Ռիմա Խաչատրյան. Ցանկացած բիզնեսի հիմքում մարդիկ են

Տաղանդների ներգրավումն ու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտն առհասարակ, այսօր որոշիչ դեր են խաղում բազմաթիվ ընկերությունների հաջողության մեջ:

Երեւան Մոլի Մարդկային ռեսուրսների ղեկավար Ռիմա Խաչատրյանը Banks.amին պատմել է գրավիչ գործատու լինելու, կրթություն-աշխատաշուկա կապի ու մարդկանց գնահատելու մասին:

 

Արաբագիտությունից՝ մարդկային ռեսուրսների ոլորտ

Մարդկային ռեսուրսների ոլորտում հայտնվելս անսպասելի էր, որովհետեւ մասնագիտությամբ արեւելագետ եմ՝ արաբագետ: Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում մեկ ուսումնական տարի անցկացրել էի Կահիրեի համալսարանում: Այնտեղից շատ ոգեւորված  վերադարձա ու որոշել էի մասնագիտական կրթությունս շարունակել արտերկրում, բայց հանգամանքների բերումով չստացվեց:

Այդ տարիներին իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը բարդ էր, տարբերակներն այնքան էլ շատ չէին: Սկսեցի դիտարկել այլ ոլորտներ եւս եւ 2014թ-ին հայտնվեցի Երեւան Մոլում: Թիմին միացա որպես տնօրենի օգնական, մի քանի ամիս անց սկսեցի զբաղվել նաեւ կադրային գործով: Կարիերայիս սկիզբը բարդ էր, որովհետեւ հայտնվել էի ոչ միայն անսովոր ոլորտում, այլեւ՝ փորձառու, պրոֆեսիոնալ թիմում: Մյուս կողմից, նպատակասլացությունը, անընդհատ ինքնազարգացումը օգնեցին ինձ հաջողել: Տարիներ անց՝ 2018թ-ին, ինձ վստահեցին մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոնը: Այժմ շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Երեւան Մոլում: Աշխատանքն այստեղ շատ ակտիվ է, չկա միապաղաղություն: Կարծում եմ՝ միապաղաղությունը սպանում է մարդու ստեղծագործ միտքը, նրա զարգացումը:

 

Կորպորատիվ մշակույթի կարեւորությունն ընկերության համար

Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ ինչպես եւ շատ այլ ընկերություններ, կազմավորման տարիներին բացթողումներ ունեինք ՄՌ ոլորտում: Դրա հստակ գիտակցումը օգնեց մեզ թիմային աշխատանքի շնորհիվ լրացնել դրանք: Կարծում եմ՝ ընկերությունը միայն այդ դեպքում կարող է կատարելագործվել ու առաջ գնալ:

Ձեւավորված կորպորատիվ մշակույթը շատ կարեւոր է յուրաքանչյուր ընկերության համար: Առանց ընդհանուր արժեքհամակարգի ստեղծվում է քաոսային իրավիճակ, երբ ամեն աշխատակից հիմնվում է սեփական արժեքների ու առաջնահերթությունների վրա:

 

Ռիմա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Երեւան Մոլում մշակվեց եւ ներդրվեց կորպորատիվ մշակույթի ուղեցույց, որում հստակ սահմանված են մեր ընկերության մշակույթը, արժեքները: Մշակվեց նաեւ վարքագծի կանոնակարգ, որով սահմանվեցին  հաղորդակցման, վարվեցողության կանոնները, հագուստի կոդեքսը:

Մեծ աշխատանք ենք տարել «Onboarding» ծրագրի ներդրման համար, որն օգնում է նորեկների ավելի հեշտ եւ արագ ադապտացվել մեր ընկերությունում: Նոր աշխատակցին ծրագրի շրջանակում ներկայացվում են ընկերության հիմնարար արժեքները, մշակույթը, թիմը, որում աշխատելու է: Նորեկի հետ մեծ աշխատանք են տանում իր ավելի փորձառու թիմակիցները. ծանոթացնում են աշխատանքի նրբություններին, կիսվում խորհուրդներով: Սա թիմային աշխատանքի լավ օրինակ է ու առհասարակ՝ թիմային աշխատանքը մեր առաջնային ու հիմնարար արժեքներից մեկն է: Մարդիկ պետք է կարողանան օգնել, աջակցել իրար, որովհետեւ հաջողության կարելի է հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ:

Երեւան Մոլի մյուս հիմնարար արժեքը նորարարությունն է: Մեծ թիմ է աշխատում հաճախորդին նոր պրոդուկտներ առաջարկելու ուղղությամբ: Մենք ոլորտում առաջիններից էինք, որ ներմուծեցինք «Նվեր քարտ» ծառայությունը, սկսեցինք առաջարկել ակումբային քարտեր:

Մեր մշակույթի կարեւորագույն մաս է նաեւ աշխատակիցների զարգացումն ու շարունակական կրթությունը:

 

Ցանկացած բիզնեսի հիմքում մարդիկ են, նրանց նվիրումը եւ շարունակական ջանքերը

Հասկանալով մասնագիտական զարգացման կարեւորությունը՝ ընկերությունը որդեգրել է այնպիսի մշակույթ, որը կխրախուսի, կաջակցի եւ ներդրումներ կկատարի իր աշխատակիցների կարճաժամկետ եւ երկարաժամկետ  զարգացման մեջ: Աշխատակիցների մասնագիտական զարգացումը պետք է լինի շարունակական գործընթաց, նրանք պետք է կարողանան դիմակայել ներկա եւ ապագա բիզնես մարտահրավերներին:

 

Ռիմա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Ընկերությունը հասկանում է՝ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում մարդիկ են՝ նրանց նվիրումը եւ շարունակական ջանքերը: Սա պետք է գնահատել, պետք է զարգացնել այդ մարդկանց, առաջընթացի հնարավորություն տալ, ոչ թե պարզապես «սպառել»:

Վերջերս մի հետաքրքիր միտք կարդացի՝ մարդիկ ռեսուրս չեն, որոնց պետք է կառավարել, մարդկանց պետք է գնահատել: Վստահ եմ, որ գնահատված մարդն առավելագույնն է ներդնում ընկերությունում:

 

 

Կայուն զարգացման առաջին գրավականը կրթությունն է

Մասնավոր ու կրթական ոլորտների համագործակցությունը թույլ է տալիս աշխատանքում ներգրավել իսկապես տաղանդավոր մարդկանց:

Մեծապես արժեւորելով մասնավոր հատվածի եւ կրթական հաստատությունների միջեւ համագործակցությունը, արտադրական պրակտիկայի անցկացման կարեւորությունը, 2021թ-ի ամռանն ընկերությունն իրականացրեց «Spectrum» ուսումնական ծրագիրը, որի նպատակն էր հնարավորություն տալ երիտասարդ էնտուզիաստներին ձեռք բերել գործնական հմտություններ, թիմային աշխատանքի փորձ, ինչպես նաեւ խթանել նրանց մասնագիտական զարգացումը: Համագործակցեցինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանների հետ: Ծրագրին դիմեցին մեծ թվով ուսանողներ, որոնցից ընտրվեց 10 մասնակից: Երկու ամսվա ընթացքում ընտրված մասնակիցները պրակտիկա անցան մոլի բոլոր ստորաբաժանումներում, ունեցան մենտորներ, ուսումնասիրեցին բիզնեսի կառավարում, մարքեթինգ, մարդկային ռեսուրսների կառավարում, ֆինանսներ եւ հաշվապահություն: Ծրագրի ավարտին նրանք ներկայացրեցին թիմային աշխատանք՝ ստարտափ ծրագիր: Բավականին մեծ աշխատանք էին կատարել՝ հաշվարկելով այդ նախագծի ֆինանսական ծախսերը, մարդկային ռեսուրսների անհրաժեշտությունն ու մշակելով մարքեթինգային ռազմավարությունը:
Կարծում եմ՝ այս ծրագիրը հաջողված էր ու անպայման կշարունակենք այն, հատկապես, որ համալսարանները եւս հետաքրքրված են:

Գրավիչ գործատու մնալը բարդ է

Այսօր աշխատաշուկան շատ արագ է փոխվում ու գրավիչ գործատու մնալը բարդ է: Օրինակ՝ ՏՏ ոլորտը բավականին գրավիչ է դարձել վերջին տարիներին, այն առաջարկում է բարձր աշխատավարձ, ամենագրավիչ բենեֆիթային՝ փոխհատուցման փաթեթները: Սա եւ մի շարք այլ գործոններ մեծ ազդեցություն են թողնում առեւտրաժամանցային ոլորտի վրա:

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով 2020-2021թ-ի ընթացքում ոլորտի շատ ընկերություններ ստիպված եղան դադարեցնել իրենց գործունեությունը կամ մեծ կրճատումներ կատարել: Համաշխարհային ցուցանիշների հետ համեմատ՝ այս տարի, հատկապես ամռան ամսիներին, աշխատաշուկան մեզ մոտ շատ ակտիվ է: Սեզոնային գործունեություն ծավալող գործատուները վերաբացվել են եւ աշխատակից գտնելը դարձել է բավականին դժվար. գործատուների կողմից աշխատակիցների մեծ պահանջարկ կա, իսկ մարդիկ սահմանափակ են:

 

Ռիմա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բացի այդ, շատ է փոխվել երիտասարդների մոտեցումն աշխատանքին: Սուբյեկտիվ գնահատական է, բայց նկատել եմ, որ հիմա երիտասարդներն առավել հետաքրքրված են կարճ ժամանակահատվածում մեծ գումար վաստակելով ու չեն ցանկանում ընկերության հետ երկար ճանապարհ անցնել, դրա մաս կազմել ու աճել այնտեղ:

Հնարավորությունների սահմաններում փորձում ենք առավել գրավիչ դարձնել աշխատակիցներին առաջարկվող բենեֆիթային փաթեթը: Այսօր դրանում ներառված է առողջության ապահովագրություն, տարատեսակ միջոցառումներ, թիմբիլդինգներ,տարվա ընթացքում տրամադրում ենք նաեւ 5 հավելյալ հանգստյան օր «day off»: Հաճախ գովազդային համագործակցության արդյունքում ունենում ենք տարբեր միջոցառումների տոմսեր, որոնք եւս տրամադրվում են աշխատակիցներին: Քանի որ Երեւան Մոլը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է, հաճախ գլխամասային գրասենյակից ենք բենեֆիթներ ստանում: Օրինակ՝ անցյալ տարի ընկերությունը համագործակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ համերգի տոմսեր էինք տրամադրում աշխատակիցներին: Փորձում ենք մեր աշխատակիցների օրն «աշխատանք-տուն» գրաֆիկից հանել ու գույներով լցնել:

 

Երբ աշխատանքային փորձը պարտադիր չէ

Երեւան Մոլում աշխատակիցների հոսքն ակտիվ է հիմնականում սպասարկման ոլորտում: Այստեղ մենք բաց ենք ուսանողների կամ բուհը նոր ավարտած երիտասարդների հետ համագործակցության համար: Աշխատանքային փորձը երկրորդական է, եթե տեսնում ենք, որ տվյալ անձը կիսում է մեր արժեքները, ունի զարգանալու, նորը սովորելու ցանկություն: Հիմնականում փնտրում ենք մարդկանց, որոնք ցանկանում են մեզ հետ երկար ճանապարհ անցնել:

Օգոստոսի 4-ին եւ 5-ին Երեւան Մոլում անցկացվելիք աշխատանքի տոնավաճառը հենց նման մարդկանց գտնելու նպատակ ունի:

 

«Մենք ձեզ կզանգենք»

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացվելու են Երեւան Մոլում առկա թափուր հաստիքները, որոնք հիմնականում սպասարկման ոլորտում են: Եթե անգամ չգտնեք ձեզ հետաքրքրող աշխատանք, կարող եք թողնել ինքնակենսագրական, որը կներառվի մեր ընդհանուր տվյալների բազայում ու եթե հետագայում նման մասնագետի կարիք ունենանք, կկապվենք ձեզ հետ:

Ռիմա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս ճանապարհով աշխատանք ստանալու հնարավորությունը բավականին մեծ է, որովհետեւ չնայած տոնավաճառը կազմակերպում ենք մենք՝ Երեւան Մոլ ընկերությունը, բայց անընդհատ կապի մեջ ենք մոլում գործող խանութների հետ, որոնք պարբերաբար նոր աշխատակիցների կարիք են ունենում: Բացի այդ, թեկնածուների տվյալների բազան դիտարկում ենք նաեւ «Գալաքսի» ընկերությունների խմբում ազատ հաստիքներ ունենալու դեպքում:

Հաճախ մարդկանց համար անսովոր է, որ դիմում են աշխատանքի համար, ինքնակենսագրական թողնում ու մենք նրանց իսկապես զանգահարում ու կանչում ենք հարցազրույցի:

 

ՄՌ ղեկավարը՝ ընկերության ու աշխատակցի շահերի բալանսի երաշխավոր

ՄՌ ոլորտը բավականին բարդ է, քանի որ գործ ունենք մարդկային հարաբերությունների հետ: Կարող եմ ասել՝ այս տարիների ընթացքում մի քիչ էլ հոգեբան եմ դարձել (ժպտում է – հեղ.):

Կարծում եմ՝ մարդկային ռեսուրսների ոլորտում աշխատող մասնագետն առաջին հերթին պետք է լսելու ունակություն ունենա: Դիմացինը պետք է հասկանա՝ ոչ միայն պարզապես լսում, այլեւ հասկանում ես իրեն, հարցին իր տեսակետից էլ ես նայում: Աշխատակիցը պետք է վստահի ՄՌ ղեկավարին, իմանա, որ կարող է ցանկացած անհանգստությամբ, խնդրով կիսվի ու լուծում ակնկալի: Կարծում եմ՝ ինձ շատ է օգնում համբերատարությունս, սա իմ ուժեղ հատկանիշներից մեկն եմ համարում ու այն, որ ինձ համար կարեւոր է լսել մարդկանց:

Ռիմա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աշխատանքում ինձ շատ են ոգեւորում թիմակիցներիս հաջողությունները: Ուրախ եմ, որ հաջողվել է ձեւավորել այնպիսի թիմ, որն իր աշխատանքով ընկերությունը միշտ պահում է ոլորտի առաջատար դիրքերում:

Իհարկե, դժվարություններ եւս լինում են: ՄՌ մասնագետն այն մարդն է, որը բալանսավորում է աշխատակիցների ու ընկերության շահերը: Երբեմն ստիպված ենք լինում անել քայլեր, որոնք այնքան էլ չեն բխում աշխատակիցների շահերից ու նպաստավոր են ընկերության համար: Բայց ինչպես ամեն ինչում՝ բալանսը չպետք է խախտվի, եւ մեկ այլ հարցում առաջնահերթ պետք է լինեն աշխատակցի շահերը:

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ