Երիտասարդներին պետք է սովորեցնենք ինքնուրույն ընտրել կյանքի ուղին

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը:

Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub-ում

Մեր զրուցակիցն է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների (տաղանդների) կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը: Զբաղվում է մարդկային ռեսուրսների գնահատմամբ, ներգրավմամբ ու զարգացմամբ:

Նա առաջին մասնագիտությամբ թարգամանիչ-գործավար է: Հետագայում ձեռք է բերել նաև տնտեսագիտություն և կառավարում, գիդ-էքսկուրսավարի մասնագիտությունները:

Տիկին Հովհաննիսյան, հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչո՞ւ։

Իհարկե, մայրենիք։ Ասեմ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում կարելի է տեսնել կնոջ դերակատարումը։ Կինն ունի շատ հետաքրքիր մի դեր, ինքն իրեն ընտանիքում երկրորդ պլանի դեր տալով՝ միաժամանակ մեծարում է տղամարդուն: Ստացվում է, որ եթե կինը տանը չլինի, տղամարդուն մեծարող չի լինի։ Եվ այստեղ հաստատվում է ժողովրդական ասացվածքը՝ տղամարդը գլուխն է, բայց վիզը կինն է։ Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք կնոջ դերը պատմության մեջ, սկսած հեթանոսական աստվածներից, ընտանիքի պահապան աստվածուհուց, վերջացրած պատմական կերպարներով, որոնք բազմաթիվ են, կարելի է տեսնել, որ, այո, մայրենիք։ Եվ երբ հոգեբանները վերլուծում են, թե մարդու խնդիրները որտեղի՞ց են գալիս, հետադարձ են կատարում դեպի մանկություն։ Եվ այստեղ ամենաառաջնային դերակատարումը մորն է վերապահված։ Մայրն է ծննդաբերում, մայրն է ստեղծարարը, և երեխան ամենաառաջին կապվածությունն ունենում է մոր հետ։ Ինչպես երեխան է պորտալարով կապվում մորը, այնպես էլ մարդը հողին է կապվում, իր հայերնիքին է կապվում։ Եվ այստեղ հայերնիք չէ, մայրենիք է, ուղղակի կինը նորից տղամարդու դերը բարձրացնելով՝ դարձրել է հայրենիք։

Որտեղի՞ց եք սերում դուք արմատներով, և որքանո՞վ է կարևոր մարդու համար սեփական արմատները ճանաչելը:

Արմատներս զուտ հայկական աշխարհագրություն ունեն։ Պապիկներս Արևմտյան Հայաստանից են. հորս կողմի հայրը Ղարսից էր։ Հայտնի իրադարձություններից հետո իր մեծ եղբայրների հետ գաղթել է Ղարսից, փոքր երեխա է եղել, փրկվելու համար մեծ եղբայրները նրան հանձնել են որբանոց։ Ամբողջ կյանքում փնտրել է իր եղբայրներին, բայց չի կարողացել գտնել։ Պապիկիս դերակատարումը իմ և իմ եղբայրների դաստիարակման հարցում շատ մեծ է եղել։ Նա մարդ է եղել, ով չունենալով սեփական մանկություն, փորձել է այդ մանկությունը տալ մեզ։ Մյուս պապս նույնպես արմատներով Արևմտյան Հայաստանից է, իսկ տատիկներս Ջավախքից են: Մեր գերդաստանում տղամադիկ հիմնականում ռադիոկապավորներ են, իսկ կանայք՝ մանկավարժներ: Հայրս՝ որպես առաջադեմ ուսանող, նշանակվել էր Գավառում աշխատելու, հետո ամուսնացել էր և ընտանիքով տեղափոխվել Գավառ։ Այնպես որ, ես ծնվել եմ Ջավախքում, մինչև 13 տարեկան մեծացել Գավառում, հետո տեղափոխվեցինք Երևան: Ահա այսպիսի պատմություն՝ Արևմտյան Հայաստան-Ջավախք-Գավառ-Երևան։

Արմատները պետք են հասկանալու, թե որտեղից է ամեն ինչ սկզիբ առել և ամենակարևորը, թե ինչ հոգևոր արժեքներ ես ժառանգություն ստացել մեծերից: Որքանով խորը կարողանանք հասկանալ մեր ակունքները, այնքանով խորը կճանաչենք ինքներս մեզ։ Նորից անդրադարձ կատարեմ հոգեբանությանը։ Մարդու ներկայիս խնդիրների արմատները ճիշտ հասկանալու համար կարևոր է իմանալ, թե մանկության մեջ մարդն ինչ տեսակի սթրեսներ է ապրել և ինչ տեսակի ռազմավարություն է որդեգրել իր ապագա կյանքի համար: Այս մասին անգամ գենետիկայի մեջ կարող ենք ապացույցներ գտնել: Օրինակ՝ կա մի հիվանդություն, որը հայերի մոտ շատ տարածված է՝ երևանյան հիվանդություն են անվանում կամ պարբերական։ Հիվանդությունը հիմնված է գենետիկ կոդի հիշողության վրա։ Արմատների, ընտանիքի պատմությունը հենքն է, որի վրա կառուցվում է ձեր կյանքը։ Դուք հենց այնպես գոյություն ունենալու հնարավորություններ չունեք. նույն բանն է, որ շենքը կառուցեք առանց հիմքի։

Ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը։

Մանկությանս ամենավառ ու հետաքրքիր հիշողությունները Ջավախքի հետ են կապվում։ Պապիկիս հետ է կապվում մանկությունս. նա բոլոր թոռներով ուրախանում ու ապրում էր, մեր մանկությունը կառուցելով էր ապրում, ինչի համար ես շատ երախտապարտ եմ նրան։ Չկային բջջային հեռախոսներ, կար հեռուստացույց, բայց մենք ավելի հետաքրքիր բաներ էինք գտնում՝ բեմադրություններ էինք բեմադրում, հետաքրքիր խաղեր էինք կազմակերպում, դաշտերում էինք զբոսնում, սարեր էինք բարձրանում։

Հիշում եմ, որ երբ մի փոքր մեծացել էինք, պիեսներ էինք բեմադրում շրջապատի ավելի փոքր տարիքի երեխաների համար։ Այնքան լավ էր ստացվում այդ ամենը, շատ հպարտ էինք լինում, երբ մեր ծնողները ուրախանում էին կամ գովասանքի էին արժանացնում մեզ։ Մայրս ուսուցչուհի էր, հորաքույրներս՝ նույնպես, և նրանց կողմից գովասանքի արժանանալը մեծ պատիվ էր բերում։

Երևի միանգամից մեծացավ այն սերունդը, որն իմ հասակակիցն է, քանի որ առնչվեց իրար հաջորդող ոչ շատ ուրախ իրադարձությունների հետ՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսական բլոկադա։ Բայց, երբ ես հետ եմ նայում ու տեսնում, թե մենք ինչպիսին էինք, տեսնում եմ, որ շատ բաներ մեր գիտակցությունից դուրս էինք անում։ Միգուցե ենթագիտակցության մեջ կար տխրություն, բայց այնուամենայնիվ կարողանում էինք գնել փոքրիկ մարտկոցներ, երաժշտություն լսել, ինչ-որ երեկույթներ կազմակերպել։

Պատանեկությունս ու երիտասարդությունս խառնվել է իրար, մանկությունից միանգամից ցատկ կատարեցինք հասուն կյանք, այդ դժվարությունները շատ արագ բերեցին դրան։ Դառանք հասուն մարդիկ. մեզ մեծ էինք համարում, մեզ վրա պատասխանատվություն վերցնում ու չէինք վախենում դրանից։ Վախենալու ժամանակ էլ չունեինք, քանի որ պետք էր արագ ադապտացվել իրավիճակին, փոփոխվող կյանքին, նոր մոտեցումներ էր թելադրում կյանքը։ Եվ դա շատ օգնեց հետագայում։

Ես կարծում  եմ՝ այն  մարդիկ, ովքեր 1990-ականների սկզբին Հայաստանում չեն եղել, նրանք իրենց մոտեցումներով, սթրեսակայունությամբ, խնդիրներ լուծելու հնարավորություններով խիստ տարբերվում են մեզնից: Մարդիկ, ովքեր տեսել են ջուր, լույս չլինելու խնդիրները, ավելի կոփված են, դիմացկուն, կարողանում են դիմակայել սթրեսներին, իրենց չի կարող վախեցնել ինտերնետ չլինելը։

Ո՞րն է կյանքի ամենակարևոր դասը կամ դասերը, որոնք ստացել եք:

Ըմբռնումով մոտենալ ցանկացած իրավիճակին,  փորձել քեզ դնել այն մարդու տեղը, ում հետ շփվում ես, ով քո նկատմամբ ինչ-որ քայլեր է անում։ Փորձել հասկանալ մարդուն, մտնել այդ մարդու մտածելակերպի մեջ։ Ոչ թե ուղղակի ասել՝ ես ի՞նչ կանեի իր փոխարեն, այլ փորձել հասկանալ՝ ի՞նչն է շարժիչ ուժ այդ մարդու համար, ո՞րն է նրա շաժառիթը։ Եթե իրավիճակը ստեղծվել է մի քանի մարդու մասնակցությամբ, ուրեմն այդ բոլորի տեսակետը պետք է լսել, հասկանալ՝ այս մարդիկ ինչի՞ց դրդված են դա անում, ինչի՞ համար են անում, ի՞նչ են ուզում դրանով ստանալ։ Երբ հասկանում ես մոտիվացիան, արդեն պատկերացնում ես՝ այդ քայլը սխալ է, թե ճիշտ։ Ինձ համար դա շատ կարևոր է, և որքանով եմ ես կարողանում եմ այդ կարևորությունը տեղափոխել իմ առօրյա աշխատանք։ Կասեմ հետևյալը՝ երբ տեղափոխվեցի «Գալաքսի», առաջին բանը, որ նախաձեռնեցի, դա ղեկավար կազմի անձնային գնահատումն է, ինչն էլ հիմա իրականացնում ենք Korn Ferry միջազգային ընկերության հետ համատեղ Talent Q գնահատման համակարգով։

Այս գնահատման համակարգը մշակված է հոգեբանական վերլուծությունների ինստիտուտում։ Եվ իրենք վերլուծում են մարդու հոգեբանական կերպարը։ Վերլուծում են, թե ինչ տեսակի մոտիվացիաներ ունի մարդը աշխատանքի վայրում, առօյա կյանքում, ինչն է դրդում մարդուն այս կամ այն իրավիճակում վարվել այսպես կամ այնպես, եվ հակառակը՝ որոնք են խոչընդոտ հանդիսացող դիստրուկտորները: Սա տալիս է մեզ հնարավորություն ճիշտ կառուցելու յուրաքանչյուր անձի հետ աշխատանքը մարդկային ռեսուրսների կառավարման յուրաքանչյուր դաշտում՝ կարիերայի կառավարում, ուսուցում և զարգացում, արդյունավվետության կառավարում և այլն:

Ընդհանուր առմամբ ըմբռնումով մոտեցման համար փորձում եմ ինքս ինձ ճանաչելու առանցքից ճանաչել մյուսներին:

Անդրառնանք Հայաստանի խնդիրներին: Քանի որ դուք զբաղվածության ոլորտի մասնագետ եք, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում: Անընդհատ ասում ենք, որ Հայաստանում ունենք որակյաալ կադրերի պակաս, բայց մյուս կողմից ունենք բազմաթիվ բուհեր։ Ինչո՞վ է բացատրվում կադրերի պակասի հարցը։

Այո, մենք այսօր ունենք շատ երիտասարդներ, ովքեր մասնագիտություն ընտրելիս ունենում են խնդիրներ, ինքնուրույն չեն ընտրում, իրենց տաղանդի հիման վրա չեն ընտրում, այլ ընտրում են նորաձև ու ավելի ընդունված ու ավելի բարձր վարձատրվող մասնագիտություններ։ Ես իհարկե հասկանում եմ, որ, օրինակ, ՏՏ ոլորտում շատ գումարներ են վաստակում, բայց եթե ես մաթեմատիկական մտածելակերպ չունեմ, չեմ սիրում վերլուծական աշխատանք, չունեմ տաղանդներ, որոնք կարող են  կիրառվել ՏՏ ոլորտում, ուրեմն ես չպիտի գնամ այդ ոլորտ։ Այսպես մտածում են ոչ բոլորը։ Ցավոք, սրտի ծնողներն էլ են մտածում՝ ինչ ավելի շատ վարձատրվող մասնագիտություն ընտրեն երեխայի համար, որ իրենց երեխան սովորի, և ապագան ապահովվի։ Եվ այդ երեխաները լիարժեք մասնագետ չեն դառնում։ Դառնում են մասնագետ, ով գիտի թեորիա, բայց քանի որ չունի ձգտում, ցանկություն, չունի տաղանդ, չի էլ կարող սրտանց զբաղվել այդ մասնագիտությամբ։ Մարդը, ով ուղղակի գիտի մասնագիտությունը, տարբերվում է այն մարդուց, ով դրա հենքում ունի տաղանդ։ Այստեղից գալիս է խնդիրը, որ մենք ունենք չակերտավոր մասնագետներ, ովքեր իրենց համարում են շատ լավ մասնագետներ, քանի որ ունեն բարձրագույն կրթություն, և ունենք գործատու, ով փնտրում է լավ մասնագետ և չի կարողանում գտնել։ Գործատուի փնտրած մասնագետը նվիրված մասնագետն է, տաղանդն է։

Մի փոքր կմանրամասնե՞ք, որոնք են մեր կրթական համակարգի խնդիրները, ի՞նչ տարբերություններ կան արտերկրի կրթական համակարգերի համեմատ։

Մեր կրթական համակարգի մեծագույն խնդիրն այն է, որ ինքը հետ է մնացել մեր բիզնեսից։ Կրթական ոլորտը պետք է մարդ պատրաստի բիզնեսի համար, բայց ինքն այսօր պատրաստում է ուղղակի այն, ինչ ուզում է պատրաստել։ Ինքը չի պատրաստում կոնկրետ մարդիկ, ովքեր կաշխատեն բիզնեսում։ Բիզնեսն իր պահանջներն ունի, նեղ մասնագիտական ուղղվածություններ է ընտրում,  զարգանում է, գնում է առաջ ժամանակի հետ, իսկ կրթական համակարգը հետ է մնացել։ Մենք ունենք խնդիր սկսած մանկապարտեզից, վերջացրած բուհերից։ Դպրոցն ավարտում են երիտասարդներ, ովքեր չունեն տարրական գիտելիքներ, չունեն հենք և գալիս են մի հատ էլ բուհում են  շարունակում, և դրա արդյունքում մենք իբր թե ունենում ենք մասնագետներ։ ԽՍՀՄ-ի ժամանակ կար մի լավ բան, ամեն դեպքում կար հենքային ինչ-որ ուսում, որը հնարավորություն էր տալիս, որ որքան էլ աշակերտը վատ սովորեր, հենքով ինչ-որ բան ստանար։ Այսօր մենք դա բաց ենք թողել։ Մենք ունենք կամ շատ լավ սովորող ու շատ լավ մտածող երեխաներ և ունենք երախաներ, ովքեր ընդհանարպես ոչ մի բան չգիտեն և ոչ էլ սովորում են։ Միջին տարբերակը գրեթե իսպառ վերացել է։ Հետո ասեմ, որ  երիտասարդ սերունդը, որը եկել է մեզ փոխարինելու, ելնելով այս խնդիրներից, այլևս  չի կարևորում ակադեմիական կրթությունը։ Իրենք մեզ այսօր ցույց են տալիս, որ ակադեմիական  կրթությունը կորցնում է իր երբեմնի արժեքը։

Մեր և արտերկրի կրթական համակարգի մեծագույն տարբերությունն այն է, որ մենք երեխաներին չենք սովորեցնում մտածել, տալիս ենք կաղապար, ասում ենք՝ սա քառակուսի է, սա ուղղանկյուն ու եռանկյուն։ Մենք թույլ չենք տալիս, որ երեխան ինքը հասկանա, մտածի ու վերլուծի, իսկ ինչո՞ւ է եռանկյուն ու քառակուսի։ Իսկ երեխաները հիմա շատ ավելի արագ են զարգանում։ Հիմա երեխան մեծանում է, արդեն մի քանի ամսականից բնազդով կարողանում է հասկանալ, որ եթե հեռախոսի էկրանին ինչ-որ տեղեր կտացնի, նկար է բացվում։ Բնազդի մակարդակի վրա նրանք արդեն նոր հմտություններ են ձեռք բերում։ Մեր կրթությունը դրան համահունչ չի շարժվում, հետ է մնում դրանից։ Չենք էլ սովորեցնում, որ երեխան կարող է ինքը մտածել։

Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս  կբնութագրեք այն:

Կասեի՝ մենք ինքնազարգացող մի միավոր ենք։ Չնայած իմ թվարկած բոլոր խնդիրներին, մենք շարժվում ենք առաջ, սովորում ենք, զարգանում ենք, շատ բաներ ենք ձեռք բերում։ Եվ դա  դարձել է մեր նախանձի արտահայտության ձև։ Ես այդ նախանձի մեջ տեսնում եմ զարգանալու հնարավորություն։ Երբ իմ երեխան նախանձում է հարևանի երեխային, ով ինչ-որ բան ձեռք է բերել, ինքն էլ ավելի մեծ ձեռքբերում է ունենում։ Եվ դա ինձ ուրախացնում է, քանի որ ինքն առաջ է շարժվում։ Եթե անգամ մենք ընդօրիանակում ենք, միևնույն է, մենք զարգանում ենք, տեղում չենք դոփում։ Իմ պատերակցմամբ սա բնական մրցակցության տեսակ է։

Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»:

Ախտորոշումը մի քիչ լավ բառ չէ, իսկ մենք լավն ենք։ Տեսեք՝ «ախտ և որոշում», մենք չենք մտածել, թե ինչու է այդ բառն այդպիսին։ Ախտորոշում ասվածը պետք է լինի դիագնոստիկայի հիման վրա։ Իսկ եթե դիագնոստիկայի արդյունքում պարզվում է որ  որևէ հիվանդություն չկա, էլ ի՞նչ ախտորոշում։ Ես կարծում եմ, որ ախտորոշում ունենալու համար ազգը, օրգանիզմը պետք է հիվանդ լինի, իսկ մենք հիվանդ չենք, ապրում ենք, շնչում ենք, ունենք մեր դրսևորումները՝ մի տեղ դրական, մի տեղ բացասական։ Բայց դա ապրելու ձևն է։ Ազգը հիվանդ չի կարող լինել, իմ պատկերացմամբ։ Հոգեկան հիվանդները բուժված են համարվում այն ժամանակ, երբ իրենք կարողանում են գիտակցել, որ այն ժամանակ իրենք հիվանդ էին։ Իսկ երբ ինքը հիվանդ է, չի հասկանում դա։ Մենք կարողանում ենք լիաթոք ապրել, ինքնաքննադատ լինել, սուր աչք ունենք մեր խնդիրները տեսնելու համար, անտարբեր չենք մեր երկրի և ազգի ապագային համար: Կնշանակի ախտորոշելու խնդիր չունենք, ապրում ենք այնպես, ոնց ուզում ենք ապրել։

Որո՞նք են մեր երկրի առջև ծառացած խնդիրները և ինչպե՞ս լուծել դրանք:

Ես կմիացնեմ խնդիրները իմ մասնագիտականի՝ աշխատանքի շուկայի խնդիրների հետ: Իմ պատկերացմամբ՝ այստեղ պետք են որոշումներ կառավարման մակարդակում։ Դրանք պետք է բխեն ընդհանուր ռազմավարությունից, որը երկիրը պետք է որդեգրի, որպեսզի ժողովրդի մոտիվացիան՝ դեպի ճիշտ աշխատանք կատարելը, լավ աշխատելը,պահպանվի։ Պետք է կարգավորվի աշխատանքի դաշտն ընդհանուր առմամբ։ Մենք ունեցանք մի մեծ ժամանակահատված, երբ երկրից խելացի մարդիկ գնացին։ Պետք է մտածել՝ ինչպես անել, որ հետ բերենք այդ խելացի ու մտածող մարդկանց, մարդիկ, ովքեր մտածող են և կարող են աճեցնել մտածող  սերունդ: Այս խնդիրները պետք է լուծվեն կառավարության մակարդակում, որպեսզի մյուս մարմինները այդ ռազմավարության ներքո կարգավորվեն։

Ես չեմ ասում, որ պետք է գնալ ծայրահեղ քայլերի, որոնց գնացել է Բելառուսը, ով անաշխատունակության հարկ է սահմանել երկրում։ Դա, ինչ խոսք, ծայրահեղ մեթոդ է, կան ուրիշ մեթոդներ։ Եվրոպական շատ երկրներում կան ծրագրեր, որոնք ուղղված են հենց գործազրկության կրճատմանը։ Օրինակ՝ շատ երկրներում կան օրենքներ, որոնք գործատուին պարտադրում են առաջին հերթին աշխատող փնտրել սոցիալական զբաղվածության կենտրոններում։ Եվ եթե այդ կենտրոններում չգտնվեց այն թեկնածուն, որը համապատասխանում է գործատուի պահանջներին, նոր այդ դեպքում  գործատուն կարող է այլ ռեսուրսներով ընտրություն կատարել։ Սա կառավարության մակարդակում կայացված որոշում է, ռազմավարություն, որը թույլ է տալիս երկրում աշխատանքայի ուժերի ճիշտ բաշխվածություն կատարելու համար:

Երկիրը պետք է ուսումնասիրի մրցակից երկրների քաղականույթունը և կարողանա սեփական որոշումը կայացնել։ Օրինակ՝ սոցիալական զբաղվածության կենտրոնները պետք է լինեն շատ ավելի ակտիվ, ճիշտ մասնագետներով հագեցած, որտեղ ներգրավված կլինեն հոգեբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման լուրջ մասնագետներ, ովքեր կկարողնան ճիշտ գնահատել գործատուի պահանջներն ու դրան համապատասխան թեկնածու գտնել։

Անհատներ, թե ինստիտուտներ, որը զարգացնել։

Չի կարող լինել այնպես, որ ինստիտուտները գործեն առանց անհատների։ Անհատներին գնահատելով՝ ինստիտուտների կառուցում, անհատների մոտեցումները գնահատելով, իրենց տաղանդները գնահատելով, տեսակները գնահատելով։

Որն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ:

Սա շատ ճիշտ հարց է: Մենք՝ հայերս մեծանում ենք մտածելով, որ մեր ծնողներին պարտական ենք, պետք է խնամենք։ Հայերի մոտ այդ խնդիրը կա, շատ ցավոտ ենք անջատվում մեր ծնողներից։ Մեզ սովորեցնում են, որ մեծերին հարգել է պետք։ Իսկ հարգել նշանակում է, որ մենք պարտավոր ենք, դա մեզ որպես պարտականություն է փոխանցվում։ Իրականում պարտավորությունը մեծ սերնդի կողմից պետք է լինի փոքրի նկատմամբ։ Եվ այս իմաստով հարցը ճիշտ է։

Ի՞նչ պետք է տանք մենք մեր հաջորդ սերունդների համար, պետք է սովորեցնենք նրանց ինքնուրույն ընտրել կյանքի ուղին, որպեսզի կարողանան դառնալ այն, ինչ իրենք են ուզում լինել, այլ ոչ թե մենք ենք ուզում։ Օգնել իրենց, որպեսզի կարողանան բացահայտել իրենց մեջ եղած տաղանդները, կարողանան զարգացնել դրանք ու դրա հիման վրա կառուցեն իրենց ապագան։ Իրենց արժեհամակարգն իրենք պետք է ձևավորեն, մենք ընդամենը պետք է օգնենք իրենց, սովորեցնենք տեսնել և գնահատել արժեքները։ Եվ այդ դեպքում իրենք կզարգացնեն ճիշտ արժեհամակարգեր։

Ի՞նչ եք անում  դուք՝ Հայատանն ավելի լավը դարձնելու համար։

Աշխատում եմ։ Աշխտանքս սկսել եմ գերմանական հիմքերով ընկերությունից,  և երբ  ես գնացի հայկական ընկերություն, իմ ընկերները ինձ հարցրին, ինչո՞ւ գնացիր հայկական ընկերություն, ես ասացի որ դա իմ ներդրումն է։ Ես իմ ստացած գիտելիքը և հմտություններն եմ ներդրում հայկական բիզնեսի զարգացման մեջ: Ինչ վերաբերում  է «Գալքսիին», ապա այստեղ մի քիչ տարբերվում է։ «Գալաքսիում» ես և՛ սովորում եմ, և՛ ներդրում եմ անում զուգահեռ: Սա զարգացման լավագույն ուղին է, որ կարող է լինել, երբ դու շարունակում ես նոր բաներ սովորել ու միաժամանակ աշխատանքիդ արդյունքներն ես տեսնում: Երբ ես կիսվում եմ իմ տեսակետով, որը կարող է նաև չհամապատասխանել հասարակության մեջ ընդունված տեսակետներին, ես նույնպես իմ երկրի զարգացման համար մի գործ եմ անում։ Փոքրիկ մի բան է դա, բայց ես մարդկանց ցույց եմ տալիս, որ կա մի ընկերություն, որտեղ ընդունվում են ոչ ստանդարտ մտածելակերպի մարդիկ։ Ընկերությունը գնահատում է մարդկանց անցած ուղին, գիտելիքներն ու հմտությունները, և տալիս է աճելու մեծ պոտենցիալ։ Գործատուն պահանջում է խելացի մարդկանց: Գործատուի այս դիրքորոշումը ես տարածում եմ բոլոր թեկնածուների վրա, ովքեր գալիս են  մեզ մոտ աշխատելու, բոլոր այն մարդկանց վրա, ովքեր աշխատում են արդեն։

Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55- ը, հայոց պատմության լավագույնէջերից մեկն էեղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:

Ես պատկերացնում եմ, որ մենք այդ կոնցեպտին արդեն հասել ենք, գնում ենք առաջ ու ընդլայնվում ենք։ Եվ ոչ միայն մենք ՝ հայերս, այլ նաև շատ ազգեր ևս։ Տարածքներ գրավելը եղել է հին քաղաքականություն: Շատ հետաքրքիր պատմություն ունի Տիգրան  Մեծը, թե ստրուկից ինչպես է դարձել թագավոր։ Հիմա  ժամանակն ավելի արագ է ընթանում։ Մենք հիմա էլ գրավում ենք մեր ՏՏ ոլորտի մասնագետներով, մեր խելացի մարդկանցով, տաղանդավոր երեխաներով, ինչ-որ մրցույթների մասնակցելով, նորարար մոտեցումներ ցույց տալով, նորարար հնարք կիրառելով։ Այս ամենով մենք առաջ ենք գնումև գրավում ենք տարածքներ։ Եվ ովքեր գնում են ինչ-որ տեղ և տանում են իրենց հետ իրենց հայ լինելը և իմիջը, հայի բրենդը, իրենք այնտեղ մարդկանց են գրավում, մարդկանց սրտեր: Իմ պատկերացմամբ՝ մարդկանց սրտեր գրավելը շատ ավելի մեծ է, քան տարածք գրավելը։ Ես չէի ուզենա Արցախի տարածքից կես սմ անգամ զիջել, բայց կարծում եմ՝ սրտեր գրավելը շատ ավելի կարևոր բան է։ Նոր Տիգրան Մեծի գաղափարը սա է, որը կա և շարունակվելու է։

Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք։

Յութուբից մի հղում՝

Իտայ Թալգամը Ted Talks–ում ցույց է տալիս 20-րդ դարի ամենաճանաչված դիրիժորների առաջնորդման ոճերը, և թե ինչպես են նրանք կարողանում երաժշտական ներդաշնակության հասնել ու առանց ոչ մի խոսք ասելու ղեկվարել նվագախումբը: Գլոբալ գաղափարը մեկը հետևյալն է՝ տարբեր երաժշտական գործիքների վրա տարբեր մասնագետներ նվագում են մեկ երաժշտություն: Եվ իրենց ղեկավարում է մեկ հոգի։ Անգամ նույն երաժշտությունը տաբեր նվագախմբերի կատարմամբ տարբեր հնչեղություն է ունենում։ Թե ինչ երաժշտություն կհնչի, կախված է այդ մարդկանցից, բայց նաև մեծագույն դերակատարում ունի դիրիժորը։ Եվ այստեղ ցույց են տալիս տարբեր աշխարհահռչակ դիրիժորների առաջնորդման ոճեր, ինչը նման է ընկերությունների ղեկավաման ձևերին։ Երաժիշտ նվագողները՝ աշխատողներն են, իսկ դիրիժորը՝ ղեկավարը:

Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։

ավելին
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Ընտրելով գերազանցությունը». «Նուվել դ'Աղմենի» պարբերականի հարցազրույցը Արտյոմ Խաչատրյանի հետ
«Գալաքսի» ընկերությունների մեծ ընտանիքը հայտնվել է  ֆրանսիական «Նուվել դ'Աղմենի» պարբերականի ուշադրության ...
27 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ