Հայ ծրագրավորողների լուծումները ներկայացվել են Լոնդոնյան էքսպոյում

Call & Contact Center համաշխարհային էքսպոն, որը տարեկան մեկ անգամ դառնում է Եվրոպայի գլխավոր հարթակը՝ հաճախորդների սպասարկման ոլորտի վերջին տեխնոլոգիաների ու նորամուծությունների ներկայացման համար, այս տարի ներկայացուցիչ ուներ նաեւ Հայաստանից։

IUNetworks ընկերությունը լոնդոնյան խոշոր տաղավարներում հայ ծրագրավորողների լուծումներն է ներկայացրել ոլորտի այնպիսի խոշոր ընկերությունների կողքին, ինչպիսիք էին՝ Google-ը, IBM-ը, Avaya-ն եւ Oracle-ը:

Call & Contact Center համաշխարհային էքսպոն այս տարի ունեցել է ավելի քան 350 մասնակից, մոտ 150 փորձագետ եւ 5000 մասնագետ, ինչպես նաեւ ավելի քան 20,000 այցելու։

«Մենք իսկապես հպարտ ենք, որ հայ մասնագետները ստեղծել են որակյալ մի պրոդուկտ, որը այցելուների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Սա մեզ համար հերթական կարեւոր քայլն էր հանդես գալու միջազգային ասպարեզում եւ ներկայացնելու Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր: Ցուցահանդեսին շատերը իսկապես զարմանում էին, որ Հայաստանում այսպիսի լուծումներ են նախագծվում, որոնք ոչնչով չեն զիջում համաշխարհային առաջատարների լուծումներին»,- նշել է IUNetworks ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Լեւոն Բաբայանը։

IUnetworks ընկերությունը էքսպոյում ներկայացրել է իր Contact Center եւ SupportBot լուծումները՝ ծրագրային ապահովման համակարգեր, որոնք կոչված են նվազեցնելու հաճախորդների սպասարկման կենտրոնների ծախսերը եւ մեծացնելու աշխատանքի արդյունավետությունը: Contact Center համակարգը համալրված է Հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատանքի բարձր կատարողականությունը ապահովելու բոլոր հնարավորություններով, իսկ SupportBot-ը, որը կարող է ինտեգրվել մի շարք հայտնի մեսենջերների մեջ, թեթեւացնում է սպասարկման ոլորտի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը եւ ապահովում բազմալեզու աջակցություն:

«Մեր ընկերությունն արդեն իսկ հաջողված ծրագրեր ունի ԱՊՀ երկրների շրջանում եւ մեր նպատակը եվրոպական շուկայում լավագույնս ներկայանալն է։ Մենք հավատացած ենք, որ մեր մասնագետների ծրագրային լուծումները խիստ մրցունակ են համաշխարհային առաջատարների հետ թե՛ լուծումների, եւ թե՛ գնային ռազմավարության տեսանկյունից»,- ասել է IUNetworks ընկերության Ռազմավարական զարգացման ղեկավար Տաթեւիկ Ավագյանը։

Call & Contact Center էքսպոյի շրջանակում մասնակիցները մասնակցել են տարբեր կրթական սեմինարների եւ ինտերակտիվ գործնական դասերի, որտեղ քննարկվում էին սպասարկման ոլորտի խնդիրները եւ ներկայացվում նորարար գործիքները:

IUNetworks ընկերությունը ստեղծվել է 2008թ. եւ այսօր արդեն ունի ավելի քան 230 աշխատակից: Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, էլեկտրոնային կառավարությունը եւ հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Ընկերությունը զբաղվում է նաեւ տեխնիկական միջոցների մատակարարմամբ, էլեկտրոնիկայի եւ ցածր լարման համակարգերի ինժեներական լուծումների իրականացմամբ:

IUNetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի ՏՏ եւ հեռահաղորդակցության, վաճառքների եւ սպասարկման, անշարժ գույքի եւ մատակարարման ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խմբում, որտեղ միջին ամսական աշխատավարձը 315,000 դրամ է, աշխատում է ավելի քան 3000 աշխատակից:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ