Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը:
Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցն է «Կինոպարկի» տնօրեն Արեգ Դանիելյանը։
Հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ:
Հետաքրքիր հարց է: Կարծում եմ, երկուսն էլ ճիշտ է: Եթե վերցնենք գիտական բնութագրերը երկուսի համար էլ, ապա մայրենիքը դիտարկվում կամ բնութագրվում է որպես սեփականության տեսակ կամ իրավունք, որի կրողը համարվում է կինը, մինչդեռ հայրենիքը մի տարածք է կամ հողակտոր, որտեղ բնակվողները ապրում են՝ կերտելով սեփական պատմությունը, մշակույթը և կենցաղը:
Սա գիտական կամ դասագրքային բնութագիրն է, իսկ եթե ասեմ հոգուս և սրտիս զգացածը, ապա նույնպես կասեմ՝ Հայրենիք: Տարբեր ազգերի կամ էթնոսներիի անդամներ կարող են ծնվել ու ապրել իրենց հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իրենց հայրենի պետության քաղաքացի: Այդուհանդերձ, նրանց հայրենիքն իրենց նախահայրերի բնօրրանն է: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք՝ հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ, ապա մեզ բոլորիս ավելի հոգեհարազատ է Հայրենիք ասածը:
Որտեղի՞ց եք սերում արմատներով, և ինչքա՞ն կարևոր են մարդու համար սեփական արմատները ճանաչելը:
Արմատներով Արցախից եմ կամ ինչպես ընդունված է ասել՝ Ղարաբաղցի եմ: Հայրական պապս ծնվել է Ղարաբաղում՝ Հարավ գյուղում իսկ մորական պապս՝ Գանձասար եկեղեցու հարևանությամբ գտնվող Վանքում: Մայրս ու հայրս երևանցի են:
Արմատները շատ կարևոր են ցանկացած մարդու համար: Կարծում եմ՝ մարդու ծագումնաբանությունը և արմատները հետագայում ձևավորվող բնավորության հիմքն են հանդիսանում: Եվ ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես հպարտ եմ իմ ծագումնաբանությամբ և արմատներով: Նույնիսկ ծնված լինելով և ամբողջ կյանքս ապրելով Երևանում՝ ես ինձ համարում եմ Ղարաբաղցի։
Մի քանի բառով նկարագրեք ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը:
Մանկությունս և պատանեկությանս մի մասն անցել է Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատվածում՝ 90-ականներին: Բայց միևնույն ժամանակ լինելով տան փոքրը, կարող եմ ասել, որ ծնողներս և ավագ եղբայրս արել են հնարավորը, որ ինձ համար այն անցնի հնարավորինս անհոգ, եթե ոչ երջանիկ: Իսկապես շատ դժվար էր, և ես շնորհակալ եմ ծնողներիս, որ այդ մութ և ցուրտ տարիներին ինձ ու եղբորս տվել են կրթություն և ճիշտ դաստիարակություն:
Դժվարություններ կային, բայց հենց այդ դժվարություններն են, որ մեր սերնդին կոփել են, դաստիարակել և սարքել ավելի դիմացկուն, դժվարություններից չխուսափող և ժամանակից շուտ չհանձնվող:
Երիտասարդ կամ ուսանողական տարիներս եղել են կյանքիս ամենալավ և ամենահիշվող տարիները: Անհոգ էինք՝ լի ձգտումով, ինքներս մեզ փորձելու և հասկանալու այն շեմը, որից այն կողմ պետք է կանգ առնել: Երազանքները և ձգտումները շատ էին: Որոշները հնարավոր եղավ իրագործել, մյուսները դեռ իրականացման փուլում են:
Ո՞րն է ձեր կյանքի ամենակարևոր դասը:
Այն, որ պետք չէ շտապել։ Շտապողականությունը շատ դեպքերում կարող է կործանարար ազդեցություն թողնել: Առհասարակ կյանքը դեռ ինձ կրթում է: Եվ մինչև վերջին պահը մենք բոլորս էլ անցնելու ենք կյանքի համալսարանները: Պարզապես պետք է լինել հնարավորինս պատրաստ թե դրական, և թե բացասական դասերի, որոնք էլ հենց ձևավորում են մարդու ոգին և բնավորությունը:
Եթե անդրադառնանք Հայաստանի խնդիրներին, որո՞նք են մեր կրթական համակարգի խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք:
Շատ ծավալուն և ցավոտ թեմա է: Ուսումս մեծամասամբ ստանալով Հայաստանում՝ կարող եմ ասել, որ մեր կրթական համակարգը, մեղմ ասած, գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Ցավոք, սկսած նախադպրոցական կրթությունից, վերջացրած բուհականով: Կրթական համակարգը ցանկացած պետության կամ հասարակության հիմնաքարն է և ապագան: Ուստի, կարծում եմ՝ պետությունը կրթության վրա պարզապես իրավունք չունի խնայելու ցանկացած տիպի միջոցներ։ Չէ՞ որ, ինչպես նշեցի, դա մեր երկրի և մեր բոլորի ապագան է։ Մեր կրթական համակարգի՝ ոչ այդքան բարվոք վիճակում գտնվելու մասին է վկայում նույնիսկ այն, որ հայաստանյան շատ գործատուներ հակված են աշխատանքի վերցնել արտերկրում ուսում ստացած անձանց:
Ի՞նչ առանցքային խնդիրներ կառանձնացնեք այս ոլորտում։
Կարծում եմ, որ բոլոր խնդիրները հիմնային են և համակարգային: Իհարկե, սխալ կլինի ասել, որ բարեփոխումներ չեն արվում, բայց դրանք, ցավոք, հիմնային չեն: Լոկալ բարեփոխումներ են արվում տարանցիկ հարցերի վերաբերյալ, որոնք մեծամասամբ հեռանկարային բնույթի չեն և ուղղված են հենց այս պահին որոշակի հարցեր կարգավորելուն: Հայաստանում, կարծում եմ, կաղում է մասնագիտական կրթությունը:
Մեր բուհերը մեծամասամբ մասնագետներ չեն տալիս: Մեզ մոտ գիտելիքները ընդհանուր են, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում գրեթե վերացել է «ընդհանուր գիտելիքներ» հասկացությունը: Կան հստակ ծրագրեր՝ հստակ մասնագիտական հմտություններով ապագա կադրեր պատրաստելու նպատակով: Արտերկրում գրեթե չկան համալսարան ավարտած, օրինակ, տնտեսագետներ, որոնք հասկանում են թե հաշվապահությունից, թե աուդիտից և թե բանկային գործից:
Իհարկե, վերը նշվածը տնտեսագիտական կրթական ծրագրերի մեջ ներառված է, բայց բուհը հստակ պատրաստում է հաշվապահներ, աուդիտորներ և բանկային մասնագետներ: Իսկ մեզ մոտ, ցավոք, շրջանավարտը համալսարանը ավարտելուց հետո, դիպլոմը ձեռքին առնչվում է աշխատանք գտնելու խնդրին՝ կոնկրետ և նեղ մասնագիտության պահանջով: Եվ երբ շրջանավարտին հաջողվում է ընդունվել աշխատանքի, ընթացքում աշխատանքային փորձի և տեղում սովորելու արդյունքում նա դառնում է կոնկրետ բնագավառի մասնագետ:
Բնականաբար, ցանկացած աշխատանքի անցնելով՝ մեզանից յուրաքանչյուրն էլ անցնում է այսպես ասած հղկվելու և պրակտիկայի ընթացքում մասնագետ դառնալու ճանապարհը, բայց կան հիմնային կոնկրետ մասնագիտական գիտելիքներ, որոնք դու պետք է ստացած լինեիր բուհից և արդեն դրանք պրակտիկ կիրառության մեջ դնելով՝ դառնայիր էլ ավելի մասնագիտացած:
Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն։
Կասեմ, որ մեզ բոլորիս միավորում է բարեկեցիկ ապրելու ձգտումը: Դա և լավ է, և վատ: Լավ է այնքանով, որ դա բոլորիս մեջ ձևավորում է ամբիցիաներ: Ամբիցիաները շատ լավ են, բայց նշեմ, որ այնպայման պետք է լինեն հիմնավորված, չափի մեջ և տեղին: Հայաստանում հաջողակ բիզնեսների մեծ մասի հետևում կանգնած են սեփականատիրոջ ամբիցիաները և երազանքները՝ հաջողության հասնելու վերաբերյալ: Իսկ հաջողված բիզնեսը նշանակում է կայուն և զարգացած երկիր, մեծ հեռանկարով: Իսկ վատ է այնքանով, որ շատ դեպքերում կրում են «հաջողության հասնել ցանկացած գնով» կարգախոսը, որը շատ վտանգավոր է:
Ճանապարհին նման կարգախոս «որդեգրած» մարդիկ շատ դեպքերում կորցնում և անտեսում են շատ բաներ, որը բերում է քայքայման և տվյալ անձի՝ չափից ավելի անհատականացման, թիմային խաղին միանալու ցանկության բացակայության, սեփական ես-ի գերակայության և ընդհանուր գաղափարի կործանման, որը կործանիչ է ոչ միայն տվյալ անձի համար, այլ բիզնեսի, պետության ու երկրի համար: Ընդհանուր գաղափարի բացակայությունը կործանիչ է:
Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ո՞րն է հայ հասարակության «դիագնոզը»:
Ճիշտ և ժամանակին ախտորոշումը ՝ առողջանալու 50% երաշխիքն է: Դժվարանում եմ ասել, քանզի խոսել ազգի «դիագնոզի» մասին, որի մի մասնիկն եմ նաև ես, դժվար և անշնորհակալ գործ է:
Կարծում եմ՝ «դիագնոզ» է այն, որ մենք անհանգիստ ենք, անհամբեր, բողոքող ենք և չարակամ, ժողովրդական լեզվով ասած՝ չուզող: Վերջին ժամանակահատվածում մեզ մոտ կարծես ձևավորվել է ևս մեկ վատ «լոզունգ»՝ հարուստներ չպետք է լինեն: Եվս մեկ չկամության դրսևորում: Մինչդեռ, ես կարծում եմ, որ այն պետք է կարդինալ ձևափոխվի և դառնա՝ աղքատներ չպետք է լինեն: Դա պետք է դառնա ազգային գաղափարի և ծրագրի պես մի բան: Եվ անշուշտ դա պետք է իրականացնել ոչ հարուստներին աղքատացնելու շնորհիվ, այլ հարուստ և հաջողակ մարդկանց այդ պրոցեսի մեջ ներգրավելով:
Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել:
Ներկա պահին կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ կան։ Կան հիմնային խնդիրներ, որոնք եկել են որպես ժառանգություն դեռևս նախորդ դարի սկզբից և կան այնպիսինները, որոնք ձևավորվել են վերջին ժամանակահատվածում, որոնցից ամենասարսափելին և առաջնայինը համաճարակն է:
Հայաստանի պես փոքր երկրի համար, որը շրջապատված է թշնամիներով, օրհասական հարցը միշտ եղել է անվտանգությունը: Կրթական համակարգի խնդիրների մասին խոսեցինք, անհրաժեշտ եմ համարում նշել նաև առողջապահական ոլորտի խնդիրները: Առհասարակ առաջարկվող ծառայությունների որակի բարձրացման մասին պետք է մտածել։
Միջազգային ասպարեզում մեր օրակարգը վերջին 25-30 տարիների ընթացքում միշտ եղել է անփոփոխ և հստակ: Հույս ունեմ, որ այսօր էլ միջազգային հարթակներում մենք մեր հարցադրումների և պահանջների մեջ հստակ ենք և անկոտրում:
Իսկ հիմնային խնդիրը կարծում եմ՝ պետական մակարդակով ազգային գաղափարի բացակայությունն է: Գաղափարը պետք է լինի ազգանվեր և միտված լինի միայն և միայն երկրի զարգացմանը, որը բոլորիս կմիավորի: Գաղափարը ձևավորելուց և այն հանրության մեջ սերմանելուց հետո, կարծում եմ բոլոր խնդիրների լուծումները կգան:
Անհատներ, թե ինստիտուտներ, որը զարգացնել։
Անհատները կամ առաջնորդները շատ կարևոր են: Մեր երկրում միշտ եղել են անհատներ, որոնք երկիրը բերել են հաղթանակի կամ զարգացման, պատմության տարբեր փուլերում: Բայց, կարծում եմ պետք է զարգացնել ինստիտուտները:
Անհատները միշտ ել եղել են, բայց ցավոք գալիս է մի պահ, որ անհատը սկսում է երկիրը տանել իրեն ցանկալի ճանապարհով, երկիրը և ժողովրդին սկսում է ծառայեցնել սեփական կարիքներին, որը շատ դեպքերում հակասում է ազգային գաղափարին և կամա թե ակամա դառնում է կործանարար: Իսկ ինստիտուցիոնալ կառավարման մեջ առաջնային է համարվում համընդհանուր գաղափարը: Պետականության մակարդակով, կարծում եմ, անհատները պետք են լինեն պատերազմի դաշտում: Մեր անհատների և առաջնորդների շնորհիվ է, որ մենք ունենք հաղթանակած բանակ և անկախություն: Իհարկե, իդեալական տարբերակը բալանսն է՝ ինտիտուտներ և անհատներ, բայց դա ցավոք գրեթե անհնար է: Ոստի, կարծում եմ՝ կարիք ունենք զարգացնելու ինստիտուտները:
Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ։
Անգլերենում կա շատ լավ բառ՝ legacy, որը թարգմանաբար նշանակում է ՝ ժառանգություն: Խոսքը նյութական ժառանգության մասին չէ, այլ գաղափարային, արժեհամակարգային ժառանգության: Մենք պարտավոր ենք սերունդներին թողել ձևավորված ազգային արժեհամակարգ և գաղափարներ: Իսկ դրանց ձևավորման համար, մենք այսօր պետք է ունենանք զարգացած ինստիտուտներ:
Ի՞նչ եք անում դուք ամեն օր կամ պարբերաբար՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։
Փիլիսոփայական հարց է կարծում եմ: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր անում է ինչ-որ բան՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար: Սկսած քաղաքը չաղտոտելուց, վերջացրած հարկերը վճարելով: Հայաստանը լավը դարձնելու համար յուրաքանչյուրս մեր տեղերում պետք է կատարենք մեր աշխատանքը՝ լավ, բարեխղճորեն և որակով: Ցանկացածիս ունեցած դրական արդյունքը քայլ առ քայլ բերում է երկրի լավացմանը:
Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:
Բոլոր ժամանակներն ունեն իրենց հերոսներին և հակահերոսներին: Ես առհասարակ չեմ սիրում խոսել մի բանի մասին, որը չկա, կամ եղել է անցյալում: Միանշանակ մենք բոլորս պետք է իմանանք մեր պատմությունը և անկախ ամեն ինչից հպարտանանք դրանով: Տիգրան Մեծի ժամանակներում խնդիրները ուրիշ էին, հիմա ուրիշ: Եվ հիմա երազել ծովից ծով Հայաստանի մասին, կարծում եմ՝ անիմաստ է: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը, տարբեր ձևերով տվել եմ նախորդ հարցերին պատասխանելով:
Ինչպե՞ս է փոփոխվել Ձեր կյանքը կորոնավիրուսի պայմաններում, ի՞նչ հետևանքներ է այն բերել բիզնեսի համար, ի՞նչ դասեր կարող ենք քաղել։
Նախ և առաջ «Կինոպարկի» ամբողջ անձնակազմի անունից կորոնավիրուսով վարակվածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, իսկ մահացածների ընտանիքներին և հարազատներին՝ հայտնում ցավակցություն: Սարսափելի իրավիճակ է:
Առհասարակ ամբողջ աշխարհում այս համաճարակը և իրենից բխող սահմանափակումները գրեթե աղետային հետևանքներ ունեցան և դեռ շարունակում են ունենալ: Միանշանակ, բոլորս հասկանում ենք սահմանափակումների անհրաժեշտությունը, քանզի մարդու առողջությունից և կյանքից ավելի թանկ բան չկա: Կարևորը մարդն է:
Իհարկե, կորոնավիրուսը ամենամեծ հարվածը հասցրեց զբոսաշրջությանը և զվարճանքի ոլորտներին, որի զգալի մասը կազմում է այն ոլորտը, որտեղ ես գործունեություն եմ ծավալում՝ կինոթատրոնները և կինոինդուստրիան առհասարակ: Բիզնես տեսակետից հետևանքները բոլորի համար մոտ են կործանարարին: Կինոթատրոնները արդեն գրեթե 5 ամիս է՝ փակ են, ինչը նշանակում է, որ բիզնեսը չի կատարում իր գլխավոր ֆունկցիան՝ չի գեներացնում շահույթ: Չնայած դրան, հպարտությամբ կցանկանամ նշել, որ մեր աշխատակիցները, ինչպես նաև «Գալաքսի» ընկերության մյուս կազմակերպությունների բոլոր աշխատակիցները, ի շնորհիվ կազմակերպության ղեկավարների ճիշտ մարտավարության, պահպանել են իրենց աշխատատեղերը և աշխատավարձերը: Սա, անշուշտ, մեծ և նախանձելի ձեռքբերում է:
Խոսելով առհասարակ այս ոլորտի մասին, մեծ ցավով կցանկանայի նշել, որ այս տարվա գրեթե բոլոր խոշորագույն ռելիզները տեղափոխվեցին կամ այս տարվա վերջ կամ մյուս տարի: Սա նույնպես մեծ հարված է կիոաշխարհին: Իրավիճակը ճգնաժամային չէ, բայց շատ մոտ է դրան: Հուսադրող է այն հանգամանքը, որ արդեն իսկ գրեթե ամբողջ աշխարհի կինոթատրոններն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները պահպանելով: Մենք նույնպես մեծ հույսեր ունենք, որ այս ամսվա կեսերից կամ եկող ամսվա սկզբին նույնպես կբացենք մեր դռները մեր շատ սիրելի հանդիսատեսի առաջ՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության պայմանները ապահովելով:
Խոսելով քաղված դասերի մասին, կարծում եմ, որ ամբողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ, թե ինչքան է անհրաժեշտ լինել մաքսիմալ պատրաստված, ունենալ հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ և ժամանակին իրականացնել բոլոր կանխարգելիչ միջոցները: Կարծում եմ, որ այս համաճարակը բոլորիս միավորեց մեկ գաղափարի շուրջ. կարևորը մարդն է:
Ի՞նչ լսել կամ դիտել այս հարցազրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք։
Խորուրդ կտամ դիտել Ադամ Մաքքեյի «Իշխանություն» (Vice) ֆիլմը, որը շատ լավ ներկայացնում է քաղաքական աշխարհում անհատի կործանարար ազդեցությունը ընդհանուր գաղափարի նկատմամբ: Անհատ՝ ընդդեմ ինստիտուտների:
Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։