«Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարը Լիանա Խորենյանն է։ Մասնագիտությամբ լեզվաբանն այս պաշտոնում հայտնվել է ընկերության հիմնադիրներից Արամ Խաչատրյանի հրավերով` տեղափոխվելով HSBC բանկից։ Աշխատանքային փոփոխությունների, մարդկային ռեսուրսների կառավարման եւ «Գալաքսիի» աշխատանքային ներքին խոհանոցի մասին է Banks.am-ը զրուցել Լիանա Խորենյանի հետ։
Անսովոր է պատասխանելը
«Ինձ համար շատ անսովոր է հարցերին պատասխանել եւ հարցազրուցավարի դիմաց նստել։ Սովորաբար, իմ ամենօրյա աշխատանքն է հարցեր ուղղելը»։
Լիանա Խորենյանը հարցազրույցի ընթացքում անկեղծանում է՝ իր կյանքում բեկումնային փոփոխությունների պակաս չկա։ Մեկը, օրինակ, մասնագիտությամբ լեզվաբան լինելով՝ բանկում աշխատանքի ընդունվելն էր։
«Լեզվաբանականը գերազանցությամբ ավարտելուց հետո ինձ հրավիրեցին դասախոսել հարազատ բուհում: Դասավանդման մեկ տարում, որդուս ծնվելուց հետո, հասկացա, որ պատկերացրածիս նման չեմ կարողանա հոգալ ընտանիքիս կարիքները դասախոսական աշխատավարձով եւ որոշեցի ուժերս փորձել բանկային ոլորտում»։
Մասնագիտական քայլերը բանկում Լիանա Խորենյանը սկսել է հաճախորդների սպասարկման բաժնից: Այնուհետեւ, ՄՌԿ ղեկավարի դերակատարության շնորհիվ, որպես կին առաջնորդ եւ պրոֆեսիոնալ, անցում է կատարել հենց մարդկային ռեսուրսների ոլորտ:
«Բանկում մարդկային ռեսուրսների ղեկավարի դերն այնքան մեծ էր, որ սիրահարվեցի այդ մասնագիտությանը»։
Աշխատանքի բերումով ծանոթացել է ներկայիս ղեկավարի՝ Արամ Խաչատրյանի հետ։ Երկու տարի անց, Արամից առաջարկ ստացել միանալու «Գալաքսի»-ի թիմին եւ աշխատելու «Մեգաֆուդի» հենց մարդկային ռեսուրսների բաժնում:
«Ինձ համար շատ կարեւոր է կայունությունն ու տեւականությունը, որովհետեւ ես միշտ երկար ուղի եմ նախատեսում։ Ես պահպանողական մարդ եմ, ինձ համար կարեւոր է հաստատունությունը»։
ՄՌԿ-ի գրավչությունը
«Այս աշխատանքի շնորհիվ ես անընդհատ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում եւ դա այս մասնագիտության լավագույն կողմերից մեկն է»։
Լիանան էքստրավերտ է, սիրում է շփվել նոր մարդկանց հետ եւ յուրաքանչյուր շփումից էներգիա է ստանում։ Ասում է, նույնիսկ նոթատետր ունի, որտեղ գրում է զրույցների ընթացքում հնչած կարեւոր մտքերը։
«Այս աշխատանքն ինձ համար հնարավորություն է մասնագիտական որակների զարգացման: Մեր մասնագիտության հետաքրքիր ու պատասխանատ մասերից է գիտակցումը, որ կարող ես ազդեցություն ունենալ մարդկանց կարիերայի զարգացման վրա, ականատեսը դառնալ նրանց աճի՝ աշխատանքի ընդունվելուց մինչեւ հաստիքային փոփոխություն։ Ինձ համար շատ հետաքրքիր է բացահայտելը, որ որեւէ աշխատատեղի համար դիմած մասնագետը շատ լավ արդյունք կարող է ցույց տալ բոլորովին այլ հաստիքում»։
30 ապրանքանիշ ներկայացնող եւ 210 աշխատակից ունեցող «Մեգա Ֆուդ» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը նշում է, որ լինում են աշխատանքում նաեւ հիասթափության օրեր, որոնք կարեւոր դասեր են դառնում:
Ամեն ինչ սկսվել էր հեռուստատեսությունում
«Դպրոցական տարիներին Հանրայինում վարում էի «Մեր էկրանը» հաղորդաշարը եւ հարցեր ուղղելու սերը ծնվեց հենց այդ ժամանակ»։
Լիանան պատմում է, որ իրենց ընտանեկան արժեքներում երեխայի հետ հաշվի նստելը կարեւոր հանգամանք է, եւ սովորույթները շարունակելով ինքն էլ շատ կարեւորում է որդու կարծիքը:
«Չկա հարց, որի քննարկմանը Միկան չի մասնակցում։ 15 տարեկան է, հետաքրքիր պատանեկան փուլերով ենք անցնում, բայց փորձում ենք պահպանել ընկերական հարաբերությունները»։
Լիանան պնդում է, որ մարդկանց տեսակը միշտ զգում է եւ գրեթե երբեք չի սխալվում նրանց ընտրելիս։
Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողակ կինը ընտանիքում՝ հարցին Լիանան պատասխանում է առանց երկմտելու՝ հենարան իր ընտանիքի համար եւ լավ օրինակ։
«Առողջ ապրելակերպը, մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքը, իմ կենսակերպն ու սովորություններն ուղղակի ազդեցություն ունեն որդուս կյանքում։ Ես հստակ գիտեմ, որ ոչ թե պետք է խոսքով բացատրեմ իրեն, այլ իմ օրինակով»։
«Մեգա Ֆուդ»-ի կադրերը
«Մասնագիտության բերումով, ինձ համար ամենադժվար բանը մերժելն է, բայց երբեմն ստիպված եմ աշխատանքի ընդունման փուլում կոմունիկացնել նաեւ մերժումները »։
«Մեգա Ֆուդ»-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարի կարծիքով, Հայաստանի աշխատաշուկայում ընդունված է աշխատանքի ընդունելու մերժման պատճառների մասին լռելը։ Ենթադրում է, որ պատճառը գուցե ժամանակի սղությունն է, կամ հետադարձ կապի պահպանման մշակույթի բացակայությունը։
«Մեր ընկերությունն այլ մշակույթ ունի՝ մերժման մասին պարտադիր տեղեկացնում ենք ու նաեւ պարտադիր նշում ենք պատճառը, թե ինչու այդ հաստիքում մարդը չի ընտրվել։ Ես վստահ եմ, որ չկան վատ թեկնածուներ, կան տվյալ հաստիքի համար անհամապատասխան թեկնածուներ։ Թիմակցին ընտրելիս մենք առաջին հերթին առաջնորդվում ենք մարդկային որակներով, մեզ համար ամենակարեւորը ազնվությունն է, շարունակաբար կրթվելու ցանկությունը։ Մենք այն քիչ ընկերություններից ենք, որ ունենք ներքին դասընթացավարի հաստիք, որը նախատեսում է տեղում լրացնել մասնագիտական բացերը»։
«Մեգա Ֆուդ»-ի աշխատանքային հարցազրույցի ընթացքում բազմաթիվ վերլուծական խաղերի մեթոդներ ենք կիրառում, խնդիրներ առաջադրում, իրավիճակային հարցեր հղում եւ ըստ դրա հասկանում՝ տվյալ մարդը կարո՞ղ է աշխատել ընկերությունում, թե ոչ։
Կադրերի խնդիրը
«Ներկայումս աշխատաշուկայում մեծ խնդիր ունենք, քանի որ տաղանդների արտահոսք կա՝ հատկապես պատերազմից հետո»։
Լիանան ասում է, որ կադրերի արտահոսքին զուգահեռ փոխվել են մարդկանց աշխատելու մասին պատկերացումները՝ մեծ թվով մարդիկ ձգտում են «հեշտ» աշխատանք գտնել։
«Շինարարությունից մինչեւ աուդիտի ոլորտ. բոլոր տեղերում առնչվում ենք նույն խնդրին. տաղանդները լքում են երկիրը։ Արտահոսքի պատճառը աշխատավարձը չէ: Շատ ցավալի է, որ մարդիկ այստեղ ապագա չեն տեսնում»։
«Գալաքսիում» աշխատող մարդիկ
«Գալաքսիում աշխատող մարդիկ արթուն երազողներ են, ովքեր հստակ տեսլական ունեն, ինչպես նաեւ ուժ, գիտելիք ու փորձառություն` տեսլականը կյանքի կոչելու»։
«Մեր ընկերությունում աշխատող մարդիկ հիմնականում ուժեղ մարդիկ են, որոնք ստեղծում են հնարավորություններ եւ առիթներ:
Լիանան բացահայտում է, որ ընկերության ղեկավարները չեն ընդունում «ղեկավար» բառը եւ պնդում են, որ իրենք թիմակիցներ են։ Մեծ է նրանց ներդրումը Հայաստանյան աշխատաշուկայում, իսկ որպես գործատու՝ ըստ Լիանայի, չափազանց ազնիվ են աշխատակիցների հետ։
«Մենք շատ փորձությունների միջով անցանք՝ կորոնավիրուս, պատերազմ, տարբեր խնդիրներ, ու բոլոր դեպքերում ընկերությունը փորձեց բեռը կրել իր վրա` հոգ տանելով աշխատակիցների մասին։ «Գալաքսիում» հարգանք կա յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ՝ բոլոր օղակներում։ Սա մարդկանց համայնք է, որտեղ աշխատանքը գնահատվում է ու աշխատանքը արժանապատիվ է:
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի