«XXI դարի 21 դասերը» համաշխարհային բեսթսելերը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի գիրքը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ 2020թ.-ի ամռանն արդեն իսկ հրապարակվեց Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը մեծ արձագանք ստացավ հայ ընթերցողների շրջանում. կարճ ժամանակ անց առաջին տպաքանակը սպառվեց գրախանութներում: Հարարիի 2-րդ գրքում հեղինակն առաջ է քաշում տեխնոլոգիական առաջընթացի և արժեքային ճգնաժամի հարցերը։ Գրքի հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:
«Երբ Դուք ավարտեք համալսարանը, Ձեր մասնագիտությունն այլևս ակտուալ չի լինի։ Մինչ Դուք քնած եք, արհեստական բանականությունը մշակում է Ձեր տվյալները՝ Ձեզ ավելի լավ թիրախավորելու համար։ Ինչպե՞ս ենք պատրաստվում գոյատևել արագ զարգացող, հարցականներով լի այս աշխարհում, որտեղ հին մոդելներն արդեն փլուզվել են, իսկ նորերը դեռ չեն կառուցվել։ Արդյոք մենք յուրացրե՞լ ենք 21րդ դարի դասերը կամ առհասարակ քաջություն ունեցե՞լ ենք առերեսվելու դրանց հետ։ Այս գիրքն անդրադառնում է մարդկության ձեռքբերումներին ու ձախողումներին՝ ընդունված ճշմարտություններին մոտենալով հակառակ, հաճախ անսպասելի և սթափեցնող տեսանկյունից»,-գրել է Գուրգեն Խաչատրյանը։
Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նկատում է, որ «XXI դարի 21 դասերը» աշխատության միջոցով պատմաբանը ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում, ո՛րն է մեր առաքելությունը: 21 գլուխներում, որոնք և՛ դրդում են ընդվզել, և՛ մտածելու տեղիք են տալիս, գիտնականը շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Այս գրքում Հարարին կենտրոնացել է ներկայի վրա՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում այստեղ և հիմա։ Որո՞նք են այսօրվա մեծագույն մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ինչի՞ն ուշադրություն դարձնենք։ Ի՞նչ սովորեցնենք մեր երեխաներին։
«Գիրքը փորձում է համաշխարհային կարևորության խնդիրները, որոնք ազդեցություն են ունենալու մեր մոլորակի ապագայի վրա, լուսաբանել տարբեր կողմերից՝ սակայն առանց իրականության սպառիչ պատկեր ներկայացնելու հավակնության։ Ինչու՞ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում։ Վերադառնու՞մ է արդյոք կրոնական գիտակցությունը։ Նոր համաշխարհային պատերա՞զմ է սպասվում։ Ո՞ր քաղաքակրթությունն է իշխում աշխարհը՝ արևմտյա՞ն, չինակա՞ն, թե՞ իսլամական։ Սրանք մի քանիսն են այն 21 կարևոր հարցերից, որոնց շուրջ խորհում է հեղինակը՝ կոչ անելով ընթերցողին անտարբեր չմնալ մարդկության ապագայի մասին բանավեճի հանդեպ»,-ասել է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը։
Հարարին, որը 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է, համոզված է՝ գլոբալացումն աներևակայելի ճնշում է գործադրում մեր անձնական վարքի ու բարոյական սկզբունքների վրա։ Մենք բոլորս խճճվել ենք ամենահաս սարդոստայնի մեջ, որը մի կողմից սահմանափակում է մեր շարժումները, իսկ մյուս կողմից մեր՝ նույնիսկ ամենաչնչին տատանումներն է փոխանցում հեռու-հեռուներ։ Մեր ներկայի կարևորագույն 21 հարցերն ու դրանց վերաբերյալ ծանրակշիռ պատասխաններն ընթերցեք «XXI դարի 21 դասերը» գրքում: