«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան

«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Առկա» և «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունների հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը։ 

«ԱՌԿԱ». «Գալաքսին» վերջերս նշեց իր հիմնադրման 22-ամյակը և հայտարարեց բիզնես ու սոցիալական նախագծերը նոր թափով սկսելու մտադրությունների մասին։ Եթե փորձենք հետահայաց ամփոփել այս ամբողջ ժամանակահատվածը, ինչպե՞ս կբնութագրեիք այս երկար ուղին՝ որպես «Գալաքսիի» համահիմնադիր։

Ա. Խաչատրյան. Թեև դժվար է, միգուցե անհնար՝ մի քանի բառով ամփոփել 22 տարին, բայց կարծում եմ՝ այս ամբողջ ժամանակահատվածը թիմով հաջողության հասնելու պատմություն է։ Ինձ համար վերահաստատել եմ՝ ցանկացած իրավիճակում նախևառաջ պետք է ապավինես քո և թիմի ուժերին։ Եվ որ հավաքական ներուժով ու գիտելիքով կարելի է հասնել անհնար թվացող նշաձողի։ Իսկ գիտելիքը հատկապես ծնվում է փորձից՝ բիզնես մրցակցությունից, հաջողություններից, ձախողումներից, մարտահրավերներից ու դրանք հաղթահարելու տարբեր ճանապարհներն անցնելուց։

Ինձ համար «Գալաքսիի» 22-ամյակը թիմային այս բանաձևի խորհուրդն ունի, և հենց այդ արժեքային հենքով ենք մենք ձևակերպել մեր մյուս տարվա նախագծերը։ Դրանք միտված են բիզնեսի զարգացմանը, հասարակական առողջացմանը, Հայաստանի տնտեսության վերականգնմանն ու առաջընթացին։

Կարծում եմ՝ այս օրակարգի համար մենք ունենք ինստիտուցիոնալ ամուր ժառանգություն։ Այդ համատեքստում կարող եմ ընդգծել հատկապես «Գալաքսիի» հաստատուն աճն ու տրանսֆորմացիաները` հայաստանյան ընկերությունից դեպի տարածաշրջանային ներկայացվածություն ունեցող ընկերությունների խումբ, կոմերցիոն ընկերությունից՝ սոցիալապես պատասխանատու բիզնես, փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու։

«Գալաքսին» նշեց իր 22-ամյակը ռոք-դասական համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«ԱՌԿԱ». Նախորդ տարին դժվարագույնն էր՝  համավարակ, ճգնաժամ, պատերազմ, և հետևանքները մեղմելու համար դեռևս շատ ժամանակ կպահանջվի։ Ինչպե՞ս է ազդել այս ամենը բիզնեսի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր հոլդինգային ընկերության կազմի ներքո հանդես են գալիս Հայաստանի ավելի քան 10 խոշոր ընկերություններ։

Ա. Խաչատրյան. Իսկապես, մարտահրավերների ծավալն աննախադեպ էր, բոլորիս համար կորուստները՝ աննկարագրելի։ Դժվար է եղել աշխատելը, հատկապես, երբ այդ մեծագույն խնդիրներից բացի, ունեցել ենք նաև կորպորատիվ ճգնաժամներ։ Սակայն փորձել ենք և կարողացել ենք պահպանել թիմային ոգին, հնարավոր ջանքեր ներդնել՝ մեղմելու ճգնաժամերի հետևանքները և, ի վերջո, աշխատել գիտակցումով, որ յուրաքանչյուրս ներդրում ունի Հայաստանի տնտեսական կայունության ապահովման, տնտեսության վերականգնման գործում։

Նոր ռազմավարություն է մշակվել՝ նպատակ ունենալով արձագանքել նոր որակի մարտահրավերներին ու խթանել «Գալաքսիի» խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակական աճը։ Միայն նախորդ տարվա ընթացքում պետական բյուջե հարկերի տեսքով «Գալաքսի» ընկերությունների խումբը վճարել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Մենք նաև կարողացել ենք ապահովել բիզնեսի շարունակականությունը՝ պահպանելով տարբեր փուլերում գտնվող նախագծերի կայուն զարգացումը։

«ԱՌԿԱ». Ըստ երևույթին, «Գալաքսիի» կազմում հանդես գալը մրցակցային առավելություն է տրամադրում ընկերություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ համակարգի մաս կազմելը վստահաբար ավելի ամուր հենք է ապահովում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ինստիտուցիոնալ կառավարում իրականացնելիս։

Ա. Խաչատրյան. «Գալաքսին»՝ որպես հոլդինգային ընկերություն, առաջադրում է ռազմավարական զարգացման ուղենիշները, համապատասխան բիզնես պրոցեսներով ու ընթացակարգերով նպաստում ողջ էկոհամակարգի կայուն գործառնությանը և, որպես այդպիսին, պետք է բոլորից առաջ հաշվի առնի բիզնես ռիսկերն ու ապահովի արդյունավետ կառավարում։ «Գալաքսիի» դերը սահմանվում է մեր ընկերությունների համար երեք կարևոր գործառույթների ապահովմամբ.

  • աջակցություն՝ բոլոր փուլերում, ներառյալ թիմերի ստեղծումը, տարբեր շահառուների հետ գործընկերությունների հաստատումը, բանակցումը և այլն.
  • կանոնակարգման ապահովում, ներառյալ ֆինանսական, թիմային առաջնորդման, մարքեթինգի, իրավաբանական ոլորտներում համապատասխան ընթացակարգերի ու սկզբունքների ներդրումն ու գործադրումը.
  • վերահսկողություն՝ նպատակ ունենալով ապահովել բիզնեսի զարգացումը՝ համաձայն ռազմավարության։

Բազմաոլորտային ներգրավվածությունը նպաստում է փորձի փոխանակմանը, հնարավորության բազմազանություն է տալիս՝ սկսած աշխատուժի շուկայից, մատակարարների հետ բանակցելուց և այլն։ Այս իմաստով, գիտելիքի և փորձի շարունակական փոխանակումը ընկերությունների միջև առանցքային կետ է մեր ընկերությունների խմբի արդյունավետ զարգացման համար։

«ԱՌԿԱ». Բիզնես վարելու «Գալաքսիի» մոդելի մեջ է տեղավորվում նաև սոցիալական և տնտեսական ազդեցության զեկույցների պարբերական հրապարակումը։ Սա կարելի՞ է համարել նոր մշակույթի սկիզբ Հայաստանի տնտեսական կյանքում։

Ա. Խաչատրյան. Կլինի նոր սկիզբ, թե ոչ՝ չգիտեմ, բայց մենք հավատում ենք, որ դա հաստատապես արդյունավետ հաղորդակցման միջոց է Հայաստանի քաղաքացիների, բոլոր շահառուների՝ աշխատակիցների, սպառողների և մյուսների հետ։ Ու թեև հատուկ պահանջ չկա հրապարակելու հարկային, վարկային և այլ կարևորագույն տվյալներ ընկերության գործունեության մասին, այնուամենայնիվ, գոնե «Գալաքսիի» համար կարևոր է թափանցիկության բարձր մակարդակի ապահովումը։

Բացի այդ, մեր ռազմավարությունը նպատակ ունի ընդլայնել իրազեկվածությունը ինչպես «Գալաքսիից» դուրս, այնպես էլ Հայաստանում ու մեր տարածաշրջանային գրասենյակներում աշխատող թիմակիցների շրջանում, թե բազմաինդուստրիալ մեր ընկերությունը հավաքական ինչ ազդեցություն ունի տնտեսության վրա։

Իսկ մեր Խմբի ազդեցության պարագիծը բավական ընդգրկուն է։ Ուստի, որպես պատասխանատու բիզնես, փորձում ենք ապահովել բիզնես մշակույթի այնպիսի մակարդակ, որը բխում է հանրային շահերից և արտացոլում սոցիալ-տնտեսական ոլորտի բոլոր շահառուների շահերը։ Ավելին, մեր այդ մշակույթի բաղադրիչ ենք համարում նաև արդյունավետ կառավարման ապահովումը, շուկա նորարարություն բերելը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացումը «Գալաքսիի» ներսում, ինչը մյուս կողմից հանդիսանում է կարևոր արժեք տնտեսության համար։

«ԱՌԿԱ». Արդյունավետ կառավարման մեխանիզմնե՞ր, ինովացիանե՞ր, թե՞ այլ սկզբունքների համախումբն է խթանել «Գալաքսիի» բիզնեսի շարունակականությունը։

Առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը։

Ա. Խաչատրյան. Նպատակների, դրանց ճշմարտացիության նկատմամբ հավատը եղել է կարևորագույն արժեքներից մեկը բիզնեսի շարունակականության ապահովման համատեքստում։  Իսկ ճանապարհը դեպի նպատակ անցել ենք թիմով, գիտելիքով ու կամային արժեքներով։ Մենք հպարտ ենք մեր ունեցած մարդկային ներուժով. մեր նվիրված ու պրոֆեսիոնալ թիմերն են մեր հաջողության երաշխավորը։

Դա է պատճառը, որ, չնայած նախորդ տարվա դժվարություններին, «Գալաքսիի» ոչ մի ընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը։ Ավելին, չենք դադարել նոր նախագծերի մասին խոսել, պլանավորել ու իրականացնել դրանք։ Մասնավորապես, հաջորդ տարեսկզբին Հայաստանում արդեն շահագործման կհանձնվի ժամանակակից ճարտարապետության ամենաբարձր պահանջներին համապատասխանող Teryan 5 շենքի բնակելի հատվածը։ Նաև հայտարարեցինք շուտով Հայաստանում ֆրանսիական հանրահայտ PAUL հացաբուլկեղենի սրճարանների ցանցի բացման մասին։ Իսկ վերջերս արդեն բացեցինք TI’ME և Pandora բրենդների երկրորդ կենտրոնը Բելառուսում։ Ունենք նաև այլ՝ ինչպես տարածաշրջանային բնույթի, այնպես էլ տեղական արտադրության խթանման նոր նախագծեր, որոնք դինամիկ զարգացման փուլում են։

Մեր կենսական շահերի կենտրոնը Հայաստանն է, մեր երկիրը մենք շատ ենք սիրում, և մեծ երջանկություն է հավելյալ արժեք ներբերել հայրենական տնտեսություն։ Միևնույն ժամանակ, մեր ձգտումն է, որ «Գալաքսիի» բիզնես աշխարհագրությունն ընդլայնվի, իսկ «Գալաքսիում» ստեղծված բրենդը ստանա միջազգային ճանաչում։

Սկզբնաղբյուր՝ Arka.am 

ավելին
Գաբրիել Ավետիսյան. «Փորձում ենք կանգ չառնել ու առավել ակտիվ աշխատել»
«Խրոնոգրաֆ» խանութ-սրահն առաջինն էր Հայաստանում եւ տարածաշրջանում, որ հաճախորդներին առաջարկեց բարձր դասի ժա ...
27 Սեպտեմբերի, 2022
ԱՎԵԼԻՆ
Ռիմա Խաչատրյան. Ցանկացած բիզնեսի հիմքում մարդիկ են
Տաղանդների ներգրավումն ու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտն առհասարակ, այսօր որոշիչ դեր են խաղում բազ ...
09 Օգոստոսի, 2022
ԱՎԵԼԻՆ
Էլինա Գաբրիելյան. Չկա ճգնաժամ, որից հնարավոր չլինի դասեր քաղել
«Բարդ իրավիճակները միշտ չէ, որ բարդ լուծումներ են պահանջում», - ասում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավ ...
20 Հուլիսի, 2022
ԱՎԵԼԻՆ