանոթ միայնակ տարեցների հետ։
Միայնակ տարեցների ուղղված սոցիալական արշավը համացանցում տարածվում է #BecauseWeCare հեշթեգով, արշավի նախաձեռնողները Ucom եւ IUnetworks, YerevanMall, Capitan kid եւ KinoPark, TI’ME, Pandora եւ Chronograph, Megafood, Megasport եւ Megatoys, Pahest33 եւ Santafe թիմերն են՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի թիմի հետ համատեղ։ Արշավին արդեն իսկ միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ եւ սոցցանցերի ակտիվ օգտատերեր։
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ 6 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն`ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով եւ ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների թվով։ Ընկերությունների խումբը ի դեմս իր կազմում հանդես եկող միավորների Հայաստանի խոշոր հարկատուներից է եւ միայն 2018թ.-ին վճարել է 13 միլիարդ ՀՀ դրամի հարկեր։
«Գալաքսիի» սոցիալական պատասխանատվության պորտֆելը կազմում է ընկերության շահույթի զգալի մասը, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության, նորարարության եւ արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Որպես սոցիալական պատասխանատվության նախագիծ ընկերությունը իրականացրել է նաեւ սահմանային անվտանգության պաշտպանության խոշոր նախագծեր, ներդրում է կատարել մարզային եւ համայնքային հասարակական ենթակառուցվածքների ապահովման համար, ինչպես նաեւ ամեն տարի Ամանորի իր սոցիալական աջակցության նախագիծը իրականացնում է որեւէ խոցելի խմբի հարցի բարձրացմամբ եւ դրա վերաբերյալ սեփական լուծումով։