Հայկական PR ասոցիացիան, որն արդեն 5-րդ տարին հետազոտական արդյունքների հիման վրա ընտրում է լավագույններին, ազդարարարեց հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի 2021 թվականի հետազոտությունների արդյունքների ամփոփումը: 2021 Հայկական PR մրցանակաբաշխության «տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Գալաքսի» ընկերությունների խումբը Ucom-ում ճգնաժամի հաղթահարման գործում գրագետ հաղորդակցություն իրականացնելու համար։ Նույն անվանակարգում պայքարում էին երկու պետական կառույց՝ Առողջապահության նախարարությունը (Covid-19 համավարակ) և Սահմանադրական դատարանը (Ճգնաժամը դատարանի շուրջ)։
«Ճգնաժամային հաղորդակցության լավագույն ռազմավարությունը ճշմարտությունն է ու ճշմարտության դիրքերից հանդես գալը», – մրցանակը ստանալիս նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով բիզնես համայնքին և գործընկերներին խորհրդանշական մրցանակի ու գնահատանքի համար:
Հայկական PR մրցանակաբաշխության 2021-ի հանձնաժողովը նախագահել է գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլը, իսկ հանձնաժողովի կազմում հանդես են եկել ոլորտի հայ և օտարազգի մասնագետներ: Մրցանակակիրների ցանկը կազմելու համար ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ՝ հանրային կապերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ։ Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:
Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 9-ին Ucom-ում կառավարչական ճգնաժամ էր առաջացել, որն ուղեկցվում էր քաղաքական ճնշումներով, մինորիտար բաժնետերերի` ռեյդեռային հարձակման և ընկերության սեփականաշնորհման գործողություններով։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր. «…երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը… Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»։ Մեկ տարի անց արձանագրվեց, որ թեև դժվարությամբ, բայց Ucom-ի թիմին հաջողվել է հաղթահարել ճգնաժամն ընկերությունում։
Հայկական PR մրցանակաբաշխությունը Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությունն է: Ասոցիացիան հիմնադրվել է 2006 թվականին և կրթական ու հասարակական նախաձեռնությունների միջոցով նպաստում է ոլորտի զարգացմանը: Ասոցիացիայի հիմնադիր նախագահը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Աստղիկ Ավետիսյանն է: