«Գալաքսի» Չեմպիոնների լիգա ֆուտզալի 2-րդ մրցաշարը մեկնարկել է

«Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից կազմակերպվող ֆուտզալի Չեմպիոնների լիգա մրցաշարը արդեն ավանդույթ է դառնում։ Այս տարի մասնակցում են Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմեր՝ իրենց 79 մասնակիցներով:

Այս տարի մրցաշարում ուժերն են փորձելու «MegaFood», «TI’ME Armenia», «TI’ME Georgia», «Yerevan Mall», «SantaFe», «Ucom», «Ucom Glory» եւ «Galaxy» թիմերը:

Mediamax Sport-ը ներկա է եղել մրցաշարի բացմանն ու զրուցել կազմակերպիչների եւ թիմերի ներկայացուցիչների հետ:

Վահան Դիլանյան («Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրեն)

«Երկրորդ տարին է, որ անցկացնում ենք ֆուտզալի մրցաշար՝ նախաձեռնված «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների կողմից։ Մասնակցում են «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերություննները։

Ի դեպ, այս տարի մրցաշարը, կարելի է ասել, ստացել է միջազգային «արձագանք». մասնակցում է նաեւ TI’ME Վրաստանի թիմը. հուսով ենք, որ հաջորդ տարի կմասնակցի նաեւ Բելառուսի թիմը»։

Ազատ Պետրոսյան («Գալաքսի» Չեմպիոնների լիգա ֆուտզալի 2022 ծրագրի ղեկավար)

«Մեր ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով՝ ելնելով ժամանակի սղությունից, բայց խորհրդակցելով մարզիչների հետ: Այս մրցաշարն իրականում եւս մեկ աշխատանք է՝ մեր բուն աշխատանքին զուգահեռ՝ պարզապես մեկ այլ հարթության մեջ. այն նույնպես պահանջում է ջանք, եռանդ, նպատակ, աշխատասիրություն նվիրվածություն եւ թիմային ոգի»:

Թիմերի ավագները բարձր են գնահատում առողջ ապրելակերպին ուղղված ցանկացած նախաձեռնություն՝ կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ «Գալաքսիի» խմբի ներսում։

Գաբրիել Ավետիսյան («Գալաքսի» Չեմպիոնների լիգա ֆուտզալի 2022 մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, «Galaxy» թիմի ավագ)

Առողջությունից ու սպորտային պայքարից բացի, «Գալաքսիի» կազմակերպած այս մրցաշարը հնարավորություն է տալիս շփվել կոլեկտիվի անդամների հետ, որոնց հետ աշխատում ես, բայց լավ չես ճանաչում:

Լավ մթնոլորտը նպաստում է մտերմացմանն ու հետագայում օգնում արդեն աշխատանքի ընթացքում:

Անցած տարի դուրս եկանք եզրափակիչ, բայց պարտություն կրեցինք: Մենք այն ժամանակ մարզիչ չունեինք ու որոշեցինք, որ պետք է պրոֆեսիոնալ մարզչի հետ աշխատենք: Մարզումներ ենք անցկացրել, ֆիզիկապես ավելի ամրացել ու մարզչի առաջարկած ծրագրով ենք առաջ շարժվում:

Առաջին խաղերն արդեն կայացել են, հետեւել եմ մրցակիցներին ու կարող եմ ասել, որ մեր շանսերը մեծ են: Չնայած դեռ սկիզբն է ու լարվածություն կա, մի քանի խաղ հետո արդեն թիմերն ավելի կբացվեն:

Արտյոմ Խլղաթյան (Ucom թիմի ավագ)

Մենք մրցաշարի գործող չեմպիոնն ենք: Այս տիտղոսն անցած տարի նվաճեցինք, քանի որ իրար լավ ճանաչում ենք, թիմային ենք գործում: Հույս ունենք, որ կկարողանանք կրկնակի չեմպիոն դառնալ:

Թիմի կազմում չորս հոգու փոփոխություն է եղել: Միասին մարզվում ենք, շաբաթը մեկ անգամ պարտադիր հավաքվում ենք ու խաղում: Այնպես որ, լավ մարզավիճակով ենք մոտեցել մրցաշարին:

Բոլորս էլ ժամանակին ֆուտբոլ ենք խաղացել, տղաներից մեկը մինչեւ այսօր էլ պրոֆեսիոնալ պարապում է:

Նման մրցաշարերը համախմբում են, պայքարելու ոգին է ավելանում: Բացի այդ էլ նստակյաց աշխատանքից հետո սպորտը շատ է օգնում:

Էդգար Մելքոնյան («MegaFood»-ի ավագ)

Հաճելի է այս մրցաշարին մասնակցել, 2-րդ տարին ենք խաղալու ու շատ լավ ենք տրամադրված: 2-3 ամիս աշխատանքին զուգահեռ մարզվել ենք, լավ պատրաստված ենք, մնացածը մրցաշարը ցույց կտա: Բոլորին հաջողություն եմ մաղթում, թող հաղթի ուժեղագույնը, մենք էլ տրամադրված ենք 1-ին տեղը գրավել:

Նախորդ տարի շատ լավ տպավորություններ ենք ստացել, հիմա փորձել ենք մեր սխալներն ուղղել ու ավելի լավ կազմով մասնակցել: Կցանկանամ, որ նման սպորտային մրցաշարեր հաճախակի լինեն:

Սպորտն իմ կյանքում առաջնային դեր ունի, ես ֆուտբոլ եմ խաղացել «Բանանց» ակումբում, բայց բանակից վերադառնալուց հետո չեմ շարունակել մարզվել:

Էդգար Մելքոնյան

Արթուր Ալմասյան («TI’ME Armenia» թիմի ավագ)

Իրականում շատ կարեւոր միջոցառում է: 2021-ի եզրափակիչ սուլիչից հետո այս մեկին էինք սպասում, որովհետեւ 10-12 օրով բոլորիս կտրում է ամենօրյա հոգսերից ու ընկղմվում ենք լարված պայքարի եւ հետաքրքիր ժամանցի մեջ:

Նախորդ տարի մի քիչ անպատրաստ էինք, խմբային փուլից դուրս չեկանք, բայց վստահ եմ, որ հիմա ավելի լավ հանդես կգանք: Հետեւություններ արել ենք, համալրվել ենք հմուտ խաղացողներով: Վստահ ենք, որ մեր պարապմունքները լավ արդյունք են տալու:

Արթուր Ալմասյան

Տիգրան Սողոմոնյան («SantaFe»-ի ավագ)

«SantaFe»-ն նախորդ տարի եւս մասնակցել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմակերպած մրցաշարին, սակայն ես առաջին անգամ եմ հանդես գալիս: Կազմում ընդգրկել ենք ավելի սպորտային աշխատակիցների: Բոլորս էլ շատ մարտական ենք տրամադրված: Նպատակը հաղթանակն է, ուրիշ բան մենք նույնիսկ չենք էլ քննարկում:

Նմանատիպ միջոցառումները դրական ու հաճելի էներգիա են տալիս, ոգեւորում են, թիմի անդամների միջեւ կապերն ավելի են ամրապնդվում: Բացի այդ, ծանոթանում կամ ավելի ենք մտերմանում այլ կազմակերպությունների աշխատակիցների հետ:

Տիգրան Սողոմոնյանը

Հայկ Մանուկյան («Yerevan Mall»-ի թիմի ավագ)

«Yerevan Mall»-ը ներառում է նաեւ «ԿինոՊարկը» եւ «Նավապետ Քիդ գանձերի կղզի» մանկական խաղահրապարակը, դրա համար էլ թիմում ընդգրկված են այս երեք կազմակերպությունների աշխատակազմի անդամներ:

Ամբողջ տարվա ընթացքում փորձում ենք պահպանել սպորտային առույգությունը եւ ժամանակ առ ժամանակ մարզվում ենք: Ունենք խաղացողներ, ովքեր տարբեր սպորտաձեւերով են զբաղվել, հաշվի ենք առել բոլորի խաղային ունակությունները: Թիմի հիմնական կորիզը մնացել է եւ արդեն ավելի փորձառու է, լավ գիտենք մրցակիցներին:

Սպորտային միջոցառումները խորհրդանշական են, հիմքում ավելի շատ ընկերությունն է, քան հաղթանակը: Չնայած սրան, մեր տրամադրվածությունը հաղթական է, հույս ունենք լավ խաղ ցուցադրել ու փորձել գրավել առաջին տեղը:

Հայկ Մանուկյանը

Վահագն Հարոյան («Ucom Glory»-ի ավագ)

Մեր նպատակն այս մրցաշարում, իհարկե, ամենաբարձրն է, այլապես չէինք մասնակցի:

Մի քիչ կադրային խնդիրներ ունեինք, վնասվածքով խաղացողներ կան, բայց կարողացանք առաջին խաղում հաղթել: Հույս ունենք, որ կշարունակենք նույն կերպ խաղալ, մեկ հաղթանակն էլ արդեն բավական է խմբից դուրս գալու համար:

Թիմերից մեծ մասին ճանաչում եմ, բայց նոր ծանոթություններ կհաստատենք, հներն էլ կամրապնդենք: Բացի այդ, սպորտով զբաղվելը միշտ դրական է անդրադառնում առողջության վրա:

Գիորգի Գիունաշվիլի («TI’ME Georgia» թիմի ավագ)

Մեր թիմը Հայաստան է ժամանել Թբիլիսիից: «Գալաքսիի» կազմակերպած մրցաշարին առաջին անգամն ենք մասնակցում, չնայած ես մոտ 5 տարի առաջ գործնական նպատակով եղել եմ Երեւանում:

Թիմում բոլորս էլ աշխատում ենք «TI’ME» Վրաստանում, միասին մարզվում ենք ավելի քան երեք ամիս: Երբ որոշեցինք մասնակցել այս մրցաշարին, հավաքվեցինք ու սկսեցինք մարզումներ անցկացնել:

Շատ ենք աշխատել, պարապել, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք ու կարողանանք հաղթել: Տեսնենք, թե ինչպես կընթանա, արդեն խաղերի ժամանակ կճանաչենք մրցակիցների որակները: Բայց, բնականաբար, մեր թիմն այստեղ է եկել հաղթելու համար:

Գիորգի Գիունաշվիլի

«Գալաքսի» Չեմպիոնների լիգա ֆուտզալի մասնակից թիմերը բաժանվել են երկու խմբի եւ պայքարելու են շրջանաձեւ մրցակարգով: Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրածները մրցելու են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների ու հաղթողի կոչման համար, այդ խաղերը նախատեսված են հունիսի 17-ին:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ