Երազում ենք Հայաստանը տեսնել նորարարությունների քարտեզում

Գուրգեն Խաչատրյանը «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիրն է եւ Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահը։

«Գալաքսի» խումբը միավորում է 15 ընկերություն։ 2018-ի դեկտեմբերի տվյալներով՝ ընկերությունների խմբում աշխատում է ավելի քան 3000 մարդ, միջին ամսական աշխատավարձը 315 000 դրամ է։  «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացված է ՏՏ եւ հեռահաղորդակցության, վաճառքների եւ սպասարկման, անշարժ գույքի ոլորտներում։

Աշխատասենյակը

Շվեդները որոշել են ուրբաթ օրերին աշխատել մինչեւ կեսօր։ Ավելացնում են weekend-ի ժամանակը։ Իսկ դուք մի՞շտ եք հանգստյան օրերին աշխատում։

Հաճախ, բայց փորձում եմ գոնե կիրակին ընտանիքիս, աղջիկներիս եւ ընկերներիս հետ անցկացնել։ Շաբաթվա ընթացքում շատ զբաղված եմ, երբեմն հասցնում եմ երեխաներիս դպրոցից ու մանկապարտեզից տուն տանեմ»։

Գուրգեն Խաչատրյանին հանդիպում ենք Կիեւյան 1-ի գրասենյակում, շաբաթ օրը` ժամը 14։30-ին։ Մեծ աշխատասենյակում միանգամից աչքի է ընկնում սեղանին դրված The Economist-ի թարմ համարը, պատին կախված կտավները, գրապահարանը։

Ասում է, որ վերջին շրջանում շատ է կարդում։ Մի քանի շաբաթ առաջ ավարտել է «Հավաքական հանճարները» (Collective Genius), հիմա ընթերցում է հրեա գրող Յուվալ Նոյ Հարարիի՝ «21-րդ դարի 21 մարտահարվերները» (21 Lessons for the 21st Century)։

Սպորտ, արվեստ

Սպորտը շատ կարեւոր է։ Այն արթնացնում է պայքարելու ունակությունը, սովորեցնում է աշխատել թիմով, զարգացնել կամքի ուժը։

Գուրգեն Խաչատրյանը զբաղվում է ֆուտբոլով ու մեծ թենիսով։ Պրոֆեսիոնալ մարզիկ չէ, բայց թիմային խաղերի երկրպագու է։ Աղջիկները ժառանգել են հոր սպորտային հետաքրքրությունները՝ մեծը նույնպես հետաքրքվում է թենիսով, կրտսերը՝ դեռ միայն գեղասահքով։

Գործարարը արվեստի երկրպագու է։ Սիրում է հատկապես հայ նկարիչներին ու պնդում՝ հայկական կերպարվեստը գունային գամմայի շնորհիվ միանգամից է տարբերում։

«Երբ, ի վերջո որոշում եմ որեւէ նկար պատին կախել, նշանակում է, որ այն ինձ համար հատուկ պատմություն ունի։ Վստահ եմ, որ արվեստագետներն այլ աշխարհի մարդիկ են։ Չես կարող պարզապես սիրել արվեստ, եթե չես ուսումնասիրում այն»,- ասում է Գուրգեն Խաչատրյանն ու մատնացույց անում սենյակի անկյունում դրված կտավներից մեկը։

Ընկերները

Նրանց հետ կիսում եմ առօրյաս, աշխարհընկալումս, խոսում ենք նույն լեզվով։ Նրանց շարքում շատ են դպրոցական եւ ուսանողական ընկերներս, որոնց երեխաների հետ այսօր նաեւ իմ երեխաներն են ընկերություն անում։

Ասում է, որ ընկերության մեջ կարեւորում է ազնվությունը, տալու եւ չպահանջելու ունակությունը։ Պնդում է՝ գործարար միջավայրում շատ դժվար է գտնել այն մարդկանց, որոնց հետ կարող ես ընկերություն անել։

Այստեղ կարեւոր է հասկանալ՝ ով ինչ լեզվով է խոսում եւ նրանց հետ խոսես հենց այդ լեզվով։ Գործարար միջավայրում պետք է սկզբունքներ ունենաս, լինես ճկուն, հասկանաս յուրաքանչյուրի անհատական հետաքրքրությունը եւ ակնկալիքները տվյալ հարաբերություններից։

Հարվարդի դասը

Ես հենց այնտեղ հասկացա, որ աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մեծ ու փոքր ընկերությունները, բախվում են նույն խնդիրներին եւ ունեն նույն մարտահրավերները։

Պատմում է, որ Հարվարդի բիզնես դպրոցում սովորում ես առաջնորդության այնպիսի հմտություններ, որոնք չես կարող ուսանել այլ բուհում։ Այնտեղ նաեւ ապրում ու սովորում ես մի միջավայրում, որտեղ բոլորն են հավասար։ Եվ հենց այդ միջավայրն է սովորեցնում շփման ճկունության արվեստը։

Կյանքի դասը

Շատ կարեւոր է սկսածդ գործին հետամուտ լինելն ու ոչ մի դեպքում հետ չկանգնելու որոշումը։

Պատմում է, որ Հարվարդում սովորելու տարիներին մի հետաքրքիր վիճակագրություն է տեսել՝ բիզնեսով առաջին անգամ զբաղվող մարդկանց 80-90 տոկոսը սկզբում տապալվում է, որից հետո ձեռքերը լվանում է, ամեն ինչից հրաժարվում՝ ինքն իրեն համարելով անհաջողակ։ 10-20 տոկոսը որոշում է մեկ անգամ էլ փորձել, եւ նրանց ձախողելու հավանականությունը կտրուկ նվազում է։

Սխալները չեն կարող նպատակից հետ պահել։ Յուրաքանչյուր սխալ՝ նոր գործի սկիզբն է։ Եվ պետք չէ մոռանալ, որ մանրուքները չափազանց կարեւոր են եւ հենց դրանք են հաջողության հիմքում։

Առաջին բիզնեսն ու ձախողումը

Առաջին բիզնես փորձն ուսանողական տարիներին էր։ Առաջին կուրսում էի ու շատ էի ուզում ընկերոջս հետ մի այնպիսի բան ստեղծել, որ սեփական եկամուտ ունենամ։

Գուրգենն ու ընկերը որոշում են Երեւանի այգիներից մեկում հանրային սննդի կետ բացել։ Տարածքը ստեղծել էին իրենց ձեռքով, պաղպաղակի ու հյութի վաճառքն իրականացնում էին դասերից հետո։ Ձախողվել են եւ օրական եկամուտը չի գերազանցել 35-50 հազ. դրամը։ Հետո հասկացել են, որ գումարից ավելի կարեւոր է եղել այն դասը, որը սովորել են։

Այդ դասերից մեկը սոցիալական պատասխանատվությունն է։ Այն շատ կարեւոր է։ Երբ դու գործարար ես ու հարկեր ես վճարում, պետք է նաեւ պատասխանատու լինես։

Սոցիալական պատասխանատվությունը

Մեր խմբի ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր սոցիալական պատասխանատվության բաժինը։

Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիրն ասում է, որ հենց դա էլ նրանց ստիպել է մտածել հիմնադրամ բացելու մասին։ Որոշ ժամանակ հետո նախատեսում են գործարկել Galaxy Foundation-ը։

Այն հստակ ուղղություններ է ունենալու եւ կարգավորելու է կրթական, մշակութային, սոցիալական ուղղվածության այն ծրագրերը, որոնց միավորում է նորարարությունը։

Նախատեսում են նաեւ նորարարությունների թեմայով ծրագրեր իրականացնել հանրային դպրոցներում՝ գործակցելով նախարարության հետ։

Նորարարությունների կարեւորությունը

Ես հավատում եմ, որ երկրի փոքրությունը եւ տնտեսական սահմանափակ հնարավորություններն իրականում առավելություն են եւ պետք է միշտ օգտագործել դա։

2008-2009 թթ. Ucom-ի թիմը, որի տնօրենների խորհրդի նախագահը Գուրգենն է, բանակցել է շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ, որպեսզի երկիր ներմուծեն նոր տեխնոլոգիաներ։ Ցանկանում էին լինել ավելին, քան պարզապես հեռախոսակապ ու ինտերնետ տրամադրող ընկերություն։

«Էրիքսոն»-ն այդ ընթացքում մտահաղացել էր հեռուստացույցի «քեթչ-ափ»-ի գաղափարը եւ ուզում էին այն փորձարկել որեւէ երկրում։ Մեզ հաջողվեց նրանց համոզել ու այդ տեխնոլոգիաները մուտք գործեցին մեր երկիր՝ վերափոխելով հեռուստացույցի հնարավորությունների մասին պատկերացումները»,- պատմում է Գուրգենը։

Պնդում է, որ Ucom-ի բրենդի զարգացման մեջ այդ տեխնոլոգիան շատ կարեւոր դեր խաղաց։ Դրանից հետո ցանկացած փակ քննարկման ժամանակ հարց է հնչում՝ թե ինչ նոր տեխնոլոգիական լուծումներ կան, որոնք կարելի է Հայաստան բերել կամ այստեղ ստեղծել։

Ահա այդպես էլ ծնվեց «Ինովացիայի եւ տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկ»-ը ստեղծելու գաղափարը։

Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկը

Հարվարդի իմ դասախոսներից մեկն անընդհատ ուսումնասիրում էր նորարարական ընկերություններն ու խոսում այդ մասին։ Սկսեցի թեմայով ավելի շատ հետաքրքրվել, եւ ինքս ինձ համար բացահայտեցի, որ համաշխարհային տարբեր ինդուստրիաները շարունակական տրանսֆորմացիների մեջ են։

Այդպես էլ հասունացել է գաղափարը՝ ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ կարող են հայտնվել ե՛ւ ՏՏ, ե՛ւ ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ռազմական, գյուղատնտեսական, հանքարդյունաբերական, մեդիա եւ հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները։

Այն լինելու է բաց բաժնետիրական մոդելով եւ բաց է լինելու նորարարությունների ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցող բոլոր ընկերությունների համար։

Մենք երազում ենք, որ Հայաստանը հայտնվի նորարարությունների քարտեզում եւ սա հրաշալի հնարավորություն կլինի իրականացնելու դա։

Ուսանողական բիզնեսից մինչեւ մեծ ընկերությունների ղեկավար

Այս ճանապարհին կարեւոր էր թիմն ու այն մարդիկ, որոնք ինձ շրջապատում էին։

«Գալաքսի»-ի 15 բրենդները ստեղծվել են զրոյից ու անցնելով երեք փուլերով։ Առաջինը գաղափարի գեներացման փուլն էր, երբ պրպտել են շուկան ու հասկացել, թե ինչ չկա եւ ինչի մասին պետք է լինի բիզնեսը։ Երկրորդը զարգացման փուլն էր։  Ուսումնասիրել են շուկայի բացերը, մշակել  ռազմավարություն, կազմել  բիզնես պլան, փնտրել գործընկերներ, ներդրողներ, ձեւավորել են մենեջմենթի թիմը։ Երրորդ փուլում թիմերը սկսել են գործառնական կառավարումը։ Վերջում՝ «Գալաքսին» որպես խորհրդի կառավարիչ, սկսել է հետեւել ընթացքին։

Շատ ծիծաղելի պատմություն է, բայց ժամացույցների խանութ բացելու համար ես ու եղբայրս երեք տարի շարունակ գնում էինք Բազել ու առանց ամաչելու բոլոր բրենդների դռները թակելով ասում էինք, որ Հայաստանից ենք եւ բանկից ֆինանսավորում ունենք, ուզում ենք ժամացույցների խանութ բացել։ Մենք չունեինք բիզնես պլան կամ ռազմավարություն, եւ առաջին երկու տարին մի քանի րոպե մեզ լսելուց հետո՝ քաղաքավարի ճանապարհում էին։ Մենք չէինք հուսահատվում եւ հաջորդ տարի նորից էինք վերադառնում եւ ամենածիծաղելին այն էր, որ բոլորը մեզ հիշում են եւ բարձրաձայն ասում էին՝ «նորից այն երկու եղբայրներն են Հայաստանից»։

«Գալաքսի» ընկերությունում աշխատող մարդիկ

Մենք փորձում ենք գտնել բնագավառների չեմպիոններին ու բերել այստեղ։ Որպես ղեկավար՝ երբեւէ չպետք է վախենաս, որ քեզ հետ քեզանից ավելի խելացի մարդիկ են աշխատում։ Սա շատ կարեւոր է։ Միշտ պետք է հիշել, որ բազմաթիվ բաներ չգիտես, որ շատ բաներ նոր-նոր ես սովորում եւ որ քո գործառույթը կազմակերպչական է։ Քո շրջապատում որքան շատ են խելացի մարդիկ, այնքան շատ կարող ես նրանց թույլ տալ՝ զբաղվելու իրենց գործով։

Գործարարն ասում է, որ «Գալաքսի ընկերությունների խումբը» Հայաստանում եւ հայաստանյան բիզնես աշխարհում փոխել է խաղի կանոնները։ Այն ստեղծել է նոր մրցակցության կանոններ՝ բարելավվելով իր ծառայությունների մատուցման որակը, իր առջեւ դնելով նորարարական մարտահրավերներ։

Ընկերությունը կարեւորում է վերապատրաստումները, մեծ տեղ է հատկացնում թրեյնինգներին։

Զոհաբերություններ հանուն հաջողության

Հաջողակ գործարարը զոհաբերում է ամենաթանկը՝ ժամանակը։

Ըստ Գուրգեն Խաչատրյանի՝ ընկերության ռազմավարությունը պետք է ապահովի ամենակարեւորը՝ մոտիվացիան։ Գործարարն այն կարծիքին է, որ հանուն լավ գաղափարի մարդիկ զոհաբերում են իրենց ժամանակը, եւ սա միշտ պետք է հաշվի առնել։

Խոսելով հաջողակ գործարարի հաջողության կանոններից՝ առանձնացնում է չորսը՝ պետք է ազնիվ լինել, չվախենալ սխալվելուց, փորձել ցանկությունն իրականացնել, առաջին ձախողումից հետո ոչ թե պետք է հանձնվել, այլ փորձել հասկանալ պատճառներն ու այն դասը, որը դրա արդյունքում կարող ես յուրացնել։

Հեղինակային իրավունքները՝ Banks.am-ի։

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ