Շեֆիլդի Executive MBA-ը՝ հաջողության գաղափարներ համախմբող

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանակում փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Հանդիպիր գլխավոր տնօրենին. ճանապարհ դեպի վերեւ» խորագրով միջոցառումը: Պանելային քննարկման ընթացքում 5 տարբեր ընկերությունների տնօրեններ պատմել են հաջողության իրենց տեսլականի, ձախողումների ու նվաճումների մասին: Banks.am-ը ներկա է գտնվել միջոցառմանն ու առանձնացրել հատկանշական դրվագները:

«Շեֆիլդի համալսարանը միջոցառման մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու հաջողություններ գրանցած մարդկանց փորձին: Դա կօգնի նրանց ձեռք բերել նոր ունակություններ ինչպես կրթական, այնպես էլ կարիերային աճի տեսանկյունից», – նշել է համալսարանի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն, Հայաստանում համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլիթ Շահզադեյանը:

Պանելային քննարկման մասնակիցներն էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, Family Net ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման փոխտնօրեն Հայկ Լորիկյանը, ProService_L մարդկային ռեսուրսների կառավարման եւ զարգացման մասնագիտացված խորհրդատվական ընկերության տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Նրանցից ոմանք Շեֆիլդի Executive MBA ծրագրի շրջանավարտներ են:

Մեկ նպատակի տարբեր բանաձեւերը

Գեւորգ Ենգիբարյան. Մինչ Family Net-ը հիմնելը այլ աշխատանք ունեի: Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ պետք է թողնեմ այն: Սկզբում դա ինձ դա շատ զարմանալի թվաց, քանի որ բավականին լավ էի վաստակում, բայց նա շարունակում էր պնդել, որ պետք է թողնեմ այդ աշխատանքը, քանի որ այն քայքայում է ինձ:

Այժմ ես եմ դա խորհուրդ տալիս: Եթե ավյունով լցված չեք այն բանի նկատմամբ, որով զբաղվում եք, ապա պետք է թողնեք դա ու փնտրեք ձեր տարերքը:

Արա Թադեւոսյան. Ես չեմ կարծում, թե գոյություն ունի հաջողության համընդհանուր բանաձեւ: Թերևս, համընդհանուր է միայն այն, որ պետք է անդադար շատ աշխատել, ինչն էլ ես անում եմ Մեդիամաքսի ստեղծումից ի վեր ու չեմ պատրաստվում կանգ առնել:

Լիլիթ Հակոբյան. Երբ քո առջեւ դնում ես նպատակներ, որոնք ի վերջո կարողանում ես իրականություն դարձնել, քեզ հաջողակ ես զգում: Անձնական հաջողությունը հենց այն է, երբ ի վիճակի ես հասնել ցանկալի արդյունքներին:

Հաջողության իմ բանաձեւը պրոֆեսիոնալ լինելն է: Այս տեսանկյունից շատ եմ կարեւորում Executive MBA կրթական ծրագիրը, որ առաջարկում է Շեֆիլդի համալսարանը: Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում կաճի:

Հայկ Լորիկյան. Խորհուրդ կտամ վերլուծեք ինքներդ ձեզ եւ հասկանաք՝ դուք ավելի շատ հակված եք գործառնական աշխատանքի, թե՞ նախագծային: Ինքս նախընտրում եմ զբաղվել նախագծերով, դա ինձ ավելի հոգեհարազատ է: Բնականաբար, կան մարդիկ, որոնք նախընտրում են գործառնական աշխատանքը եւ դրանից են հաճույք ստանում: Մարդիկ տարբեր են եւ ցանկալի է, որ դուք ընտրեք հենց այն, ինչն ավելի լավ է համապատասխանում ձեր խառնվածքին եւ ցանկություններին:

Անհաջողությունը՝ նոր սկիզբ

Կատալինա Սյուզան. Երեւանում աշխատելուս երկրորդ տարում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աուդիտ պետք է անցկացվեր: Ինձ հուշեցին, որ աուդիտորը գալիս է որպես հյուր, եւ միայն հաջորդ օրը բացահայտում իր ով լինելը:

Այդպես էլ եղավ: Նա դժգոհ էր հյուրանոցի աշխատանքից: Ավելի ուշ, երբ իմացա աուդիտի արդյունքների մասին, որը գրեթե ձախողում էր, պայուսակս վերցրի եւ դուրս եկա աշխատանքի վայրից: Աշխատակիցներից ոմանք հարցրին, թե ուր եմ գնում այդքան վաղ, պատասխանեցի, որ եթե մնամ, շատերին աշխատանքից կազատեմ եւ ավելի լավ է տուն գնամ:

Սկզբում մտածում էի, թե իմ տեղում չեմ եւ իզուր եմ Բուխարեստից Երեւան եկել: Հետո հասկացա, որ եթե ամեն ինչ կատարյալ լինի, չլինեն մարտահրավերներ, ավելի լավ արդյունքի հասնելուն ուղղված աշխատանքը կիմաստազրկվի:

Հաջորդ օրը բոլոր աշխատակիցներին կանչեցի ինձ մոտ, որպեսզի միասին նոր ծրագրեր մշակենք եւ ուղղություններ նախանշենք զարգացման համար:

Անհաջողությունը նոր սկիզբ է: Երբ ընկնում ես, կարող ես դառնալ շատ ավելի լավը:

CEO` Chief Emotional Officer

Գեւորգ. 5 տարի առաջ ընկերությունում խնդիրներ կային, շատ բաժանորդներ կորցնելու վտանգի առջեւ էինք կանգնած: Ես կանչեցի ամբողջ թիմին ու խոսեցի խնդրի մասին: Դրանից հետո բոլորը հոգեպես կոտրվեցին: Մենք մեծ կորուստներ ունեցանք, բայց քայլ առ քայլ վերականգնվեցինք:

Շեֆիլդի համալսարանում սովորելու ընթացքում ես հասկացա, որ խնդիրը ոչ թե ընկերության բարդություններն էին, այլ իմ որպես ղեկավարի արձագանքը դրանց: Ես եկա այն եզրահանգման, որ սխալ եմ վարվել: CEO-ն ոչ միայն գլխավոր գործադիր տնօրենն է (Chief Executive Officer), այլեւ գլխավոր էմոցիոնալ տնօրենը (Chief Emotional Officer): Նա այն մարդը չէ, որ կարող է կոտրվել, նա պետք է միշտ կառավարի իր զգացմունքները:

Ձախողումների հաղթահարման արվեստը

Արա Թադեւոսյան. Կարեւոր է հասկանալ, որ բիզնեսը, ճիշտ ինչպես կյանքը, վերելքների եւ անկումների շղթա է: Հնարավոր է՝ շեղվես ծրագրերիցդ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան սխալ ես անում, այլ որովհետեւ կյանքը փոխվում է, փոխվում են նաեւ հաճախորդների պահանջները: Ինչ-որ պահի մարդիկ կարող են տվածդ արտադրանքի կարիքն այլեւս չունենալ: Դա բնական է, թեեւ կարող է սթրեսային լինել:

Հայկ Լորիկյան. Բիզնեսում սթրեսային իրավիճակներն այնքան էլ վատ բան չեն: Եթե միշտ երջանիկ ես, եթե միշտ ամեն ինչ անթերի է, կորցնում ես կատարելագործման, փոփոխությունների մոտիվացիան:

Այնուամենայնիվ, եթե չես ուզում սթրեսային իրավիճակում հայտնվել եւ ձախողել, պետք է դադարես գործընթացների ելքերը դրականի ու բացասականի բաժանելուց: Ես միշտ այդպես եմ անում: Եթե չկա այդ տարանջատումը, չկա նաեւ սթրեսի զգացողությունը: Դա պարզապես գործընթացի վերջնաարդյունքն է, որ ցույց է տալիս, թե ինչպես է պետք վարվել՝ փոխել ծրագրերը, թե շարունակել նույն ուղով:

Լուսանկարները՝ Մեդիամաքսի։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ