Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»

Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առանձնանում է իր ջերմ դիզայնով եւ առաջարկած ծառայությունների բազմազանությամբ:

Բացմանն ընդառաջ՝ Banks.am-ը զրուցել է հյուրանոցի գլխավոր մենեջեր Տոմաշ Վեսելիի հետ ծառայությունների բարձր որակի եւ Երեւան բերված նոր մշակույթի մասին:

-Պրն. Վեսելի, խնդրում եմ ներկայացրեք Courtyard by Marriott Yerevan-ը՝ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն, եւ ի՞նչ կարող են ակնկալել հյուրերը հյուրանոցում անցկացրած իրենց օրերից:

– Courtyard by Marriott-ը ոգեշնչված է հյուրերի համար լավագույնն անելու ձգտմամբ:

Մենք ունենք 1285 հյուրանոցներ աշխարհի 60 երկրներում, որոնցից հերթականն արդեն Երեւանի սրտում է:

Մենք ձգտում ենք հզորացնել մեր հաճախորդներին մի կողմից հոգալով նրանց կարիքները, եւ մյուս կողմից՝ տրամադրելով այնպիսի միջավայր, որը նրանց կօգնի լիցքաթափվել, նոր էներգիա ստանալ, նաեւ ունենալ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ: Դրա համար հյուրանոցն ունի բոլոր պայմանները՝ սպա սրահ, բարձրակարգ սարքավորումներով հագեցած մարզասրահ, բարձրակարգ սնունդ եւ խմիչքներ մատուցող ռեստորան եւ բար, հարմարավետ հանդիպումների սրահներ եւ co-working տիրույթ, որտեղ մեր հյուրերը կարող են ընդունել իրենց հաճախորդներին:

Հյուրանոցն ունի 172 համար, ընդորում՝ մեկ  «Executive» եւ ինը «one-bedroom suite»-ներ:

Նախասրահը բաղկացած է երկու մասից. առաջին մասը դասական ձեւաչափով է, իսկ երկրորդ մասում աշխատանքային օրվա ավարտին կոկտեյլներ վայելելու «Go & Sip» սրահն է:

Առաջին հարկում տեղակայված է մեր «GIA» ռեստորանը, որը ներկայացնում է միջերկրական եւ միջին արեւելյան խոհանոցները: Այն շուրջօրյա է՝ նախատեսված ոչ միայն հյուրանոցի հյուրերի, այլ նաեւ տեղացի հաճախորդների համար:

Տարատեսակ հանդիպումների եւ հանդիսությունների անցկացման համար ունենք չորս սրահ, որոնցից ամենաընդարձակը նախատեսված է մինչեւ 180 անձով միջոցառումների համար:

Հյուրանոցի ամբողջ դիզայնը ջերմ է, տաք գույներով, եւ այստեղ մարդիկ իրենց լիարժեքորեն կարող են զգալ ինչպես տանը:

– Ինչո՞վ է Courtyard by Marriott-ն առանձնանում քաղաքի մյուս հյուրանոցներից, ինչպիսի՞ հատուկ ծառայություններ է այն առաջարկում հյուրերին:

– Նախ եւ առաջ, մենք փորձելու ենք փոխել հյուրանոցների մասին տեղի բնակչության պատկերացումը: Այստեղ մարդիկ հակված են մտածելու, որ հյուրանոցները միայն զբոսաշրջիկների համար են, դրանք թանկ են եւ անհասանելի: Կարծում եմ, բնակչության հանդեպ անարդար վերաբերմունք է, ուստի մեր նպատակներից մեկն է մեր դռները բացել նաեւ տեղացի հյուրերի համար: Ճկուն քաղաքականության եւ ջերմ միջավայրի միջոցով այնպես ենք անելու, որ տեղացիները լինեն մեր ռեստորանի եւ բարի հիմնական հաճախորդները, որպեսզի այն դառնա քաղաքի բնակիչների սիրելի վայրերից մեկը: Բարձր որակի ծառայության հետ մեկտեղ, առաջարկելու ենք այնպիսի գներ, որ տեղացիները ծախսեն նույնքան գումար, որքան քաղաքի ռեստորաններից մեկում կծախսեին:

Մեր հյուրանոցի առավելություններից է նաեւ Marriott Bonvoy ծրագրի մասը կազմելը: Այն համաշխարհային ծրագիր է, որն ընդգրկում է Marriott-ի բոլոր բրենդները: Դառնալով ծրագրի անդամ՝ հաճախորդը իր հավատարմությանը համապատասխան միավորներ է կուտակում ու ստանում Marriott բրենդի ամբողջ աշխարհով սփռված հյուրանոցներից օգտվելու առավելություններ: Marriott Bonvoy-ի անդամները մեզ համար ընտանիքի անդամի նման են:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կշահեն Երեւանն ու Հայաստանը Courtyard by Marriott-ի այստեղ գտնվելուց ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումով:

– Հայաստանը մեծ պոտենցիալ ունի մի շարք պատճառներով. առաջինը, որը բացահայտել եմ սեփական փորձով, այն շատ անվտանգ է, երկրորդը՝ կանաչ զբոսաշրջության մեծ հնարավորություններ ունի: Քանի որ Հայաստանն այնքան էլ խիտ բնակեցված չէ, ինչպես շատ այլ երկրներ, զբոսաշրջիկը կարող է գտնել բազում ամայի ու վայրի տարածքներ, ինչն ինքնին գեղեցիկ է եւ հետաքրքրություն է առաջացնում:

Մենք ընդգծելու ենք այս բոլոր առավելությունները, եւ դրանց համադրելով մեր ծառայությունների բարձր որակը՝ ավելի գրավիչ ենք դարձնելու Հայաստանը զբոսաշրջիկների համար: Աշխարհով մեկ սփռված մեր հավատարիմ հաճախորդների համար Հայաստանը եւս կդառնա ճամփորդելու հետաքրքրական ուղղություն մեր հյուրանոցի առկայության շնորհիվ:

Մենք նաեւ մեծ կարեւորություն ենք տալիս կայուն զարգացմանը, դա «Marriott»-ի մշակույթի կարեւոր մասն է: Հաշվի առնելով այն, որ աշխարհով մեկ ունենք 8,800 հյուրանոցներ՝ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության համար: Այդ պատճառով էլ մշտապես աշխատում ենք միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ փորձելով նաեւ օրինակ ծառայել ոլորտի մյուս ներկայացուցիչների համար:

Մեր հյուրանոցներում հրաժարվել ենք պլաստիկի օգտագործումից, տարանջատում ենք թափոնները, կառավարում ենք սննդային մնացորդները, օգտագործում ենք նորագույն էներգախնայող համակարգեր, սահմանափակում ջրի անխնա օգտագործումը, եւ սրանք ընդամենը օրինակներ են: Ի վերջո, մենք միայն այս մեկ երկրագունդն ունենք, եւ վստահաբար արդեն բավարար վնաս ենք պատճառել դրան:

Այս մոտեցումները սովորեցնում ենք նաեւ մեր աշխատակիցներին, եւ սա եւս մեկ ներդրում է տեղի համայնքի մտածելակերպում:

– Տեղյակ եմ, որ աշխատակիցների զգալի մասը տեղացիներ են: Կասե՞ք, թե ինչպես եք ընտրում թիմի անդամներին, ի՞նչ ունակություններ պետք է ունենան նրանք:

– Այո, մեր աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են, միեւնույն ժամանակ մենք կարեւորություն ենք տալիս նաեւ բազմամշակույթ թիմի առկայությանն ու գենդերային հավասարությանը:

Հյուրընկալության ոլորտում առանցքային է հյուրերին ուրախություն պատճառելը, որի համար բարձր որակավորում ունեցող թիմ է պետք: Այդ պատճառով ինքս եմ հարցազրույց վարում յուրաքանչյուր պոտենցիալ աշխատակցի հետ՝ սկսած մաքրուհիներից:

Գիտելիքը հնարավոր է ձեռք բերել, մինչդեռ բնավորությունը փոխելը բարդ է եւ քիչ հավանական, ուստի մեզ համար առաջնային են մարդկային որակները, իսկ մասնագիտական հմտությունները կարող ենք սովորեցնել: Մենք փնտրում ենք էներգիայով լցված մարդկանց, որոնք սիրում են սովորել ու զարգանալ: Նրանք պետք է լինեն ստեղծագործ եւ ունենան հաղորդակցության եւ հուզական կապ ստեղծելու լավ հմտություններ:

Միեւնույն ժամանակ, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ստանում է Marriott բրենդի հետ աճելու հնարավորություն: Նրանք կարող են ճամփորդել բրենդի հետ միասին՝ աշխատելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հյուրանոցներում:

Հյուրընկալության ոլորտում աշխատելու առավելություններից է նաեւ բաժինների բազմազանությունը, ուստի կարելի է սկսել մատուցողի աշխատանքից, իսկ հետո դառնալ ֆինանսական բաժնի ղեկավար: Մենք ունենք բազմաթիվ դասընթացներ եւ աշխատանքային մշակույթի բարձր չափանիշներ, որոնցով կարելի է անընդհատ սովորել եւ ինքնակատարելագործվել:

Առհասարակ Marriott-ը հայտնի է նրանով, որ այստեղի աշխատակիցները շատ երկար են մնում բրենդի հետ՝ մինչեւ 30 եւ ավելի տարիներ: Ինչպես պարոն Մարիոթն է ասել՝ եթե աշխատակիցները երջանիկ են, կերջանկացնեն նաեւ ձեր հաճախորդներին: Սա ճշմարտություն է եւ մենք հետեւում ենք դրան:

– Որպես հյուրանոցի գլխավոր մենեջեր՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հյուրանոցի աշխատանքային ընթացքի եւ հետագա զարգացման վերաբերյալ:

– Միայն մեկ բան եմ ակնկալում՝ լինել համար մեկը, այլ կերպ լինել չի կարող: Հույս ունեմ, որ հաճախորդների գոհունակության առումով տարածաշրջանում առաջատարի դեր կստանձնենք: Այս նպատակին հասնելու համար հետեւողական հարցումներն ու վերլուծությունները մեր առաջնահերթությունների շարքում են:

Հյուրընկալության ոլորտի գեղեցկությունը նաեւ նրանում է, որ այն մշտապես զարգանում է, ուստի մենք եւս շարունակաբար զարգացնելու ենք մեր առաջարկած ծառայությունները: Մեզ համար երկինքը սահմաններ չունի:

Տոմաշ Վեսելիի զրուցել է Գայանե Ենոքյանը

 

ավելին
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Ընտրելով գերազանցությունը». «Նուվել դ'Աղմենի» պարբերականի հարցազրույցը Արտյոմ Խաչատրյանի հետ
«Գալաքսի» ընկերությունների մեծ ընտանիքը հայտնվել է  ֆրանսիական «Նուվել դ'Աղմենի» պարբերականի ուշադրության ...
27 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ