«ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԻ

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։

Կանխարգելման նպատակով ընկերությունների խմբի կազմում հանդես եկող եւ մարդկանց մեծ հոսքեր ունեցող «Երեւան մոլը» (բացառությամբ «Քարֆուր» սուպերմարկետի) եւ «Պահեստ33» բառ-ռեստորանը, «Թայմ» խանութների ցանցը, փակ կլինեն մինչեւ ս.թ. մարտի 23-ը։

Սպասարկման եւ առեւտրային գործունեություն իրականացնող, «Խրոնոգրաֆ», «Մեգասպորտ» եւ «Մեգաթոյզ» ընկերությունները հատկապես կենտրոնական գրասենյակների միջոցով ու ախտահանման ամենօրյա մեխանիզմներով կսպասարկեն քաղաքացիներին՝ խրախուսելով օնլայն գործարքներն ու ծառայությունները։ «Յուքոմ» ընկերությունը հատուկ հերթապահություն կսահմանի անխափան ծառայությունների մատուցման համար՝ բաժանորդներին առաջարկելով օգտվել նաեւ Առողջապահության նախարարության 8003 անվճար թեժ գծից։

Զուգահեռաբար, ընկերությունների խմբի՝ «բիզնեսից բիզնես» գործունեություն ծավալող գրասենյակները, այդ թվում նաեւ «ԱյՅուՆեթվորքս», «Մեգաֆուդ» ընկերությունները հնարավորություն կունենան ամբողջապես կամ ըստ սահմանված հերթապահության հեռահար աշխատանքի անցնելու։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, կարեւորելով նախեւառաջ աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ հանրության առողջության պահպանումը, կապահովվի հատուկ ռեժիմի ընթացքում լրացուցիչ ֆինանսական ծախսերն ու աշխատակիցների վարձավճարները՝ անկախ աշխատավայրի բաց կամ փակ լինելու հանգամանքից։

«Մեր ընկերությունների խումբն այսօր իր ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն, ուստի մենք խստագույն միջոցներ ենք ձեռնարկում՝ ապահովելու մեր համայնքի առողջությունն ու բարեկեցությունը՝ թույլ չտալով անգամ նվազագույն ռիսկեր մեր գործառույթներում։ Մեր աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ գործատուն իրենց թեւութիկունք է՝ ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով։ «Գալաքսին» մարդակենտրոն ընկերություն է ու սա տարիներով ապացուցված փաստ է, ուստի նախեւառաջ մարդը, ապա բիզնեսը»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը դեռեւս մարտի սկզբից սկսել է հատուկ իրազեկման արշավ՝ իր կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցների շրջանում։ Ընկերությունների խումբը նաեւ համակարգող խումբ է ստեղծել՝ աշխատակիցներին պաշտպանության եւ ախտահանման նյութերի մատակարարման, ուղեցույցների տրամադրման եւ բոլոր այլ հարցերով։

«Մեր ընկերությունում աշխատող ծնողները զգալի տոկոս են կազմում, ուստի մեր պարտքն է նրանց հնարավորություն տալ զբաղվել երեխաների խնամակալությամբ առանց վնասներ կրելու։ Բնականաբար ծրագրավորողների համար էլ տանից աշխատելը հեշտ կլինի ու սա այն նվազագույնն է, որ կարող է անել յուրաքանչյուր ընկերություն»,-նշել է «Այ Յու Նեթվորքս» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«Մեզ համար առաջնային եւ բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների եւ վարձակալների անվտանգությունն ու առողջությունը, եւ կոչ ենք անում այլ հանրային վայրերին եւս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար»,- ասել է «Երեւան  Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

«Այսօր, ավելի քան երբեւէ մարդկանց անհրաժեշտ է տեղեկացված լինել հարազատներից ու մենք 7/24 ռեժիմով աշխատանքի միջոցով անխափան կապ ենք ապահովվում մեր բաժանորդների համար։ Վստահ եղեք, որ 11 տարի շարունակ հզորացված մեր ցանցն ու ենթակառուցվածքները կարող են մեր երկիրն ապահովել կայուն ու որակյալ կապով ու սա է հայկական կապիտալով տելեկոմ ունենալու առավելությունը»,- հայտարարել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2024-ը. տեղի է ունեցել առաջատար ընկերությունների պարգևատրում
«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: ...
26 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ