PAN.am-ն անդրադարձել է Հայաստանում PAUL-ի բացմանը

PAUL-ը գալիս է՝ ֆրանսիական շնչով ու բույրով

Անուշաբույր կրուասան, թարմ ֆրանսիական հաց, ախորժելի խորտիկներ և աննման սուրճ։ Պատկերացրի՞ք։ 130 տարվա ավանդույթն ու նորարարությունը միավորած PAUL-ի առաջին հայաստանյան սրճարանը կբացվի 2022-ին, որ բոլորիս պատմի իսկական փխրուն կրուասանի մասին:

Մինչ այդ՝ PanARMENIAN.Net ը փորփրել է Երևանի սրտում իր տեղը զբաղեցնել պատրաստվող «էն նոր տեղի» մանրամասները, ծանոթացել դիզայնին ու ոչ միայն։

Առաջին PAUL-ը բացվել է հեռավոր 1889-ին, Ֆրանսիայի ամենահյուսիսում՝ Կրուա քաղաքում, իսկ Երևան կհասնի 2022-ի գարնանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Լորիկյանը պատմեց PAUL-ի բացման եռուզեռից ու հետնաբեմից, իսկ Electric Architects նախագծային արվեստանոցի համահիմնադիր, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը՝ նախագծման և պատմական շենքի (Աբովյան 8) հետ աշխատանքից:

Առանձին տեխնոլոգիա՝ հատուկ կրուասանի համար

«Ընդհանրապես նոր բիզնես հնարավորություններ որոնելու ճանապարհին փորձում ենք այն ինդուստրիաներում, որտեղ ունենք բիզնես ակտիվություն, գտնել ուղղություն, որտեղ նոր նշաձող սահմանելու պոտենցիալ ենք տեսնում», – ասում է Հայկ Լորիկյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որի կազմում է հանդես գալիս PAUL-ը, F&B (Food & Beverage – սնունդ և խմիչք) ոլորտում երկար տարիներ է աշխատում երևանյան առաջին սրճարաններից՝ SantaFe-ով, նաև ստացված F&B կոնցեպտ է Pahest33-ը։

«Միշտ ուսումնասիրում ենք, թե շուկայում ինչ բացեր կան: Հայաստանում F&B ոլորտը շատ ակտիվ է, հենց բուլանժերիների (boulangerie՝ հացի գործարան, – խմբ.) սեգմենտում կան բավականին որակյալ օպերատորներ, բայց մեր և մեր կողմից հրավիրված ոլորտի միջազգային մասնագետների ուսումնասիրությունները բացահայտեցին, որ հենց այս ենթասեգմենտում սպառողին նոր խոսք ասելու մեծ հնարավորություն կա։ Մասնավորապես, խոսենք ամենապարզ բանի՝ կրուասանի մասին: Հայաստանյան սպառողին այսօր առաջարկվող այս պրոդուկտը հիմնականում մատուցվում է մեր քիմքին համապատասխանեցված, այն ինչ դասական ճիշտ կրուասանը տարբերվում է»,- նշում է նա:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչքան դժվար է իսկական կրուասան ստանալը, ուղղակի մեկ փաստ. PAUL-ը հատուկ տեխնոլոգիա է մտածել հենց կրուասանի համար, որի շնորհիվ մարդկային գործոնը հասցված է մինիմումի, որպեսզի աշխարհի բոլոր PAUL-երում կրուասանը լինի նույն համի և ճիշտ պատրաստված:

Նոր մշակույթ՝ պատմական շենքում

Խոսքը դասական ֆրանսիական՝ «ճիշտ որակի» հացաբուլկեղենի մասին է, ու այստեղ նաև հաճախորդների քիմքը զարգացնելու գործոն կա:

«Սեգմենտը, որի հետևից մենք գնում ենք, բավականին փոքր է, ու մենք դա գիտակցում ենք, և նաև հուսով ենք ու ամեն ինչ անելու ենք, որ այդ սեգմենտը մեծացնենք: Հինգ տարի առաջ սուրճի գիտակների թիվը Հայաստանում շատ փոքր էր, այնինչ այսօր իմ շրջապատում բազմաթիվ են մարդիկ, որ կարող են ժամերով խոսել սուրճից, ու իրենք ոլորտի մասնագետներ չեն, ընդամենը հաճախորդ: Համաձայնեք, որ նույն պատկերը գինիների ոլորտում էր, ասենք՝ 10 տարի առաջ: Մենք փորձելու ենք հասնել նույն բանին: Նախևառաջ, ուզում ենք նոր որակ բերել, երկրորդը՝ նոր միջավայր, որովհետև PAUL-ը միայն իր արտադրանքը չէ, այլև շատ գեղեցիկ ֆրանսիական մթնոլորտ` սկսած ինտերիերից, վերջացրած սպասարկմամբ: Միջավայրի ու դրսում նստել, կրուասանով սրճելու մշակույթի առումով տեղն էլ պատահական չի ընտրվել․ պատմական շենք է, որը հուսով ենք մաքսիմալ կփոխանցի այդ տրամադրությունը»,- ասում է Լորիկյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբն առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում։ Առաջին PAUL-ը որոշակի պահանջներ ունի, որովհետև հենց այնտեղ պետք է լինի «գործարանը», որը թե չափով, թե լոգիստիկ առումով պիտի որոշակի պահանջների բավարարի:

«Երևանում գրեթե ամեն ինչ կենտրոնում է, իսկ քաղաքի ապակենտրոնացմանը նպաստում են մոլերը` տրամադրելով հատուկ ենթակառուցվածք, այսպես ասած` մագնիսի դեր կատարելով մարդկանց հոսքերի համար, ու դրանից նաև օգտվում են ցանցերը: Օրինակ՝ եթե Երևան Մոլը չլիներ, մենք հազիվ թե Արշակունյաց պողոտայի վրա PAUL սրճարան բացեինք: Այնինչ հիմա Երևան Մոլում վստահաբար կլինի PAUL-ի սատելիտներից մեկը»,- ասում է ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը:

Երևանյանի ու փարիզյանի հատման կետում

Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude ճարտարապետական ստուդիան, որը հայկական Electric Architects-ի հետ համատեղ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երեւանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը:

Սրճարանի դահլիճներից մեկին կից, ապակե միջնորմի հետևում լինելու է, ինչպես հենց PAUL-ում են կոչում՝ Լաբորատորիան, որտեղ Ֆրանսիայում վերապատրաստված մասնագետները հաճախորդների աչքի առաջ պատրաստելու են հանրահայտ թխվածքները։

Electric Architects նախագծային արվեստանոցի համահիմնադիր, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը պատմում է՝ նախագիծը միտված է հնարավորինս արտահայտիչ ընդգծելու շենքի պատմական տեսքը՝ դրա ճակատային հատվածին զուսպ ճարտարապետական լուսավորություն ավելացնելով, և զերծ մնալով ամբողջական տեսքը խաթարող որևէ միջամտությունից:

Շենքի ներսում առավել ուշադրություն է դարձվել նրա ընդարձակ տարածքը և բարձր առաստաղներն առավելագույնը շեշտելու վրա՝ հաճախորդին տալու հնարավորություն լիարժեք վայելելու այս շենքի հատկությունները: Ներկա պահին նախագիծը գրեթե ավարտական փուլում է, և մենք լոկալ ու ֆրանսիական թիմի հետ անում ենք վերջնական շտկումները։

«Ցավոք սրտի, շենքի ներքին հարդարումն արդեն տարիներ առաջ փոխվել էր, և մենք չկարողացանք այս տարածքի արխիվային լուսանկարներ գտնել: Խուսափելով արհեստական պատմական հարդարանք ստեղծելուց՝ ընտրեցինք դասական ֆրանսիական սրճարանի ինտերիերային լուծումը՝ զուգահեռներ անցկացնելով երևանյան և փարիզյան միջավայրերի միջև», – եզրափակում է ճարտարապետը։

Ֆրանսիական «ապրելու արվեստի» մեջ ընկղմվելն իրականություն դարձնելու համար, յուրաքանչյուր նոր երկրում առաջին PAUL-ը բացելուց առաջ թիմն անպայման վերապատրաստվում է Ֆրանսիայում, ու հայկականն էլ բացառություն չէ: Իսկ մենյուի մասով PAUL-ը բաժանվում է 2 մասի: Առաջինը հենց հացաբուլկեղենի ու թխվածքի մասն է, ու ստանդարտ մենյուն, որն ամբողջ աշխարհում հիմնականում նույնն է՝ չհաշված փոքր տարբերությունները: Մյուսը խոհանոցի մենյուն է՝ դայնինգի համար, որը, ֆրանսիացիների հետ համաձայնությամբ, պետք է կազմվի այնպես, որ համապատասխանի հայ հաճախորդի պահանջներին:

Նյութի աղբյուր՝ Pan.am

Նորություններ
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI'ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը
10 Նոյեմբերի, 2022
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորում են ջանքերը դասական երաժշտության հանրաճանաչման նպատակով
06 Հոկտեմբերի, 2022
ԱՎԵԼԻՆ
«Դելֆինի ուղուց» մինչև «Ծաղիկներ Էլջերնոնի համար». այն մասին, թե ինչ կա «Գալաքսի»-ի գրապահարաններում
26 Սեպտեմբերի, 2022
ԱՎԵԼԻՆ