Վահան Դիլանյան. «Առաքինության արժեքը դառնալու է ամենակարեւորը»

Վահան Դիլանյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Հանրային հարաբերությունների ղեկավարն է։ Նա է պատասխանատու ռազմավարության մշակման և պետական ​​ու մասնավոր հատվածների հիմնական շահառուների հետ կապերի ու համագործակցությունների համար: Բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում, բազմամյա կրթություն ստացել, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում: Banks.am-ը նրա հետ զրուցել է ռազմավարությունների մշակման, «Գալաքսիի» հաջողության եւ բիզնես աշխարհի նոր միտումների մասին։

Նախընտրում է սուրճը

«Իմ առավոտը սկսվում է դստերս՝ Սառային, համբուրելով, շնորհակալ լինելով ունեցածի համար եւ մեկ բաժակ սուրճով։ Սառան իսկապես Աստծո պարգեւ է»։

Պատմում է «Գալաքսի» ընկերությունների խմբի Հանրային հարաբերությունների ղեկավար Վահան Դիլանյանն ու ձեռքը վերցնում մեկ բաժակ ամերիկանոն։ Աչքերը շողում են ամեն անգամ դստեր մասին պատմելիս։ Սառան 5 տարեկան է, եւ հասցրել է ամբողջովին փոխել նրա կյանքը։ Ազատ ժամանակը հիմնականում նվիրում է ընտանիքին, դստեր ու կնոջ հետ ժամանակ անցկացնելուն, նաեւ սիրում է զբոսնել ընկերների հետ։

«Չեմ կարող ձեւակերպել` ինչ է դուստրս ինձ սովորեցրել, բայց այն հանգամանքը, որ պետք է փորձեմ օրինակ ծառայել նրա համար՝ ինչպես լինել լավ մարդ, կարող եմ ասել՝ փոխել է աշխարհայացքս»։

Պնդում է, որ աշխատանք եւ ընտանիք հարաբերությունների նժարը թերեւս հավասար է՝ որեւէ մեկը չի ծանրակշռում։

«Եթե սիրում ես աշխատանքդ, եւ, միեւնույն ժամանակ, գիտակցում, որ աշխատանքի արդյունքում քո չափով նպաստում ես ընդհանուրի բարելավմանը, հասկանում ես, որ աշխատում ես նաեւ ընտանիքիդ համար։ Այս պարագայում բոլոր հարցադրումները վերանում են»։

Հարվարդի դերը

«9 տարի Հայաստանում եմ սովորել եւ իմ կրթությունից ամենեւին դժգոհ չեմ»։

Վահան Դիլանյանը քաղաքական գիտությունների թեկնածու է կառավարման գծով. Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, նաեւ միջազգային դասընթացների մասնակցել, մեկը, օրինակ՝ Հարվարդի համալսարանում։ Այստեղ նա ավարտել է Քենեդիի կառավարման դպրոցի գործադիր կրթության ծրագիրը։

«Հարվարդում կրթությունը շատ կարճ եւ անհամեմատ արժեքավոր էր։ Այն ինձ խթանեց մտածելու երեք հարցերի շուրջ՝ առաջ գնալու դեպքում երբեմն պետք է հետքայլ անել, ունակ լինել կայացնելու ոչ «պոպուլյար» որոշումներ եւ երրորդը՝ ստեղծել հանրային արժեք։

Հանրային արժեքի վերաբերյալ մոտեցումը սովորել եմ իմ դասախոս Մարք Մուրից»։

Աշխատավայրի ընտրությունը

«Աշխատավայր ընտրելիս ինձ համար կարեւոր է, թե ինչպես կարելի է գիտելիքներդ ու հմտություններդ առավելագույն արդյունավետությամբ կիրառել՝ բարելավելու բիզնեսի արդյունավետությունը եւ հանրային շահը»։

Բիզնեսն այլեւս միայն շահույթ ստանալու մասին չէ, քանի որ գլոբալ միտումները, թվային տեխնոլոգիաները եւ համացանցի հասանելիությունը փոխել են խաղի կանոնները, մարդիկ իրենց ուժերին ավելի են հավատում եւ հարաճուն պահանջմունքներ ունեն։ Գլոբալ իներցիայով այդ պահանջմունքները բիզնեսի կողմից օպերացիոն մակարդակում անհրաժեշտաբար թիրախավորվում են եւ փորձ է արվում մարդկանց ավելի ակտիվ մասնակիցը դարձնել գործընթացներին։ Բայց կարեւոր է, որ այս ամենը «ձևակերպվի» երկրի, ընդհանուրի արժեքի համատեքստում»։

Որպես վարչապետի օգնական

«Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել իմ գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի զարգացմանը՝ հենց որոշումներ ընդունելու գրասենյակից»։

2015թ. նոյեմբերի 18-ին Վահան Դիլանյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի օգնական։ Մինչ այդ եւ դրանից հետո նույնպես նա բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել, եւ պետական ոլորտում ունեցած աշխատանքային փորձը որակում է որպես բարձր պատասխանատվության յուրօրինակ դրսեւորում։

«Այն գիտելիքը եւ փորձը, որը ստացել եմ այդ պաշտոնները զբաղեցնելիս, անգնահատելի է՝ ինձ սովորեցրել է առավելագույն խոհեմություն եւ զսպվածություն, բարձր պատասխանատվություն»։

Վահան Դիլանյանի գնահատմամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում պետական եւ մասնավոր հատվածների սահմանազատումը խախտվել է՝ խորքային ներհոսքեր են եղել պետականից մասնավոր եւ հակառակը։

Հանրային կառավարման համակարգում մասնավորի մոդելն ավելի հաճախ են պրոյեկտում պետականի վրա, արդյունքում՝ քաղաքացին դիտարկվում է որպես սպառող։

Կատարվել է նաեւ հակառակ գործընթացը. օրինակ, այն ծառայությունները, որոնք նախկինում վերապահված էին միայն պետական հատվածին, այժմ մասնավորն է իրականացնում։ Նաև օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով հասարակական կյանքում մասնավորն ավելի ընդգրկուն ներգրավվածություն ունի։

Ընտրությունը՝ «Գալաքսին»

««Գալաքսին» բավական մեզ ազդեցության պարագիծ ունի եւ իր ապրանքներով ու ծառայություններով մուտք է գործում Հայաստանի ամեն երրորդ տնտեսություն»։

Վահան Դիլանյանը մանրամասնում է՝ միայն դժվարագույն 2020 թվականին ընկերությունների խումբը Հայաստանի պետբյուջե է մուտքագրել ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլար հարկային վճարումների տեսքով։

«Տնտեսության մեջ արժեքի ներբերման առումով «Գալաքսիի» ազդեցությունը բավականին կարեւոր է։ Այն առանցքային դերակատար է եւ առաջիկայում տարածաշրջանային մակարդակում նրա ազդեցությունն ավելի լայն կդառնա»։

Նրա՝ «Գալաքսիի» թիմին միանալու որոշմանը խթանել է մարտահրավերների ծավալը։

«Գալաքսիում» մշակվել են ռազմավարական զարգացման թիրախային մոդելներ՝ արձագանքելու առկա ու նորօրյա մարտահրավերներին՝ միաժամանակ արդյունավետ  զարգացում խթանելու խմբի կազմում հանդես եկող ընկերություններում»։

Ռազմավարության մշակումը «Գալաքսիում»

«Ռազմավարության մշակման գործում մեր տեսլականը պրագմատիզմի հետ հատման կետում է»։

Հանրային հարաբերությունների ղեկավարն ասում է, որ ընկերության հիմնադիրները «Գալաքսիի» բիզնես մշակույթը հիմնադրել են տեսլականի գերակայության սկզբունքի վրա։ Ըստ նրա, հենց դա է խթանում, որ ընկերության աշխատակիցները լինեն ավելի ստեղծարար, հավակնոտ նշաձողեր սահմանեն եւ սիրեն իրենց աշխատանքը։

«Ուժերի եւ ցանկությունների իրական գնահատումը, ներառյալ միջավայրի համապարփակ վերլուծությունը և հաղորդակցումը ավարտուն է դարձնում ռազմավարության գործադրման շղթան»։

Ցանկացած խնդրի դեպքում կա՛մ գնում ես ընդառաջ ու լուծում այն, կա՛մ հետաձգում ես՝ օրինակ փոխադրելով այն այլ հարթություն, կա՛մ էլ ճանաչում ես՝ որպես ընդունելի ռիսկ։ Այդ դեպքում ներդրում ես անում իմունիտետիդ վրա։

Այս համատեքստում, ի լրումն կամային արժեքների ինստիտուցիոնալ ժառանգությանը ու ինովատիվ լուծումներին, «Գալաքսիում» գերակշռում է թիմային մտածողությունը։

«Գալաքսիում» թիմն ամենակարեւորն է

««Գալաքսիում» Խորհրդի կողմից նախադրված նպատակներն այնպիսին են, որ դրանց հասնելու համար առանցքային է համագործակցային ոգին։ Այստեղ առաջինը թիմն է եւ թիմային մտածողությունը»։

Վահանը Դիլանյանը բացահայտում է, որ մեծ ընկերության ներսում ռազմավարության առաջնորդումը ներառում է երեք կարեւոր բաղադրիչներ՝ թիմ, նորարական լուծումներ եւ կամային մոտեցում։

Ըստ նրա, երբ հավատում ես տեսլականիդ, նպատակներիդ սահմանման մեջ անզիջում ես, ամենանպատակային քայլերին գնում ես, ու ունեցածդ հավատն է, որ խթանում է հաջողելուն։ «Գալաքսին» մրցունակ եւ հաղթող է հենց սրանով»։

Տնտեսական պատկերների մեծությունը

«Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ արժեքների կրող ես։ Երբ դա հստակ գիտես, այլեւս կարեւոր չէ, թե որ հատվածում ես աշխատում՝ պետական, թե՞ մասնավոր։ Դու աշխատում ես, որպեսզի նպաստես քո երկրի զարգացմանը»։

Տեղափոխվելով մասնավոր հատված՝ Վահան Դիլանյանը հասկացել է՝ տնտեսական զարգացման պատկերները պետք է դիտարկել ավելի մեծ պատկերի տեսանկյունից։

Վստահ է՝ մասնավոր հատվածում աշխատելիս պետք է հստակ հասկանաս, որքանո՞վ է  քո կատարած աշխատանքը նպաստում Հայաստանի զարգացմանը, որքանո՞վ է այն նպաստում հանրային շահին։

«Եվ ամենակարեւորը՝ պետք է ունենաս առաքինություն։ Իրականում այն այնքան էլ իռացիոնալ բան չէ։ Առաքինությունը կարող է ամենաչափելի եւ ամենաինստիտուցիոնալ բանը դառնալ։ Ես վստահ եմ, որ աղմկոտ պոպուլիզմի դարաշրջանում մոտ ապագայում առաքինության արժեքը դառնալու է ամենակարեւորը»։

Վերլուծելով աշխարհաքաղաքականը

«Աշխարհի հեղինակավոր ամսագրերում տպագրվելու համար պետք է հստակ իմանալ՝ ինչ ասելիք ունես աշխարհին եւ ինչպես ես դա անելու, շատ դեպքերում՝ թիմիդ, ընկերներիդ հետ։ Եվ երբ հասկանում ես, որ ասելիքդ կարեւոր է երկրիդ շահի համար, այն հստակ շարադրվում է»։

The Catholic Herald, RT, Sputnik, The National Interest, Evansville Courier & Press՝ այս հեղինակավոր պարբերականներում են հրապարակվել Վահան Դիլանյանի վերլուծական հոդվածները, նա նաեւ ցիտվել է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցում։ Այս պահին չի տպագրվում. «Գալաքսիում» աշխատանքի բնույթն այնպիսին է, որ կարողանում է արդյունավետորեն զուգորդել հետազոտական եւ օպերացիոն գործառույթների բաղադրիչները։

«Այդ առումով շատ ներդաշնակ եմ իմ աշխատանքի հետ։ Շատ եմ հետաքրքրվում գլոբալ փոփոխություններով եւ ազատ ժամանակս տրամադրում եմ նաեւ այդ փոփոխությունների հետազոտություններին։ Մեր ցանկացած խնդիր եւ զարգացման փուլ պետք է պրոյեկտել աշխարհի մեծ պատկերում, եւ հասկանալ՝ ինչ է կատարվում այնտեղ եւ տարածաշրջանում, որ Հայաստանում այս եւ այն փուլն է։

Ցանկացած հարցում իմ համեմատության «պարադիգմը» աշխարհն է։ Թե անձնական կյանքում, թե աշխատանքում, պետք է կարողանաս փորձդ համադրել աշխարհի լավագույն փորձի հետ: Խնդիրներդ ու ձեռքբերումներդ չպետք է չափել տարածքային նեղ մակարդակով»։

Դուրս գալով ճգնաժամերից

«Եթե ուզում ենք արդյունավետորեն դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից, պետք է բարձր նշաձող սահմանել, ցուցակագրել միջոցները, ճանապարհային քարտեզ ունենալ…»։

Ըստ Վահանի Դիլանյանի, չկա անլուծելի խնդիր, եւ ցանկացած պարագայում խնդրահարույց իրավիճակից պետք է դուրս գալ համագործակցային աշխատանքով։

«Որպես տնտեսական զարգացման մեխանիզմ՝ պետական-մասնավոր գործընկերության մոդելը շատ գրավիչ է, եւ բիզնեսին շատ մեծ դեր է վերապահված Հայաստանի տնտեսության վերականգնման գործում։ Ճգնաժամային կամ հետճգնաժամային իրավիճակներում բիզնեսի դերն առանցքային է»։

Ընգծում է նաև բազմաբնույթ կապիտալ ծախսերի իրականացման կարևորությունը։

Վահան Դիլանյանը վստահ է, որ պետք է ունենալ մեծ երազանքներ եւ Հայաստանի մեծ ռազմավարության վերաբերյալ համընդհանուր ընկալում՝ ուր ենք գնում եւ ինչ միջոցներով։ Եվ պետք է հստակ արձանագրել, թե որ արժեքներն այդ ճանապարհին սակարկման ենթակա չեն։ «Ինձ համար՝ հավատը եւ առաքինությունը»։

«Քիչ ավանդապես ընկալելի ռեսուրսներ ցուցակագրած երկրի պարագայում արժեքային վերաիմաստավորումն է, որ կարող է ավելացնել ներուժդ։ Դա է նոր ու թարմ ուժ կուտակելու առանցքային ճանապարհը»։

Վահան Դիլանյանը վստահ է, որ տվյալ սկզբունքին գերակայություն տվող նորարարներն են Հայաստանի զարգացման, ավելի լավ ապագայի ստեղծման շարժիչ ուժը։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

ավելին
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Տերյան 5-ի պատմությունը. Հայկ Լորիկյանի հերցազրույցը
Հայկ Լորիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալն է բիզնեսի զարգացման գծով: Հայաստան ...
Հունվարի 12, 2022
ԱՎԵԼԻՆ
Վիկտորյա Բաղդասարյան. Նպատակ եւ իմաստ՝ սա է «դեղատոմսը»
Վիկտորյա Բաղդասարյանը Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպության զարգացման տնօրեն ...
Դեկտեմբերի 29, 2021
ԱՎԵԼԻՆ
Լիանա Խորենյան․ «Գալաքսի»-ում բոլոր աշխատակիցների հանդեպ հարգանք կա բոլոր օղակներում
«Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարը Լիանա Խորենյանն ...
Դեկտեմբերի 27, 2021
ԱՎԵԼԻՆ