Lragir.am-ը վարում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը։
Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub-ում:
Մենք ներկա չենք եղել, չգիտենք ինչպիսին էր մեր հայրենիքը Տիգրան Մեծի օրոք, բայց մենք սերնդե սերունդ վերապատմում ու հաստատում ենք, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք.Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է։ Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև երկրների հաջողության ճանապարհները։ Որն է ուրեմն «95-55 հայրենիքի» մեր ճանապարհը. մարդիկ, ինովացիա, տեխնոլոգիաներ, բիզնես, արվեստ… որն է դեպի Հայաստանի հաջողության նոր ճանապարհը։ Մեր զրույցն այդ մասին է։
Մեր զրուցակիցն է Էդգար Կարապետյանը, ով «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրենն է: Ունի երկար տարիների աշխատանքային փորձ, ինչպես մասնավոր ընկերություններում, այնպես էլ միջազգային կառույցներում: Աշխատել է նաև Համաշխարհային բանկում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում:
Պարոն Կարապետյան, հայրենիք, թե՞մայրենիք, և ինչո՞ւ:
Իմ կարծիքով՝ հարցադրումը սխալ է, և դա գալիս է հայերեն լեզվամտածողությունից: Շատ այլ լեզուներում նման խնդիր չի առաջանում, այն գենդերային պատկանելության հետ չի կապվում, այլ ավելի շատ կապվում է այն բանի հետ, թե որտեղ է քո տունը: ԱՄՆ բնակչության հիմնական մասը միգրանտներ են, և իրենց համար հայրենիք է այնտեղ, որտեղ իրենք ապրում են, այնտեղ, որտեղ իրենց տունն է` homeland: Նույն ռուսական մտածողությունում դա խիստ կապված է հողի հետ՝ родина, այսինքն՝ այնտեղ, որտեղ դու ծնվել ես: Ես կարծում եմ, որ նմանօրինակ հարցի ձևակերպումը մեր լեզվամտածողության խնդիրն է, և չպետք է լինի տարբերություն՝ հայրենիք, թե մայրենիք: Դա աբստրակտ կոնցեպտ է, որը պետք է ընկալվի հոգով ու սրտով:
Որտեղի՞ց եք սերում արմատներով, և ինչքա՞ն կարևոր են մարդու համար սեփական արմատները ճանաչելը:
Ես ծնվել ու մեծացել եմ Գյումրիում, այնտեղ ապրել եմ մինչև 1988 թվականի երկրաշարժը: Դրանից հետո տեղափոխվել եմ Երևան: Իմ ծնողները սերում են՝ հայրս Արևմտյան Հայաստանից՝ Էրզրում, Կարս քաղաքներից են, իսկ մայրական կողմը՝ Հունաստանից: Իմ կարծիքով՝ մարդու համար շատ կարևոր է արմատները ճանաչելը: Դրան երեք տեսնակյունից կարելի է նայել: Քո արմատները ճանաչելը, այսինքն՝ քո ծնողների անցած ճանապարհն իմանալը: Երկրորդ, ընտանիքի արմատները ճանաչելը, երրորդ՝ ազգի արմատները ճանաչելը, քանի որ դա անմիջականորեն կապված է քո անցած ճանապարհի հետ, և քո անցած ճանապարհն է, որ նախանշում է քո ապագան: Եթե մենք չգիտենք մեր անցած ճանապարհը, ապա շատ դժվար է հասկանալ, թե ուր ենք գնում: Բայց միանշանակ չպետք է կառչած լինել անցած ճանապարհից, ասել, որ մենք այս ճանապարհն անցել ենք, տեսեք՝ մենք ինչ լավն ենք, ինչ դժվար ճանապարհ ենք անցել: Պետք է ավելի շատ մտածել այն մասին, թե ուր ենք գնում:
Մի քանի բառով նկարագրեք ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը:
Ինչպես նշեցի, ծնվել եմ Գյումրիում, կարելի է ասել՝ մանկությունս անցել է Գյումրիում: Անհոգ մանկություն, մեծ ընտանիք: Պատանեկությունս անցել է 1990-ական թվականներին՝ Երևանում: Երևի հիշում եք, թե 90-ական թվականներին ինչ դժվար տարիներ էին: Ցուրտ ու մութ տարիներն էին: Իհարկե, դա իր հետքը թողել է և մտածողության, և դժվարություններ հաղթահարելու ունակությունների վրա, որովհետև այդ ժամանակահատվածում իմ ամենասիրելի զբաղունքը գիրք կարդալն էր: Իսկ դա շատ դժվար էր անել մթության մեջ: Եվ մոմի ու ճրագի լույսի տակ գիրք էի կարդում: Դասաժամերը 15 րոպեանոց էին՝ 4 ամիս արձակուրդներով: Եվ հիշում եմ նավթի վառարանները, երբ դասարանում նստում էինք 15 րոպե՝ մրսելով, փորձում էինք և դասը սովորել, և տաքանալ: Դա իր ազդեցությունն ունեցել է և իմ մտածելակերպի, և իրականության ընկալման վրա:
Երիտասարդ տարիներին արդեն առնչվում ես առավել բարդ խնդիրների հետ, որոնք քեզ համար հանդես են գալիս որպես նոր հնարավորություններ և նոր մարտահրավերներ: Այդ տեսանկյունից դու սովորում ես կյանքի ու իրականության հետ առնչվել: Սովորաբար մեր կրթական համակարգը մեզ տալիս է որոշակի գիտելիք, որոնք, իհարկե, շատ օգտակար են, եթե դու անմիջականորեն օգտագործում ես կրթությունը շարունակելու համար: Բայց դա շատ քիչ է, որ դու մեր հասարակության մեջ լինես սոցիալական էակ: Այդ տեսնակյունից ուսանողական տարիներն այն ժամանակահատվածն է, երբ արդեն բախվում ես ավելի մեծ ու նոր սոցիումի հետ, որտեղ շատ տարբեր են մարդկանց և պահանջմունքները, և ցանկությունները, և սպասելիքները: Եվ այդ սոցիումի հետ բախվելով՝ դու փորձում ես գտնել քո տեղը, արժեքային համակարգի ձևավորումը, որը, կարծում եմ, հետագա ամբողջ կյանքի ընթացքում շատ դժվար է փոփոխել:
Ո՞րն է ձեր կյանքի ամենակարևոր դասը:
Այն դասը, որը մեր կրթական համակարգը չի տալիս մեզ ոչ դպրոցական, ոչ ուսանողական տարիներին, դա սոցիալական էակի հետ առնչվելն է: Ցանկացած կառավարչական որոշում կայացնելիս կամ փոփոխություն անելուց առաջ դու պետք է հասկանաս, որ գործ ունես սոցիալական էակների հետ, որոնք ունեն իրենց պահանջմունքները, հասկացությունները, և շատ դժվար է իրենց փորձել ինչ-որ բանով փոխել կամ ուղղորդել: Այդ տեսանկյունից, մեր իրականությունն էականորեն տարբերվում է այն ամենից, ինչը մեզ սովորաբար սովորեցնում են: Եթե նույնիսկ լավ մղումներից ելնելով ինչ-որ փոփոխություն ես ցանկանում անել, միևնույն է, դրան դիմադրություն է առաջանալու, որովհետև մարդիկ չեն ցանկանում փոխվել: Եվ դա երևի ամենամեծ դասն է, որը չեմ կարող ասել, որ սերտել եմ ամբողջությամբ, բայց սերտում եմ շարունակական:
Եթե կրթության թեմայից խոսենք, Հայաստանում ու արտերկրում որո՞նք են խնդիրներն ու տարբերությունները:
Եթե խոսենք դպրոցական կրթության մասին, Հայաստանում դպրոցական կրթության հիմնական ուղղվածությունը հետևյալն է՝ տալ գիտելիք: Եվ այդ տեսանկյունից մեր կրթական համակարգը՝ և դասագրքերը, և ամեն ինչն ուղղված են պատրաստի գիտելիքներ տալուն: Այսինքն՝ երեխային սովորեցնում են ինչ պետք է իմանալ: Իմ կարծիքով՝ այդ տեսանկյունից շատ մեծ խնդիր կա հայկական կրթական համակարգում, որ երեխաներին ոչ միայն պետք է տալ պատրաստի գիտելիքներ, այլ պետք է փորձել իրենց սովորեցնել գտնել գիտելիքի աղբյուրը: Այսինքն՝ սովորեցնել, որպեսզի երեխաները կարողանան սովորել: Երբ երեխան դպրոցից անցնում է ուսանողական տարիք, ամենամեծ խնդիրն այն է լինում, որ ինքը խնդիր է ունենում սեփական հետազոտությունն իրականացնելու հարցում: Այսինքն՝ ինքնուրույն սովորել նոր բան, ոչ թե օգտվել պատրաստի գիտելիքից: Այդտեղ առաջանում է շատ մեծ խնդիր, որովհետև դպրոցում իրենց չեն տալիս սովորելու հմտություններ, իրենց տալիս են գիտելիք: Դա մեր կրթական համակարգի խնդիրն է: Եվ եթե խոսենք հարցի մասին՝ կրթություն արտերկրո՞ւմ, թե Հայաստանում, ես կնշեմ հետևյալը: Եթե մարդը պատրաստվում է ապրել Հայաստանում, անշուշտ, նա պետք է կրթություն ստանա Հայաստանում: Սակայն եթե մարդն ուզում է՝ ապրելով Հայաստանում, լինել լավ մասնագետ և կարողանալ օգտագործել միջազգային ամենալավ փորձը, որպեսզի մեր երկրում ինչ-որ մի բան փոխի, անշուշտ արտերկրում կրթություն ստանալը շատ կարևոր է:
Եթե խոսենք հասարակությունից, որպես հավաքական կերպար՝ ինչպե՞ս կբնութագրեք մեր հասարակությանը:
Ընդհանուր առմամբ, մեր հասարակությունը շատ ավանդապաշտ ու կոնսերվատիվ բնույթ ունի, ինչն ունի իր առավելություններն ու թերությունները: Ազգապահպանման տեսանկյունից, իհարկե, կոնսերվատիզմն այն արժեքն է, որը շատ է գնահատվում: Սակայն գլոբալիզացիայի ժամանակակից պայմաններում շատ դժվար է պահպանել այդ կոնսերվատիզմը: Եվ եթե մենք փորձում ենք դա պահպանել ու նոր արժեքային համակարգ չենք ներկրում, մեզ մոտ ստացվում է մի համակարգ, որում շատ դժվար է ապրել:
Այսօր հասարակության մի մասը շարունակում է ներքին ավանդական կանոններով շարժվել, մյուս մասը փորձում է փոփոխություններ անել, ինչը շատ դժվար է ստացվում: Շատ դեպքերում չի էլ ստացվում: Այդ տեսանկյունից մեր սոցիումն ուղղված է այդ կոնսերվատիզմի, ընտանիքի գաղափարի սերմանմանն ու պահպանմանը:
Դա, իհարկե, լավ է, բայց հասարակության զարգացման տեսանկյունից որոշակի փուլում անհրաժեշտ է ընդլայնել այդ սահմանները: Եթե մենք խոսում ենք ընտանիք գաղափարից, ինչ-որ իմն է, իմ ընտանիքն է, ովքեր դուրս են այդ ընտանիքից, նրանք յուրայիններ չեն, օտար են, թշնամիներ են, դա եկել է պատմականորեն, երբ որ բացի քո ընտանիքից, ոչ ոքի չես կարող վստահել: Բայց եթե մենք ուզում ենք զարգանալ և ունենալ ընդհանուր արժեքային համակարգ, որն ամբողջ ազգին է բնորոշ, այլ ոչ թե յուրաքանչյուրին՝ իր ընտանիքի շրջանակներում, մենք պետք է մեկ քայլ անենք, բարձրանանք ընտանիքից դեպի ազգ, դեպի պետություն և հանգենք վերջապես սոցիում գաղափարին: Եվ այստեղ շատ կարևոր է սոցիալական համակեցության ընդհանուր կանոնների մշակումը:
Այստեղ կրթության դերը կարևորելով՝ պետք է նշեմ, որ դաստիարակության էական մաս պետք է իր վրա վերցնի կրթական համակարգը: Քանի որ այժմ մարդն ընտանիքում է ստանում դաստիարակությունը, նա ստանում է իր ընտանիքին բնորոշ արժեքային համակարգ: Եթե մենք ուզում ենք ունենալ միասնական մտածող ու միասնական արժեքային համակարգով հասարակություն, պետք է կրթական համակարգն իր վրա վերցնի այդ արժեքային համակարգի ձևավորումը:
Առողջացման համար սովորաբար լավ ախտորոշում է անհրաժեշտ: Ո՞րն է մեր «դիագնոզը»:
Մեր դիագնոզը, եթե մեկ բառով փորձեմ սահմանել, դա ինդիվիդուալիզմն է, որը նույնպես բխում է մեր արժեքային համակարգից, երբ ամեն մեկս հույսը կարող ենք դնել միայն մեզ վրա: Եվ դա այդպես էլ սերմանվում է մարդկանց մեջ, որ դու կարող ես հույսը դնել միայն քո վրա, ոչ ոք քեզ չի օգնի: Այսինքն՝ մենք ունենք անհատներ, որոնք իրենք իրենց փորձում են ինչ-որ բան անել: Բայց երբ խոսքը վերաբերում է միավորվելուն և ավելի մեծ բան ստեղծելուն, դա շատ դժվար է ստացվում:
Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանք լուծելու համար և ինչպես:
Եթե մտածենք, թե պատմականորեն ինչն է եղել միշտ մեր խնդիրը, դա այն է, որ մենք չենք ունեցել շարունակական ինստիտուցիոնալ զարգացում: Միակ ինստիտուտը, որը պատմության ընթանցքում փոխանցվել է մեզ, դա եկեղեցին է, չենք ունեցել պետականություն: Սա տարակարծությունների տեղիք է տալիս, միանշանակ չէ հայ եկեղեցու դերը Հայաստանի պատմության մեջ: Ինքն իրենով շատ ժամանակ փոխարինել է պետությանը:
Մի կողմից կարող ենք ասել, որ դա լավ է, պետություն չենք ունեցել, դրա համար է փոխարինել, մյուս կողմից էլ կարող ենք ասել՝ եկեղեցին եղել է, դրա համար էլ չի ձևավորվել պետություն: Այս տեսանկյունից պետության ինստիտուտի՝ երկարաժամկետ կտրվածքով բացակայությունը բերել է նրան, որ մենք չունենք տրադիցիաներ պետական կառավարման և բիզնեսի կառավարման ոլորտում: Ինստիտուտները սովորաբար ձևավորվում են հասարակության արժեքների, ավանդույթների և սովորույթների հիման վրա: Իմ կարծիքով՝ մեր դիագնոզը դա է, որ մենք հիմնված ենք ինդիվիդուալիզմի գաղափարի վրա, ոչ թե ինստիտուտների ու դրանց հիման վրա ձևավորված արժեքային համակարգի վրա:
Հաջորդ հարցը ձեր մտքի շարունակությունն է՝ անհատներ, թե՞ ինստիտուներ, որտե՞ղ նայել:
Անշուշտ, ինստիտուներ, քանզի ինստիտուտն է, որ ապահովում է գիտելիքի փոխանցումը սերնդե սերունդ: Այդ տեսանկյունկից ինստիտուտը կարող է Հայաստանում երկարաժամկետ կտրվածով ապահովել այն արժեքային համակարգի տրանսֆորմացիան և տրանսմիսիան, որը մենք ուզում ենք ապագայում տեսնել Հայաստանում: Հետևաբար մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ կարողանանք ձևավորել ինստիտուտներ, որոնք մնայուն կլինեն և չեն լինի մեկ մարդու շուրջ ձևավորված:
Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ:
Հենց դա է՝ ձևավորել ինստիտուտներ: Այսինքն՝ իրենց փոխանցել ինստիտուտներ, որոնք կապահովեն երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի զարգացումը: Եվ ամենակարևորը, որ նաև մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին, դա երազանքներ են, որոնք պետք է լինեն մեծ: Եթե մենք փոքր ազգ լինելով՝ մտածում ենք, որ մեր խնդիրը հաջորդ սերնդի գոյատևումն ապահովելն է, մենք կարող ենք ասել, որ չենք կատարել մեր պարտականությունը սերունդների հանդեպ: Մենք պետք է մեծ երազանքներ ունենանք, այդ երազանքները փոխանցենք մեր հաջորդ սերունդներին և ամենակարևորը՝ ստեղծենք պայմաններ այդ երազանքների իրականացման համար: Դա այն է, ինչ մենք այսօր պետք է անենք, բայց, ցավոք սրտի, դեռ այդ պայմանների և ինստիտուտների ստեղծման ուղղությամբ քայլեր չենք տեսնում:
Դուք ի՞նչ եք անում ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար, ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ:
Իմ կարծիքով՝ Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր ընտանիքում, աշխատավայրում իր պարտականությունները պետք է կատարի լիարժեք և առավելագույն տարբերակով: Ես փորձում եմ դա հնարավորինս անել, անում եմ այն, ինչ կարող եմ անել, բայց ոչ թե պարզապես անելու համար, այլ առավելագույնն եմ փորձում անել: Ցանկացած մարդ եթե իր տեղում իր գործը լավ անի, դա Հայաստանի զարգացման գրավականներից մեկն է: Եվ օրինակ բերեմ, թե ինչպես եմ փորձում անել դա: Փորձում եմ իմ ամենօրյա աշխատանքում իրականացնել այնպիսի ծրագրեր ու միջոցառումներ, որոնք կունենան ավելի մեծ ազդեցություն իմ գործունեության ոլորտում: Իսկ ի՞նչ եմ անում, որ փոխեմ հասարակությունը՝ դասավանդում եմ երիտասարդներին: Փորձում եմ իմ փորձը, որը կուտակել եմ, փոխանցել երիտասարդ սերուդներին և անել դա ոչ տրադիցիոն ձևով: Այսինքն՝ ստիպել իրենց մտածել, սովորել ինքնուրույն և ստիպել իրենց ճիշտ հարցադրումներ անել:
Ընդունված է, որ Տիգրան Մեծի թագավորության ժամանակահատվածը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:
Վերադառնալով այդ կոնցեպտի նախապատմությանը՝ նշեմ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է շատ մեծ էքսպանսիայի և զարգացման հնարավորություն: Եվ դա տեղի է ունեցել մեկ մարդու՝ Տիգրան Մեծի կամոք, ում մահից հետո, ցավոք սրտի, չպահպանվեց այդ Հայաստանը: Եվ այստեղ ես կուզենայի կարմիր թել անցկացնել իմ ասածների և այս պատմական իրողության միջև: Տիգրան Մեծը ստեղծեց երկիր, որը կոսմոպոլիտ երկիր էր, այնտեղ կային շատ այլ ազգություններ, բացի հայերից, բայց չստեղծեց ինստիտուտներ, որոնք կպահպանեին այդ նույն համակարգը: Այսինքն՝ վերադառնում ենք անհատ, թե ինստիտուտ հարցադրմանը: Եթե ստեղծվեր ինստիտուտ, մեկ անհատի չլինելու հետևանքով չէր փլուզվի այն, ինչ ստեղծվել էր նրա կողմից: Հիմա, եթե մենք ուզում ենք ունենալ «95-55» կոնցեպտի իրագործում, պետք է ստեղծենք կառույցներ, ինստիտուտներ, մեխանիզմներ, որոնք կպահպանեն և կընդլայնեն Հայաստանի տնտեսական, աշխարհքաղաքական և սոցիալ-մշակութային գերակայությունը տարածաշրջանում և կապահովեն Հայաստանի կայուն տեղը քաղաքական քարտեզի վրա:
Ի՞նչ պետք է լսեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո և ինչո՞ւ: Մի երգ ասեք կամ YouTube-ի հղում տվեք:
Ես կտամ Martin Luther King-ի հայտնի «I have a dream» ելույթի հղումը, որտեղ նա խոսում է երազանքի մասին: Նա չի խոսում սևամորթների իրավունքների պաշտպանության մասին, չի խոսում խնդիրների մասին, այլ խոսում է երազանքների մասին: Դա շատ կարևոր մղում է՝ դեպի առավել մեծ գաղափար, որը մեզ համար պետք է լինի ուղեցույց: Մենք պետք է խոսենք երազանքների և նպատակների մասին, այլ ոչ թե խնդիրների:
Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։