Աշխատանքի երջանկությունը․ Աշխատավայրը՝ «Գալաքսի» ընտանիք

Եթե փորձենք մի լուսանկարում տեղավորել «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցներին, հաստատ չի ստացվի։  Նրանց թիվը անցնում է 2400-ը։ «Գալաքսին» որպես պատասխանատու գործատու գնահատում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը խմբի կայացման գործում։ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով ներկայացնում ենք տարբեր ընկերությունների յոթ ներկայացուցչի, որոնց աշխատանքային գործունեությունը 10 տարուց ավելի է։

Տիգրան Բաբայան

ՏՏ  բաժնի ղեկավար, «Գալաքսի» ընկերությունների խումբ

Տիգրան Բաբայան

Աշխատանքային կենսագրության 17 տարիներից 13-ի դեպքում Տիգրան Բաբայանի աշխատավայրը Կիևյան 1ա հասցեն է, որտեղ   տեղակայված  է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակը։ Մնացյալ չորս տարիներն էլ են կապվում «Գալաքսիի» հետ․ պարզապես աշխատավայրի հասցեն է այլ եղել՝   «Յուքոմ» ընկերությունը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006թ.-ից Տիգրանը միացել է խմբին։ 38-ամյա Տիգրան Բաբայանը ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի ՏՏ բաժնի ղեկավարն է, որը պատասխանատու է ՏՏ նախագծերի ներդրման, համակարգչային պարկի և ցանցի սպասարկման, սերվերների և այլ համակարգերի անվտանգության վերահսկողության համար: 

 Տիգրանին  աշխատակիցները զանգահարում են  ՏՏ-ին առնչվող տարբեր հարցերով։

  «Երբեմն այնպես բարդ է ներկայացվում խնդիրը, որ մտքով ուր ասես հասնում ես։ Իսկ իրականում պրոբլեմների հիսուն տոկոսը հեշտությամբ լուծվող է»,- ժպտալով պատմում է Տիգրանը։  Համակարգիչն ու հեռախոսը նրա հետ են անգամ հանգստյան օրերին․ «Գալաքսիի» որոշ ընկերություններ աշխատում են 7/24 ռեժիմով․ ՏՏ  համակարգի մի խափանում կարող է թանկարժեք  գործարքի չիրականացման  պատճառ դառնալ։   

 «Գալաքսին»  սիրում է պրոֆեսիոնալներին, բայց նաեւ բաց է սկսնակների համար, պատասխանատու և  գնահատող գործատու է,-  ասում է Տիգրանը․ «Ուշադիր է իր աշխատողների  հանդեպ, մոտիվացնում է,  խրախուսում է  կրթությունը։ Եթե աշխատողը ցանկանում է   սովորել, ֆինանսավորում է»։  

ՏՏ-ի հանդեպ սերը փոխանցվել է Տիգրանի երեխաներին․ 13 ու  14-ամյա դուստրերն ամբողջ օրը համակարգիչն են «փորփրում», պրոցեսորի աշխատանքը փորձում հասկանալ։ Որդու նախընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է․ նա 1․8 տարեկան է։ 

Տիգրանն ուզում է, որ իր երեխաները մի օր հասկանան այն, ինչն ինքը զգացել է աշխատանքային գործունեության ընթացքում․ «Ինքնագնահատականի բարձրացման համար չկա ավելի կարևոր բան, քան գիտակցումը, որ քո աշխատանքը կարևոր է»։

Աննա Սարգսյան

Խանութ-սրահի և  Վաճառքի տնօրեն, «Խրոնոգրաֆ»

Աննա Սարգսյան

Հյուսիսային պողոտայում գտնվող «Խրոնոգրաֆ»  խանութ-սրահը բացվում է առավոտյան ժամը 11-ին։  Մեկ ժամ առաջ տնօրեն Աննա Սարգսյանն արդեն սրահում է։ Նա ընկերությանը միացել է  2009թ.-ի կեսերից, մի քանի ամիս ավելի շուտ, քան  հիմնադրվել է այս սրահը։ «Հյուսիսային պողոտան դեռ պատրաստ չէր»,- հիշում է Աննան, որն առաջին տարիներին աշխատել է որպես վաճառքի խորհրդատու։   

  Ինչպես ժամանակին՝  խորհրդատու աշխատելուց առաջ ինքն է 2,5 ամսից ավելի թրեյնինգների մասնակցել, ներկայումս էլ նորեկներն են վերապատրաստվում։

«Երբևէ  հաճախորդի մոտ կասկած չպետք է  առաջանա աշխատակցի բառերից։ Դրա համար  վաճառքի խորհրդատուները  բավականին երկար ժամանակ վերապատրաստվում են, որպեսզի ժամացույցների ու զարդերի  վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնեն լիարժեք»,- ընդգծում է Վաճառքի տնօրենը։ «Խրոնոգրաֆն» իրականացնում է բարձրակարգ ժամացույցների ու զարդերի մանրածախ վաճառք և սպասարկում։

14 տարվա ընթացքում ո՞րն է եղել ամենամեծ մարտահրավերը՝ հարցին՝  Աննան դժվարանում է պատասխանել։

«Մեր ամենօրյա աշխատանքն արդեն իսկ մարտահրավեր է։ Համոզել հաճախորդին, որ,օրինակ,  մեկ միլիոն  դրամ արժողությամբ ապրանքն  հենց այն է, որ նրան պետք է, արդեն իսկ մարտահրավեր է»,- ասում է նա։

Աննան ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը․ օտար լեզուների իմացությունը օգնել ու օգնում է նրան Բրենդների հետ բանակցություններում և վաճառքի ժամանակ։

«Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ այստեղ, աշխատանքս իմ ձեռքբերումն է»,- ասում է  Աննան ու կատակում, թե  «Խրոնոգրաֆի» հանդեպ իր սերն ընտանիքում երբեմն խանդի տեսարանների պատճառ է դառնում։  

Աննան երկու փոքրիկների մայր է։

Մարինե Գրիգորյան

Բրենդների կառավարման և լոգիստիկայի գծով տնօրեն, TI’ME  (Հայաստան, Վրաստան, Բելառուս)

Մարինե Գրիգորյան

«Միշտ ցանկացելեմ կատարել այնպիսի աշխատանք, որը կառնչվի միջազգային գործընկերներին, կլինեն գործուղումներ, հաղորդակցություն, ու կոնկրետ այդպիսի  աշխատանք է  տրվել ինձ»,- ասում է Մարինե Գրիգորյանը։ Նա TI’ME  (Հայաստան, Վրաստան, Բելառուս) Բրենդների կառավարման և լոգիստիկայի գծով տնօրենն է։ Պատասխանատու է 3 երկրներում ապրանքանիշի մատակարարման շղթայի կառավարման համար:

Մարինեն ընկերության առաջին չորս աշխատակիցներից մեկն է։ 2012թ․-ին է միացել ընկերությանը, հիշում է  առաջին բանակցությունները, հաջողությունները, առաջին խանութ-սրահի բացումը, կարիերայի աճը։

«Դժվարությունների մեծ մասը սկզբնական շրջանում Էին, երբ բրենդների ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ քարտեզի վրա չգիտեր՝ որտեղ է Հայաստանը։ Տնօրենի հետ փորձում էինք համագործակցության եզրեր գտնել խոշոր մատակարարների հետ,- պատմում է Մարինեն, որն այդ տարիներին եղել է տնօրեն Արսեն Մնացականյանի օգնականը՝  շարունակելով,- Մատակարարներին զանգում էի օրը տասն անգամ, նամակներ էի գրում, մինչև  արձագանքում էին»։ 

Առաջին տարիներին, երբ բիզնեսը կայացման փուլում էր, փոքրաթիվ թիմի անդամները շատ էին աշխատում․  «Պարտականությունների շրջանակը շատ խառն էր, անում էինք ամեն ինչ, հաճախ աշխատում էինք շատ երկար, որովհետև ստարտափ էր»։ 

Հիմա ընկերությունն արդեն երեք երկրներում 400 աշխատակից ունի։   Գործընկերներին բնութագրելիս Մարինեն շռայլում է բառերը։ Ուրախ է, որ  ներդրում ունի կադրերի ընտրության հարցում։

 Ինքն իրեն  բնութագրելիս ասում է՝ համբերատար է, զգացմունքների ազդեցության տակ որոշումներ չի կայացնում։ «Օրինակ՝ եթե աշխատանքի հետ կապված տհաճ նամակ եմ ստացել,մինչեւ մեկ ժամ չեմ պատասխանում․․․»,- անկեղծանում է Մարինեն։

Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ավարտել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,  Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանը։  Կատակում է՝ դեռ սովորելու է։ Զրույցի վերջում էլ հավելում է․ «․․․Եվ շարունակելու  եմ ճամփորդել»։

Գարեգին Մկրտչյան

Տեխնիկական/Ադմինիստրատիվ տնօրեն, «Երևան Մոլ»

Գարեգին Մկրտչյան

Տեխնիկական ու վարչական ցանկացած հարցի դեպքում «Երևան Մոլում» դիմում են Գարեգին Մկրտչյանին, որը 2013թ-ից զբաղեցնում է  առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնի Տեխնիկական/Ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։ Իսկ հարցերը բազմաբնույթ են՝  տարածքների վարձակալության պայմանագրերի կնքումից, ծառայությունների մատուցումից մինչև էլեկտրամատակարարում։  «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ նրա համագործակցությունը սկսվել է «Երևան Մոլի» շինարարության փուլում՝  2011թ-ին,  որպես «Շինտավր» ՍՊԸ տնօրեն։  

Գարեգին Մկրտչյանը երկու բարձրագույն կրթություն ունի. սովորել է  ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, ապա  ՀՊՏՀ-ում՝  «Ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ։   Մինչ «Երեւան Մոլին»  միանալը նա աշխատել է տարբեր ոլորտներում՝ գիտահետազոտական ինստիտուտ, բանկային համակարգ,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություն։ 

««Երևան Մոլը» և «Գալաքսին» խիստ տարբերվում են մյուս տեղերից,  որտեղ աշխատել եմ նախկինում։ Խումբը վերցրել է  նորարարություններ իրականացնելու՝ լոկոմոտիվի դերը»,- ասում է Գարեգին Մկրտչյանը։ 

Շաբաթվա որոշ օրերին  Գարեգին Մկրտչյանը կեսգիշերից հետո է տուն գնում, երբ «Երեւան Մոլում» գործող «Կինոպարկ»-ն ավարտում է աշխատանքը։  Ընտանիքն ինչպե՞ս է  վերաբերում  աշխատանքային այս գրաֆիկին՝ հարցին պատասխանում է․ «Մեղավորը կինս է»։ Նրա կինը «Կինոպարկ»-ի մենեջերն է, ու ամուսիններն այդ օրերին միասին սկսում և ավարտում են աշխատանքը։  

Գարեգին Մկտչյանը հպարտությամբ պատմում է երկու դստեր աշխատանքային ու որդու կրթական հաջողությունների մասին։ Ասում  է՝ որդին, որը դեռ երկրորդ կուրսի ուսանող է  ու  արհեստական բանակությունն է ուսումնասիրում, արդեն աշխատում է։  Ուզում է,որ իր բոլոր գործընկերներն ունենան թե սեփական, թե երեխաների հաջողություններով հպարտանալու բազմաթիվ առիթներ։

Կարեն Հարությունյան

Մենեջեր , «Մեգաֆուդ»

Կարեն Հարությունյան

«Սկսել եմ օգնականի պաշտոնից, անցնելով բոլոր փուլերով՝ դարձել  մենեջեր»,-ասում է 41-ամյա Կարեն Հարությունյանը, որը  2006թ-ից աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում։ Աշխատանքը հեշտ չէ, բայց այս տարիների ընթացքում Կարենը ձեռք է բերել գիտելիքներ ու հմտություններ, որոնք օգնում են իրեն ճիշտ կառավարել ժամանակը և  մեծացնել վաճառքի ծավալները։

«Շատերը մտածում են՝  մենեջեր է,  գնում է՝  պատվերը վերցնում ու գալիս, բայց այդպես չի։ Աշխատելով ես հասկանում, թե ինչ նրբություններ պետք է հաշվի առնել։ Օրինակ՝ մտնում ես խանութ, տնօրենը կամ մենեջերը վատ  տրամադրություն ունի․ չպետք է նույնիսկ գործից խոսել, ավելի լավ է ուշ գալ, որ գործարքն արդյունավետ լինի»,-նշում է Կարենը։  

Օրվա ընթացքում Կարենը  25-40 խանութ է  մտնում,  գրանցում պատվերները, ներկայացնում  նոր արտադրանքը։ 8 տարի է բացառապես զբաղվում  է «Մեգաֆուդի» գործընկեր «Կոնտի» ապրանքանիշի հրուշակեղենի վաճառքով։  Կատակում է՝  խանութների աշխատակիցներն իրեն գիտեն, ինքն էլ՝  նրանց բնավորությունը։  

Կարենն ունի փոստային կապի մասնագետի որակավորում, բայց սիրում է ներկայիս աշխատանքը, անգամ եթե ստիպված է շփվել շատ բարդ բնավորությամբ մարդկանց հետ։ «Ես ամեն ինչ անում եմ,որ որեւէ մեկին աշխատանքի ընթացքում չնեղացնեմ»,- բոլորի հետ «լեզու գտնելու» իր գաղտնիքն է  բացում նա։

Մայիսի 1-ի առիթով մաղթում է, որ Հայաստանում աշխատատեղերն ավելանան, աշխատավարձերը բարձրանան, բոլորի աշխատանքն էլ գնահատվի։

«Իմը գնահատվում է։ Եթե չգնահատվեր,  17 տարի այստեղ չէի լինի»,- եզրափակում է Կարեն Հարությունյանը։

Ռոմեո Բոյախչյան

Տեխնիկական գործառույթների համակարգող, «Յուքոմ» 

Ռոմեո Բոյախչյան

Հարցազրույցի ընթացքում Ռոմեո Բոյախչյանը անընդհատ ներողություն է խնդրում, որ պետք է  հեռախոսազանգերին պատասխանի։ 

«Աշոտ ջան, փորձիր խնդիրը հասկանալ։  Չի՞ ստացվում։ Նկարիր, վիդեոն ուղարկիր, հասկանամ»,- աշխատակիցներից մեկի  զանգին ի պատասխան ասում է Ռոմեոն։  Նա «Յուքոմ» ընկերությունում աշխատում է որպես տեխնիկական գործառույթների համակարգող։Ռոմեոն և իր թիմը ներկայումս պատասխանատու  է  Կենտրոն և Նոր Նորք համայնքներում օպտիկամանրաթելային ցանցի միացումների համար։

 Ռոմեո Բոյախչյանը «Յուքոմ» ընկերությանը միացել է 2008թ-ին, երբ ընկերությունը դեռ հիմնադրման փուլում էր․ աշխատակիցների թիվն ընդամենը ութն էր։  Մասնագիտությամբ ոսկերիչ է, «Յուքոմ»  նրան բերել է կապի ոլորտի հանդեպ սերը։ Սկզբում աշխատել է ընկերության սպասարկման բաժնում։ Ոսկերչին բնորոշ համբերատարությունը  օգնում է աշխատանքում՝ ուշադիր լսել հաճախորդին, հասկանալ խնդիրն ու լուծել։  Ասում է՝  ամենադժվարը  խնդրի էությունը պարզելն է, երբ հասկանում ես, լուծումը շատ արագ գտնվում է։  

Ռոմեոն ընդգծում է՝ որ «Յուքոմ»-ում տարիների ընթացքում այնքան գիտելիք է ստացել, որ անհնար կլիներ ստանալ որևէ բուհում։  Հատկապես որ  հեռահաղորդակցությունը մի ոլորտ է, որ մշտապես փոփոխվում է և զարգանում՝ մասնագետներից պահանջելով անընդհատ ինքնակրթվել։

Նունե  Մանգասարյան

«Սանտաֆե»,  հաշվապահ-օպերատոր

Նունե Մանգասարյան

Նունե Մանգասարյանը  փորձում է հաշվել, թե 18  տարվա ընթացքում քանի հոգու հետ է  աշխատել  «Սանտաֆե» սրճարան-ռեստորանում։  «150, 200, չէ․․․ Չեմ հիշում»,- ժպտում է տիկին Նունեն, որն այստեղ աշխատում է հիմնադրման  օրվանից՝  2005թ․-ից։ Աշխատում է սրճարանի ադմինիստրացիայում  և գործի բնույթով առնչվում բոլոր աշխատակիցներին։ 

«Մեր թիմը շատ լավն է»,- ասում է  նա՝ այդ համարելով «Սանտաֆեի» հետ երկարամյա համագործակցության պատճառներից մեկը։

 «Կորպորատիվ մշակույթը, արժեքները, ընկերներս․ այս ամենը  բոլորին է պահում այստեղ»,- թվարկում է Նունեն իր աշխատավայրի առավելությունները։ 

Նա կարող է երկար պատմել՝ ինչպես է  «Սանտաֆեն» իր այսօրվա տեսքը ստացել՝ մեկտեղելով շատրվանները, կանաչ գոտին, մանկական խաղահրապարակը:  Հիշում է ամեն մի փոխություն։  Գիտի գրեթե բոլոր մշտական հաճախորդներին։

Մայիսի 1-ի առիթով մաղթանք ունի բոլոր աշխատավորներին․ «Կուզենամ՝ բոլորը գնահատված լինեն իրենց աշխատավայրերում, ինչպես ես»։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ