Մեր հիմնային խնդիրը պետական մակարդակով ազգային գաղափարի բացակայությունն է

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը:

Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցն է «Կինոպարկի» տնօրեն Արեգ Դանիելյանը։

 

Հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ:

Հետաքրքիր հարց է: Կարծում եմ, երկուսն էլ ճիշտ է: Եթե վերցնենք գիտական բնութագրերը երկուսի համար էլ, ապա մայրենիքը դիտարկվում կամ բնութագրվում է որպես սեփականության տեսակ կամ իրավունք, որի կրողը համարվում է կինը, մինչդեռ հայրենիքը մի տարածք է կամ հողակտոր, որտեղ բնակվողները ապրում  են՝ կերտելով սեփական պատմությունը, մշակույթը և կենցաղը:

Սա գիտական կամ դասագրքային բնութագիրն է, իսկ եթե ասեմ հոգուս և սրտիս զգացածը, ապա նույնպես կասեմ՝ Հայրենիք: Տարբեր ազգերի կամ էթնոսներիի անդամներ կարող են ծնվել ու ապրել իրենց հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իրենց հայրենի պետության քաղաքացի: Այդուհանդերձ, նրանց հայրենիքն իրենց նախահայրերի բնօրրանն է: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք՝ հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ, ապա մեզ բոլորիս ավելի հոգեհարազատ է Հայրենիք ասածը:

 

Որտեղի՞ց եք սերում արմատներով, և ինչքա՞ն կարևոր են մարդու համար սեփական արմատները ճանաչելը:

Արմատներով Արցախից եմ կամ ինչպես ընդունված է ասել՝ Ղարաբաղցի եմ: Հայրական պապս ծնվել է Ղարաբաղում՝ Հարավ գյուղում իսկ մորական պապս՝ Գանձասար եկեղեցու հարևանությամբ գտնվող Վանքում: Մայրս ու հայրս երևանցի են:

Արմատները շատ կարևոր են ցանկացած մարդու համար: Կարծում եմ՝ մարդու ծագումնաբանությունը և արմատները հետագայում ձևավորվող բնավորության հիմքն են հանդիսանում: Եվ ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես հպարտ եմ իմ ծագումնաբանությամբ և արմատներով: Նույնիսկ ծնված լինելով և ամբողջ կյանքս ապրելով Երևանում՝ ես ինձ համարում եմ Ղարաբաղցի։

 

Մի քանի բառով նկարագրեք ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը:

Մանկությունս և պատանեկությանս մի մասն անցել է Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատվածում՝ 90-ականներին: Բայց միևնույն ժամանակ լինելով տան փոքրը, կարող եմ ասել, որ ծնողներս և ավագ եղբայրս արել են հնարավորը, որ ինձ համար այն անցնի հնարավորինս անհոգ, եթե ոչ երջանիկ: Իսկապես շատ դժվար էր, և ես շնորհակալ եմ ծնողներիս, որ այդ մութ և ցուրտ տարիներին ինձ ու եղբորս տվել են կրթություն և ճիշտ դաստիարակություն:

Դժվարություններ կային, բայց հենց այդ դժվարություններն են, որ մեր սերնդին կոփել են, դաստիարակել և սարքել ավելի դիմացկուն, դժվարություններից չխուսափող և ժամանակից շուտ չհանձնվող:

Երիտասարդ կամ ուսանողական տարիներս եղել են կյանքիս ամենալավ և ամենահիշվող տարիները: Անհոգ էինք՝ լի ձգտումով, ինքներս մեզ փորձելու և հասկանալու այն շեմը, որից այն կողմ պետք է կանգ առնել: Երազանքները և ձգտումները շատ էին: Որոշները հնարավոր եղավ իրագործել, մյուսները դեռ իրականացման փուլում են:

 

Ո՞րն է ձեր կյանքի ամենակարևոր դասը:

Այն, որ պետք չէ շտապել։ Շտապողականությունը շատ դեպքերում կարող է կործանարար ազդեցություն թողնել: Առհասարակ կյանքը դեռ ինձ կրթում է: Եվ մինչև վերջին պահը մենք բոլորս էլ անցնելու ենք կյանքի համալսարանները: Պարզապես պետք է լինել հնարավորինս պատրաստ թե դրական, և թե բացասական դասերի, որոնք էլ հենց ձևավորում են մարդու ոգին և բնավորությունը:

Եթե անդրադառնանք Հայաստանի խնդիրներին, որո՞նք են մեր կրթական համակարգի խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք:

Շատ ծավալուն և ցավոտ թեմա է: Ուսումս մեծամասամբ ստանալով Հայաստանում՝ կարող եմ ասել, որ մեր կրթական համակարգը, մեղմ ասած, գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Ցավոք, սկսած նախադպրոցական կրթությունից, վերջացրած բուհականով: Կրթական համակարգը ցանկացած պետության կամ հասարակության հիմնաքարն է և ապագան: Ուստի, կարծում եմ՝ պետությունը կրթության վրա պարզապես իրավունք չունի խնայելու ցանկացած տիպի միջոցներ։ Չէ՞ որ, ինչպես նշեցի, դա մեր երկրի և մեր բոլորի ապագան է։ Մեր կրթական համակարգի՝ ոչ այդքան բարվոք վիճակում գտնվելու մասին է վկայում նույնիսկ այն, որ հայաստանյան շատ գործատուներ հակված են աշխատանքի վերցնել արտերկրում ուսում ստացած անձանց:

 

Ի՞նչ առանցքային խնդիրներ կառանձնացնեք այս ոլորտում։

Կարծում եմ, որ բոլոր խնդիրները հիմնային են և համակարգային: Իհարկե, սխալ կլինի ասել, որ բարեփոխումներ չեն արվում, բայց դրանք, ցավոք, հիմնային չեն: Լոկալ բարեփոխումներ են արվում տարանցիկ հարցերի վերաբերյալ, որոնք մեծամասամբ հեռանկարային բնույթի չեն և ուղղված են հենց այս պահին որոշակի հարցեր կարգավորելուն: Հայաստանում, կարծում եմ, կաղում է մասնագիտական կրթությունը:

Մեր բուհերը մեծամասամբ մասնագետներ չեն տալիս: Մեզ մոտ գիտելիքները ընդհանուր են, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում գրեթե վերացել է «ընդհանուր գիտելիքներ» հասկացությունը: Կան հստակ ծրագրեր՝ հստակ մասնագիտական հմտություններով ապագա կադրեր պատրաստելու նպատակով: Արտերկրում գրեթե չկան համալսարան ավարտած, օրինակ, տնտեսագետներ, որոնք հասկանում են թե հաշվապահությունից, թե աուդիտից և թե բանկային գործից:

Իհարկե, վերը նշվածը տնտեսագիտական կրթական ծրագրերի մեջ ներառված է, բայց բուհը հստակ պատրաստում է հաշվապահներ, աուդիտորներ և բանկային մասնագետներ: Իսկ մեզ մոտ, ցավոք, շրջանավարտը համալսարանը ավարտելուց հետո, դիպլոմը ձեռքին առնչվում է աշխատանք գտնելու խնդրին՝ կոնկրետ և նեղ մասնագիտության պահանջով: Եվ երբ շրջանավարտին հաջողվում է ընդունվել աշխատանքի, ընթացքում աշխատանքային փորձի և տեղում սովորելու արդյունքում նա դառնում է կոնկրետ բնագավառի մասնագետ:

Բնականաբար, ցանկացած աշխատանքի անցնելով՝ մեզանից յուրաքանչյուրն էլ անցնում է այսպես ասած հղկվելու և պրակտիկայի ընթացքում մասնագետ դառնալու ճանապարհը, բայց կան հիմնային կոնկրետ մասնագիտական գիտելիքներ, որոնք դու պետք է ստացած լինեիր բուհից և արդեն դրանք պրակտիկ կիրառության մեջ դնելով՝ դառնայիր էլ ավելի մասնագիտացած:

 

Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն։

Կասեմ, որ մեզ բոլորիս միավորում է բարեկեցիկ ապրելու ձգտումը: Դա և լավ է, և  վատ: Լավ է այնքանով, որ դա բոլորիս մեջ ձևավորում է ամբիցիաներ: Ամբիցիաները շատ լավ են, բայց նշեմ, որ այնպայման պետք է լինեն հիմնավորված, չափի մեջ և տեղին: Հայաստանում հաջողակ բիզնեսների մեծ մասի հետևում կանգնած են սեփականատիրոջ ամբիցիաները և երազանքները՝ հաջողության հասնելու վերաբերյալ: Իսկ հաջողված բիզնեսը նշանակում է կայուն և զարգացած երկիր, մեծ հեռանկարով: Իսկ վատ է այնքանով, որ շատ դեպքերում կրում են «հաջողության հասնել ցանկացած գնով» կարգախոսը, որը շատ վտանգավոր է:

Ճանապարհին նման կարգախոս «որդեգրած» մարդիկ շատ դեպքերում կորցնում և անտեսում են շատ բաներ, որը բերում է քայքայման և տվյալ անձի՝ չափից ավելի անհատականացման, թիմային խաղին միանալու ցանկության բացակայության, սեփական ես-ի գերակայության և ընդհանուր գաղափարի կործանման, որը կործանիչ է ոչ միայն տվյալ անձի համար, այլ բիզնեսի, պետության ու երկրի համար: Ընդհանուր գաղափարի բացակայությունը կործանիչ է:

 

Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ո՞րն է հայ հասարակության «դիագնոզը»:

Ճիշտ և ժամանակին ախտորոշումը ՝ առողջանալու 50% երաշխիքն է: Դժվարանում եմ ասել, քանզի խոսել ազգի «դիագնոզի» մասին, որի մի մասնիկն եմ նաև ես, դժվար և անշնորհակալ գործ է:

Կարծում եմ՝ «դիագնոզ» է այն, որ մենք անհանգիստ ենք, անհամբեր, բողոքող ենք և չարակամ, ժողովրդական լեզվով ասած՝ չուզող: Վերջին ժամանակահատվածում մեզ մոտ կարծես ձևավորվել է ևս մեկ վատ «լոզունգ»՝ հարուստներ չպետք է լինեն: Եվս մեկ չկամության դրսևորում: Մինչդեռ, ես կարծում եմ, որ այն պետք է կարդինալ ձևափոխվի և դառնա՝ աղքատներ չպետք է լինեն: Դա պետք է դառնա ազգային գաղափարի և ծրագրի պես մի բան: Եվ անշուշտ դա պետք է իրականացնել ոչ հարուստներին աղքատացնելու շնորհիվ, այլ հարուստ և հաջողակ մարդկանց այդ պրոցեսի մեջ ներգրավելով:

 

Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել:

Ներկա պահին կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ կան։ Կան հիմնային խնդիրներ, որոնք եկել են որպես ժառանգություն դեռևս նախորդ դարի սկզբից և կան այնպիսինները, որոնք ձևավորվել են վերջին ժամանակահատվածում, որոնցից ամենասարսափելին և առաջնայինը համաճարակն է:

Հայաստանի պես փոքր երկրի համար, որը շրջապատված է թշնամիներով, օրհասական հարցը միշտ եղել է անվտանգությունը: Կրթական համակարգի խնդիրների մասին խոսեցինք, անհրաժեշտ եմ համարում նշել նաև առողջապահական ոլորտի խնդիրները: Առհասարակ առաջարկվող ծառայությունների որակի բարձրացման մասին պետք է մտածել։

Միջազգային ասպարեզում մեր օրակարգը վերջին 25-30 տարիների ընթացքում միշտ եղել է անփոփոխ և հստակ: Հույս ունեմ, որ այսօր էլ միջազգային հարթակներում մենք մեր հարցադրումների և պահանջների մեջ հստակ ենք և անկոտրում:
Իսկ հիմնային խնդիրը կարծում եմ՝ պետական մակարդակով ազգային գաղափարի բացակայությունն է: Գաղափարը պետք է լինի ազգանվեր և միտված լինի միայն և միայն երկրի զարգացմանը, որը բոլորիս կմիավորի: Գաղափարը ձևավորելուց և այն հանրության մեջ սերմանելուց հետո, կարծում եմ բոլոր խնդիրների լուծումները կգան:

 

Անհատներ, թե ինստիտուտներ, որը զարգացնել։

Անհատները կամ առաջնորդները շատ կարևոր են: Մեր երկրում միշտ եղել են անհատներ, որոնք երկիրը բերել են հաղթանակի կամ զարգացման, պատմության տարբեր փուլերում: Բայց, կարծում եմ պետք է զարգացնել ինստիտուտները:

Անհատները միշտ ել եղել են, բայց ցավոք գալիս է մի պահ, որ անհատը սկսում է երկիրը տանել իրեն ցանկալի ճանապարհով, երկիրը և ժողովրդին սկսում է ծառայեցնել սեփական կարիքներին, որը շատ դեպքերում հակասում է ազգային գաղափարին և կամա թե ակամա դառնում է կործանարար: Իսկ ինստիտուցիոնալ կառավարման մեջ առաջնային է համարվում համընդհանուր գաղափարը: Պետականության մակարդակով, կարծում եմ, անհատները պետք են լինեն պատերազմի դաշտում: Մեր անհատների և առաջնորդների շնորհիվ է, որ մենք ունենք հաղթանակած բանակ և անկախություն: Իհարկե, իդեալական տարբերակը  բալանսն է՝ ինտիտուտներ և անհատներ, բայց դա ցավոք գրեթե անհնար է: Ոստի, կարծում եմ՝ կարիք ունենք զարգացնելու ինստիտուտները:

 

Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ։

Անգլերենում կա շատ լավ բառ՝ legacy, որը թարգմանաբար նշանակում է ՝ ժառանգություն: Խոսքը նյութական ժառանգության մասին չէ, այլ գաղափարային, արժեհամակարգային ժառանգության: Մենք պարտավոր ենք սերունդներին թողել ձևավորված ազգային արժեհամակարգ և գաղափարներ: Իսկ դրանց ձևավորման համար, մենք այսօր պետք է ունենանք զարգացած ինստիտուտներ:

 

Ի՞նչ եք անում դուք ամեն օր կամ պարբերաբար՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։

Փիլիսոփայական հարց է կարծում եմ: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր անում է ինչ-որ բան՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար: Սկսած քաղաքը չաղտոտելուց, վերջացրած հարկերը վճարելով: Հայաստանը լավը դարձնելու համար յուրաքանչյուրս մեր տեղերում պետք է կատարենք մեր աշխատանքը՝ լավ, բարեխղճորեն և որակով: Ցանկացածիս ունեցած դրական արդյունքը քայլ առ քայլ բերում է երկրի լավացմանը:

 

Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:

Բոլոր ժամանակներն ունեն իրենց հերոսներին և հակահերոսներին: Ես առհասարակ չեմ սիրում խոսել մի բանի մասին, որը չկա, կամ եղել է անցյալում: Միանշանակ մենք բոլորս պետք է իմանանք մեր պատմությունը և անկախ ամեն ինչից հպարտանանք դրանով: Տիգրան Մեծի ժամանակներում խնդիրները ուրիշ էին, հիմա ուրիշ: Եվ հիմա երազել ծովից ծով Հայաստանի մասին, կարծում եմ՝ անիմաստ է: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը, տարբեր ձևերով տվել եմ նախորդ հարցերին պատասխանելով:

 

Ինչպե՞ս է փոփոխվել Ձեր կյանքը կորոնավիրուսի պայմաններում, ի՞նչ հետևանքներ է այն բերել բիզնեսի համար, ի՞նչ դասեր կարող ենք քաղել։

Նախ և առաջ «Կինոպարկի» ամբողջ անձնակազմի անունից կորոնավիրուսով վարակվածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, իսկ մահացածների ընտանիքներին և հարազատներին՝ հայտնում ցավակցություն: Սարսափելի իրավիճակ է:

Առհասարակ ամբողջ աշխարհում այս համաճարակը և իրենից բխող սահմանափակումները գրեթե աղետային հետևանքներ ունեցան և դեռ շարունակում են ունենալ: Միանշանակ, բոլորս հասկանում ենք սահմանափակումների անհրաժեշտությունը, քանզի մարդու առողջությունից և կյանքից ավելի թանկ բան չկա: Կարևորը մարդն է:

Իհարկե, կորոնավիրուսը ամենամեծ հարվածը հասցրեց զբոսաշրջությանը և զվարճանքի ոլորտներին, որի զգալի մասը կազմում է այն ոլորտը, որտեղ ես գործունեություն եմ ծավալում՝ կինոթատրոնները և կինոինդուստրիան առհասարակ: Բիզնես տեսակետից հետևանքները բոլորի համար մոտ են կործանարարին: Կինոթատրոնները արդեն գրեթե 5 ամիս է՝ փակ են, ինչը նշանակում է, որ բիզնեսը չի կատարում իր գլխավոր ֆունկցիան՝ չի գեներացնում շահույթ: Չնայած դրան, հպարտությամբ կցանկանամ նշել, որ մեր աշխատակիցները, ինչպես նաև «Գալաքսի» ընկերության մյուս կազմակերպությունների բոլոր աշխատակիցները, ի շնորհիվ կազմակերպության ղեկավարների ճիշտ մարտավարության, պահպանել են իրենց աշխատատեղերը և աշխատավարձերը: Սա, անշուշտ, մեծ և նախանձելի ձեռքբերում է:

Խոսելով առհասարակ այս ոլորտի մասին, մեծ ցավով կցանկանայի նշել, որ այս տարվա գրեթե բոլոր խոշորագույն ռելիզները տեղափոխվեցին կամ այս տարվա վերջ կամ մյուս տարի: Սա նույնպես մեծ հարված է կիոաշխարհին: Իրավիճակը ճգնաժամային չէ, բայց շատ մոտ է դրան: Հուսադրող է այն հանգամանքը, որ արդեն իսկ գրեթե ամբողջ աշխարհի կինոթատրոններն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները պահպանելով: Մենք նույնպես մեծ հույսեր ունենք, որ այս ամսվա կեսերից կամ եկող ամսվա սկզբին նույնպես կբացենք մեր դռները մեր շատ սիրելի հանդիսատեսի առաջ՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության պայմանները ապահովելով:

Խոսելով քաղված դասերի մասին, կարծում եմ, որ ամբողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ, թե ինչքան է անհրաժեշտ լինել մաքսիմալ պատրաստված, ունենալ հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ և ժամանակին իրականացնել բոլոր կանխարգելիչ միջոցները: Կարծում եմ, որ այս համաճարակը բոլորիս միավորեց մեկ գաղափարի շուրջ. կարևորը մարդն է:

 

Ի՞նչ լսել կամ դիտել այս հարցազրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք։

Խորուրդ կտամ դիտել Ադամ Մաքքեյի «Իշխանություն» (Vice) ֆիլմը, որը շատ լավ ներկայացնում է քաղաքական աշխարհում անհատի կործանարար ազդեցությունը ընդհանուր գաղափարի նկատմամբ: Անհատ՝ ընդդեմ ինստիտուտների:

 

Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ