Հիմնադիրների պատմությունն ու մեկնարկը բիզնեսում
Բարի գալուստ «Գալաքսի». «վայր», որտեղ գաղափարները դառնում են իրականացված երազանք։ Այստեղ ձգտում են գերազանցության՝ տարբեր ոլորտներում կուտակված եզակի փորձը ծառայեցնելով ապագայամետ լուծումների գեներացմանը։
Նախաբանի փոխարեն
«Գալաքսի» ընկերություննների խումբը հաջողակ բիզնեսների ստեղծման յուրահատուկ ինովատիվ հարթակ է, որտեղ բիզնես գաղափարները ծնվում են, զարգանալով դառնում նախագծեր և դիրքավորում իրենց ուրույն ռազմավարական տեղը շուկայում։
«Գալաքսին» համախմբել է պրոֆեսիոնալների, որոնք կիսում են միևնույն երազանքները, էթիկական նորմերի ինստիտուցիոնալ բարձր գիտակցմամբ համախմբված են աշխարհն ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։
«Գալաքսի» ընկերությունների խումբը հաջողության պատմության օրինակ է գործարարների և «ստարտափ» ձեռնարկությունների համար:
Հիմնադրվելով 1999թ.-ին Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ 30 հոգանոց թիմից այն դարձել է 2200-ից ավելի աշխատակիցներով ամենամեծ բիզնես միավորումներից մեկն Արևելյան Եվրոպայում։
Գաղափարից՝ նախագիծ, նախագծից՝ ընկերություն. «Գալաքսին» ստեղծել է իր ընկերությունները հիմքից՝ ներդնելով նոր բիզնես մշակույթ և ապրանքների ու ծառայությունների եզակի պորտֆոլիո։
Տելեկոմից մինչև ՏՏ, մանրածախ վաճառքից՝ սպասարկում՝ անընդհատ աճող ու զարգացող՝ 15 ընկերություների խումբ, որը բեկումնային որակական փոփոխություններ է բերել իր գործունեության բոլոր ոլորտներում։ Ի լրումն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի իմիջի՝ «Գալաքսին», որպես հայաստանյան ընկերություն, բիզնեսի իր մշակույթը «կոմունիկացրել» է նաև տարածաշրջանում։
«Գալաքսիի» նախապատմությունը
1999թ-ի վերջին Խաչատրյանները բացել են «Գալաքսի» սուպերմարկետը, որտեղ ներդրվել է Հայաստանում այդ տարիների համար հեղափոխական, ներկայիս սուպերմակետների կողմից օգտագործվող ֆինանսական ծրագրային ապահովման համակարգ: Այն հնարավորություն էր տվել անցնել ինքնասպասարկման՝ մի համակարգի, որն ամբողջովին փոխել էր խորհրդային ժամանակների ունիվերսամների կոնցեպտը:
Առևտրային գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները խթանել են արդեն մի քանի տարի հասունացող միտքը՝ զբաղվել ներկրմամբ: Արամ Խաչատրյանի կողմից ստեղծվել է «Ապեյրոն» ՍՊԸ-ն:
Կնքվել են առաջին պայմանագրերը` ռուսական և ուկրաինական՝ հրուշակեղենի արտադրության բազմաթիվ հայտնի ընկերությունների հետ: Իրականացվել է մեծածախ վաճառք «Սուրմալու», «Փեթակ», նաև «Հայկոոպ» առևտրային կենտրոններում: Շրջադարձային է եղել «Կոնտի» (Ուկրաինա) հրուշակեղենի արտադրությամբ ընկերության հետ համագործակցությունը: Վերջինս հնարավորություն է տվել աշխատել վճարման հետաձգման ռեժիմով, արդյունքում ոչ միայն կարողացել են ֆինանսական միջոցները ավելի շատ շրջանառել, այլև «կանաչ լույս» է վառվել նման ռեժիմով մյուս գործընկերների հետ աշխատելու, բանկերից վարկ վերցնելու համար:
Տարեցտարի գործընկերների ցանկն ավելացել է՝ ընդլայնելով աշխարհագրությունը, իսկ այս ամենի տրամաբանական շարունակությունը եղել է «Մեգաֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը:
Նույն տարիներին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները Նոր Գեղիում հիմնադրել են հացի գործարան՝ ներկրելով իտալական «Բասսանո» ֆիրմայի սարքավորումներ։ Արտադրանքը, որը մեծ պահանջարկ ուներ, վաճառվել է ինչպես «Գալաքսի», այնպես էլ Երևանի ու հանրապետության մյուս սուպերմարկետներում ու խանութներում։ Հաջողությամբ կազմակերպել են արագ պատրաստվող սննդի արտադրություն՝ արտադրանքը մատակարարելով սուպերմարկետների ցանցերին: Արտադրանքը մատակարվել և սպառվել է ոչ միայն Խաչատրյանների հիմնադրած, այլ նաև մյուս սուպերմակետներում։
Բացի այդ հիմնադրել են ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված ջերմոցներ, որտեղ աճեցրել են լոլիկ, վարունգ, պղպեղ, ինչպես նաև հոլանդական վարդեր, որոնց տնկիները ներկրել էին Նիդերլանդներից։
Ընտանիքի արմատները
Խաչատրյանների նախնիները գաղթել են Կարսի Տեկոր գյուղաքաղաքից 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Խաչատրյանների ընտանիքը Տեկորի հարուստ ընտանիքներից էր, որը ստիպված էր թողնել հայրենի տունը, բերքատու այգիները, անասունները և տեղափոխվել Ամասիայի շրջանի Բանդիվան գյուղ:
Շնորհիվ իրենց աշխատասիրության և համառ ջանքերի Խաչատրյանները Բանդիվանում շուտով դարձել են բարեկեցիկ ընտանիքներից մեկը:
«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների պապը՝ Գուրգեն Թաթոսի Խաչատրյանը, աշխատել է վաղ տարիքից: Հայրենական պատերազմի օրերին, երբ աշխատուժի պակաս կար, 14 տարեկանում ընդունվել է աշխատանքի Կապի հանգույցում որպես հերթապահ տեխնիկ։ 27 տարեկան հասակում նշանակվել է Ամասիայի Կապի գրասենյակի պետ, հետագայում Նաիրիի շրջանային կապի հանգույցի պետ և 50 տարուց ավելի ղեկավար պաշտոններ զբաղեցրել այս ոլորտում։
Խաչատրյան եղբայրները հիշում են, որ դպրոցական տարիքում սպասել են դասերի ավարտին, որպեսզի վազեն պապի՝ Նաիրիի շրջանային կապի հանգույցի պետ Գուրգեն Խաչատրյանի աշխատավայր: Նրանք սենյակից սենյակ էին վազել, հետաքրքրությամբ ուսումնասիրել անալոգային հեռախոսակայանները, հետաքրքրությամբ լսել աշխատանքային խոսակցությունները հեռախոսային ցանցի զարգացման վերաբերյալ: Տելեկոմի հանդեպ սերը նաև հետագայում ոգեշնչել է նրանց հիմնադրելու հեռահաղորդակցության ընկերություն՝ ի դեմս «Յուքոմի»:
Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայրը՝ Գագիկ Գուրգենի Խաչատրյանը, 1996 թ.-ից մինչև 2016թ. նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ՝ Հարկային տեսչության պետ, Մաքսային պետական կոմիտեի նախագահ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Ֆինանսների նախարար:
Մինչ պետական համակարգում աշխատելը՝ նա ծավալել է բիզնես գործունեություն՝ առաջին հաջողությունները գրանցելով «Նաիրի» ագրոֆիրմայում,որն իր կազմում ներառում էր անասնապահական համալիր, այգեգործական տնտեսություններ, կոպերատիվներ և տեխնիկապես հագեցված ուսումնական բազա։ Իր տեսակով յուրահատուկ այս կառույցին տրված էր խորհրդային հասարակարգին ոչ այնքան բնորոշ ազատություն՝ միջազգային կապեր հաստատել և առաջավոր փորձը բերել Հայաստան:
90-ականների սկզբին, ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները՝ նա հարազատների հետ բիզնես գործունեություն է ծավալել սննդամթերքի, վառելիքի, էներգետիկ ռեսուրսների շուկայում՝ ներկրումից մինչև արտադրություն:
Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ, ինչպիսիք էին՝ «Նաիրի» անհատական փոքր ձեռնարկությունը, «Կապավոր», «Էլեն» արտադրական կոոպերատիվը: Հետագայում գործունեությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով այլ ոլորտներ՝ օդանավակայանում սրճարանային բիզնես («Արման 98» ընկերություն), խաղատնային գործունեություն Մոսկվայում, դիզվառելիքի, սննդամթերքի, տնկանյութի ներկրում և այլն:
Իրենք ՝ «Գալաքսիի» հիմնադիրներ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները ևս գործարարությամբ սկսել են զբաղվել երիտասարդ տարիքից. կոշիկի բիզնեսից մինչև տրասպորտային փոխադրումների բիզնես նրանց փորձառությունը բազմազան է եղել։
Հաջողության գաղտնիքը
Խաչատրյան եղբայրների հիմնադրած «Գալաքսի խմբի» կազմում հանդես եկող յուրաքանչյուր ընկերություն ունի ստեղծման յուրահատուկ պատմություն և տարիներով ներդրված ջանք և աշխատանք։ Բոլոր բիզնեսները սկսել են զրոյից, ուսումնասիրել են շուկայի բացերը, մշակել ռազմավարություն, կազմել բիզնես պլան, փնտրել գործընկերներ, ներդրողներ, ձևավորել մենեջմենթի թիմը։
Ցանկացած բիզնես նախագիծ քննարկվել ու քննարկվում է ընտանեկան միջավայրում, մանրամասն հաշվարկներ են արվում, հաշվի են առնում ինչպես մրցակցային շուկան, այնպես էլ նորարարական մոտեցումները: Բիզնես աշխարհում երկարամյա փորձառությունը մշտապես հիշեցնում է՝ 0-ից սկսող կազմակերպությունը կարող է դառնալ հաջողակ, իսկ կայացած բիզնեսը ձախողել, եթե նորամուծությունները չբերվեն ընկերություն։
Հիմնադիրները տարիներով բանակցել են միջազգային գործընկերների հետ, աշխատել են օրուգիշեր, չեն հիասթափվել անհաջողություններից և արդյունքում այսօր ունեն համագործակցություն միջազգային 200-ից ավելի ընկերությունների հետ:
Եվ ամենակարևորը՝ «Մեգաֆուդի», «Ucom»-ի, «Teryan 5» պրեմիում դասի բնակարանային նախագծի, «Սանտաֆե», «Պահեստ 33», «Պոլ» սրճարանների, «Խրոնոգրաֆ», «Թայմ» բուտիկների․ «Երևանմոլի» և մյուս բիզնեսների հաջողության հիմքում «Գալաքսի» խմբի ռազմավարությունն է, որը կարևորում է բիզնես մշակույթը, շարունակական կրթությունը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։