Շուշան Ավագիմյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Երեւան մոլ» առեւտրաժամանցային կենտրոնի բիզնեսի զարգացման տնօրենն է։ Մինչ «Գալաքսի» ընկերությունների խումբ տեղափոխվելը աշխատել է «Պանարմենիան Մեդիա գրուպ»-ում որպես մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար եւ «Ամերիաբանկում»՝ որպես մարքեթինգային մասնագետ։ Banks.am-ը նրա հետ զրուցել է հաջողության հասնելու եւ կնոջ՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու թեմաների շուրջ։
Գտնելով բալանսը
«Կշեռքի նժարներին հաջողում եմ պահպանել ընտանիքի եւ աշխատանքի հավասարակշռությունը։ Սա հմտություն է, որը ձեռք եմ բերել տարիների ընթացքում եւ տարիների փորձով»։
Մեր զրույցի հենց սկզբում Շուշան Ավագիմյանն ասում է՝ չի սիրում 24/7 աշխատել եւ չի հասկանում նման գրաֆիկով աշխատող մարդկանց։
Վստահ է, որ հաջողակ են այն մարդիկ, որոնք կարողանում են ճիշտ տնօրինել ժամանակը, ունեն իմաստավորված կյանք եւ ժամանակի տնօրինման ունակություն։ Աշխատելով օրը 24 ժամ, մարդն իրեն զրկում է երջանիկ լինելու հնարավորությունից։
«Պետք է հաշվի նստել մի պարզ բանաձեւի հետ՝ հաջողելու համար պետք է երջանիկ լինել եւ երբ երջանիկ ես՝ հաջողում ես։ Կյանքը սիրում է հաջողակ մարդկանց։ Այս մասին է վկայում իմ փորձը»։
Իր հենարանն ու հաջողության գրավականը համարում է ընտանիքը։ Պնդում է, որ երբ ընտանիքն իր մեջքին ամուր կանգնած է, բոլորովին այլ էներգիա եւ ուժ է ստանում՝ հասնելու ավելիին։
«Եթե աշխարհում գոնե մեկ մարդ հավատում է քո հաջողությանը, ուրեմն դու, անպայման, հասնում ես հաջողության։ Որեւէ պարագայում ընտանիքս եւ երեխաներս ինձ հետ չեն քաշել իմ նպատակներից։ Հակառակը՝ տվել են թեւեր ու հավատացել են ինձ ու իմ ընտրած ճանապարհին։ Ամեն ինչ կախված է ճիշտ հաշվեկշռելուց։ Երբ կարողանում ես բալանսավորել ընտանիք-աշխատանք փոխհարաբերությունները, ամեն ինչ իր հունով է գնում։ Սա մարտահրավեր է, բայց հաղթահարելի մարտահրավեր՝ քրտնաջան աշխատանք է պետք, որն անարդյունք չի մնում»։
Հաջողության բանալին
«Հաջողությունն ու երջանկությունը միանշանակ երեւույթներ չեն՝ բաղկացած են մանր մասնիկներից։ Երջանկությունը ներդաշնակությունն է ինքդ քո, շրջապատող աշխարհի եւ այն ամենի հետ, ինչ սիրում ես»։
Ըստ Շուշան Ավագիմյանի, եթե սիրում ես քո նպատակը, գործը, չես կարող չհաջողել, եթե աշխատանքդ գումար աշխատելու միջոց չէ միայն։ Պնդում է, որ «Գալաքսի» ընկերությունների խմբում եւ «Երեւան Մոլում» իր առաջխաղացման հիմքում հենց սերն է աշխատանքի հանդեպ։
«Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ եմ սիրում այն, ինչ անում եմ եւ այն պարտականությունները, որոնք կրում եմ։ Ինձ համար իմ աշխատանքային հաջողությունն իմաստավորված կյանքն է՝ հիմնված ինչ-որ մեծ երեւույթի վրա, գիտակցությունը, որ դու քո տեղում ես եւ անում ես քո ճիշտ գործը։ Ցանկացած աշխատանք կատարելիս գալիս է մի պահ, երբ քեզանից դժգոհ է ղեկավարդ, թիմդ, պատվիրատուն։ Եվ եթե դու չսիրես քո աշխատանքը, քեզ այդ պահերին կատարյալ ձախողակ եւ դժբախտ ես համարելու։ Եթե սիրես աշխատանքդ՝ կընդունես այդ ամենը` որպես մարտահրավեր։
-Ձեզ կարիերիստ համարո՞ւմ եք։
-Ցավոք եւ բարեբախտաբար, ես ինձ համարում եմ կարիերիստ։ Երբ սկսեցի իմ կարիերան, չափազանց հավակնոտ էի, անընդհատ ձգտում էի վերեւ ու համարում, որ այն ինչ ունեմ, բավարար չէ։ Հիմա ավելի դանդաղեցրել եմ վազքս, նվազեցրել եմ արագությունը՝ տեղ տալով ներդաշնակությանը։
Այս պահին բուրգի այն հատվածում եմ, երբ հիմնական կարիքներս բավարարված են եւ ներդաշնակ եմ ինքս իմ ու աշխարհի հետ։ Վազքը՝ կարիերայի համար, այս պահին երկրորդական տեղում է։ Առաջնային են հոգեկան առողջությունս, ընտանիքս ու հանգստությունը»։
Ներքին վեճեր
«Ինքս ինձ հետ հաճախ չեմ վիճում։ Սխալների համար շատ չեմ նախատում ինձ, որովհետեւ կյանքը բաղկացած է վայրիվերումներից, ընկնելուց ու բարձրանալուց, սխալվելուց եւ այդ սխալները ուղղելու ընթացքում՝ սովորելուց»։
Շուշանն ասում է, որ ինքն իր հետ անհաշտ չէ։ Հաճախ է մենախոսություններ ունենում եւ ցանկացած ձախողումից հետո շնորհակալ լինում փորձառության համար։
Այն կարծիքին է, որ պետք է հաշվի նստել սխալների հետ, սեփական անձի հետ հաճախ չվիճել ու չնախատել դրանց համար։
«Որեւէ բանի համար նախատելը զգացմունքային լարվածություն է ստեղծում, որը բանական քայլերի չի հանգեցնում։ Միշտ եւ ցանկացած պարագայում փորձում եմ պահպանել էմոցիոնալ եւ հոգեկան հավասարակշռությունս։
Երբ որեւէ որոշում է կայացվում եւ սենյակի մարդիկ սպասող հայացքով նայում են դեմքիս, եւ երբ այդ պահին հստակ գիտեմ, որ հարցի լուծումն ու եզրահանգումն ինձնից է ակնկալվում, սկսում եմ խոսել ինքս ինձ հետ։ Հենց այդ պահերին եմ գիտակցում, որ քայլերիս համար պատասխանատու եմ մի շարք մարդկանց առջեւ եւ մի շարք մարդկանց համար, եւ չեմ կարողանում խուսափել ներքին բզկտոցներից։ Նման պարագայում չափազանց պատասխանատու եմ ինձ զգում»։
Կենցաղային օրինակներ
«Շուշանը հիմնականում անտանելի է կենցաղում։ Շատ մեծ սիրո ու գերհոգատարության պատճառով դառնում եմ անտանելի եւ հաճախ հատում եմ սահմանները, բայց այդ մասին ավելի ուշ եմ գիտակցում»։
Երեխաների անունը կախազարդերի տեսքով պարանոցին կրող Շուշանը երկու որդի ունի՝ Ռեյը 1․5 տարեկան է, Էրիկը՝ 12։ Ասում է, որ Ռեյի հետ դեռ ամեն ինչ հեշտ է՝ սիրո ու ուշադրության պահանջների բավարարման փուլում է, Էրիկի հետ այս փուլում՝ ավելի բարդ է։ Դեռահասության շրջանն են միասին հաղթահարում, եւ ցանկացած հարց փորձում են լուծել խաղաղ տարբերակով։
«Էրիկի կյանքում շատ հուզական, խոցելի փուլ է եւ ես վստահ եմ մեկ բանում՝ երեխաների դեռահասության տարիքում պետք է զբաղվել ոչ թե երեխաների դաստիարակությամբ, այլ մեր՝ ծնողների։ Սա պետք է դառնա օրենք բոլորիս համար։ Դեռահասներն ամեն ինչ գիտեն, ցանկացած հարցի շուրջ ունեն իրենց կարծիքը եւ դրա հետ պետք է հաշվի նստել։
Նաեւ չպետք է մոռանալ, որ դու՝ որպես ծնող, նրա վարքի եւ կենսակերպի ձեւավորման ամենաառաջին օրինակն ես ու պատասխանատուն։ Ես կարծում եմ, որ երեխաներին եւ մարդկանց ձեւավորում է ժառանգականությունը, ընտանիքը եւ հասարակությունը։ Ժառանգականության հետ ոչինչ չենք կարող անել, բայց ընտանիքի ինստիտուտը, որտեղից դուրս են գալիս հաջողակ կամ անհաջողակ մարդիկ, պետք է կայացած լինի։ Եթե երեխաներին շարունակ նախատում ես սխալների համար, պետք է պատրաստ լինես, որ նրանք դառնալու են անհաջողակ մարդիկ։ Ես փորձում եմ օրինակ ծառայել, թե ինչպես պետք է պայքարել։
Այդ հարցում հատկապես մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ ունենալով երկու տղա, հասկանում եմ, որ վաղը, երբ նրանք հասարակության լիիրավ անդամ դառնան, իրենց ծնողների օրինակն են ունենալու իրենց առջեւ։ Այո, ես քիչ, բայց որակով ժամանակ եմ նրանց տրամադրում, շատ եմ աշխատում, բայց նրանք իրենց կողքին տեսնում են աշխատող, նպատակասլաց, չհանձնվող կերպար»։
«Ցանկացած հարցում ինձ համար շատ կարեւոր է ամուսնուս կարծիքն ու մոտեցումը։ Միշտ լսում ու փոխադարձաբար օգնում ենք միմյանց։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի մյուսի ուժեղ կողմը, եւ ակնկալում է օժանդակություն՝ հաշվի առնելով հենց այդ ուժը»։
Կինը բիզնեսում
«Կնոջ տեղը ոչ միայն խոհանոցում է, այլեւ բիզնեսում։ Անցել են այն ժամանակները, երբ կանայք միայն տնային տնտեսուհիներ են, այսօր կանայք որոշում կայացնողներ են»։
«Գալաքսի» ընկերությունների խմբի որոշում կայացնողների 40 տոկոսը կանայք են։ Շուշանը պնդում է, որ այս թիվը կարող է եւ պետք է արտահայտվի նաեւ հասարակական կյանքում։ Տարակուսում է՝ ինչու՞ է մեծամասնությունը վստահ, որ կինն ավելի վատ առաջնորդ է, քան տղամարդը։
«Կինն ավելի բազմաշերտ է, էմոցիոնալ եւ իմ փորձից ելնելով եմ հասկացել, որ կին առաջնորդ լինելը կարող է նաեւ հրաշալի փորձառություն լինել։ Հայաստանում կարծրատիպ կա` եթե ղեկավար, ապա տղամարդ, եթե տնօրենների խորհուրդ, ապա՝ տղամարդկանց խորհուրդ:
Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց պարագայում կա կողմնակալ վերաբերմունք, բայց ես փորձել եմ կոտրել կարծրատիպերը եւ ժամանակին ապացուցել, որ կինն իր գիտելիքներով, հմտություններով պակաս չէ տղամարդուց։ Կինն է ի վերջո ստեղծում կյանքի ամենակարեւոր նախագիծը՝ ընտանիքն ու երեխաներին։ Եվ եթե հաջողում է այդ չափազանց պատասխանատու եւ կարեւոր նախագծում, ապա հաջողում է բիզնեսում։ Կարիերայիս սկզբում շատ վախեր կային, բայց տարիների ընթացքում հասա նրան, որ հաշվի նստեն իմ որոշումների հետ»։
Մարքեթոլոգ Շուշան Ավագիմյանին հիացնում է Միշել Օբաման։ Այն կարծիքին է, որ եթե չլիներ Միշելը, չէր լինի նախագահ Օբաման։ «Նա առաջնորդության, տղամարդուն հավատալու, առաջ տանելու, տղամարդուն ներշնչելու, շատ լուրջ փորձառություն ունեցող կին է։
Մայր Թերեզան՝ իր ֆունդամենտալ հիմունքներով է ինձ հիացնում։ Այս շարքում նաեւ Անգելա ՄԵրկելն է, որը չլինելով մայր, մի ամբողջ երկրի զարգացման պատասխանատվություն է կրում»։
Աստղային «Գալաքսին»
««Գալաքսիում» հայտնվել եմ պատահական՝ Երեւան մոլի տնօրենի հրավերով, երբ մոլը դեռ բացված էլ չէր»։
«Այո, ես այդքան հին եմ», – կատակում է «Երեւան Մոլի» բիզնեսի զարգացման պատասխանատուն ու նշում՝ նոյեմբերի 1-ին կլրանա մոլում աշխատելու 8-րդ տարին։ Աշխատանքային ամենաստորին սանդղակից իր կարիերան սկսած Շուշանը վերհիշում է՝ մոլում աշխատելու հրավերը ստացավ, երբ դեռ աշխատում էր «Պանարմենիան Մեդիա» ընկերությունում, որպես՝ մարքետինգային թիմի ղեկավար։
«Մեդիա ոլորտը չեմ սիրել եւ միշտ եմ գիտակցել, որ դա այն չէ, ինչով ուզում եմ զբաղվել։ Երբ մոլի տնօրենից առաջարկը եղավ, կար միայն առեւտրի կենտրոնի շենքը։ Համաձայնեցի ու շուտով արդեն պարզեցի, որ մենք բոլորս նույն սենյակում ենք նստելու եւ աշխատելու, որովհետեւ շինարարությունն ու վերանորոգումն ամբողջ ուժով եռում էր, եւ դեռ ոչինչ պատրաստ չէր։ Այդ ընթացքում դրվեց ամենահավակնոտ նպատակը՝ մոլը դարձնել այն, ինչը դարձել է հիմա՝ շուկայի առաջատար, մարդկանց սիրելի վայրերից մեկը։
Աստիճանաբար սկսեցին հավաքվել թիմերը։ Սկսեցինք աշխատել շատ-շատ ու քրտնաջան, բայց որ ամենակարեւորն է հավատացինք մեր դեմ դրված նպատակներին»։
Շուշան Ավագիմյանն ասում է, որ միշտ է երազել լինել մեծ նախագծի մաս եւ «Գալաքսիում» կատարվել է իր հենց այդ երազանքը։ Ըստ նրա, «Գալաքսին» շատ մեծ հնարավորություններ եւ հավակնություններ ունեցող ընկերությունների խումբ է, որտեղ ինքն իր ուրույն դերն ունի։
«Նման ընկերությունում աշխատելը ենթադրում է, որ պետք է լինես հավակնոտ եւ շարունակ ինքնակատարելագործվես։ Բիզնեսի մագիստրոսի կոչում ձեռք բերեցի այստեղ աշխատելու ընթացքում եւ հասկացա նաեւ, որ եթե աշխատում ես «Գալաքսիում», պետք է շարունակ սովորես։
«Գալաքսին» շատ լուրջ մասնակցություն ունի մեր տնտեսության մեջ, վարում է շատ տարբեր բիզնեսներ, ինչի հետ չես կարող հաշվի չնստել։ «Գալաքսին» հավաքագրում է ոլորտի «աստղերին», փորձում է լավագույններով շրջապատել իրեն, ինչը կարեւոր բիզնես որոշում է։ Այստեղ մեծ դեր ունի կրթությունը, աշխատակիցների մասին հոգ տանելը, հավատալը ընդհանուր նպատակին ու տեսլականին»։
«Երեւան Մոլը» ձեւավորեց մշակույթ
««Երեւան մոլը» ձեւավորեց մշակույթ, որ ոչ թե պետք է վազել արագ գնումներ կատարելու եւ դուրս գալ առեւտրի սրահից, այլ կարելի է գնալ ու ժամանակ անցկացնել այնտեղ ամբողջ ընտանիքով։ «Երեւան մոլում» առեւտրաժամանանցային մշակույթ ձեւավորվեց»։
Այս խնդրի լուծման պարագայում Շուշան Ավագիմյանը չի ժխտում «Դալմա մոլի» կարեւոր դերը որպես առաջին մոլ ու ասում՝ համատեղ են հասել այս մշակույթի ձեւավորմանը։ Միմյանց հարգանքին արժանի մրցակիցներ ենք ու լավ ընկերներ։
«Մեր բիզնեսի առանձնահատկությունը նաեւ այն է, որ մենք որպես բիզնես, պետք է հստակ գիտակցենք, որ գործ ունենք տարբեր մարդկանց հետ, սոցիալական տարբեր խմբերի, քմահաճության, ինչու չէ նաեւ տարբեր ազգերի, ռասաների եւ կրոնական պատկանելիության մարդկանց հետ, որոնց բոլորին մեր տրամադրած ծառայությունները պետք է հասկանալի եւ հասանելի լինեն։ Ուստի մենք փորձում ենք խոսել մարքետինգային ամենատարբեր լեզուներով եւ տեխնոլոգիաներով, որպեսզի մեր առաջարկած «Երեւան մոլի» մթնոլորտը, ծառայություններն ու կենսակերպը բոլորի սրտով լինեն։ Սա իսկապես մարտահրավեր է, որը հաջողությամբ է հաղթահարվում, քանզի ղեկավար անձնակազմի թիկունքում կանգնած է բանիմաց, փորձառու եւ մեր գերնպատակին ու ճանապարհին հավատացող աշխատակիցների մարտունակ բանակ»։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի