Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։
Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։

33-րդ Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեր հավաքականի 15 մարզիկները կներկայացնեն Հայաստանը հրաձգություն, ծանրամարտ, աթլետիկա, ըմբշամարտ, բռնցքամարտ և մարմնամարզություն սպորտաձևերում:
«Օլիմպիական խաղերն աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունն են, որին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում։ Ուրախ ենք, որ Ucom-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել մեր մարզիկների ելույթներն ու տեսնել փայլուն հաղթանակները։ Սա մեծ պատիվ է ու ուրախություն բոլորիս համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ամառային օլիմպիական խաղերը ոչ թե հերթական օլիմպիական խաղեր են այլ կարևոր իրադարձություն: Հաշվի առնելով առկա իրավիճակը, մեր ազգին հաղթանակ է պետք։ Եվ մեր մարզիկները իրենց վրա են վերցրել հայ ժողովուրդին ուրախ պահեր, հաղթանակի պահեր պարգևելու առաքելությունը։ Ամբողջ հայ ազգն է մեր թիկունքում, մեզ պետք են արժանապատիվ հաղթանակներ և յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է մեզ համար։ Եվ արդեն երրորդ Օլիմպիական խաղերն են, որ Ucom-ը կանգնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողքին, ու հաջողություններն էլ ինքներդ եք տեսել», – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Նշենք, որ նախորդ Տոկիո-2020 խաղերին, որոնք տեղի ունեցան 2021 թվականին, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը դարձան արծաթե մեդալակիրներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացան բրոնզե մեդալներ: