ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Մեր երկիրը, ողջ հայ ազգն այս ծանր օրերին ապրում է իր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Մենք կրել ենք մարդկային, տարածքային, հոգևոր, մշակութային անդառնալի կորուստներ։ Մեր կողքին ապրող բազմաթիվ լուսավոր անուններ դարձել են հավերժի ճամփորդներ՝ իրենց կյանքը տալով հանուն հայրենիքի փրկության։ Խորը ցավով հայտնում ենք, որ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի մեր աշխատակիցներից։ Դժվար է այս պահին գտնել սփոփանքի խոսքեր։ Մենք խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշել մեր հերոսացած գործընկերների անցած ուղին, կարճ, սակայն սխրանքներով լի անձնազոհ ճանապարհը։
Հավե՛րժ փառք և խոնարհում մեր հերոսներին։

Սարգիս Պողոսի Ավետիսյան
(24.11.1993 – 27.10.2020)
Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 24-ին։

Սարգիսն աշխատում էր Ucom ընկերությում՝ որպես ՏՏ բիլինգի գործառնությունների ինժեներ։ Իր հմտությունների և անձնային որակների շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է գրանցել մասնագիտական աճ ընկերությունում: Սովորել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում: Սեպտեմբերի 29-ից եղել է մարտադաշտի կիզակետում և մինչև հոկտեմբերի 27-ը կռիվ է տվել հանուն հայրենիքի: Զոհվել է, սեփական մարմնով ընկերոջ կյանքը փրկելիս: Ծառայել է որպես շարքային, սակայն մարտի դաշտում իրականացրել է հրամանատարական աշխատանք:
Սարգիսը նվիրված, ընկերասեր, ուշադիր և հոգատար էր բոլորի հանդեպ:

Շանթ Գուրգենի Նավոյան
(14.12.2001-10.10.2020)
Ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14 -ին Երևանում:

Շանթն աշխատում էր Ucom ընկերությում՝ որպես ակտիվ վաճառքի գործակալ։ Սովորել է Երևանի «Էլիտա» դպրոցում (2007-2019թթ․), միաժամանակ 2013-2016 թվականներին սովորել է «Թումո» կենտրոնում, այնուհետև Շանթն ընդունվել էր ՀՖՀՀ 2019թ․-ին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ ձմռանը, մեկնել է ծառայության: Շանթը զբաղվում էր լուսանկարչությամբ, և նպատակ ուներ դառնալու նաև ռեժիսոր։
Շանթ Նավոյանի ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին, երկրորդ անգամ փրկվել չհաջողվեց:


Շանթի մասին պատմող հոլովակը կարող եք դիտել այստեղ։

Սամվել Գևորգի Խաչատրյան
(28.02.1999 – 11.10.2020)
Ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին Երևանում:

Սամվելն աշխատում էր Ucom ընկերությում՝ որպես ակտիվ վաճառքի գործակալ։ Սովորել է Երևանի համար 128 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի համար 29 ավագ դպրոցում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, այդ իսկ պատճառով 2016 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: 2020 թվականին, ավարտելով համալսարանը, զորակոչվեց բանակ:

Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում  սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ: Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռևս չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի  և բուժօգնության տրամադրման գործում: Հոկտեմբերի 11-ին փրկելով ընկերների կյանքը նա  իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության:

Արեն Չատինյան Արթուրի
(11.08.2000-21.10.2020)
Ծնվել է 2000թ-ի օգոստոսի 11-ին Ստեփանավանում։

Արենն աշխատել է Սանտաֆե սրճարանում 2017թ-ից: Առաջին տարում ընդունվել է որպես խաղավար, հաջորդ տարի՝ որպես մատուցողի օգնական, 2019թ-ին դարձել է օգնականների ավագ և միաժամանակ մատուցող: Ընկերության ամենաակտիվ, նվիրված և սրտացավ աշխատակիցներից մեկն է եղել:
Կյանքով լեցուն, նպատակասլաց, պայքարող և երբեք չհուսալքվող երիտասարդ էր Արենը:
Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան  էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, սակայն մեկնել է զինծառայության:

Արենը ծառայության մեկնեց 2019 թվականի հուլիսի 2-ին: Հետախույզ, սերժանտ էր, ապա ավագ սերժանտի կոչում էր ստացել: Ծառայությունն անցնում էր Մեղրի՝ Ագարակի զորամասում: Պատերազմի սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղափոխվել է Ջաբրայիլ: Մինչև հոկտեմբերի 21-ը եղել է կռվի դաշտում, մի շարք հերոսական սխրանքներ է գործել՝ դիրքեր ազատագրել իր ջոկատով: Արենը զոհվել է հոկտեմբերի 21-ին: Համառ մարտերի ժամանակ ուսի հրազենային  վիրավորում է ստացել: Վիրակապել են եւ այդպես վիրավոր շարունակել է մնալ կռվի դաշտում: 4 հետախույզ ընկերներով 3 դիրք են ազատագրել: Վերջին ազատագրված դիրքում, մինչ իրենց օգնության հասնող ջոկատի ժամանելը,  ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել մեջքին և անմահացել:
Հետմահու պարգևատրվել է արիության շքանշանով:

Ազատ Մելքոնի Մաջարյան
(30.10.2000-24.10.2020)
Ծնվել է 2000թ-ի հոկտեմբերի 30-ին Երևանում:

Աշխատել է Պահեստ33-ում որպես մատուցողի օգնական: Անսահման համես, զուսպ, կշռադատված երիտասարդ, որը ցանկանում էր դառնալ դատավոր:Սովորում էր Խ.Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետում՝ բարձր առաջադիմությամբ: Ուներ մեծ նպատակներ, հատկապես մասնագիտական ոլորտում խորանալու, զարգանալու: Ազատը ծառայության էր անցել 2019թ-ի հունվարին՝ ԼՂՀ Մարտունի 2-ում: Եղել է շարքային զինծառայող: 2021թ-ի հունվարին պետք է զորացրվեր: Պատերազմի օրերին եղել է հենց Մարտունիում: Զոհվել է հոկտեմբերի 24-ին: ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել և անմահացել:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ