Արսեն Մնացականյան. Կարեւոր է, որ թիմում բոլորն ունենան նույն տեսլականը

Արսեն Մնացականյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME խանութ-սրահները ներկայացնող «Թայմլես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Բիզնեսը հիմնել են զրոյից՝ 3 աշխատակիցներով «Գալաքսիի» հիմնադիրների հետ։ Մինչ «Գալաքսի»-ն, Արսեն Մնացականյանն աշխատել է «Գազպրոմ Արմենիայում»։ Սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ, 2006թ-ին տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան է ստացել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2016-2018թթ. կրթությունը շարունակել է Անգլիայի Շեֆիլդի համալսարանում` ստանալով Executive MBA աստիճան կառավարման ոլորտում։

Banks.am-ը Արսեն Մնացականյանի հետ զրուցել է TI’ME-ի հաջողության պատմության, բիզնես-ռազմավարության եւ թենիսի մասին։

Շարքային աշխատակցից՝ ղեկավար

«Կարիերան սկսել եմ 1999թ.-ին, 0-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում որպես տնտեսագետ, հասնելով մինչեւ Ներդրումային ծրագրերի զարգացման վարչության պետի տեղակալ եւ այնուհետեւ` էկոնոմիկայի վարչության պետ»։

«Գազպրոմ Արմենիա»-ում Արսեն Մնացականյանն աշխատել է 13 տարի, սկսած 1999թ.-ից։ Այդ ընկերությունում աշխատանքի է անցել սեփական նախաձեռնությամբ՝ զինվորական ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո՝ պատահաբար ծանոթանալով ընկերության այն ժամանակվա տնօրեն Ռոլանդ Ադոնցի հետ։

«Երբ ծառայությանս ավարտման փուլն էր մոտենում, մի օր մոտեցա նրան եւ հարցրի՝ երբ զորացրվեմ, ինձ աշխատանքի կընդունե՞ք։ Ասաց՝ այո եւ ընդունեց։

Դա շատ մեծ փորձ էր ինձ համար, որովհետեւ «Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է, ամենամեծ գործատուն եւ հարկատուն, կարեւորագույն ռազմավարական ծրագրեր էին այնտեղ մշակվում։ Շատ մասշտաբային էր աշխատանքը եւ լայնածավալ ներդրումային ծրագրերի իրականացման երկար ժամանակահատված էր։ Նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, իր առաջնորդությամբ, հմտություններով եւ գիտելիքով մեծ ավանդ ունեցավ այդ լայնամասշտաբ զարգացումներում եւ ընկերության կայացման գործում: Այդ ընկերությունն ինձ սովորեցրեց կառավարել մեծածավալ աշխատանք եւ շատ կարեւոր փուլ էր իմ կյանքում։

Առաջ մղող ուժը

«Հետհայաց նետելիս, հասկանում եմ, որ ինձ առաջ մղող ուժն աշխատասիրությունն է։ Աշխատանքն ինձ համար ազարտ է»։

Իր մասին բազմաթիվ հարցերի անդրադառնալիս, Արսեն Մնացականյանը պատասխանում է՝ այդ մասին գործընկերներս պետք է խոսեն։ Հարցին՝ ի՞նչն է իրեն առաջ մղում, պատասխանում է առանց մեկ վայրկյան տատանվելու՝ պատասխանատվության զգացումը, աշխատասիրությունը եւ աշխատանքին նվիրվածությունը։ «Աշխատանք, թե՞ ժամանց ընտանիքի հետ», հարցադրման ժամանակ հաճախ հաղթում է առաջին տարբերակը։

«Աշխատանքիս բերումով հիմնականում չեմ կարողանում ընտանիքիս ավելի շատ ժամանակ հատկացնել, հաճախակի բացակայում եմ Հայաստանից` գործուղումների պատճառով։ Եթե ավելի անկեղծ ձեւակերպեմ՝ աշխատանքս, երբեմն, խանգարում է ընտանիքիս եւ դեռեւս լուծում այս մասով չեմ կարողանում գտնել։ Կյանքիս այս փուլում փորձում եմ բալանսավորել այդ հարցերը, գտնել «ոսկե միջինը»: Ունեմ երկու դուստր եւ մեկ որդի, երեխաներն ուզում են ավելի հաճախ շփվել ինձ հետ»։

Արսեն Մնացականյանի երեխաները 21, 14 եւ 13 տարեկան են։ Ասում է, որ ի տարբերություն աշխատավայրի, որտեղ ժողովրդավարություն է տիրում, տանն ավելի խիստ ու պահանջկոտ է։ Երեխաների դաստիարակության հարցում գլխավոր շեշտադրումը կրթությունն է։ Համարում է, որ ապագայի առումով լավագույն ներդրումը դա երեխաներին բարձրորակ կրթությամբ ապահովելն է։
Նախընտրում եմ երեխաներիս ավելի շատ բացատրել սովորելու անհրաժեշտությունը, քան`ստիպել սովորել։

«Մեծ կարեւորություն եմ տալիս սպորտին, տղաս շատ է սիրում ֆուտբոլ, մեծ թենիս է պարապում փոքր քրոջ հետ։ Ավագ դուստրս ավարտեց Հայաստանի Ֆրանսիական Համալսարանի մարկետինգի բաժինը եւ նպատակ ունի մագիստրատուրան շարունակել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում»:

Թենիսն ազնվական խաղ է

«Մեծ թենիսի երկրպագու եմ։ Գիտեմ լավագույն թենիսիստներին, փորձում եմ հետեւել բոլոր մրցաշարերին»։

Խաղը բնութագրում է որպես արիստոկրատ, գեղեցիկ եւ պատմություն ունեցող մարզաձեւ։

Ի տարբերություն բիզնեսի, որտեղ թիմը հիմնասյունն է, թենիսում հաղթանակը կախված է միայն մեկ մարդուց։ Այս մարզաձեւը պարտադրում է պահպանել առաքինությունն ու արդարամտությունը։ Այստեղ կարեւորը ոչ միայն ֆիզիկական, այլեւ կամային պայքարն է։ Կարողանո՞ւմ ես կառավարել զգացմունքներդ ու ֆիզիկապես ուժեղ ես, ուրեմն կկարողանաս հաղթել։ «Պարտվելու պարագայում` դժվար է մեղադրել որեւէ մեկին։ Նաեւ շատ եմ սիրում ֆուտբոլ, որը ունի թիմային պայքարի փիլիսոփայություն»:

Կրթական մարտահրավեր

«Կառավարման մեջ մի փորձեք ձեզանից նոր բան հնարել, վերցրեք ամենահաջող փորձերը, ընդունված եւ փորձված մեթոդները եւ կիրառեք ընկերությունում, կրկնում էին Շեֆիլդի համալսարանում»։

Շեֆիլդի համալսարանի երկամյա կրթական ծրագիրը շատ հետաքրքիր էր եւ արժեքավոր։ Կրթական այդ նախաձեռնության առաջարկը եղել է «Գալաքսիի» բաժնետերերի կողմից։

Արսեն Մնացականյանը հպարտությամբ արձանագրում է, որ «Գալաքսի» ընկերությունների խմբում գիտելիքների վերազինման եւ նոր հմտությունների ձեռքբերման վրա շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Սա ամենամեծ մոտիվացիաներից մեկն է ընկերության աշխատակիցների համար:

«Մեր ընկերությունում կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից շարունակ թարմացնի իր գիտելիքների պաշարը ու նոր կրթություն ստանա։ Աշխարհը չափազանց դինամիկ է զարգանում, պետք է հասցնել այդ տեմպին՝ «պարտվողի» կարգավիճակում չլինելու համար։

Շեֆիլդում դասընթացը հիմնված էր ոչ թե տեսության, այլ գործնական դեպքերի ուսումնասիրության վրա, ուսումնասիրում եւ վերլուծում էինք ակադեմիական գրականություն` բազմաթիվ հետաքրքիր եւ արժեքավոր վերլուծություններով։ Նմանատիպ վերլուծությունների ուսումնասիրությունները շատ կարեւոր դեր ունեն, դրանք հնարավորություն են տալիս ավելի լայն տեսնել ներկայի եւ ապագայի պատկերները։ Շեֆիլդում սովորեցնում էին ռազմավարական մտածելակերպ եւ շարունակ հիշեցնում՝ ռազմավարություն ունենալը չափազանց կարեւոր է»։

Հայաստանյան կրթությունը

«Հայաստանի կրթական համակարգը աշխատաշուկայի ամենամեծ խնդիրն է»։

«Թայմլես» ընկերության ղեկավարի կարծիքով, Հայաստանից ընդամենը երկու բուհ կարող է մրցունակ լինել կրթական համաշխարհային մրցավազքում։ Կրթական բովանդակությունից, մեթոդիկայից, առարկաների ընտրությունից մինչեւ լսարանների աուրան, ըստ նրա, արմատական փոփոխության անհրաժեշտություն ունեն։

Իր իսկ կրթական փորձից է եզրակացրել՝ Հայաստանի բուհերում դասավանդվող առարկաները եւ դրանց բովանդակությունը ժամանակավրեպ են, ոչ արդիական ու պրակտիկ եւ վաղուց անհրաժեշտություն կա ամբողջությամբ բարեփոխելու:

«Հայաստանի կրթական համակարգը մեր երկրի անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն է։ Համակարգը սարսափելի վատ վիճակում է, եւ դա ակնհայտ է դառնում հենց աշխատաշուկայում։ Կրթված մասնագետ գտնելն այսօր գերխնդիր է։ Խոսքն աշխատանքային փորձ ունենալ-չունենալու մասին չէ միայն, այլ հենց կրթության բազային գիտելիքների։ Ցավալի է, բայց լավ կրթություն ունեցողների մեծ մասը անվերադարձ արտագաղթում է։ Մեծամասամբ վերադառնում են կրթություն եւ բարձրակարգ մասնագիտացում չունեցող մարդիկ։ Հայաստանում գիտելիքներ ունեցող աշխատուժի եւ ինտելեկտի ահռելի մեծ պակաս կա»։

Հաղթական ռազմավարությունը

«2012-ին, երբ առաջին TI’ME խանութ-սրահը սկսեց իր աշխատանքը, մեր ընկերությունը ուներ չորս աշխատակից՝ ես եւ եւս երեքը։ 9 տարի անց մենք ունենք ավելի քան 400 աշխատակից` 3 երկրում»։

TI’ME-ը հայկական բրենդ է եւ ստեղծվել է մեր ընկերության կողմից: Ընկերությունը, որի համար ֆինանսավորման հիմնական աղբյուր են ծառայել վարկային միջոցները, իր աշխատանքը սկսել է զրոյից։ Երբ ես համաձայնվեցի ղեկավարել ընկերությունը, առկա էին մի շարք պայմանավորվածություններ մեր արտասահմանյան գործընկերների հետ, որոնք նույնիսկ թղթի վրա ամրագրված չեն եղել: Բայց եղել է հստակ ռազմավարություն ու զարգացման տեսլական։

2012-ից սկսեցինք ամենատարբեր աշխարհահռչակ ընկերությունների հետ ակտիվ բանակցություններ, որոնցից շատերի մոտ Հայաստանը առանձնապես հետաքրքրություն չէր առաջացնում, քանի որ հանդիսանում էր շատ փոքր շուկա։ Սակայն, ներկայացնելով մեր բիզնես ծրագիրը, զարգացման հեռանկարները, մեր նպատակները, խանութների դիզայնը եւ ֆորմատը, նրանք, այնուամենայնիվ, համաձայնվեցին համագործակցության: Ի դեպ, մեր ընկերությունը եզակի է այս առումով, որովհետեւ, մեզ հաջողվեց համագործակցության երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսինն են ճապոնական Casio-ն եւ Citizen-ը, դանիական հայտնի արծաթյա զարդերի բրենդ Pandora-ն, ամերիկյան Fossil Group-ը (որը ներկայացնում է Fossil, Michael Kors, Emporio Armani, Skagen, Diesel, Armani Exchange, DKNY եւ այլն) եւ TIMEX-ը, շվեյցարական Hamilton-ը եւ Gucci-ին, ամերիկյան Parker-ը, եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Բելառուսի շուկաներում ներկայացնելու համար: TI’ME-ի կոնցեպտի հաջողությունը կայանում է նրանում, որ մենք կարողացանք մեկ հարկի տակ հաճախորդներին առաջարկել ոչ միայն բրենդային ժամացույցների, այլեւ զարդերի լայն եւ գնային առումով հասանելի տեսականի, լավ սպասարկում, յուրահատուկ եւ տարբերվող դիզայնով խանութ-սրահներ, ժամագործի ծառայություն, կուտակային ծրագիր եւ այլն:

Համագործակցություն սկսելու գործընթացը բավականին բարդ էր, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններին հետաքրքրում են միայն խոշոր շուկաները», — վերհիշում է Արսենը։

«Դժվար ճանապարհ անցանք մինչ համոզեցինք, որ այդ խոշոր եւ հայտնի ընկերությունները համաձայնվեն աշխատել մեզ հետ: Կարեւոր նրբություն կա՝ նման խոշոր բրենդները նախընտրում են յուրաքանչյուր երկրում աշխատել տարբեր եւ միայն մեկ ներկայացուցչների հետ, եւ այդ մեկը դարձանք մենք, սակայն 3 շուկաների համար»։

«Մեր երկրում գրեթե բացակայում էին բրենդային ժամացույցների ու զարդերի խանութները: Այն ինչ կար, կամ չափազանց թանկ էր, կամ էլ՝ կեղծ ու անորակ։ Մենք վերլուծեցինք այդ բացը եւ շուկայում գրավեցինք առաջատար դիրք այդ հատվածում։ Երբ սկսեցինք հանդիպել մեր արտասահմանյան գործընկերների հետ, պարզ դարձավ, որ նրանց համար չափազանց կարեւոր է գործակցության հուսալիությունը, երկարաժամկետությունն ու հեռահարությունը, ինչպես նաեւ ռազմավարության եւ տեսլականի համընկնումը։

Նախ առաջին խանութ-սրահը բացվեց 2012թ-ին Երեւանում, ապա երկրորդը։ Երկու տարի անց, TI’ME-ն իր առաջին խանութ-սրահի կարմիր ժապավենը կտրեց արդեն Վրաստանում, եւս երկու տարի անց՝ Բելառուսում։  Ընկերությունը սկսեց արագ ընդլայնվել, եռապատկվեց հետո հարյուրապատկվեց աշխատակիցների քանակը, դիֆերսիֆիկացվեց ապրանքատեսականին, ավելացավ զարդերի տեսականին՝ հիմնականում իտալական եւ ֆրանսիական բրենդներ։ Ներկայում, ընկերությունը ունի թվով 37 TI’ME եւ Pandora խանութ-սրահներ եւ առաջիկա տարիների ընթացքում այդ թիվը կհասնի մոտ 45-50-ի:

Շատ կարեւոր նախագիծ է եւ TI’ME-ի օնլայն վաճառքի` www.time.am հարթակի ստեղծումն ու գործարկումը 2020թ-ի փետրվարին։ Կայքի շնորհիվ մեր հաճախորդները կարող են կատարել օնլայն գնումներ հանրապետության ցանկացած կետից եւ ստանալ պատվերը արագ եւ անվճար առաքմամբ:

Մեր ընկերությունը գտնվում է խոշոր հարկատուների ցանկում, ունի կայուն եւ պարտաճանաչ գործընկերոջ բարձր համբավ թե՛ արտաքին եւ թե՛ Հայաստանի գործընկերների շրջանում: Արդեն 9 տարի իրականացնում ենք տարատեսակ սոցիալական եւ բարեգործական ծրագրեր, որոնց մասին առանձնապես չենք բարձրաձայնում:

Շատ ենք կարեւորում ունենալ շուկաներում առկա իրավիճակից բխող մարկետինգային եւ HR հստակ ռազմավարություններ:

Չեն մերժում

«Համագործակցության առումով մենք երբեք մերժում չենք ստացել եւ շուրջ 10 տարի հայտնի բրենդների հետ չընդհատվող համագործակցությունը խոսում է մեր բարձր համբավի, կայուն եւ պրոֆեսիոնալ գործընկեր լինելու մասին»։

«Թայմլես» ընկերության տնօրենն այն կարծիքին է, որ զարդերի եւ ժամացույցների շուկան այսօր զարգանում է մեծ արագությամբ, եւ ընդամենը 2-3 տարվա ընթացքում նորեկ բրենդներն այնպիսի ճանաչում են ձեռք բերում, որ իրենց պահանջարկով ստվերում են նույնիսկ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող շվեյցարական բրենդային ժամացույցներին։ Ներկայում ժամագործական ոլորտում լայն կիրառում ունեն տարատեսակ ժամանակակից տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ ժամացույցները դիտարկվում են ոչ միայն որպես ժամանակ ցույց տվող, այլեւ տարատեսակ այլ գործառույթներ իրականացնող սարքավորումներ:

Խանութ-սրահների առավելություններից մեկն էլ հենց դա է՝ TI’ME-ում տեսականին փոփոխվում եւ թարմանում է ըստ համաշխարհային շուկայի դինամիկ պահանջների եւ թրենդների, իսկ գնային քաղաքականությունը ամբողջովին թելադրվում է բրենդների կողմից` ապահովելով ապրանքատեսականու մեկ միասնական վաճառքի գին ամբողջ աշխարհում։

«Մենք ապահովում ենք գնային հասանելիություն բոլոր հաճախորդների համար։ Ի սկզբանե սա ռիսկային քայլ էր, որովհետեւ նույն համաշխարհային բրենդները մեզ խորհուրդ էին տալիս կենտրոնանալ հաճախորդների հստակ եւ ավելի նեղ սեգմենտի վրա։ Այնուամենայնիվ, որոշեցինք խանութը հասանելի դարձնել սոցիալական բոլոր խավերի համար` ապահովելով բարձրակարգ սպասարկում: Սրահներում հնարավոր է գտնել օրիգինալ բրենդային ժամացույց եւ զարդեր՝ սկսած 8-15 000 դրամից։

Այս ռազմավարությունն առաջին իսկ օրվանից որդեգրվել է եւ մնացել անփոփոխ։ Մենք առաջինն էինք, որ հնարավորություն տվեցինք ապառիկ ձեւակերպմամբ՝ 0% կանխավճարով եւ 0% տոկոսադրույքով ձեռք բերել ժամացույցներ եւ զարդեր։

Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, մեր ընկերությունը էական դեր ունեցավ ժամացույցների եւ զարդերի ոլորտի վերափոխման եւ նոր մշակույթի ստեղծման ու հաստատման գործում»։

TI’ME-ի անվան ընտրությունը

TI’ME-ն ի սկզբանե պարզապես «Time» էր։ Գուցե տարօրինակ հնչի, բայց անվանումը վերափոխվել է եւ ներառում է փիլիսոփայություն»։

Պարզվում է, TI’ME խանութ-սրահների ցանցն ի սկզբանե կոչվել է «Time», անգլերենից թարգմանաբար «ժամանակ»։ Անվանումը պայմանավորված էր այն պրոդուկտով, որը ներկայացված էր խանութ-սրահում՝ միայն ժամացույցներ։

Սակայն որոշ ժամանակ անց խանութ-սրահների ցանցում հայտնվեցին նաեւ զարդեր, աքսեսուարներ եւ որոշվեց, որ անվանումը վերաբրենդավորման եւ նոր էմոցիաների հաղորդման կարիք ունի։

«Այդ հարցում մեզ օգնեց մասնագիտացված ընկերություն, եւ TI’ME-ը դարձավ հապավում, որը բացվում է որպես՝ «Territory where I am excited»։ Անվանումը սկսեց կրել փիլիսոփայություն, փոխվեց նաեւ լոգոն, գույները՝ ձեւավորելով նոր ընկալում եւ  տրամադրություն, ինչը շատ դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն մեր հաճախորդների, այլեւ մեր աշխատակիցների վրա»։

Աշխատանք տարբեր ազգերի հետ

«Տարբեր ազգերի հետ աշխատանքն իսկական մարտահրավեր է եւ հրաշալի փորձ»։

TI’ME-ը եւ PANDORA-ն Հայաստանից զատ ներկայացված են նաեւ Վրաստանում եւ Բելառուսում։ Արսեն Մնացականյանի բնութագրմամբ, հայ, վրացի եւ բելառուս աշխատակիցներ ղեկավարելը դժվար, բայց եւ հրաշալի փորձ է։

«Նախկինում նման փորձ չեմ ունեցել։ Եվ վրացիները, եւ բելառուսները տարբերվում են մտածելակերպով, աշխարհընկալմամբ, աշխատելաոճով եւ մոտեցումներով։ Նրանք հաճախ են հարցնում, թե ինչու՞ են հայերը միշտ շտապում եւ, որպես կանոն, շատ անհամբեր։

Ըստ Արսեն Մնացականյանի, այս գործում չափազանց կարեւոր է ազգային  տարբերությունների վրա չկենտրոնանալը: Հիմնական չափանիշը, որով ուղեկցվում ենք, դա պրոֆեսիոնալիզմն է, աշխատանքի արդյունավետությունը եւ փաստացի արդյունքները: Չնայած տարբերություններին, փորձել ենք ձեւավորել կորպորտաիվ մեկ մշակույթ, ներդնել հստակ պրոցեսներ եւ մաքսիմալ ստանդարտիզացնել հաշվետվողականությունը:

Աշխատանքը «Գալաքսիում»

«Հաճախ կատակում եմ, թե TI’ME-ը, կարծես իմ չորրորդ երեխան լինի»։

Հաջորդ տարի նշվելու է «Թայմլես» ընկերության գործունեության 10-րդ տարեդարձը։

«Թե՛ մեր ընկերությունը, թե՛ «Գալաքսի» ընկերությունների խումբը, յուրաքանչյուր տարի ավելի մեծ նպատակներ եւ ծրագրեր է դնում մեր առջեւ։ Ու թվում է, այս պրոցեսն անվերջ է։ Շատ մեծ դրայվ կա մեր ընկերությունում, շարունակ աճում ենք, շարունակ նոր հորիզոններ բացահայտում, ձեռքիդ տակ միշտ նոր ու թարմ նախագծեր են, ռազմավարություններ, նոր բանակցություններ, նոր գործընկերներ, նոր ճանապարհորդություններ ու ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն։ Խելահեղ ռիթմ է, բայց նաեւ հետաքրքիր է ու մոտիվացնող։

«Գալաքսին» հրաշալի թիմ ունի ու յուրահատուկ տեմպ։ Հենց սա է ստիպում հաճույքով աշխատել եւ ունենալ ամուր կապվածություն ընկերության հետ»։

Տնտեսական մարտահրավերը

«Մեր տնտեսությունը երկու մեծ ճգնաժամ ապրեց՝ համաճարակն ու պատերազմը։ Առաջինը ֆորս մաժոր էր, երկրորդը՝ ոչ, որովհետեւ դրա վտանգի մասին տարիներ շարունակ նախազգուշացնում էին»:

Արսեն Մնացականյանի կանխատեսմամբ, Հայաստանում տնտեսությունը կշարունակի վատ վիճակում մնալ դեռ երկար ժամանակ, քանի որ գոյություն չունի այն ուղղելու եւ զարգացնելու որեւէ կոնկրետ հայեցակարգ։ Առկա ռիսկերը եւ անորոշությունը մտահոգվելու տեղիք են տալիս:

«Ընդհանուր առմամբ, մի շատ մեծ խնդիր կա Հայաստանում՝ մենք չգիտենք ու չենք կարողանում ձեւակերպել, թե որն է մեր երազանքը։ Երբ դիմում եմ մեր աշխատակիցներին ու հարցնում՝ ո՞վ կարող է ձեւակերպել, ո՞րն է մեր երազանքը, ո՞րն է Հայաստանի ու հայերի երազանքը, դժվարանում են նշել որեւէ հստակ պատասխան: Մենք չգիտենք ուր ենք գնում, ինչպես ենք գնում եւ չենք կարողանում ֆիքսել մեր նպատակները (նույնիսկ կարճաժամկետ), որպես պետություն։ Հաճախ ենք լսում կամ տեսնում զարգացման ինչ-որ ռազմավարություններ, երբեմն՝ 20-30 տարվա կտրվածքով։ Այդ ծրագրերում ամեն ինչ գեղեցիկ է գրված, տպավորիչ թվեր են ներկայացված, բայց չկա մի պարզ հարցի պատասխան՝ ինչպե՞ս ենք այդ ամենին հասնելու»։

ավելին
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Տերյան 5-ի պատմությունը. Հայկ Լորիկյանի հերցազրույցը
Հայկ Լորիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալն է բիզնեսի զարգացման գծով: Հայաստան ...
Հունվարի 12, 2022
ԱՎԵԼԻՆ
Վիկտորյա Բաղդասարյան. Նպատակ եւ իմաստ՝ սա է «դեղատոմսը»
Վիկտորյա Բաղդասարյանը Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպության զարգացման տնօրեն ...
Դեկտեմբերի 29, 2021
ԱՎԵԼԻՆ
Լիանա Խորենյան․ «Գալաքսի»-ում բոլոր աշխատակիցների հանդեպ հարգանք կա բոլոր օղակներում
«Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարը Լիանա Խորենյանն ...
Դեկտեմբերի 27, 2021
ԱՎԵԼԻՆ