Չենք ուզում կամ չենք գիտակցում, որ կարող ենք անել ավելին, քան հիմա անում ենք

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը։

Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում:

Մեր զրուցակիցն է «Megatoys» ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը։

Հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ:

Էմոցիոնալ պատասխանեմ, ինձ համար մայրենիք: Եվ ամենևին չեմ ուզում այս գաղափարի մեջ գտնել գենդերային կոնտեքստ, այն միայն արտահայտում է յուրաքանչյուրիս մոտեցումը, զգացողությունը, ընկալումը: Ինձ համար այն արտացոլում է մի կողմից ուժ, հենարան, արմատների և պատմության արտացոլանք, մյուս կողմից՝ շատ էմոցիոնալ կապվածություն, անպայման սեր և նվիրում: Բայց համենայնդեպս, եթե ընտրելու լինեմ ինչպես եմ այն զգում, հաստատ ավելի շատ մայրենիք:

Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը:

Ծնողներս բնիկ երևանցիներ են, պապիկներս արմատներով Արևմտյան Հայաստանից են, տատիկներս` Նախիջևանից և Երևանից:

Շատ եմ կարևորում արմատները, նրանց ճանաչումը, այն փոխանցում է մեզ որոշակի գենետիկ կոդեր, սովորույթներ, որոնք ամբողջ կյանքում, ոմանց մոտ շատ կամ քիչ, բայց անդրադառնում են մեր ապրելակերպի և մտածելակերպի վրա: Ի դեպ, կարևորելով արմատների դերը և նշանակությունը՝ արդեն տևական ժամանակ փորձում ենք տոհմածառ ստեղծել, բայց ցավոք դեռ չի ստացվում այն ամբողջացնել, գնալով ինֆորմացիան ավելի է պակասում… Բայց դա իմ կարճաժամկետ նպատակներից մեկն է։

Մի քանի նախադասությամբ կներկայացնե՞ք, ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը։

Եթե մի բառով փորձեմ նկարագրել, ապա միանշանակ կարող եմ ասել, որ մանկությունս եղել է իմ ամենաերջանիկ շրջաններից մեկը: Ապրել եմ ոչ մեծ ընտանիքում, ծնողներս, ես և եղբայրս: Անգնահատելի դերակատարում իմ դաստիարակության և կայացման մեջ միանշանակ ունեցել են իմ պապիկներն ու տատիկները, որոնց բարեբախտաբար կարողացել եմ վայելել մինչև նրանց խոր ծերություն: Եվ մանկության տարիները հիմնականում հիշում եմ հենց իրենց հետ անցկացրած պահերով, որտեղ բացահայտ չկար «ոչ» բառը, սակայն երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իրականում այն իհարկե կար, բայց բացարձակ աննկատ և ճիշտ ձևակերպված: Շատ բան եմ սովորել իրենցից դաստիարակության «նուրբ արվեստի» հարցում:

Պատանեկության տարիները իհարկե մի փոքր ավելի դժվար անցան, 90-ականների սթրեսսային, ինչպես հիմա կարող ենք այն գնահատել, բայց իրականում շատ մութ, բայց միաժամանակ շատ պայծառ, մտերմիկ և տաք տարիները: Համենայնդեպս այն ջերմությունը, որը հիշում եմ այն տարիներից, այն շփումները, ընկերների և բարեկամների հետ անցկացրած պարզ ու բարի ժամանակը, ցավոք, գնալով ավելի քիչ ենք կարողանում վայելել:

Հետո եկան 2000-ականները, ուսանողական տարիներ, որոնք լի էին հույսերով, մեծ ստիմուլով և դեպի ապագան փայլուն ձգտումով: Շատ է տպավորվել, որ ուսանողական տարիների հենց սկզբից մեծ ցանկություն ունեի աշխատելու, ուզում էի մաքսիմալ արագացնել ինքնուրույն դառնալու էտապը: Հիշում եմ, որ այդքան էլ ողջունելի չէր տանը իմ մտահաղացումը, բայց ամեն դեպքում իմ ընտրությունը ընդունվեց, և հիմա իրոք հասկանում եմ, որ այդ դպրոցը, որն անցել եմ հենց պատանեկության տարիներից սկսած, իրականում մեծ և ամուր հիմք է դրել իմ մասնագիտական կայացման, առաջընթացի, պատասխանատվության զգացումի զարգացման վրա: Նույնը հիմա արդեն փորձում եմ սերմանել տղայիս մեջ, առավել ևս, որ այժմ ժամանակին համընթաց քայլելու փոխարեն վազել է պետք:

Իրականում շատ կարոտով եմ հիշում այն ժամակաները և միանշանակ կարող եմ ասել, որ երջանիկ մանկությունը դա ամբողջ կյանքի որակի, ապրելակերպրի և որպես անհատի կայացման մեջ ամենաէական բազան է:

Որո՞նք են կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք:

Կարծում եմ, դասեր քաղելը դա կյանքի իմաստներից մեկն է: Եվ այն չունի սկիզբ և վերջ, դա անընդհատ գործընթաց է, և կարևորագույն բաղադրիչներից է այդ պրոցեսում լինել կայուն, հաստատակամ, չընկճվող: Ինձ համար մինչ այժմ երևի ամենաէական դասերից են եղել՝ միշտ հենվել սեփական ուժերի վրա, ոչ մեկից ոչինչ չակնկալել, և միևնույն ժամական լինել շնորհակալ և գնահատել այն, ինչ ունեմ այսօր, և կյանքիս այս էտապում սա է իմ բանաձևը: Իմ կարծիքով՝ շնորհակալ լինելու և գնահատելու կարողությունը, սկսած ամենագլոբալ դրսևորումներից մինչև մանր կենցաղային խնդիրներ, առհասարակ մարդկության ամենաուժեղ կողմերից մեկը կարող է լինել:

Եթե անդրադառնանք Հայաստանում կրթության ոլորտի խնդիրներին, որո՞նք են դրանք, ինչպե՞ս լուծել։

Իրականում, չունենալով արտերկում կամ ոչ հայկական կրթական հաստատությունում կրթություն ստանալու փորձ, մի փոքր դժվար է օբյեկտիվ պատասխանել այս հարցին։ Սակայն, ունենալով շատ շփումներ և կարծիքներ հենց տվյալ խմբի հետ, միանշանակ կարող եմ ասել, որ մեր ուսումնական համակարգը հիմնված է տեսական գիտելիքների, այլ ոչ թե ավելի պրակտիկ, կամ սեփական մտածողությունը զարգացնելու հմտությունների վրա: Այն գիտելիքները, որոնք մենք ստանում ենք մեր կրթական ծրագրով և մոտեցմամբ, շատ դեպքերում կիրառելի չեն պրակտիկ աշխատանքի մեջ, և հենց դա է պատճառը, որ նորավարտ ուսանողը շատ դժվար է մասնագիտական աշխատանք գտնում, քանի որ գործատուն մասնագիտական ոլորտում կարևորում է փորձը և պրակտիկ գիտելիքները: Եվ ամենակարևորը, անհրաժեշտ է տալ հնարավորություն ինքնադրսևորվելու, սեփական մտածողությունը զարգացնելու, և ամեն ինչի մեջ սեփական կարողությունները և հետաքրքրությունները բացահայտելու համար:

Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Հայ ժողովրդի ամբողջ ոչ հեշտ պատմությունը երևի թե սովորեցրել է մեզ լինել խիզախ, պայքարող, տոկուն, չհանդուրժող բացասական դրսևորումները և երևույթները: Այս ամենի հետ նաև ըստ անհրաժեշտության ունենք միասնականացման անգնահատելի հատկություն: Ունենալով մեծ պոտենցիալ, ինչն ապացուցում է հայ տաղանդների համաշխարհային  ներկայությունը գրեթե բոլոր բնագավառներում, ինչպես նաև միասնականացման նման հնարավորություն, չենք ուզում կամ չենք գիտակցում, որ կարող ենք անել ավելին, քան այն, ինչ հիմա անում ենք:

Ասում են՝ առողջացման համար պետք է նախ իմանալ ախտորոշումը։ Ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»։

Չեմ հիշում՝ ում խոսքերն են, բայց հայտնի գրողներից մեկը ասել էր, “Чтоб найти верную дорогу, сначала нужно заблудиться”: Կարծում եմ, կարող ենք դիագնոզը անվանել «մոլորություն», բայց ճիշտ բուժման ուղի գտնելու ակնկալիքով:

Որոնք են մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք։

Եթե չանդրադառնանք Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման լրջագույն խնդրին, ապա միանշանակ թիվ մեկ խնդիրը, և հատկապես Հայաստանի համար, կարող եմ նշել էկոլոգիական խնդիրները: Ագրեսիվ և երիտասարդացած ծանր հիվանդությունների առկայությունը մեր հասարակության տարբեր շերտերում, ինչպես նաև քաղաքի աղտոտվածության բարձր ցուցանիշները վկայում են, որ իրավիճակը լուրջ է։

Կարևոր խնդիր եմ համարում  նաև «ուղեղների արտահոսքը»՝ իրենց համապատասխան տեղը չգտնելու հետևանքով: «Ինչ անել» հարցին կդժվարանամ պատասխանել, դրա համար կան համապատասխան ինստիտուտներ:

Իսկ անհատնե՞ր, թե ինստիտուտներ, որը զարգացնել։

Ինստիտուտներ: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ կայուն զարգացած ինստիտուցիոնալ համակարգերում անհատների դրսևորումը և կատարելագործումը շատ ավելի արագ և դյուրին է ընթանում, քան ոչ կայուն կամ նոր զարգացող ինստիտուտներում: Իհարկե, չեմ ուզում թերագնահատել անհատների դերը ինստիտուցիոնալ համակարգում, միանշանակ առանց պայծառ անհատների դժվար է պատկերացնել զարգացած ինստիտուցիոնալ համակարգ, բայց ինձ համար ավելի գլոբալ միավոր է կայացած ինստիտուտը:

Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ։

Մեր իրականության մեջ շատ է կարևորվում հենց «պարտավորություն հաջորդ սերնդի առաջ» գաղափարը և մոտեցումը: Շատ հաճախ կարելի է հանդիպել իրավիճակ, երբ ծնողներն են որոշում երեխան ինչ մասնագիտություն ընտրի, ում հետ շփվի, ինչ անի կամ ասի և այլն: Կարծում եմ դա ամենասխալ մոտեցումներից է, որի հետևանքով կարող ենք տեսնել ավելի անօգնական, ոչ ինքնուրույն և սահմանափակ աշխարհայացքով սերունդ: Ժամանակակից երիտասարդները հաճախ ըմբոստանում են, քանի որ ժամանակը իրենն է թելադրում, և արդյունքում առաջանում է առողջ մտածելակերպով, արարող, ստեղծող ինքնավստահ սերունդ, որը և ապահովելու է հետագա առաջընթացը: Ասածիս լայն իմաստով, հաջորդ սերունդներին պետք է տալ ուղղակի ինքնադրսևորվելու հնարավորություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և աշխարհայացք ձևավորելու ունակություն։ Դա է իմ կարծիքով  ապագա  սերնդի կայացման և զարգացման, ու համաշխարհային իրողություններին համահունչ քայլելու գրավականը: Այդ ամենին զուգահեռ, իհարկե, դաստիարակության և անհատների կայացման հարցում անչափ կարևորում եմ նաև ընտանիքի դերը: Իմ սիրած հոգեբաններից Միխաիլ Լաբկովսկին ասել է․ «Այն, ինչ դուք այսօր ասում էք ձեր երեխաներին, երբ իրենք դեռ փոքր են, այն է ինչ իրենց գլուխներում հնչելու է, երբ իրենք մեծանան»։

Ի՞նչ եք անում դուք՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար:

Ամենակարևորը, ես ամեն օր փորձում եմ մաքսիմալ լավ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, լինելով օպտիմիստ, փորձում եմ նաև այդ օպտիմիզմը և դրական էմոցիաները հաղորդել շրջապատին: Նվիրումով աշխատելը թերևս յուրաքանչյուրիս պարտավորությունն է՝ երկիրը ավելի լավը դարձնելու համար:

Եվ, իհարկե, որպես մայր, իմ հիմնական առաքելությունն եմ համարում դաստիարակել ազնիվ, խելացի, բարի, հայրենասեր և հասարակությանը պիտանի մարդ: Անհամեստ չհնչի, բայց տղաս 14 տարեկան է, և արդեն իսկ տեսնում եմ իմ ջանքերի որոշակի արդյունքը: Իրականում սարեր շուռ տալ չեմ կարող, սակայն համոզված եմ, որ յուրաքանչյուրս ունի իր առաքելությունն այս կյանքում, ուղղակի պետք է գտնել այն և առաջ շարժվել՝ այն ճիշտ իրագործելով:

Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:

Երբեք չեմ սիրել հետ նայել, համեմատել կամ ափսոսանք զգալ ինչ-որ ժամանակաշրջանի կամ երևույթի հանդեպ, նույնիսկ երբ խոսքը գնում է նման պայծառ պատմական ժամանակաշրջանի մասին։ Անշուշտ, դա մի էջ էր, որը պարծանք է ամբողջ ազգի համար, սակայն ժամանակները փոխվում են, հասարակությունը զարգանում է, և այսօր մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ խոսվում և քննարկվում է արհեստական բանականության հարցը, առանց վարորդների մեքենաների երթևեկելու հարցը և այլն։ Այսինքն, տեխնոլոգիական այս առաջընթացի դարաշրջանում մենք միանշանակ ունենք բոլոր այն նախադրյալները, որ համաշխարհային մակարդակով մեր ուրույն տեղը զբաղեցնենք այդ գլոբալ գործընթացի մեջ:  «Գալաքսի» ընկերության կողմից IT պարկի ստեղծման և կառուցման կոնցեպտը ևս մեկ օրինակ է, որը Հայաստանն անհամեմատ առաջ կմղի ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Ամփոփելով՝ ասեմ հետևյալը՝ կարծում եմ ինֆորմացիոն տեխնոլոգիաների որոլտի զարգացումը միանշանակ առաջընթացի կոնցեպտ կարող է լինել:

Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո։

Կառաջարկեի լսել ամերիկացի գրող, դասախոս, ինքնազարգացման պրոպոգանդիստ Ուեյն Դայերի – 5 Lessons to Live by Dr. Wayne Dyer. Ինձ համար թերևս ամենաոգեշնչող հեղինակներից մեկը:

Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի:

 

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ