Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը։
Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում:
Մեր զրուցակիցն է «Գալաքսի» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը:
Հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչու։
Ֆունկցիոնալ առումով երևի թե տարբերություն չկա, 2 տարբերակն էլ լիովին իրականացնում են այն առաքելությունը, որի համար ընտրվել են հենց այդ բառերը, այսինքն փոխանցելու վեհ գաղափար, հարազատ ու սրտին մոտիկ լինելու երևույթ, կարևորագույն արժեք ներկայացնելու իմաստ, սակայն հայրենիք անվանելով կարծես թե լրացուցիչ անգամ ընդգծում ենք ուժը, տոկունությունը, անսասանությունը:
Արմատներով որտեղի՞ց եք սերում, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը։
Շատ համառ արմատներ ունեմ։ Ես Արցախից եմ, և ինչպես տոհմածառիցս է երևում, նախապապերս սերնդեսերունդ նույն տարածաշրջանում են ապրել՝ Ասկերանում։ Հայրական կողմս հոգևորակաների տոհմից է, որոնք ծառայել են եկեղեցուն մինչև 1937 թվականը։ Վերջին քահանան նախապապս էր՝ Տեր Հովհաննեսը։ Բոլշևիկների ներխուժումից հետո նրան հրապարակայնորեն կոչումից զրկեցին, անպատվեցին ու կործանեցին եկեղեցին։ Դրան հաջորդեց ռեպրեսիաների շրջան, հետևանքները իր համար ծանր են եղել։ Նա շարունակեց մնալ նույն տարածաշրջանում, բայց երկար չապրեց այդ ամենի հետևանքով։ Նրա մահից կարճ ժամանակ անց վախճանվել է նաև նախատատս։ Երեխաներին, այսինքն՝ պապիս, իր քույրերին ու եղբայրներին որդեգրել են, տեղափոխել Բաքու, բայց ավելի հասուն տարիքում պապս հետ է վերադարձել Արցախ, շարունակել բնակվել այնտեղ։
Ծնողներս ևս, չնայած դժվարություններին, պատերազմին, չլքեցին Արցախը։ Նույնը եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Երբ ես առաջին օրը զանգեցի հայրիկիս ու հարցրեցի թե ինչ է անում, ասաց՝ այգում է ։ Հարցրեցի՝ լուրեր չի՞ լսում, պատասխանեց՝ «գնացի հաշվառվեցի, եկա»։ Հարցրեցի՝ եթե ամեն ինչ խորանա, արդյոք չեն տեղափոխվի, ասաց՝ ո՞ւր տեղափոխվեմ, սա իմ տունն է: Մայրս էլ կողքից հավելեց՝ մի պատերազմ հաղթահարել ենք, ևս մեկը կհաղթահարենք։
Արմատները ճանաչելը կարևոր է։ Անձի ձևավորումը էապես կախված է միջավայրից, և հետագա արժեքային համակարգի հիմքը հենց միջավայրն է դնում, ըստ իս: Կարծում եմ սկզբունքայնությունը մարդկային կարևորագույն հատկանիշներից է, ու արմատներ ճանաչելը այդ հատկանիշի ձևավորման հենասյուներից է:
Սակայն այս ամենը ասում եմ առանց որևէ քննադատության, որովհետև, երբ բախտդ բերում է և բնակվում ես հայրենիքում, արմատներ ճանաչելը ստացվում է ինքնըստինքյան։ Եվ միշտ մտածել եմ, որ այն մարդիկ, որոնք ծնվել ու մեծացել են, բարեկեցիկ ապրում են իրենց հայրենիքում, հիրավի երջանիկ են։ Եթե հիշենք Շիրազի՝ «Որն է բաբո մեր հայրենիք», միամիտ թվացող հարցը, իրականում որքան ողբերգություն է պարունակում:
Մի քանի խոսքով ներկայացրեք, թե ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպես է անցնում երիտասարդությունը։
Մանկությունս անցել է պատերազմի էպիկենտրոնում, հետո արդեն վերականգնվող միջավայրում։ Կարող է վախենալու թվալ, երբ լսում ես ռմբակոծության, նկուղներւմ անցկացրած օրերի, օդային տագնապների մասին, բայց իմ մեջ տպավորվել են ոչ թե վախը և տագնապը, այլ այդ օրերի բարությունը, ջերմությունը, համախմբվածությունը։ Սովորաբար հենց այսպես էլ լինում է, երբ մարդիկ համախմբված են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և անձնազոհ հետևում են դրան։ Սա վաղ մանկությունն էր, հետո արդեն դպրոցական տարիները, որոնցից ունեմ վառ ու դրական հիշողություններ։ Վայելել եմ իմ սիրելի դպրոց հաճախելու յուրաքանչյուր օրը և հպարտ եմ, որ այդ դպրոցի շրջանավարտն եմ: Երկար տարիներ զբաղվել եմ նաև բասկետբոլով և եղել եմ դպրոցի բասկետբոլի հավաքականի աղջիկների թիմի առաջնորդը։ Թիմային աշխատանքը գնահատելու, թիմ ղեկավարելու և թիմի մասնիկ լինելու առաջին դասերս ու փորձը հենց այդ սպորտաձևի միջոցով եմ ստացել:
Որո՞նք են կյանքի ամենակարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք։
Գիտակցելը ու հավատալը, որ անհնար ոչինչ չկա։ Եթե խոսքը կյանքին ու մահվանը չի վերաբերում, ապա մնացած ամեն ինչ կախված է նպատակի կարևորությունից, հիմնավորվածությունից և հատկացված ժամանակից։ Վերջերս Մարոկկոյի խանութներից մեկում մի մեծ լամպ տեսա, որը և գեղեցիկ էր, և այդ երկրի կոլորիտն էր փոխանցում։ Վաճառողին ասացի, որ շատ սիրուն է, ափսոս ճամպրուկիս մեջ չի տեղավորվի: Նա պատասխանեց՝ կտեղավորվի, անհնար ոչինչ չկա, եթե ինչ-որ բան անհնար է, ապա այն գոյություն չունի։ Եվ դա այս տարվա իմ ամենասիրած ձևակերպումներից դարձավ։ Կարծում եմ, որ սա կիրառելի է բոլոր բնագավառներում։ Ամեն ինչ անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չես գտել, իսկ այն գտնելու համար նախ պետք է համոզմունք, հետո աշխատասիրություն և վճռականություն: Այս ճանապարհին կարևոր է նաև ունենալ քայլերի հիմնավորվածություն և չշեղվել ուղուց: Քանի դեռ կարողանում ես ինքդ քեզ պատասխանել, թե ինչի համար ես անում այն, ինչ անում ես՝ ամեն ինչ ճիշտ է: Պետք չէ հրաժարվել նպատակից միայն որովհետև այդպես է կարծում կամ ուզում միջավայրը:
Եվս մեկ կարևոր դաս է այն, որ միշտ պետք է ընդառաջ գնալ փոփոխություններին, որովհետև այդ դեպքում արդյունքները լինում են դրական, նույնիսկ եթե անմիջապես չեն գալիս։ Փոփոխությունները կոմֆորտ զոնայից դուրս գալու, ամենաարդյունավետ ու արագ աճ ապահովող միջոցներից են։
Եթե անդրադառնանք Հայաստանի կրթական համակարգի խնդիրներին, որո՞նք են դրանք, ինչ տարբերություններ կան արտերկրի կրթական համակարգերի համեմատ:
Կարծում եմ մեր կրթական համակարգը չի համապատասխանում աշխատաշուկայի ներկա պահանջներին, իսկ դասավանդվող նյութերն արդիական չեն։ Բայց ես չեմ անդրադառնա դրան, որովհետև կրթվելու այլընտրանքային միջոցներն այքան շատ են ու հասանելի, որ այս խնդիրը հաղթահարելի է։ Ավելի շատ ուզում եմ անդրադառնալ մեր կրթական համակարգի թերացմանը անհատներ ստեղծելու հարցում։ Կարծում եմ, որ ցանկացած ունակություն ունի պոտենցիալ, ցանկացած միտք, նախաձեռնություն ու գաղափար պետք է ոգևորել ու համազմունք ներշնչել սեփական ուժերի նկատմամբ։ ԽՍՀՄ-ից մնացած բացասական կողմերից մեկը կարծրատիպերով առաջնորդվելն է, այն է՝ հաջողության միայն մեկ ուղի կա՝ դպրոցն ավարտել միայն բարձր գնահատականներով, ընդունվել համալսարան ու այս ամենն անել շատ արագ ռիթմով՝ անդադար համեմատվելով դասարանցիների ու կուրսեցիների հետ: Եվ անդադար շտապում ենք, չգիտենք, թե ուր։ Դրա փոխարեն պետք է սովորեցնել, թե ինչպես կենտրոնանալ սեփական անձի վրա ու անհատականություն մեծանալ։
Մեր համակարգը մենթորների մեծ պակաս ունի:
Ինչպե՞ս կբնութագրեք մեր հասարակությանը որպես հավաքական միավոր։
Իրականում մեծ պոտենցիալով ու համախմբվելու, ինքնակազմակերպվելու զարմանալի ունակությամբ ժողովուրդ ենք, բայց սա վերաբերում է ճգնաժամային իրավիճակներին: Իսկ հանգիստ ժամանակ նույնքան զարմանալի հատկանիշ ունենք՝ ոչ ռացիոնալ և անարդյունավետ վարքագիծ ցուցաբերել։ Մտածում եմ, եթե մեզանից յուրաքանչյուրն այդքան ժամանակ ծախսի սեփական անձի մասնագիտական ունակությունների զարգացման վրա, ինչքան որ քաղաքական թեմաներ քննարկելու վրա է ծախսում, երևի շատ ավելի բարձր որակի աշխատաշուկա կունենանք։
Ասում են՝ առողջացման համար պետք է նախ իմանալ ախտորոշումը։ Ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»։
Չեմ կարող բնորոշել որպես դիագնոզ, բայց ես տեսնում եմ խնդիր, որ մենք չունենք հստակ տեսլական՝ ուր ենք ուզում գնալ։ Եվ խոսքը ծովից ծով Հայաստան ռոմանտիկ ձևակերպումների կամ շարունակական երկնիշ տնտեսական աճ գրանցելու աբստրակտ պատասխանների մասին չէ, այլ հիմնավորված ձևակերպում, օրինակ, ուզում ենք զարգացնել այս կամ այն ոլորտը, որովհետև ունենք պոտենցիալ, համապատասխան ռեսուրսներ, և սրա զարգացումը չի սպառնում ոչ երկրի, ոչ ժողովրդի առողջությանը կամ կարճաժամկետ զարգացում չի ապահովում։ Հետևաբար, ճանապարհը նման տրամաբանական հարց ու պատասխանի միջոցով տեսլական ձևավորելն է։
Եթե շարունակենք հարցը՝ որո՞նք են մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ անել դրանց լուծման համար։
Ես ուզում եմ անդրադառնալ տնտեսական ոլորտի խնդիրներին։ Ասում են՝ եթե ուզում եք ունենալ չորս կարծիք, սենյակում հավաքեք երեք տնտեսագետի։ Մենք օտարերկրյա և տեղական ներդրումների խթանման խնդիր ունենք, ներդրումային միջավայրի զարգացման համար օրենսդրական կարգավորումներ պետք է արվեն։ Խոսքը մասնավոր հատվածի ներդրումների մասին է, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա։ Կարծում եմ՝ ամենաէական հարցը օրենսդրական դաշտի բարեփոխումն է ու նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի համակարգի մշակումը, որտեղ ներդրողները շահագրգռված կլինեն շարունակել արդյունքը զարգացնել հենց այստեղ:
Սրա արդյունքում կունենանք որակյալ և բարձր հմտություններ պահանջող աշխատատեղերի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում, գիտելիքի և կապիտալի փոխանցում և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճ և բնակչության բարեկեցության ապահովում:
Նաև կարևորում եմ Էկոլոգիապես անվտանգ զարգացումը, որը ինքնին խթան կհանդիսանա ներդրումների ու ինովացիաների համար, ինչն էլ կայուն տնտեսական աճ ապահովելու նախապայմաններից է։
Անհատնե՞ր զարգացնել, թե՞ ինստիտուտներ։
Ես անհատների ջատագով եմ եղել և խմբային մտածելակերպից միշտ խուսափել եմ։ Բայց եթե խոսքը պետական մակարդակով զարգացման մասին է, մանավանդ հաշվի առնելով այն, որ անհատները հակում ունեն շատ արագ վարակվելու պոպուլիզմով ու մոռանալ, թե ինչի համար են իրենք հայտնվել այդ դիրքում, այս ամենից ելնելով՝ միանշանակ պետք է ինստիտուցիանալ ամուր ու կայուն համակարգ ունենալ: Դա թույլ կտա, որ իրականացվող միջոցառումները անհատի դիրքորոշումներից կախված չլինեն, դրանք կելնեն հասարակության մեծամասնության շահերից։
Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ։
Եթե նույնիսկ չկարողանանք փոխանցել արդեն իսկ զարգացած երկիր, ապա գոնե ռազմավարական կարևոր ոլորտների զարգացվածություն պետք է ապահովենք և հստակ տնտեսվարման մեխանիզմ ու համակարգ ունենանք։ Նաև կարևորում եմ, որ կարողանանք սերմանել սոցիալական պատասխանատվության զգացումը և մեր, և ապագա սերունդների մեջ։ Չպետք է ապրենք սպառողի վարքահոգեբանությամբ, այնպես, կարծես վերջին օրն ենք այս երկրում։ Պատասխանատու քաղաքացի լինելու ձգտումը պետք է լինի։
Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։
Կուզենայի ոչ միայն իմ, այլ բոլոր մարդկանց ու կազմակերպությունների անունից խոսել, որոնք կան Հայաստանում, աշխատում են այստեղ, որոնք չեն գայթակղվել արտասահմանում առկա հնարավորություններով, այլ ընտրությունը կատարել են ի օգուտ Հայաստանի ու մնացել են այստեղ։ Եթե անհատի մակարդակով նայենք, մանավանդ մեր սերնդի համար արտասահման տեղափոխվելը բավական հեշտ է, կարճ ժամանակում հնարավոր է ավելի մեծ հաջողությունների հասնել, հրապուրիչ առաջարկներ ստանալ: Նույնը նաև ընկերություններին է վերաբերում: Եթե ունես կապիտալ, մանավանդ արագ զարգացած տնտեսական համակարգ ունեցող երկրներում հնարավորությունները մեծ են, բայց, ինչպես տեսնում ենք, շատ հայ ներդրողներ նախընտրում են այդ ներդրումները իրականացնել հենց Հայաստանում։ Թող անհամեստություն չթվա, բայց այստեղ ուզում եմ առանձնացնել մեր կազմակերպությունը, որը մեծ գործ է անում այս ոլորտում՝ թե բիզնես միջավայրի ձևավորման հարցում, թե սպասարակման ոլորտին նոր շունչ տալով, թե ավելի բարձր կարգի ծառայություններ ու մրցունակ ապրանքներ մատուցելով: Այնպես որ, մեզանից յուրաքանչյուրն ամեն օր մնալով Հայաստանում ու աշխատելով այստեղ՝ մեկ միավորով ավելացնում է երկրի ՀՆԱ-ն ու իր լուման ունի երկրի ապագազայի զարգացման գործում։
Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:
Որքան էլ հպարտ եմ, որ հնագույն ազգ ենք, որը գոյատևել է դարեդար, բայց ուզում եմ մաքսիմալ արագ ձերբազատվենք փոքր ազգերի բարդույթից ու անցյալին հետադարձ հայացք գցենք ոչ թե հպարտանալու առիթներ փնտրելու կամ ներկան արդարացնելու պատճառաբանություններ բերելու, այլ բացառապես դասեր քաղելու համար: Եվ ես կուզենայի ոչ թե սա անվանել 95-55, այլ թե ինչպես եմ տեսնում Հայաստանը սրանից 95 տարի հետո։ Կոնցեպտը մեկն է՝ ունենալ հստակ տեսլական, իրատեսական պատկեր, թե ուր ենք գնում և ճանապարհային քարտեզ՝ քայլերի նկարագրությամբ: Եվ ամեն օր կես-կես քայլերով այդ ամենն իրականություն պետք է դարձնենք։ Զարգացման ուղին ամենաարագն է, երբ դու տեսնում ես, թե վերջում որն է քո նշանակետը։
Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք։
Շատերը լսած կլինեն Մարտին Լյութեր Քինգի հայտնի ելույթը, որտեղ հիմնական հաղորդագրությունը դա ռասայական խտրականության վերացման պահանջն է, բայց այդ ելույթի որոշ հատվածներ, որտեղ նա հորդորում է վստահ լինել սեփական եսի մեջ և ցանկացած միջոցով առաջ գնալ դեպի նշանակետ, առավել ազդեցիկ են և մնում են բոլոր ժամանակներում արդիական: Կուզենայի որ ընթերցողը լսի հենց այդ հատվածների կոնսպեկտը, որը տևում է ընդմենը 2 րոպե, բայց կարծում եմ ազդեցությունը շատ ավելի երկար կտևի:
Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։