Հայկ Լորիկյան. Որոշում կայացնելու հստակ ժամկետներն անհրաժեշտ են

Հայկ Լորիկյանը «Գալաքսի ընկերությունների խմբի» բիզնեսի զարգացման տնօրենն է։ Սովորել է Սթենֆորդի եւ Շեֆիլդի համալսարաններում, Հայաստանում ղեկավարել է մի շարք խոշոր ընկերությունների առեւտրի, մարքեթինգի եւ զարգացման բաժինները։

Ոչ օրինաչափ Լորիկյանները

«Անվան փոխարեն ինձ հաճախ են ազգանվամբ դիմում, թեեւ իմ անունն աշխարհում ամենակարճերից է»։

Հազվադեպ հանդիպող Լորիկյան ազգանունը կրող Հայկը ճանաչում է աշխարհի գրեթե բոլոր մյուս Լորիկյաններին։ Ազգանվան յուրօրինակությունից բացի, նրանց միավորում է 41 տարեկանում արթնացած արվեստի գենը։

«Հայրս (Մարտիրոս Պետրոս Լորիկյանը – խմբ.) գիտնական էր, միջուկային ֆիզիկոս, բայց 41 տարեկանում սկսեց նկարել։ Ավելի ուշ նաեւ գրում էր։ Հորս ճակատագրի այդ դրվագը կրկնեց նաեւ եղբայրս։ Մարդը, որը երբեւէ չէր հետաքրքրվել ներկապնակով, 41 տարեկանից սկսել է նկարել եւ վրձինը մինչ այսօր ցած չի դնում։ 4 տարի հետո կդառնամ 41 եւ ահա՝ նստած սպասում եմ (ծիծաղում է – խմբ.)։

Որպես սկիզբ ֆիզիկան էր

«Ցավում եմ, բայց իմ առաջին մասնագիտությամբ կարող էի կա՛մ ռենտգեն սարքեր նորոգել Հայաստանում, կա՛մ մեկնել արտերկրում աշխատելու։ Ընտրեցի երրորդ տարբերակը»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկ Լորիկյանը հրաժարվել է հոր ճանապարհով գնալ, նոր բան էր ուզում փորձել, նոր մասնագիտություն բերել ընտանիք։

«Մարդիկ կան, որոնք ձգտում են կրկնել իրենց ծնողներին, մեր դեպքում ճիշտ հակառակն է»։

Ընտրեց կենսաբժշկական կիբեռնետիկան եւ շուտով հասկացավ, որ այդ մասնագիտության միակ հեռանկարը հիվանդանոցում ռենտգեն սարքեր նորոգողի աշխատանքն է։ Իրականությունն այդ տարիներին Հայաստանում հենց այդպիսին էր։

Շուտով ընդունվեց Վիեննայի համալսարան, բայց հրաժարվեց մեկնել։

«Այնուամենայնիվ, ֆիզիկան մնաց որպես առաջնային հետաքրքրություն։ Մինչեւ այսօր աստղագիտությունն իմ հոբբին է»։

Դասախոսություն NASA-ից

«Արտերկրում սովորեցի վերաիմաստավորել կրթության նշանակությունը։ Հասկացա, թե այսօր յուրացրած իմ գիտելիքը վաղն ինչպես, երբ եւ որտեղ եմ կիրառելու։ Իսկ ահա Հայաստանում կրթությունը նման է պարտադիր եւ պարտադրված գործողության»։

Երբեք չի մոռանում Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին լսած «Ինչպես որոշումներ կայացնել անորոշ իրավիճակներում» դասախոսությունը։ Այն մատուցել է NASA-ի «Մարսի հետազոտության ծրագրի» ղեկավարը, ազգությամբ իրանցի դոկտոր Ֆիրուզ Նադերին։ Լորիկյանը պատմում է, որ Նադերիի բոլոր դասախոսություններն անձնական օրինակների վրա էին հիմնված։

«Մեր դասախոսը պատմեց հետեւյալը. «Վերջապես սահմանվել էր հստակ օրը, երբ Մարսի վրա հետազոտություն պետք է իրականացվեր (Mars Exploration Rover (MER))։ Այդ նախագծի արժեքը մեկուկես միլիարդ դոլար էր։ Իրականացման օրը երկուշաբթի էր, եւ նախորդող հանգստյան օրերին ես ամառանոցում էի։ Հանկարծ հաղորդագրություն ստացա այն մասին, որ սարքի իջեցումը պետք է հետաձգվի, որովհետեւ Մարսի վրա անբարենպաստ եղանակ է։ Սա նշանակում էր՝ ամեն ինչ հետաձգել երեք ամսով։

Պետք է 30 րոպեում որոշում ընդունեի։ Նայեցի ամպերին եւ նկատեցի, որ տաք, արեւոտ օր է, թեեւ դեռ երկու օր առաջ կանխատեսվում էր անձրեւոտ եղանակ։ Եվ հասկացա, որ պետք է փորձել, որովհետեւ նույնիսկ Երկրի վրա կարող են սխալվել եղանակը կանխատեսելիս, ուր մնաց թե Մարսի եղանակը կանխատեսելիս։ Փորձեցինք եւ հաջողվեց»։

Ահա այս պատմությամբ նա մեզ սովորեցրեց, որ ինքդ քեզ համար պետք է որոշում կայացնելու հստակ ժամկետներ սահմանես»։

NASA-ի գիտելիքը «Գալաքսիում»

«NASA-ից մեր դասախոսը նախադեպ դարձավ, որ բացահայտում անեմ. Սթենֆորդում դասավանդող դասախոսներից շատերը բոլորովին տարբեր, մեկ այլ մասնագիտություն էլ ունեն»։

Միմյանցից տարբեր գիտելիքները նրանք կիրառում են նոր գործիքներ ու լուծումներ սովորեցնելիս, նոր գիտելիքներ ու գաղափարներ առաջարկելիս։ Ահա այս մոտեցումը դարձավ Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի հիմնաքարը։

«Այս նախագծում համադրելու ենք իրարից տարբերվող ոլորտները եւ գաղափարները։ Համակցման գաղտնիքը լինելու է տարբերվող ոլորտների մեկ կենցաղումը, որի արդյունքում եւ ծնվելու է նորարարությունը»։

Աշխատանքը «Գալաքսիում»

««Գալաքսիի» ամենամեծ առավելությունը քեզ նման մտածող, քո աշխարհայացքը կիսող մարդկանց հետ համատեղ աշխատելու հնարավորությունն է»։

Ըստ Հայկ Լորիկյանի՝ «Գալաքսիում» աշխատում են կայացած, ինքնահաստատված մասնագետներ, որոնք տեսնում են ավելին, քան սեփական «ես»-ը։ Ըստ նրա՝ այս գործոնի շնորհիվ է, որ աշխատանքում կարողանում ես գործակցել տարբեր թիմերի հետ, մեծ նախագծեր մտածել եւ իրականացնել, որովհետեւ մարդիկ հասկանում են քեզ եւ տեսնում այն, ինչ դու։

«Եթե ուշադրություն դարձնենք բոլոր այն ընկերություններին, որոնք ներառված են մեր խմբում, կտեսնենք, որ բոլորն էլ ստեղծվել են զրոյից։ Այսինքն, գաղափարի գեներացումից մինչեւ զարգացումը եւ կառավարումը կատարվել է այս ընկերություններում։ Սա քիչ է հանդիպում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում։ Աշխատելով «Գալաքսիում»՝ հնարավորություն ունես զրոյից որեւէ բան ստեղծել, զարգացնել ու հասկանալ, որ այն բավականին կայուն եւ աշխատող է։ Սա է պատճառը, որ այստեղ աշխատելիս, ուզես թե չուզես, մտքերդ դառնում են կառուցողական եւ մեծանում է մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկությունդ»։

«Գալաքսիի» հաջողության գաղտնիքը

«Երբ ապրում ես, օրինակ, Միչիգանում, շրջապատված ես տարբեր ազգություններով ու կրոններով, երիտասարդ տարիքում աշխարհայացքդ ընդլայնելու համար կարող ես ճանապարհորդել այլ նահանգներ եւ երկիրը լքելու անհրաժեշտություն չունես։ Հայաստանում, եթե զարգանալու ցանկություն ունես, ստիպված ես դուրս գալ սահմաններից, ճանապարհորդել եւ բացահայտել աշխարհը»։

Հայկ Լորիկյանն այն կարծիքին է, որ հետո դժվար է այդ սահմանները հատած մարդկանց գտնելն ու մեկ թիմում հավաքելը։ «Գալաքսիին» սա հաջողվել է, եւ հենց դա է դարձել ընկերությունների խմբի հաջողության գաղտնիքներից մեկը։

«Շատերն ասում են, որ Հայաստանում մարդիկ չեն կենտրոնանում մեկ մասնագիտության, մեկ ուղղության վրա եւ նրանց հետ աշխատելը բարդ է։ Սա գուցե դժվար է եւ վտանգավոր նեղ մասնագիտացումների դեպքում, բայց բիզնեսի պարագայում շատ լավ է աշխատում»։

Հայաստանում նախագծերը կյանքի կոչելու հիմնական դժվարությունը մարդկային ռեսուրսն է։

«Ցանկացած խնդիր վերլուծելիս եզրահանգում ենք, որ Հայաստանում որակյալ կադրեր գտնելը լրջագույն խնդիր է։ Դրա միակ լուծումը կրթությունն է, որի մեջ պետք է շատ ներդրում անել, փոխել մոտեցումները՝ սկսած դպրոցից եւ մանկապարտեզից»,- նկատում է Հայկ Լորիկյանը:

Ներդրումային միջավայրը

«Ներդրումային միջավայրը բարելավելու համար պետք է բարելավել բիզնես միջավայրը։ Սրանք փոխկապակցված են»։

Լորիկյանն այն կարծիքին է, որ ներդրումային միջավայրը բարելավելու համար երկիրը կառավարողները նախ պետք է ունենան հստակ տեսլական, պատկերացնեն, թե ինչ են անում, քանի տարվա համար եւ ինչ են ստանալու վերջնարդյունքում։ Երկարաժամկետ, համարձակ եւ տարբերվող տեսլական ունենալը ներդրողների ուշադրությունը դեպի Հայաստան գրավելու միջոց է։

Երկրորդ կարեւոր գործոնը կանխատեսելիությունն է։ Ըստ նրա՝ գործընկերդ պետք է տեսնի, թե ինչ սպասի քո երկրից։

«Պետք է լինի ներդրումային քաղաքականության պարտավորության փաստաթուղթ, որ ով էլ իշխանության ղեկը պահի, ստանձնի այդ փաստաթղթում ամրագրված պարտավորությունը, որպեսզի ներդրողն իմանա, թե ուր է գալիս եւ ինչու»։

Պատմում է, որ ներդրողների հետ շփվելիս հասկացել է, որ նրանց մեծ մասը, նայելով Հայաստանին, տեսնում է ժայռերով շրջապատված ու բազմաբնույթ խնդիրներով փոքրիկ տարածք։ Եվ միայն երկրորդ ու ավելի խոր մակարդակով ուսումնասիրությունների փուլում են տեսնում այն, ինչ տեսնում է տեղացի գործարարը։

Հեղինակային իրավունքները՝ Banks.am-ի։

ավելին
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Ընտրելով գերազանցությունը». «Նուվել դ'Աղմենի» պարբերականի հարցազրույցը Արտյոմ Խաչատրյանի հետ
«Գալաքսի» ընկերությունների մեծ ընտանիքը հայտնվել է  ֆրանսիական «Նուվել դ'Աղմենի» պարբերականի ուշադրության ...
27 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ