Հայաստանում բիզնեսի և տնտեսական լրագրողների համագործակցությունը թևակոխում է նոր փուլ:
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Տնտեսական լրագրողների ակումբը» միավորում են ջանքերը` ֆինանսատնտեսական լրագրության, բիզնեսի լուսաբանման որակի բարձրացման և ապագա տնտեսական լրագրողներին աջակցելու համար: Այսօր կողմերը ստորագրել են հուշագիր, որտեղ ձևակերպել են կողմերի հանձնառությունն ու համատեղ նախագծեր իրականացնելու օրակարգը: Հուշագիրը ստորագրել են «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Բաղդասարյանը:
««Ազատ տնտեսությունն» ու «անկախ լրագրությունը» առանցքային հասկացություններ են բարեկեցության ձգտող երկրներում: Մենք հավատում ենք, որ հասարակության խոսույթում տնտեսական թեմաների լուսաբանումը ոգևորություն, հույս ու հնարավորություն կստեղծի մեր երիտասարդների համար` կառուցելու իրենց ապագան ազատ տնտեսությունում և սեփական գաղափարներով բարեկեցություն բերելու մեր երկրին: Այս համագործակցությամբ մենք շարունակում ենք թափանցիկ ու հաշվետվողական հարաբերությունների մեր ավանդույթը և առաջարկում ապագա սերնդի տնտեսական լրագրողներին, որպես ուսումնական նյութ, կրիտիկական վերլուծության ենթարկել նաև «Գալաքսի»-ի տարեկան տնտեսական ազդեցության զեկույցները, որն, ի դեպ, այս տարի արդեն 5-րդ անգամ է հրապարակվում»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Տնտեսական լրագրողների ակումբ»-ի նախագահ Աննա Բաղդասարյանն իր գոհունակությունն է հայտնել «Գալաքսի» ընկերությունների խմբին՝ համագործակցության այս ձևաչափում գործուն մասնակցություն ունենալու համար:«Տնտեսական ոլորտի լուսաբանումը կարևորագույն ուղղություններից է, քանի որ տնտեսությունն է երկրի շարժիչ ուժը: Իսկ տնտեսության, բիզնես գործունեության լուսաբանումը, գործընթացներն ու ճիշտ եզրույթների կիրառումը կնպաստի մեր հասարակության տեղեկացվածության բարձրացմանը, ֆինանսական գրագիտությանը: Մենք հուշագրում ամրագրել ենք նաև այս ուղղությունը: Վստահ եմ, որ համագործակցության այս ձևաչափն արդյունավետ կլինի բիզնեսի լուսաբանման խնդիրները բացահայտելու և համատեղ քննարկումների արդյունքում դրանց լուծման բանաձևերը գտնելու առումով: Տնտեսական ոլորտի որակյալ լուսաբանումը կհանգեցնի դրական փոփոխությունների ինչպես մեր երկրում, այնպես էլ լրատվական դաշտում»,-հայտնել է «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի նախագահ Աննա Բաղդասարյանը:
Հուշագրով նախատեսվում է նպաստել տեղեկատվություն ստանալու մատչելիությանը, աջակցել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը լրատվական գործունեություն ծավալող հարթակների ներգրավմամբ, խրախուսել հանրության շրջանում տնտեսական ոլորտի տեղեկացվածության և իրավագիտակցության բարձրացմանը, զարգացնել ու նոր մակարդակի հասցնել զանգվածային լրատվական միջոցների և բիզնեսի համագործակցությունը։ Հուշագրով նախատեսված միջոցառումները և նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:
***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսի»-ն իրականացրել է 64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի ուղիղ շահառուներ են դարձել 10,000-ից ավելի մարդիկ։
***
«Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թվականին տնտեսական թեմաներով գրող մի խումբ լրագրողների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունն ընդգրկում է հանրապետության տպագիր և էլեկտրոնային մամուլի, հեռուստատեսության բազմաթիվ լրագրողների, ովքեր լուսաբանում են տնտեսությանն առնչվող խնդիրները: Համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ֆինանսական կառույցները, հասարակական և բիզնես կազմակերպությունները և անկախ փորձագետները: