«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ապրիլի 14-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունն ընդլայնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով:
Միահյուսելով երկու առաջատար կազմակերպությունների ներուժը, առաջավոր փորձն ու գիտելիքը՝ իրականացվելու են կրթական նախագծեր, ճանաչողական այցեր, փորձի փոխանակում՝ ի շահ Հայաստանի տնտեսության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման:
«Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթություն ստացած և մրցունակ երիտասարդության դերն առանցքային է: Այս իմաստով մեծապես կարևորում ենք ուսանողությանը լավագույն փորձի ու գիտելիքի փոխանցումը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրմամբ բացվում են «Գալաքսի» խմբի «դռները» Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև՝ հնարավորություն ստեղծելով բուհում ստացած գիտելիքը հարստացնել կիրառական փորձառությամբ»,- ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան իրենց պրակտիկան անցնել «Գալաքսի» ընկերությունների խմբում, ինչպես նաև այցելելով ընկերություններ` ծանոթանալ «Գալաքսիի» բիզնես գործառնություններին ու կորպորատիվ մշակույթին:
«Ձեռնարկությունների և մասնագիտական աշխարհի հետ կապը գտնվում է ՀՖՀՀ-ի կրթական ռազմավարության հիմքում ավելի քան քսան տարի: Մեր համալսարանը չէր ունենա նույն հաջողությունն առանց ընկերությունների վստահության և ուսանողների կրթման ու աշխատանքի տեղավորման գործում նրանց ներգրավվածության: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ հուշագրի ստորագրումը լիովին համապատասխանում է մեր մոտեցումներին: ՀՖՀՀ-ի ուսանողներն այսկերպ կօգտվեն «Գալաքսի»-ի գերազանց որակի՝ ազգային ու միջազգային ազդեցությունից»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:
Սույն համագործակցության շրջանակներում կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել համատեղ այլ միջոցառումներ, այդ թվում ապահովելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի կողմից դասախոսությունների անցկացում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար
«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության շուրջ 24 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ տարածաշրջանում` ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի շուրջ 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և ավելի քան 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: