Հուլիսի 3-ին տրվել է ֆուտզալի «Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի մեկնարկը, որը «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:
Մրցաշարին այս տարի մասնակցում են Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմեր՝ 80 մասնակիցներով: Մոտ երկու շաբաթ տևող խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել «Galaxy», «Megafood», «Paul», «Santafe», «TI’ME», «Ucom», «Ucom Glory», «Yerevan Mall» թիմերը։
Սպասված մրցաշարն այս տարի տեղի է ունենում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում՝ խոստանալով դառնալ թիմային աշխատանքի և մարզական պատրաստվածության յուրօրինակ ցուցադրություն:
«Վստահ եմ, որ այս մրցաշարը լինելու է թիմային ոգու, արդար խաղի ու առողջ մրցակցության օրինակ, ինչը դրսևորվում է մեր ամենօրյա աշխատանքում, երբ յուրաքանչյուր ոք իր ներդրումն է ունենում «Գալաքսիի» նախագծերի իրագործման և մարդկանց կյանքի որակի բարելավման համար»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Չեմպիոնների լիգա»-ն ոչ միայն հնարավորություն է տալիս «Գալաքսի» խմբի աշխատակիցներին ցուցադրել իրենց մարզական ունակությունները, այլև ամրապնդում է ընկերությունների միջև միասնության ու համերաշխության զգացումը։
Նախապատրաստական փուլից սկսած մարզական տրամադրությունն ու մրցակցությունը վարակել են թե խաղացողներին, թե մյուս աշխատակիցներին, որոնք խաղերին կհետևեն ակտիվ հանդիսատեսի կարգավիճակով։
2021թ-ին «Գալաքսի Չեմպիոնների լիգա»-ի գավաթակիր է դարձել «Ucоm1», իսկ 2022թ․-ին՝ «Megafood» թիմը։
Նման միջոցառումներ կազմակերպելով՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը վերահաստատում է կենսունակ կորպորատիվ մշակույթի ստեղծմանն ուղղված իր ջանքերն ու նվիրվածությունը։
«Գալաքսի ընկերությունների խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր թիմերին, խաղացողներին և աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում «Չեմպիոնների լիգա մրցաշարի» կազմակերպման գործում: Նրանց ոգևորությունն ու մարզական տրամադրվածությունը վճռորոշ նշանակություն ունեն ֆուտզալի մրցաշարը ավանդական դարձնելու գործում։
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։