Մրցակիցներին հարգելու եւ նրանցից սովորելու սկզբունքը

Արամ Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրն է եւ գլխավոր տնօրենը։ Կարիերան սկսել է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի հիմնադրմամբ, որն այսօր Հայաստանում ներկայացնում է 30 ապրանքանիշ։ Արամ Խաչատրյանի հաջողության պատմությունը հասկանալու համար հետեւում ենք նրա գրաֆիկին։ Հանդիպում ենք մինչեւ աշխատանքային ժամի մեկնարկը՝ Ալ․ Շիրվանզադեի անվան 21 դպրոցի մարզադահլիճում, որտեղ գործարարն արդեն երկու տարի է՝ շաբաթը երեք անգամ զբաղվում է Ջիու-Ջիցուով։ Հարցազրույցը շարունակում ենք թեյի շուրջ։

Ավելին, քան սպորտը. չհանձնվելու մարտարվեստը

«Սա միայն սպորտ չէ, փիլիսոփայություն է, որը կերտում է արժեհամակարգ»։

Ասում է Արամ Խաչատրյանը՝ մարզումն ընդհատելով։ Արդեն մարզագորգին նստած՝ բացատրում է, որ Ջիու-Ջիցուն արեւելյան մարտարվեստի հենքն է, եւ խորհուրդը թաքնված է «փափկությամբ կոշտությունը հաղթահարելու» սկզբունքի մեջ։ Գործարարի համար արեւելյան մարտարվեստը նորություն չէ, նաեւ այկիդոյով է զբաղվել, որը բնութագրում է որպես ուժի ու ներդաշնակության ճանապարհ։

«Ջիու-Ջիցուն հոգեկան հանգստություն է տալիս։ Երկար տարիներ հաճախել եմ դասական մարզական դահլիճներ ու մարզասրահներ, բայց նոր բան չեմ սովորել։ Այս դահլիճում ամեն ինչ պարզ է, զուրկ ձեւականություններից, այստեղ մարդիկ գալիս են մարզվելու համար, եւ մեր Աշոտն ուղղակի հրաշալի սենսեյ է։ Այս մարզասրահում կա պարկեշտություն եւ խոր հարգանք յուրաքանչյուրի նկատմամբ։

Ջիու-Ջիցուն այն մարտարվեստներից է, որն ունի ռազմավարություն եւ խիստ կանոններ, որոնց պարտավոր ես հետեւել, եթե զբաղվում ես այս մարզաձեւով։ Այն չհանձնվելու մարտարվեստն է, եւ Ջիու-Ջիցուն հաղթանակին հասնելու ուղին հրաշալի է մեկնաբանում. «Սեւ գոտին սպիտակ գոտին է, որը երբեք չի հանձնվել»,- բացատրում է Արամ Խաչատրյանն ու հավելում, որ Ջիու Ջիցուն ղեկավարներին սովորեցնում է ամենակարեւորը՝ նրանք կատարյալ չեն, միմյանցից եւ շրջապատող մարդկանցից սովորելու շատ բան ունեն։

Շարժիչ ուժը ձգտումն էր

«Ինձ միշտ առաջ է մղել ձգտումը։ 1.5 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Այնպես որ, ինչի որ հասել եմ, հասել եմ սեփական ուժերով»։

Արամ Խաչատրյանը պատմում է, որ իրեն միշտ առաջ է մղել ավելի լավ կյանքով ապրելու ձգտումը։ Տարիների ընթացքում իր հենասյունն են եղել եղբայրը, քույրը, մայրն ու բարեկամները։

«Ես տան փոքր երեխան էի ու օրինակ էի վերցնում մեծ եղբորիցս, որը տան հոգսերը հոգալու ծանրությունն իր ուսերին էր վերցրել։ Կյանքիս առաջին պատասխանատվության դասն ու օրինակը նրանից եմ սովորել։ Մայրս երազում էր, որ դառնամ եղբորս օգնականը եւ օգտակար լինեմ իմ ընտանիքին, ես չէի կարող նրա երազանքը չիրականացնել»,- անկեղծանում է Արամ Խաչատրյանը։

Վստահ էինք` բոլորս դեսպաններ ենք դառնալու

«Դիվանագիտություն սովորելն «ուսանողական ռոմանտիզմի» տարիներին էր։ Հիմա գիտակցում եմ, որ իրականում դա զգացմունքային ընտրություն էր։ Հիմա միանշանակ կընտրեի տնտեսագիտությունը կամ իրավաբանությունը»։

Արամ Խաչատրյանը ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ամբիոնի առաջին ուսանողներից ու շրջանավարտներից է։ Ուսման տարիներին, ասում է, «բոլորս մեզ դեսպան էինք զգում»։

«Մենք վստահ էինք, որ ապագայում բոլորս դեսպաններ ենք դառնալու։ Իմ ընտրած առաջին մասնագիտական լեզուն ֆրանսերենն էր, բայց երկրորդն ընտրելիս կուրսի գերակշիռ մասով որոշեցինք արաբերեն ընտրել՝ առանց խորամուխ լինելու լեզվի դժվարությունների մեջ։ Ասում էինք՝ դե 22 արաբական երկիր կա, եւ քանի որ շատ քիչ է մնացել մինչ դեսպան աշխատենք, ավելի լավ է արաբերեն սովորենք»։

Արաբերենն իր հետքը թողել է՝ դիվանագետ-գործարարը սիրում է արեւելյան մշակույթը, ուսումնասիրում։ Ուսանողական 22 ընկերներից 4-5 հոգու հետ շփումը պահպանում է։

«Նրանց շարքում դեսպան դարձողներ, այնուամենայնիվ, եղան՝ Տիգրան Բալայանը, ազնվագույն մարդ»,- ասում է Խաչատրյանը։

Անցումը դիվանագիտությունից բիզնես

«Դիվանագիտական գիտելիքներով բիզնեսի աշխարհ մուտք գործելը շատ լուրջ մարտահրավեր էր, բայց հաղթահարելի»։

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրը պատմում է, որ դեռ ուսանողական տարիներին ընկերներից մեկի հետ ներմուծման փորձեր է արել եւ տնտեսագիտական բազմաթիվ գիտելիքներ սովորել հենց գործնական կյանքում։

««Մեգաֆուդ»-ի բիզնեսը ձեռնարկելիս հաջողում էի հանդիպել միջին ու խոշոր արտադրողներին, տարբեր բիզնեսների սեփականատերերին, շարունակ նոր մարտավարություն մշակող ու փոփոխող մենեջերներին։ Բոլորից ինչ-որ բան սովորել եմ։ Հիմա, երբ հետ հայացք եմ նետում 24 տարեկան Արամին, որն անցել է այդ ճանապարհը, հասկանում եմ, որ շատ լավ դպրոց էր»,- պատմում է Արամ Խաչատրյանը։

Գործարարը «Մեգաֆուդը» բնորոշում է «բիզնես նվիրյալների խումբ»։ Այն կարծիքին է, որ «Մեգաֆուդի» ամենամեծ ավանդը առողջ մրցակցության ներդրումն էր շուկայում, ինչը տնտեսության զարգացման հիմնական խթաններից է։

«Տարիների ընթացքում ուժեղ մրցակիցների հայտնվելը նպաստեց ոլորտի զարգացմանը։ Ինստիտուցիոնալ առումով «որդեգրվեց» մրցակիցներին հարգելու եւ նրանցից սովորելու սկզբունքը։ Եթե այսօրվա հետ համեմատեմ, մեր մուտքը շուկա գուցե ավելի հեշտ էր, որովհետեւ տարածաշրջանային եւ միջազգային բրենդներն այստեղ շատ քիչ էին։ Այսօր փոխվել է անգամ սպառողի տեսակը։ Ավելի պահանջկոտ են դարձել, գրագետ, առողջ ապրելակերպով ապրողները եւ տվյալ կենսակերպին համապատասխան ապրանք պահանջողներն են շատացել»,- բացատրում է Խաչատրյանը։

«Մեգաֆուդը» մի շարք համաշխարհային բրենդներ ներմուծեց Հայաստան՝ հարմարեցնելով իրենց ռազմավարությունը հայկական շուկային, ինչն իր հերթին նորություն էր։

«Գալաքսին» համար մեկ գործատու դարձնելը

«2004-ից ինձ միացան հորեղբորս տղաները, որոնք նոր էին ավարտել իրավաբանականը։ Նրանք եկան թարմ գաղափարներով եւ սեղանին հայտնվեցին նոր մտքեր, նոր բիզնես-նախագծեր»։

Այսպես աստիճանաբար ստեղծվեց «Մեգասպորտը», «Սանտաֆեն», «Մեգաթոյսն» ու մյուս ընկերությունները, որոնք միավորվեցին «Գալաքսի»-ի կազմում։

««Գալաքսին» 20 տարվա պատմություն ունի եւ իր առանձին տեղը մեր տնտեսության մեջ։ 3 000 աշխատակից ունենք այսօր: Նախորդ տարվա տվյալներով՝ 27 միլիոն դոլարի հարկ ենք վճարել, ինչը կազմում է պետական բյուջե մուտքերի մոտ 2 տոկոսը»,- ասում է Արամ Խաչատրյանն ու շեշտում, որ «Գալաքսի»-ում ամենակարեւորը մարդկային կապիտալն է, կանանց ներգրավվածությունը բիզնեսում։

«Գալաքսի»-ի գլխավոր տնօրենի փաստմամբ, իրենց ռազմավարության հիմքում երեք բան է՝ մարդիկ, կրթությունն ու նորարարությունը:

«Հաջողությունների հասնելու մեր գրավականը ուժեղ, պրոֆեսիոնալ թիմն է։ Ես շրջապատված եմ անհատականություններով, ոլորտի լավագույն մասնագետ-չեմպիոններով, ինչն աներեւակայելի վստահության զգացողություն է տալիս։ Նրանք իրենց որոշումներում արագ են եւ արդյունավետ։ Բացթողումներ ու խնդիրներ եւս լինում են, եւ նման դեպքերում նախ փորձում եմ հասկանալ պատճառը, վերլուծում եմ դրանք սնող գործոնները, լսում եմ շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքներն ու նրանց առաջարկները, ապա գնահատում իրավիճակն ու որոշում կայացնում»։

Գործարարը նշում է, որ տեսլականը «Գալաքսին» համար մեկ գործատուն դարձնելն է, լավագույնը կարիերայի զարգացման առումով։ «Դա, իհարկե, ամբիցիոզ ու դժվար նշաձող է, բայց հստակ կարող եմ ասել, որ լավ նախադրյալներ արդեն իսկ ունենք, հիմքերն առկա են»։

Նորարարության եւ տեխնոլոգիաների պարկը

«Սա ռիսկային նախագիծ է, ինչպես աշխարհում ցանկացած նախագիծ, բայց մենք համոզված ենք, որ հաջողելու ենք։ Ապագային նայելով՝ պարզ տեսնում ենք, որ այս նախագիծը միայն մերը չի լինելու, այն պետության համար ֆունդամենտալ կարեւոր ծրագիր է»։

Արամ Խաչատրյանն այն կարծիքին է, որ բնական պաշարների բացակայության պայմաններում Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի գիտության եւ կրթության վրա։ Ըստ նրա՝ շուկայի հետ կապ չունեցող գիտելիքներով տնտեսություն դժվար է զարգացնելը։

«Տնտեսության առաջադեմ ճյուղերն ու կրթությունը պետք է փոխկապակցված լինեն։ Չես կարող կրթել ու պատրաստել քիմիայի 1 000 մասնագետ, եթե նախապես չես հաշվարկել, թե քիմիական արդյունաբերությունդ քանի՞ մասնագետի պահանջ ունի։ Կրթությունն օրգանական կապով պետք է կապված լինի տնտեսության հետ։

Նորարարության եւ տեխնոլոգիաների պարկը կոչված է լուծելու նաեւ նմանատիպ խնդիրներ՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ կլինեն խոշոր ընկերություններ, երիտասարդ մասնագետներ ու անփորձ շրջանավարտներ, որոնք կվերլուծեն, կհասկանան ու կփորձեն գտնել այս կամ այն ընկերության առջեւ ծառացած խնդիրների պատճառներն ու լուծման տարբերակները։ Այստեղ կգործեն նաեւ լաբորատորիաներ, կլինի կրթական կենտրոն, կլինեն ֆինանսավորող ընկերություններ՝ ի դեմս բանկերի եւ վենչուրային կազմակերպությունների»։

Հայաստանի տնտեսության ապագան

«Ժամանակն ամենաթանկ բանն է, եւ պետք է ամեն ինչ անել այն չկորցնելու համար»։

Արամ Խաչատրյանը համոզված է, որ այսօր ձեւափոխվում է անգամ սոցիալական կյանքը, եւ Հայաստանում բիզնեսը զարգացնելու ամենակարեւոր նախապայմանները կանխատեսելիությունն է ու քաղաքական դաշտի հանգստությունը։

«Ներդրումը պահանջում է պլանավորում։ Երբ մի երկրում տնտեսությունն անկայուն վիճակում է, իսկ երկիրը կիսապատերազմական դրությամբ է ապրում, ցանկացած գործարար մեծ ռիսկի առջեւ է կանգնում։ Պետք է լրացուցիչ ու ավելի լավ պայմաններ ստեղծել գործարար միջավայրի համար՝ կոմպենսացնելու այս բարդությունները։ Ամենատարրական օրինակը՝ պետական հիմնարկների հետ շփումները պետք է հեշտացնել եւ թղթայինից անցնել թվային տարբերակի»։

Գործարարը պնդում է, որ այսօր Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ-ի հետ ունենալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հնարավորություն ունի ամեն ինչ ուղղորդել դեպի տեղական շուկաներ ու թիրախավորել եվրոպական շուկաները։

Հեղինակային իրավունքները՝ Banks.am-ի։

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ