Բիզնեսի կայունությունն ու շարունակականության ապահովումը, միջազգային ներդրումների ներգրավումը, աննախադեպ հասարակական ակնկալիքներն ու սոցիալական բեռը հետպատերազմական Հայաստանի գործարար համայնքի համար առանցքային խնդիրներից են: Այս համատեքստում «Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան «բիզնես նախաճաշի» ձևաչափով հանդիպում էին կազմակերպել՝ քննարկելու, թե ինչպես կարող է մասնագիտական հանրույթը միավորել ջանքերը խնդիրներին համակարգային լուծումներ ձևավորելու համար: Հանդիպմանը ներկա էին բիզնես համայնքի մոտ չորս տասնյակ ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները ողջունեցին Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիսոյին, ով բացման խոսքով հանդես եկավ` խոսելով ներդրումային միջավայրի խթանման մասին:
«Մեծապես կարևորում ենք եվրոպական բիզնես համայնքի հետ համագործակցությունը ինչպես համատեղ նախագծերի իրականացման, այնպես էլ նոր գաղափարների քննարկման ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների տեսանկյունից։ Այս համատեքստում Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում անգնահատելի է, և այն «Գալաքսի» ընկերությունների խմբի համար առանցքային գործընկեր է հանդիսանում», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դեսպանությունների տնտեսական կցորդները հետաքրքրվեցին «Գալաքսիի» բիզնես վերլուծական տվյալներով ու նախագծերով:
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով միասնական աշխատանքի և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Առանձին շնորհակալության խոսքերն ուղվեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարությանը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իրենց ներդրման համար:
Նա ողջունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին և շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար նաև այլ ԵՄ դեսպանությունների տնտեսական կցորդներին՝ նշելով, որ Ասոցիացիան միշտ բաց է առաջարկների և գաղափարների քննարկման համար։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման և արտաքին ներդրումների խթանման գործում։
Հանդիպման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնես պորտֆելն ու նախագծերը ներկայացրեց ընկերության ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը: Ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը ներկայացրեց խմբի բիզնես անալիտիկան, հասարակության շրջանում բիզնեսի վերաբերյալ ընկալումների և այլ ինստիտուտների հանդեպ վստահության ինդեքսների վերջին տարվա ցուցանիշները:
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է երկու հազարը, և սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային բաղադրիչը։
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Այն հանդիսանում է Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի անդամ, որը ներկայացնում է Եվրոմիությունից դուրս գտնվող 42 շուկա։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը :