Հայաստանի կայուն զարգացման համար հարկավոր են նպատակներ և տեսլական

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը։

Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում:

Մեր զրուցակիցն է «Թայմլես» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, Շեֆիլդի համալսարանի Executive MBA աստիճանակիր, ինչպես նաև 6 գիտական հոդվածների հեղինակ։

Արսեն, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ։

Անկեղծ ասած, շատ հետաքրքիր հարց է, և առաջին անգամ եմ լսում այսպիսի հարցադրում։ «Մայր» բառի օգտագործումով մենք ունենք Մայր Հայաստան, Մայր Աթոռ, մայրենի լեզու, մայրաքաղաք, մայր թատրոն, մայր ԲՈւՀ և նման այլ անվանումներ, սակայն կարծում եմ դրանք ամբողջովին տեղավորվում են «հայրենիքի» կոնտեքստի մեջ։ Ինձ համար՝ իհարկե հայրենիք։ Եվ կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր գործունեությունով այս կամ այն կերպ պետք է նպաստի հայրենիքի բարեկեցությանը։ «Մայրենիք» ասելը նույնիսկ մի փոքր խորթ է հնչում:

Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը:

Կարծում եմ՝ սեփական արմատները ճանաչելը կարևոր է զուտ հետաքրքրության տեսանկյունից։ «Արմատներ» ասելով՝ եթե գնանք մինչև վերջ, շատ մեծ վիճաբանություն ու քննարկում է առաջանում, թե վերջապես այդ արմատները որտեղից են սկսվում։ Իմ հայրական կողմը Սասունից են, չնայած հայրս ու պապս ծնվել են Երևանում, մայրական կողմս՝ Գավառից, բայց դարձյալ պապս ու մայրս ծնվել են Երևանում։

Շատ խորը արմատների մասին տեղեկություններ չունեմ։ Ասել, որ սեփական արմատները ճանաչելը այսօր էական կարևորություն է ներկայացնում ինչ-որ բանում հաջողություն հասնելու համար, կարծում եմ այդպես չէ: Իմ մոտեցումը հետևյալն է` ես հայ եմ և իմ արմատները Հայաստանում են։

Կներկայացնե՞ք՝ ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը։

Ես ծնվել եմ  ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ 1976 թվականին։ Մանկությունս անցել է շատ ուրախ, հետաքրքիր՝ սովետական ժամակաշրջանում՝ այդ քարոզչության, դաստիարակության շրջանակներում։

Մանկության ու պատանեկությանս տարիներին ես չեմ հիշում որևէ անախորժ ու վատ դեպք, որը կարող էր ինչ-որ կերպ տպավորվել իմ մեջ, ստվերել մանկությունս կամ սպի թողնել։ Երիտասարդությանս փուլում մեր երկրում սկսվեցին փոփոխությունները՝ մութ ու ցուրտ տարիներ, մոմերի տակ պարապել քննությունների հանձնելու համար և այլն։ Չեմ ասի, թե դա փայլուն ժամանակաշրջան էր, չնայած բոլոր դժվարություններին, հետաքրքիր ուսանողական տարիներ եմ ունեցել։ Այն ժամանակ այսօրվա հնարավորությունները չկային։ Ես շատ եմ նախանձում այսօրվա երիտասարդներին՝ թե տեխոնոլոգիաների հասանելիության, թե այն հնարավորությունների առումով, որոնք այսօր առկա են։ Ներկայիս ժամանակաշրջանը մեկ բառով ես գնահատում եմ որպես շատ գունավոր ժամանակաշրջան:

Ո՞րն է ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք:

Իմ կարծիքով՝ երբ սկսվում է մարդու գիտակցական կյանքը, այդ օրվանից մինչև կյանքի վերջ այն անընդհատ զուգորդվում է ինչ-որ դասերով։ Որ ասեմ՝ ինչ-որ առանձնահատուկ դաս հիմա կմտաբերեմ ինչ որ կոնկրետ դեպքից, այդպես չէ։ Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, եղել են տարատեսակ հետաքրքիր դասեր, որոնք կարևոր էին հետագայի համար: Եվ դասեր ասելով՝ պետք չէ միայն բացասականը պատկերացնել, շատ են նաև դրական դասերը։

Եթե անդրադառնանք Հայաստանի խնդիրներին, որո՞նք են մեր կրթական համակարգի խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք:

Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի կրթական համակարգը կատաստրոֆիկ վիճակում է և նույն վիճակում է եղել վերջին 25-30 տարիներին։ Ես երբեք հիացած չեմ եղել կրթական համակարգով, և աշխատանքի բերումով ունենալով շատ շփումներ արտաքին աշխարհի հետ՝ կարող եմ ասել, որ մեծ նախանձով եմ վերաբերում արտերկրի կրթական հաստատություններին։ Արտերկրում կրթությունը պոտենցիալ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների ապագայի համար։ Կուզենայի, որ Հայաստանը գոնե մոտիկ լիներ դրան կամ կատարեր շոշափելի քայլեր։ Սակայն այսօր ես լուրջ տեսլական, բարեփոխում կամ ֆունդամենտալ քայլեր չեմ էլ տեսնում այդ ուղղությամբ, որպեսզի հասնենք մեր երազած կրթական համակարգին։

Ի՞նչ առանցքային խնդիրներ կառանձնացնեք այս ոլորտում։

Ես կարծում եմ՝ խնդիրը համակարգային է։ Անցած 25-30 տարվա փորձը ցույց է տալիս, որ հատվածային լուծումներ են փորձել տալ ոլորտի խնդիրներին։ Բայց եթե ասում ենք՝ «կրթական համակարգ», ուրեմն պետք է տալ համակարգային լուծումներ՝ սկսած առարկաներից, մասնագիտություններից, դասախոսների գիտելիքներից, դասավանդման ձևից ու բովանդակությունից: Ընդհանուր առմամբ, կրթական համակարգի կառավարման պատասխանատուները պետք է ձևակերպեն հստակ նպատակ։ Բարձրագույն կրթությունս ստացել եմ Երևանի Պետական Համալսարանում, որտեղ ձեռք եմ բերել տնտեսագետի մասնագիտությունը, այնուհետև` 2006թ-ին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել եմ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ 2 տարի սովորել եմ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանում (որը գտնվում է Եվրոպայի 100 լավագույն համալսարանների ցանկում)`ստանալով Executive MBA աստիճան։ Եվ երբ համեմատում եմ վերջին կրթական փորձը Հայաստանի ԲՈւՀ-երի հետ, ակնհայտ են էական տարբերությունները` դասավանդվող առարկաների ոճի, ձևի, մեթոդի և բովանդակության առումով։

Արևմտյան բուհերը հակված չեն կենտրոնանալ տեսություններ դասավանդելու վրա և ամբողջ ջանքը դնում են ավելի պրակտիկ փորձերի և ուսումնասիրությունների ներկայացման, վերլուծման և քննարկման վրա, ինչն ավելի արդյունավետ է, հասկանալի, համեմատելի ու ընկալելի։

Միանշանակ, համակարգային փոփոխություններ պետք է լինեն այս ոլորտում՝ սկսած դպրոցից։ Հայաստանյան համալսարաններում սովորելու հիմնական նպատակը եղել է և դեռևս մնում է դիպլոմ ձեռք բերելը: Մինչև այս փիլիսոփայությունը չփոխվի, մինչև չփոխվի մեթոդոլոգիան, համակարգը, մինչև հիմնական նպատակը չլինի գիտելիք ձեռք բերելը, մենք անընդհատ կունենանք ցածր որակի մասնագետներ աշխատանքի շուկայում, որն իր բացասական ազդեցությունն է թողնում թե պետական, թե բիզնեսի կառավարման և արդյունավետության վրա: Մենք Հայաստանում ունենք մի քանի բուհ, որոնք որոշակիորեն տալիս են որակյալ պրոդուկտ, բայց եթե մենք խոսում ենք համակարգի մասին, այստեղ իրական ճգնաժամ է։ Իմ կարծիքն այն է, որ առանց ուժեղ կրթական համակարգի մենք երբեք չենք ունենալու ուժեղ պետություն։ Շատ է խոսվում և քննարկվում Սինագապուրի, որպես պետության, զարգացման հիմնական պատճառները, դինամիկան, մոդելը, և ակնհայտ է, որ Սինգապուրի առաջընթացի հիմնական գործոններից մեկը եղել է հենց որակյալ կրթական համակարգի ձևավորումը և հիմնումը։ Եթե չեղավ զարգացած հասարակություն, մարդիկ չեղան կրթված, եթե մարդիկ չգիտակցեցին բարեփոխումների բովանդակությունը, չունեցան գիտելիքներ՝ այդ բարեփոխումները նպատակադրելու և վարելու մասով, ապա մենք երբեք չենք կարող ունենալ հաջողություն, ինչպես նաև ուժեղ և զարգացած պետություն։

Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր,
ինչպե՞ս
 կբնութագրեք այն:

Որպես հավաքական միավոր՝ մեկ բառով բնութագրելը դժվար է։ Բոլորս էլ սիրում ենք մեր երկիրը, հայրենիքը, մեր ժողովրդին, սակայն, հաճախ առնչվելով և համեմատելով այլ երկրների հասարակությունների կենցաղի, առօրյայի, մշակույթի, մենթալիտետի, տարրական հարցերի վերաբերյալ մոտեցումների հետ, հասկանում ենք, որ մեր հասարակությունում կան լուրջ և խորքային պրոբլեմներ, որոնք խանգարում են մեր պետության զարգացմանն ու առաջընթացին։

Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ո՞րն է հայ հասարակության «դիագնոզը»:

Իհարկե, դիագնոզը ունենալը ամենակարևորն է։ Ես կարծում եմ, որ բժշկության մեջ հենց ամենադժվարը դիագնոզը որոշելն է, վիրահատությունը կամ բուժումը համեմատաբար ավելի հեշտ է և տեխնիկայի կամ արհեստավարժության հարց է։ Նույնն էլ հասարակությունում ու պետությունում է։ Դիագոնզը մեկ բառով ներկայացնելը շատ դժվար է։ Մեր ժողովրդի մոտ առկա է ինքնասիրահարվածության, առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ նայելու հատկություն, շատ դեպքերում ունենք չարակամություն և նախանձ միմյանց նկատմամբ, ոչ նպատակասլացություն, չկա թիմային և հավաքական գործելու հատկություն: Գոյություն ունի մեծ ագրեսիա և սթրես մեր առօրյայում, մարդկային հարաբերություններում, էլեմենտար հարցերում պրոբլեմների ստեղծում: Մանավանդ, երբ արտերկրից ես գալիս, այստեղ այդ կոնտրաստը և ագրեսիան ավելի ակնհայտ է երևում։ Համակարգային խնդիրների կարգավորման նկատմամբ հաճախ տեսնում ենք չտրամաբանված և անհասկանալի դիմադրություն, առողջ դիալոգի բացակայություն: Ո՞նց կարող են այդ հարցերը կարգավորվել, կարծում եմ՝ դա շատ ավելի ֆունդամենտալ խնդիր է, և հիմնականում պետությունը ունի մեծ անելիք այդ ուղղությամբ։

Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել: 

Իհարկե, տնտեսություն, կրթական համակարգ, առողջապահական համակարգ և անվտանգություն։ Մշակույթի մասով ևս շատ բան ունենք անելու, որովհետև, շատ դեպքերում նաև մշակույթի միջավայրն է ինձ համար անհասկանալի։ Արտաքին աշխարհի առումով ներկայանալի և, հատկապես, ճանաչելի լինելու մեծ խնդիր ունենք։ Ես կուզեմ, որ վարենք շատ ավելի ուժեղ արտաքին քաղաքականություն, ավելի հստակ ֆիքսենք մեր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, որովհետև մեր տարածաշրջանը գտնվում է պարբերական տուրբուլենտության իրավիճակում։ Ես չեմ  հիշում պատմական մի ժամանակաշրջան, երբ մեր տարածաշրջանը եղել է հանգիստ։ Առանց նպատակների ձևակերպման, դրանց հասնելու տեսլականի բացակայության պարագայում Հայաստանը չի կարող ունենալ կայուն զարգացում: Մենք ունենք ազդեցիկ սփյուռք, որի ներուժը երբեք համակարգված չենք օգտագործել թե ներքին, և թե արտաքին ոլորտներում:

Արցախի հարցը և դրա նպաստավոր հանգուցալուծումը ամենակարևորներից է ինձ համար և մենք այստեղ սխալվելու իրավունք չունենք: Այս հարցի վերջնական կարգավորումը կնպաստի մեր երկրում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Անհատներ, թե ինստիտուտներ, որը զարգացնել։

Շեֆիլդի համալսարանում մենք մի մեծ դասընթաց անցանք՝ առաջնորդություն։ Իհարկե, դա շատ հետաքրքիր դասընթաց էր, բայց մենք առաջնորդությունն անցնում էինք ընկերության կառավարման տեսանկյունից, ոչ թե երկրի։

Մշտապես, առաջնորդության և առաջնորդի դերը շատ կարևոր է եղել մարդու պատմության ամբողջ ժամանակաշրջանում, և շատ դեպքերում առաջնորդներից է կախված եղել ճակատագրական այս կամ այն հարցի հանգուցալուծումը։ Բայց, երբ ինձ հարցնում եք՝ անհատներ, թե ինստիտուտներ, ես միանշանակ կընտրեմ՝ ինստիտուտը։ Չզարգացած ինստիտուտների պարագայում առաջնորդությունը սկսում է ունենալ տարատեսակ մուտացիաներ, որպես կանոն, բացասական հետևանքներով։ Եթե մենք նայում ենք պատմությունը կամ իրավիճակները, լիդերները հիմնականում ի հայտ են գալիս էքստրեմալ իրավիճակներում պատերազմական իրադրություններում, հեղափոխությունների արդյունքում: Պատմության մեջ չկա դեպք, երբ կայուն իրավիճակ ունեցող զարգացած երկրում հինգ կամ տասը տարին մեկ տարատեսակ վառ լիդերներ առաջանան։ Ինչո՞ւ, որովհետև այնտեղ ինստիտուտներն այնքան զարգացած են, որ լիդերների դերն ու նշանակությունը միայն այդ ինստիտուտները արդյունավետ կառավարելն ու սպասարկելն է` բերելով անհրաժեշտ արդյունք իրենց երկրի համար։

Եվրոպական երկրների իմ գործընկերների հետ շփումներում ես երբեք չեմ լսել, որ օրինակ Մերկելին, Սարկոզիին կամ Մակրոնին իրենք կոչեն լիդեր։ Այդ հասարակությունները նրանց համարում են իրենց պետության ղեկավար, ընտրված որոշակի ժամակահատվածի համար: Սակայն, նույն այդ մարդիկ շատ հպարտությամբ այդ անձանց անվանում են լիդեր, երբ նրանք իրենց պետությունը, իրենց ազգին տարատեսակ միջազգային հարթակներում, բանակցություններում կամ ֆորմատներում են ներկայացնում։ Ես լիդերի դերը շատ կարևորում եմ թե պետությունում, և թե կազմակերպությունում, սակայն առանց արդյունավետ ինստիտուտի, առաջնորդությունը կլինի կարճաժամկետ, իսկ առաջնորդը` որպես այդպիսին շատ արագ կկորցնի իր առաջնորդությունը, և հետևաբար, դերն ու նշանակությունը: Ըստ իս, առաջնորդությունը կարևոր հատկություն է, իսկ ինստիտուտի առկայությունը` անհրաժեշտություն: Ես այդ տեսանկյունից կմեկնաբանեի այս հարցը։

Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ։

Հաջորդ սերունդերի առաջ պարտավորության տեսանկյունից դարձյալ ֆիքսում եմ կրթական համակարգը, որովհետև իմ պատկերացմամբ ամենալավ ներդրումը դա գիտելիքի ու կրթության մեջ արված ներդրումն է։ Այն ընտանիքները, ծնողները, ովքեր ներդրումներ կանեն իրենց երեխաներին, սերունդներին գիտելիք ապահովելու ուղղությամբ, կարող են վստահ լինել, որ այդ սերունդները կլինեն կայուն, կապրեն լավ և կունենան իրապես փայլուն ապագա։ Եթե կրթված չեղան, գիտելիք ու տեսլական չունեցան, չեմ կարծում, որ այլ տիպի գործողություններով կամ ջանքեր օգտագործելով հնարավոր կլինի սերունդներին բարեկեցություն ապահովել։ Այսօր կարող ենք ստեղծել ցանկացած բան, բայց եթե գիտելիքը չապահովեցինք, դա շատ շուտ կկորցնենք կամ կքանդվի։

Ի՞նչ եք անում դուք ամեն օր կամ պարբերաբար՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։

Կարծում եմ՝ հարցն ավելի շատ բարձրագոչ է։ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար բիզնեսի մեջ եղած մարդուն, սովորական քաղաքացուն շատ բան անել պետք չէ, և ես չեմ տեսել այլ երկրներում որևէ շարքային քաղաքացի հատուկ ինչ-որ գործողություններ կամ քայլեր անի այդ ուղղությամբ։ Քաղաքացին շատ բան չի էլ կարող  անել, պետք է լինի կազմակերպված, անպայման աշխատի և ունենա նպատակ ու ձգտում, չխաբի, փորձի զարգացնել այն, ինչով ինքն է զբաղվում։

Եվ այդ միկրոզարգացումները մի ամբողջության մեջ կբերեն մակրո էֆեկտ և կայուն իրավիճակ։ Դա դրական կանդրադառնա թե մեր պետության, թե նոր սերնդի և թե ներկայիս իրավճակի վրա։ Առանձին որևէ քաղաքացի չի կարող առօրյա կյանքում անել այնպիսի քայլեր, որոնք էականորեն կազդեն Հայաստանի զարգացման վրա, եթե քաղաքական գործիչ չես կամ պետական բարձր պաշտոնյա։ Պարզապես պետք է էֆեկտիվ աշխատել և ստեղծել արդյունք:

Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:

Շատ կարևոր է մեր երկրի պատմությունն իմանալ, բայց ես միշտ դեմ եմ հետ նայելուն, պետք է գնանք առաջ։ Ես դեռևս փոքր հասակից եղել եմ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդաշարի երկրպագու, և վերջերս հայկական հաղորդաշարի ժամանակ կար մի հետաքրքիր հարց, որի պատասխանը կարճ եթե ձևակերպեմ հետևյալն էր՝ ավտոմեքենան է, որը շարժվում  է առաջ, սակայն վարորդը անընդհատ հետ է նայում հայելիի միջոցով։ Ես միշտ կցանկանամ, որ մեր երկիրը շարժվի առաջ, վարորդը լինի պրոֆեսիոնալ, այն մեքենան, որը վարում ենք, լինի լավը և տեխնիկապես հզոր, որովհետև վատ մեքենայով և ոչ պրոֆսիոնալ վարորդով չես կարող անընդհատ շարժվել առաջ և այն էլ արագ։ Եվ ուզում եմ, որ հետ նայելու համար այդ հայելին օգտագործենք միայն մեկ նպատակով, որ վստահ լինենք՝ հետևից հարված չկա, և ամեն ինչ անվտանգ է։ Անընդհատ հետ նայելը, անընդհատ պատմությունը քննարկելը, էլ չեմ ասում՝ գնալ-հասնել Տիգրան Մեծի ժամանակաշրջան, վերցնելով այն որպես երազանք այսօրվա Հայաստանը կառուցելու համար, կարծում եմ՝ ուտոպիա է։

Պատմությունն էլ շատ հարաբերական է, տարատեսակ ու տարբեր կերպ մեկնաբանման ենթակա։ Աշխարհում այսօր կան տարածքի առումով բազմաթիվ փոքր երկրներ, որոնք ունեն մեծ զարգացվածության աստիճան։ Եվ հակառակը, կան տարածքով շատ մեծ պետություններ, որոնք խրոնիկ պրոբլեմներ ունեն արդեն տասնամյակներ շարունակ։ Կարծում եմ՝ տարածքի մեջ չէ խնդիրը, այլ բնակչության, պոտենցիալի, կրթվածության, նպատակ ու տեսլական ունենալու մեջ է։ Վստահ եմ, որ եթե քաղաքացին, կառավարությունը, պետությունը չի ձևակերպել նպատակ ու տեսլական, չգիտի որ կողմ է գնում և ինչպես, անկազմակերպ է ու ցաք ու ցրիվ իր որոշումների և գործողությունների մեջ, ապա դրական արդյունք ակնկալելը անհնար է։

Կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք մեր նպատակները, որոնք պետք է լինեն ամբիցիոզ, բայց միաժամանակ՝ ռեալիստիկ։ Ես երբեք չեմ հասկացել իլյուզիայով ապրող մարդկանց, ովքեր երազելուց բացի որևէ բան չեն առաջարկում։ Ցանկացած նպատակ պետք է ունենա գոնե հինգ չափանիշ՝ առանձնահատկություն, չափելիություն, հասանելիություն, իրատեսականություն ու ժամկետայնություն։ Այս հինգ չափանիշը հիմք ընդունելով՝ եթե ձևակերպես նպատակներդ զուգորդված հստակ տեսլականով, միանշանակ հաջողությունն ապահովված է։ Կարծում եմ՝ պատմությունն իմանալը լրացուցիչ գիտելիք է, որոշ դեպքերում դաս` անցյալի սխալները չկրկնելու համար, սակայն այդ պատմության մի հատվածը վերցնել և սարքել կոնցեպտ ապագայի համար, այդքան էլ իրատեսական և խելամիտ չեմ համարում։

Ի՞նչ լսել կամ դիտել այս հարցազրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք։

Հումորով պատասխանեմ այս հարցին. քանի որ մեր խոսակցությունը սկսեցինք «Հայրենիք» թե «Մայրենիք» հարցով, ապա կառաջարկեի լսել James Brown-ի “This is a man’s world” երգը, որտեղ շատ նրբորեն կարևորվում է կնոջ դերը տղամարդու կյանքում:

Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։

 

 

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ