Մայիսի 20-ը Մարդկային ռեսուրսների (ՄՌ) մասնագետների միջազգային տոնն է: Oրը կոչված է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր աշխատում են բաժիններում: Սա նաև հրաշալի առիթ է խոսելու այս մասնագիտության և աշխատանքի դերի մասին, փոխանակելու տեղեկություն, թե ինչպե՞ս դառնալ ՄՌ համայնքի մաս: «Գալաքսի» ընկերությունների խմբի ՄՌ ղեկավարներին խնդրել ենք պատախանել մի քանի հարցի՝ ի՞նչ է մշտապես պակասում ՄՌ աշխատակիցներին, ինչպե՞ս դառնալ լավագույնն այս ոլորտում, ինչպե՞ս գտնել լավագույն կադրերին:
ՋՈՒԼԻԵՏԱ ԱՍԱՏՐՅԱՆ
«SANTAFE», «Pahest 33» և «Paul Armenia»-ի ՄՌ բաժնի ղեկավար
Մարդկային ռեսուրսների ոլորտում աշխատող մասնագետի առաքելությունը մարդու կյանքն ավելի լավն ու որակյալ դարձնելն է:
Նրա աշխատանքի կարևորագույն և բաղկացուցիչ գործառույթներից մեկը աշխատանքային այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն կզգա գնահատված, երջանիկ, կունենա վստահություն՝ իր և իր կազմակերպության ռազմավարական զարգացման հետագա գործընթացների հանդեպ:
Այս ամենը շատ կարեւոր և ուղիղ ներդրում է հենց բիզնեսում, քանի որ ապահովում է կայուն զարգացում՝ ճիշտ կառուցված մշակույթով և մոտիվացված թիմակիցներով, որոնք գիտեն, թե որ ուղղությամբ են շարժվում և թե որքան կարեւոր է թիմի մաս կազմելը:
Ոլորտում լավ արդյունք ունենալու համար, պետք է մշտապես քայլել ժամանակին զուգընթաց, շարունակաբար զարգացնել մասնագիտական և անձնային հմտությունները, հետևել նոր միտումներին, մտածել կաղապարներից դուրս, թարմացնել մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը: Փոխվում են ժամանակները, զուգահեռ պետք է փոխվեն և մոտեցումները:
ՎԻԿՏՈՐՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն
Ես կարծում եմ, որ մարդկային ոլորտում աշխատող մասնագետների առաքելություններից մեկը ցանկացած անելիքի ու որոշման կենտրոնում մարդուն պահելն է, մարդկանց ու բիզնեսն իրար հետ խոսեցնող ու կապող անտեսանելի կամուրջ դառնալն է, հավատն է՝ նույնիսկ փոքր, բայց ամենօրյա ու հետևողական քայլերով առաջընթաց ապահովելուն ու այն խթանելուն:
Մարդկային ռեսուրսների ոլորտի աշխատակիցները պետք է կարողանան լսել՝ հասկանալու համար, վստահել սրտին ու ներքին ձայնին, բայց հիփոթեզները միշտ վավերացնել տվյալներով՝ երևույթներին հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալու և այդ պահին անհրաժեշտ ամենաօպտիմալ որոշումը կայացնելու համար։
ՄՌ ոլորտում հաջողելու համար պետք է հավատացած լինել, որ վաղն ավելի լավը կարող ես լինել քան այսօր, անել ու լինել ավելին: Պետք է մշտապես հիշես, որ ընկերություններում ղեկավարում ենք աշխատանքներ ու նախագծեր, բայց մարդկանց՝ առաջնորդում ենք։ Պետք է առաջնորդել սեփական օրինակով, գործել համահունչ այն ամենին, ինչ քարոզում ենք։
Լավագույն կադրերին գտնելու համար էլ պետք է հիշել, որ մարդիկ աշխատում են մեզ հետ, այլ ոչ մեզ համար։ Պետք է մարդկանց մեջ փնտրել պոտենցիալ, մոտիվացիա ու դրական մտածելակերպ, այլ ոչ միայն փորձ։ Մարդիկ մեզ համար լավագույնն են լինում ու թիմի մասնիկ դառնում նաև այն պատճառով, որ կիսում են մեր սկզբունքները և արժեքային նույն լեզվով են խոսում։
ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Mega Toys»-ի և «Megasport»-ի ՄՌ ղեկավար
Կարծում եմ, որ եթե աշխատում ես մարդկային ռեսուրսների ոլորտում, ապա անհրաժեշտ և շատ կարևոր է ունենալ կազմակերպչական հմտություններ, տեղեկատվության գաղտնիություն պահպանելու ունակություն:
Այս ոլորտի մասնագետների համար շատ կարևոր է հաղորդակցման հմտությունների տիրապետելը, ճկունությունն ու բանակցելու կարողությունը: Պետք է մշտապես կարողանալ խրախուսել աշխատակիցներին, մոտիվացնել, ադապտացնել միջավայրում, երբ նոր են:
Իսկ ահա հենց մարդկային ռեսուրսների մասնագետին, մշտապես պակասում է աշխատանքային գործընթացում ազատ ստեղծագործելու հնարավորությունը:
Վերջին տարիներին մեր մասնագիտությունը նաև շատ արագ է զարգանում, և նոր միտումներից հետ չմնալու համար մասնագիտությունը պահանջում է անվերջ հաղորդակցվել, վերլուծել, և ինքնակրթվել:
Լավագույն կադրերին փնտրելիս լավագույն միջոցը՝ ընկերության ջերմ ու դրական մթնոլորտը ներկայացնելն է, մասնագիտական աճի հնարավորությունների հեռանկարները բացահայտելը:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
TI’ME-ի ՄՌ ղեկավար (Հայաստան, Վրաստան, Բելառուս)
Լինել ՄՌ ղեկավար նշանակում է ունակ լինել լսելու, գործելու և հոգ տանելու մարդկանց մասին: Մեր մասնագիտական ոլորտի հիմնական մարտահրավերը սահմանափակ ռեսուրսներով բազում գաղափարներ իրագործելն է, քանի որ մի կողմից ՄՌ ոլորտը շարունակական զարգացման կարիք ունի, մյուս կողմից անսահմանափակ է կատարելագործման հնարավորությունների տեսանկյունից։
Այս ոլորտում և առհասարակ, լավագույնը լինելու համար անհրաժեշտ է անվերջ սովորել, պետք է մարդկանց շատ լսել ու հենց նրանցից էլ գիտելիք քաղել: Շփումն ամենամեծ գիտելիքի աղբյուրն է։
Լավագույն կադրերին գտնելու համար պետք է լինել գրավիչ գործատու, այդ դեպքում լավագույնները հենց իրենք կգտնեն գործատուին։
ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Երևան մոլ»-ի ՄՌ ղեկավար
Սա 360° աստիճան ունեցող դեր է, որը տարածվում է ընկերության տնօրենից մինչև կառավարչական թիմ ու C-suite գործընկերներ:
Լինելով ՄՌ ոլորտում, կարևոր է ունակ լինել կենտրոնանալու կազմակերպչական նպատակների, ընկերության ռազմավարության և տեսլականի վրա, բալանսավորել ընկերության և աշխատակիցների շահերի պաշտպանությունը:
HR մենեջմենթը պահանջում է ավելի ինտեգրված և համալիր կառավարման հմտություններ: Պետք է տեղափոխել ՄՌ-ի դերը բյուրոկրատական ստանդարտացումից՝ վերակազմակերպելու աշխատանքները ձեռնարկությունում: Լինել մշակույթի և փոփոխության նախաձեռնող և պաշտպան:
Լավագույն կադրերին գտնել և պահելը դարձել է ավելի քան մարտահրավերային: Լավագույն տաղանդներին ներգրավելու և պահպանելու համար կազմակերպությունը պետք է ստեղծի միջավայր և ունենա այնպիսի մշակույթ, որտեղ անհատները հնարավորություն կունենան կարիերայի աճ ունենալ, որտեղ նրանք հնարավորություն կուենան նոր հմտություններ ձեռք բերել և նոր մարտահրավերներ ընդունել:
ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Մեգաֆուդ»-ի ՄՌ ղեկավար
Սա մասնագիտություն է մարդկանց մասին և մարդկանց համար: Աշխատել այս ոլորտում և ընտրել այս մասնագիտացումը, նշանակում է սիրել մարդկանց, պատկերացում ունենալ բիզնեսի և բիզնեսի կառավարման մասին, լինել հոգեբան՝ աշխատել մարդկանց հետ և լսել նրանց: Եվ զարմանալի չէ, որ այս ոլորտում աշխատող մարդկանց մշտապես պակասում է ժամանակը: Ինչպե՞ս դառնալ այս ոլորտում լավագույնը: Ինչպես և մյուս բոլոր ոլորտներում՝ երբեք չպետք է վախենալ սխալվելուց: Իսկ ինչպե՞ս գտնել լավագույն կադրին՝ դառնալով լավագույն գործատուն:
ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի ՄՌ ղեկավար
Մարդկային ռեսուրսների ոլորտում աշխատելիս դժվար է ստանդարտներից դուրս գործելը, իսկ ամենաշատը պակասում են անակնկալները՝ ընկերություններում բոլոր անսպասելի նախաձեռնությունների հիմնական հեղինակը HR-ն է:
ՄՌ ոլորտում լավագույնը դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ ընկերության նպատակները, լինել «ոչ պաշտոնական» հոգեբան, գնահատել ու յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել աշխատակիցներին: Պետք է հիշել, որ մենք բոլորս մարդկային ռեսուրսների մաս ենք կազմում, բայց նախ մարդ ենք և հետո միայն՝ ռեսուրս։
Միևնույն ժամանակ, պետք է ստեղծել ու առաջարկել այնպիսի մշակույթ, որի շնորհիվ աշխատակիցները կնախընտրեն հենց քեզ՝ որպես ընկերություն,հրաժարվելով առավել բարձր վարձատրվող աշխատանքից։
Կա պարզ ճշմարտություն՝ երբ աշխատակցի համար ֆինանսական ներդրում ես կատարում, նա ձգտում է հեռանալ, բայց երբ նրան տալիս ես զգացողություններ, նա ինքն է ցանկանում ներդնել:
ՆԻՆԱ ՍԵՐԵԴԱ
IUNetworks-ի ՄՌ ղեկավար
Լինել HR նշանակում է նախ և առաջ լինել մարդասեր՝ բառի բուն իմաստով. կարևոր է ընդունել մարդկանց՝ մի կողմ դնելով սեփական աշխարհայացքն ու արժեհամակարգը, լինել համբերատար, ունենալ լսելու ունակություն և երբեք չդադարել սովորել: Չափազանց կարևոր է այս աշխատանքն ու մասնագիտությունն անսահման սիրելը, անկախ նույնիսկ փաստից, որ HR-ին մշտապես պակասում է ժամանակը՝ թե անձնական, թե աշխատանքային կյանքում:
Ոչ միայն ՄՌ, այլ ցանկացած ոլորտում հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալու համար, պետք է երբեք չհամակերպվես այն մտքին, որ լավագույնն ես։ Ամենօրյա ինքնազարգացման մեջ է մասնագիտական երջանկությունը։
Լավագույն կադրերին կարելի է գտնել՝ երբեք փնտրել չդադարելով։ Շատ կարևոր է ունենալ մասնագիտական հիշողություն: Երբեք պետք չէ բացառել, որ այսօրվա հարցազրույցի մասնակիցը, անկախ արդյունքից, որոշ ժամանակ հետո կարող է հենց այն թեկնածուն լինել, որին փնտրում ես: