Զարգացման տեսլականը պետք է լինի հայկական գիտական ուժը, ճկունությունը, միտքը

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ։ Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը։

Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում:

Մեր զրուցակիցն է IUnetworks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը:

Պարոն Մերանգուլյան, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ:

Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար ինչն է հայրենիք, ինչը՝ մայրենիք: Ես սխալ եմ համարում միանշանակ տարանջատելը, քանի որ մեր պապերը և հայրերը մեզ համար երկիր են կերտել, պաշտպանել, դրա համար այն մեզ համար հայրենիք է: Մենք լույս աշխարհ ենք եկել, մեծացել, ձևավորվել, կայացել, աշխարհ ճանաչել մեր մայրերի շնորհիվ։ Մենք ունենք մայրենի լեզու։ Այդ դեպքում մեր երկիրը մայրենիք է։ Հայրենիք և մայրենիք հասկացությունները գործում են ձեռք ձեռքի տված։ Ես այստեղ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսնում։

Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը:

Սեփական արմատները ճանաչելը միանշանակ համարում եմ շատ կարևոր: Ես ինքս ծնվել եմ Երևանում, հորս կողմը Ղարաբաղից է, իսկ մորս կողմը՝ Տավուշից: Բայց նրանք երկուսն էլ մանուկ հասակից ապրել և մեծացել են Երևանում:

Եթե խոսենք ընդհանրապես հայի արմատների մասին, ապա ասեմ, որ նրանք շատ որակյալ են, ուժեղ և կառուցողական։ Նրանք մեզ առանցք են տալիս և ստեղծում իրենց հատուկ բաղադրիչներով մի կերպար՝ տաղանդավոր, մարդասեր, հայրենասեր, հյուրասեր, հանդուրժող, իր պատմությամբ հպարտացող և ամենակարևորը՝ իր ինքնությունը պահպանող, որտեղ էլ նա գտնվի՝ Աֆրիկայում, Եվրոպայում թե այլուր։ Այս եզրակացությանն ենք գալիս, երբ շփվում ենք տարբեր երկրներում ապրող հայերի հետ։ Եթե շատ հեռու չգնանք, հենց նախկին ԽՍՀՄ երկրների մակարդակով դիտարկենք, մենք ամեն տեղ ունեինք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բարձրակարգ մասնագետներ։

Մի քանի նախադասությամբ կներկայացնե՞քինչպես է անցել ձեր մանկությունը,
պատանեկություն, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը։

Հիմնականում դրական։ Մեծացել եմ ինժեների և ուսուցչուհու ընտանիքում՝ քրոջս հետ: Վայելում էինք սովետական կյանքի բոլոր բարիքները: Շնորհիվ մեր ծնողների մենք սովորեցինք, թե ինչ բան է բարեկամներ ունենալը, ստեղծեցինք մեր ընկերական շրջապատը: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ես 8-րդ կամ 9-րդ դասարանում էի սովորում: Եվ այդտեղ հանդիպեցի առաջին դժվարություններին՝ հասկացա, որ այն, ինչ սովորել եմ, չի համապատասխանում այն իրականությանը, որում հայտվել եմ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները առանձնացան, ժողովուրդը հայտնվեց անորոշ և անհուսալի վիճակում։ Մեր ծնողները հաղթահարելով դժվարությունները, հոգեպես սատարում էին մեզ՝ անելով ամեն հնարավորը, որ մենք չշեղվենք ճիշտ ճանապարհից։ Շատ ծանր ժամանակաշրջան էր։ Հաճախ էինք հավաքվում, զրուցում ընկերներով, փորձում կողմնորոշվել ստեղծված իրավիճակում։ Որոնումների մեջ էինք։ Հետո Ղարաբաղի խնդիրը, աղետալի երկրաշարժը, հացի գիշերային հերթերը, վառելիքի ու սնունդի խնդիրները, հոսանքի ու ջրի բացակայությունը կոփեցին մեզ։ Այդ ժամանակ ձևավորվեց հայի նոր տեսակ՝ հոգով ավելի ուժեղ և գիտակցող, որ դժվարությունների դեմ ոչ միայն պետք է պայքարել, այլև պարտադիր է հաղթահարել։

Ես շատ էի ուզում դառնալ վիրաբույժ, դիմեցի Բժշկական համալսարան։ Քիմիայի քննությանը անարդարություն տեղի ունեցավ, որի պատճառով մի խումբ երիտասարդներով համախմբվեցինք և հրապարակում բողոքի ակցիաներ կազմակերպեցինք, որին հետագայում միացան նաև մի քանի այլ բուհերի ուսանողներ։ Այնուհետև մեկնեցի Ուկրաինա և ընդունվեցի ու ավարտեցի Ուկրաինայի Ինժեներական Ակադեմիան։ Սովորելու ընթացքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ այդ ինստիտուտում միակ հայ ուսանողն եմ, չորս կողմը ուկրաինացի, ռուս, ադրբեջանցիներ են: Եվ գիտակցեցի, որ եթե մի քիչ ավելի լավ սովորեմ, ինձ լավ դրսևորեմ, կարևոր գործ կանեմ իմ ազգի համար: Ակամայից սկսեցի հասկանալ, որ դեսպան եմ, եթե ինչ-որ հաջողությունների հասնեմ, ինձնով հայերի մասին լավ կարծիք կկազմեն: Եվ այդ պատասխանատվությունը ես ինձ վրա զգացել եմ մինչև բուհն ավարտելը: Շատ հետաքրքիր զգացմունք էր, հիմա էլ ես մշտապես այդ զգացումն ապրում եմ, երբ գնում եմ դուրս, ցանկացած երկիր: Հատկապես հիմա, երբ շատ քաղաքականացված է մեր կյանքը, քո ցանկացած խոսք ու արարք, շփումն այլ ազգի մարդու հետ շատ կարևոր է: Միշտ պետք է հաշվի առնել, որ ներակայացնում ես քո ազգը: Ակադեմիան ավարտելուց հետո աշխատեցի մի քանի տարի և վերադարձա Հայաստան:

Որո՞նք են կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք:

Շատ դասեր կան այս կյանքում, բայց ես կուզեի նշել այն զգացմունքը, որն ինձ ուղղորդում էր այն ամբողջ ժամանակահատվածում, երբ ես արտերկրում էի ապրում: Մոտ 8 տարի ես Ուկրաինայում ու Ռուսաստանում եմ ապրել: Ընտանիքով տեղափոխվել էի Մոսկվա, լավ աշխատանք էին առաջարկել՝ բավական մեծ հեռանկարով: Բայց թե Ուրաինայում, թե Մոսկվայում ինձ պակասում էր իմ հայրենիքը, Երևանը, բարեկամները, միջավայրը, որտեղ քեզ ավելի ուժեղ մարդ ես զգում: Ես դրանից հետո հնարավորություններ ունեցա աշխատել Եվրոպական մի քանի երկրներում, բայց չգնացի այդ քայլին: Հիմա երեխաներս մեծանում են, տղաս արդեն սկսել է խոսել այն մասին, որ ինքն այստեղ կավարտի իր բուհը, բայց ուզում է մագիստրատուրան անպայման դրսում սովորել, ինչը ես միանշանակ ողջունում եմ: Համարում եմ, որ որակյալ կրթությունը շատ կարևոր է: Հետագայում ինքը պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել ու դառնալ պիտանի մարդ և մասնագետ իր հայրենիքի համար։

Եթե անդրադառնանք Հայաստանում կրթության խնդիրներին, որո՞նք են դրանք։

Ես կրթությունը համարում եմ ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկը ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի համար: Քանի որ աղջիկս դպրոց է հաճախում, իսկ տղաս՝ համալսարան, ես հնարավորություն ունեմ շփվելու երկու կրթական համակարգերի հետ: Կարծում եմ՝ շատ կարևոր է երկրում ստեղծել ու զարգացնել այն, ինչը մարդուց կերտում է պրոֆեսիոնալ: Ես հասցրեցի վայելել որոշ կորիֆեյների հետ շփումը, ովքեր կորիֆեյ են առնվազն երկու ցուցանիշներով, առաջինը՝ որպես ոլորտն իմացող մասնագետ, երկրորդը՝ որպես մանկավարժ, սովորեցնող: Երբ հիմա ես տեսնում եմ երիտասարդ ուսուցիչների և դասախոսների, կարծում եմ, նրանք շատ լավ մասնագիտություն են ընտրել և կողմ եմ, որ այդ մասնագետները շատ լավ վարձատրվեն: Ծնողները տանը դաստիարակում են իրենց երեխաներին, բայց երեխաներն իրենց կյանքի ամենակարևոր մասն անց են կացնում բուհերում ու դպրոցում: Եվ դասախոսն ու ուսուցիչը ոչ միայն պետք է իրենց սովորեցնեն բուսաբանություն, աշխարհագրություն, քիմիա և այլ առարկաներ, պետք է նաև ժամանակակից մտածելակերպի հմտություններ սովորեցնեն: Ցանկացած ուսուցիչ պետք է երեխաներին օգնի, որ նա մտնի սոցիում, կարողանա իրեն ճիշտ դրսևորել, քանի որ նոր ժամանակները նոր մտածելակերպ և մոտեցում են պահանջում։ Չի կարելի մասնագիտական ֆակուլտետն ավարտած երիտասարդին միանգամից բերել, որ նա դասավանդի: Ասածս հետևյալն է՝ պետք է պետական մակարդակով պարբերաբար լինի վերապատրաստման գործընթաց։ Եթե այդ վերապատրաստման ինստիտուտը չներդնենք, մենք կկորցնենք մեր կրթական համակարգի արժեքը: Ճիշտ ուսուցման շնորհիվ երեխաների մոտ կառաջանա հետաքրքրություն՝ ընդհանրապես դպրոց գնալու, այդ ուսուցչին տեսնելու, իր հետ շփվելու, իրենից ինչ-որ բան քաղելու:

Բացի դա, իմ կարծիքով, մեր դպրոցների շենքերը պետք է լինեն վերանորոգված, ունենան նորմալ սանհանգույցներ, ձմռանը պետք է դասասենյակները լինեն տաք: Երեխան իր տաք տնից, նորմալ պայմաններից գնում է մի տեղ, որտեղ պետք է 4-5 ժամ անցկացնի, որտեղ սանհանգույցն ահավոր վիճակում է, ջեռուցումը միանում է ինչ-որ ժամանակից, դասասենյակներն էլ վերանորոգված չեն, ինչո՞ւ պետք է այդ երեխան սիրի այդ դպրոցը: Իսկ այսօր շատ կան նման դպրոցներ: Կրթական համակարգի հիմնական կորիզը հետևյալն է՝ առաջին հերթին մենք պետք է շեշտը դնենք մասնագետների վրա՝ որպես վերապատրաստված մասնագետ, երկրորդ՝ ունենանք դասավանդելու, երեխաներին դաստիարակելու ու սոցիում մտցնելու հմտություններ, երրորդ՝ մենք պետք է հասկանանք՝ երեխաների համար այդտեղ է սկսվում հայրենիք-մայրենիքը: Եթե այդ պայմանները չեն ապահովում, երեխան սկսում է իր հայրենիքը կորցնել: Համոզված եմ, որ այդ ոլորտի համապատասխան բարեփոխումները և ֆինանսավորումը շատ կարևոր է:

Եթե անդրադառնանք ձեզ հոգեհարազատ ոլոտին, ի՞նչ խնդիրներ կան ՏՏ ոլորտում Հայաստանում: Օրինակ՝ տարիներ շարունակ բարձրացվում է հարցը, որ ոլորտում որակյալ կադրերի խնդիր կա: Ինչպե՞ս լուծել այդ հարցը:

Այո, ճիշտ եք նկատում, քանի որ այս ոլորտը զարգանում է շատ արագ և դինամիկ, կադրերի պակաս ենք զգում: Վերջին տվյալներով՝ ամեն օր 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր կան ՏՏ ոլորտում: Չկա բուհ, որը պատրաստում է հենց ծրագրավորողի, հետագայում ուսանողները ծրագրավորող դառնալու համար անցնում են հավելյալ կուրսեր և շատ արագ դառնում պրոֆեսիոնալ մասնագետներ։

Ոլորտի բիզնես պրոբլեմը կայանում է նրանում, որ քանի դեռ չունենք համապատասխան քանակի կադրեր, արագ տեմպերով բարձրանում է ծրագրավորողների աշխատավարձը: Շատ է բարձրանում, ինչը բիզնեսի համար բավական վտանգավոր է: Եթե դու տեսնում ես, որ քեզ մոտ միշտ աճում է ծախսային մասը, բայց պատվիրատուդ դրա հետ դինամիկ չի շարժվում, բիզնեսը դրանից տուժում է: Մենք դեռ այսօր կարողանում ենք խոսել, որ Հայաստանի ծրագրավարումը հետևյալ երկու չափանիշներով է մրցունակ աշխարհում՝ գին և որակ համադրությամբ: Իհարկե, կան երկրներ, որտեղ ավելի բարձր  է ծրագրավորողների աշխատավարձը, բայց մեզ մոտ ոչ նորմալ տեմպերով է այդ աճը տեղի ունենում՝ հաշվի առնելով մեր երկրի փոքրությունը: Մենք ունենք նաև ծրագրավորողների արտագաղթ: Հիմա նաև ունենք հետևյալ խնդիրը, որ շատ ճանաչված միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն ավելի լայն ֆինանսական հնարավորություններ, հասկանալով այստեղի որակն ու գինը, մեծ հաճույքով իրենց ներկայացուցչություններն են բացում Հայաստանում և հայկական ընկերություններին դրանով շատ են նեղում: Այսինքն՝ եթե հայկական կապիտալով ընկերությունը կարող է իրեն թույլ տալ հայ ծրագրավորողի համար ինչ-որ աշխատավարձ սահմանել, իրենք շատ հանգիստ այդ սահմանը կոտրում են՝ 1.5-3 անգամ ավելի աշխատավարձ առաջարկելով: Եվ դրա հետևանքով հայկական ընկերությունները կորցնում են իրենց լավագույն կադրերին:

Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Որպես հավաքական միավոր՝ ավանդապաշտ, հայրենասեր, աշխատասեր, հպարտ, բարի, համարձակ, ուժեղ, երեխասեր, հյուրասեր: Այդ ամենի հետ մեկտեղ կասեմ, որ թիմ հասկացությունը հայերի մեջ թույլ է զարգացած։ Դա իր և դրական, և բացասական կողմերն ունի: Դա խանգարում է մարդուն սոցիումում լինել ճկուն: Այդ ճկունության բացակայութան դեպքում մեզ մոտ հաճախ է լինում ուրիշների հաշվին ինքնահաստատվելու գործոնը: Դա շատ է խանգարում թե կյանքում, թե բիզնեսում: Մարդը պետք է ապահովված լինի այն զգացումով, որ ինքը սոցիումի, թիմի անդամ է: Դա մեկ օրում չի արվում, տարիների ընթացքում պետք է արվի: Մեծերին դժվար թե հնարավոր լինի փոխել, մարդուն փոխելը պրակտիկորեն անհնար է, բայց երեխաների հետ փոքր տարիքից աշխատանք պետք է տանել, չկոտրել նրաց ինդիվիդուալ լինելը: Բայց դրա հետ մեկտեղ պետք է բացատրել թիմայնության արժեքը, թե ինչքան կարևոր է դա: Այս հարցում մեծ դեր է կատարում ընտանիքը, ծնողներից ստացած դաստիարակությունը։ Ծնողի մեջ պետք է լինի այն գիտակցումը, որ նրանք երեխա դաստիարակում են ոչ միայն ընտանիքի համար, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հասարակության համար։ Եվ միայն այդ ժամանակ թիմը կկայանա:

Ասում են՝ առողջացման համար պետք է նախ իմանալ ախտորոշումը։ Ըստ ձեզ՝ ո՞րն է
մեր «դիագնոզը»։

Եկեք վերադառնամ կրթությանը: Պատերազմի տարիներից սկսած շատ կոտրվեց կրթական համակարգի մեջքը, որովհետև մարդիկ հացի խնդիր էին լուծում: Եվ այդ համակարգի վերականգնումը շատ կարևոր եմ համարում: Որպես դիագնոզ կդնեմ շատ կարևոր մի բան՝ աշխատասիրությունը պետք է ավելացնել, պատասխանատվության զգացում ու իրավունքների լիարժեք գիտակցում է պետք ունենալ: Ոչ թե մարդիկ պետք է ապրեն իմպրովիզացիայի մեջ, այլ իրականության մեջ: Պետք չէ վախենալ, որ այսօր քիչ բերք ես տալիս, պետք է մտածել՝ ո՞նց անես, որ ավելի շատ բերք տաս: Պետք է սովորել, չվախենալ սովորելուց, հարցնելուց։ Պետք չէ անիմաստ տեղը ինքնահաստատվել, պետք է զարգանալ ու զարգանալ, ինքնակրթվել, կարդալ: Դա հաստատ մեր ապագայի հիմնական գրավականներից մեկն է: Եթե կրթական համակարգը երկրում համարվի ռազմավարական հիմնական ուղղություն, մենք շատ հարցերում լինելու ենք առաջատար:

Անհատներթե ինստիտուտներո՞րը զարգացնել։

Երկուսն էլ. պետք է լինեն անհատներ, ովքեր կզարգացնեն ինստիտուտները: Առանց ինստիտուտի անհատը հաստատ տանուլ կտա, և առանց անհատի ինստիտուտը չի զարգանա: Ինստիտուտն առաջ տանողները պետք է լինեն անհատները, որոնք պետք է լինեն ճկուն, բացատրելով այդ ինստիտուտներում, որ այդ թիմայնությունն է հետո ձեզ դարձնելու անհատներ:

Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ:

Պարտավորությունները շատ-շատ են: Հիմնականը՝ մեր սերունդերին պետք է կարողանանք թողնել ոչ թե կիսաջարդված տաշտակ, այլ շատ նորմալ կառուցված երկիր: Չի կարելի թողնել կիսաքանդ գործարաններ և շենքեր, քայքայված տնտեսություն, ավերված ճանապարհներ: Իսկ ամենակարևորը, որպեսզի իրենք մեզանից ավելի ուժեղ լինեն, մենք երբեք չպետք է իրենց ճնշենք մեծի մեր հեղինակությամբ: Այդ սերունդը, մեկ է, տալու է մեզ անցնի, և շատ սխալ ենք գործում, եթե մտածում ենք, որ իրենք պետք է մեզանից առաջ չանցնեն: Հենց մեր օրոք իրենք պետք է մեզանից առաջ անցնեն, մենք պետք է թույլ տանք, որ իրենք մեզնից անցնեն, չվախենանք։ Եվ դրան գումարած մեր ապագա սերնդին պետք է թողնենք արտակարգ կրթական համակարգ:

Ի՞նչ եք անում դուք՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար:

Յուրաքանչյուր երկիր ավելի լավը դարձնելու համար ամենակարևոր գործոնը այդ երկրի մարդկանց հայրենանվեր աշխատանքն է։ Ես աշխատել եմ տարբեր ոլորտներում։ Սիրելով իմ հայրենիքը՝ ես մասնագիտական դասավանդել եմ Հայաստանում և արտերկրում և արել հնարավորինս ամեն բան, ինչը որ օգուտ կբերի Հայաստանին։ Աշխատել եմ նվիրված։

Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ընկերության շնորհիվ մեր աշխատանքային թիմը ստեղծել է նոր ՏՏ պրոդուկտ, որով դուրս ենք եկել միջազգային ասպարեզ։ Մեր Հայաստանում ստեղծված պրոդուկտը շահել է բազմաթիվ տենդերներ։ Մեզ հետ արդեն համագործակցում են մի շարք երկրների կառավարություններ՝ Կոսովոն, Կիրգիզիան, Տաջիկիստանը, Վրաստանը։ Բացի այդ, անց եմ կացրել բազմաթիվ մասնագիտական դասավանդումներ Հայաստանում և արտերկրում։

Մեզ պատմությունից հասել է տեղեկությունոր Տիգրան Մեծի հայրենիքը՝ ՔԱ. 95-55-ըհայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղելՆերկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը:

Մեր պարագայում զարգացման տեսլականը պետք է լինի հայկական գիտական ուժը, ճկունությունը, միտքը և համառությունը ճիշտ ռելսերի վրա դնելը: Լինելով ավելի գրագետ՝ պետք է կարողանալ ճիշտ դիրքավորվել այսօրվա ստեղծված իրավիճակում, հաշվի առնել բոլոր այն պատմական ելևէջները, որոնք եղել են մեր երկրի, թագավորների ու Տիգրան Մեծի հետ և տեսնել, թե ինչն է հիմնական շարժիչ ուժն այսօրվա կյանքի համար: Բոլորս էլ գիտենք, որ պետք է լինել շատ ուժեղ քաղաքական գործիչ, միաժամանակ ուժեղ տնտեսագետ, դիվանագետ, որ կարողանալ և հողեր պահպանել, և հայկական միտքը սփռել ամբողջ աշխարհում: Բայց մենք այսօր հասել ենք իրավիճակի, որ երիտասարդ ընտանիքները մեկ կամ երկու երեխայից ավելի չեն ունենում: Դա լուրջ խնդիրներից մեկն է, որ պետք է լուծել: Պետք է բարձրացնել ծնելիությունը, ունենալ դաստիարակված երեխաներ, ուժեղ կրթական համակարգ, որը կբերի ուժեղ պետության ձևավորմանը:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, որը սերտ կապված է մեր տնտեսական հնարավորությունների հետ, ինձ համար առաջնահերթ է այն ամենը, ինչ պետք է իմ ժողովրդին, մեր հայրենիքին: Բայց շատ կարևոր է, որ գտնվի կոմպրոմիսային լուծումների ճիշտ ճանապարհ:

Հեղինակային իրավունքները՝ Lragir.am-ի։

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ